Չափազանց Ճշգրիտ

ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆ

Պատերազմի ու խաղաղութեան սահմանագծին ապրող Հայաստանում այս օրերին ամենափնտռուած բանը լրահոսն է: Սահմանից իւրաքանչիւր լուր մերձպատերազմական մթնոլորտին կամաց-կամաց վարժուող հայաստանցիներս թռցնում ենք օդի միջից ու, զարմանալիօրէն, եւ շատերի համար անսպասելի` հակառակորդի իւրաքանչիւր կրակոց կամ խափանարարական փորձ աւելի է կոփում մեր կամքը, միասնականութիւնն ու մեր մէջ նիրհող տիրոջ զգացումը:

Օդում հայ զինուորի պաշտամունք կայ եւ ամէն ինչ չափազանց ճշգրիտ է, այլընտրանք չհանդուրժող: Այդպէս էլ պիտի լինէր` մեր անկախութիւնը, արժանապատուութիւնը ու նաեւ շատ յաճախ ժողովրդից երես թեքած իշխանութիւնն այսօր սահմանին կանգնած տասնութամեայ հայ զինուորն է պահում: Մի քանի օր էր պէտք այս ճշմարտութեանը հասնելու համար:

Իսկ այս օրերին լրահոսից առհասարակ արեան ու բռնութեան հոտ է գալիս: Աշխարհն աւելի քան անհանգիստ է, մարդկային նկարագիրը կորցրած` Միջին Արեւելքից մինչեւ արեւելեան Եւրոպա…

Ինձ, մեզ ամենամօտը իմ սահմանն է ու սահմանին կանգնած հայ զինուորը, բայց սա չի խանգարում չպապանձուել այն պատկերի առջեւ, ինչ կատարւում է հիւսիսային Իրաքում: Տեղահանուած, բռնաբարուած ու խոշտանգուած քրտերի ու եզիտիների շարասիւններն ինձ Տէր Զօրում մարող հայոց երթն է յիշեցնում, գաղթի ճանապարհին ընտանիքը կորցրած ու գոյութիւնը փրկելու համար բարեկամ քիւրտ ռէսի կողմից Ստեփան անունը Ֆայաթի փոխած սասունցի պապիս յիշատակը: Մի՞թէ կարող է պատմութիւնն հարիւր տարի անց կրկնուել` այս նոյն անողոքութեամբ, արիւնռուշտ բարբարոսի դէմքով… Իսկ մեզ թւում էր, թէ հարիւր տարին լուրջ ժամանակահատուած էր: Բայց ո՛չ, ինչպէս Թումանեանը կ՛ասէր` «Ու հեռու է մինչեւ Մարդը իր ճամբան», իսկ զբաղուած, քաղաքակիրթ ու առաջադէմ աշխարհը դարձեալ լռում է…

 

 

 

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )