Այցելութիւն Հայկական Թիֆլիս

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

Յովհաննէս  Թումանեանի տան առջեւ

Յովհաննէս Թումանեանի տան առջեւ

Թիֆլիսը, անշուշտ, Վրաստանի մայրաքաղաքն է: Բայց Թիֆլիսը նաեւ արեւելահայ գրականութեան, քաղաքական մտքի ու մշակոյթի մայրաքաղաքն է: Եթէ դու կարդացել ես ու սիրում ես Րաֆֆի եւ Յովհաննէս  Թումանեան, հպարտանում ես Արամ Խաչատրեանով ու Գէորգ Բաշինջաղեանով, Մակար Եկմալեանով ու Ջիւանիով, ապա պէտք է այցելես Թիֆլիս: Եթէ քեզ ոգեշնչում է Հայաստանի Առաջին Հանրապետութեան ծնունդը, ապա դու պիտի քայլես Ռուսթաւելի պողոտայով, կանգնես Անդրկովկասեան սէյմի երկյարկ շէնքի ու «Մարիոթ» հիւրանոցի վերածուած մեծահարուստ Արամեանցի չորսյարկանի տան դիմաց:

Ամբողջ երկու ազատ օր կար մեր առաջ` կիրակի եւ երկուշաբթի: Ստեփանակերտից իմ «Միցուպիշի Մոնթերօ» ճիփով Երեւան եմ վերադառնում «Արցախ» ֆոնտի ատենապետ եւ ԱՌԻ ընկերութեան հիմնադիրներից Մելքոն Յակոբեանի հետ: Սիսիանի սարահարթի ճանապարհին մտածում եւ անմիջապէս առաջարկում եմ.

– Եթէ կիրակի վաղ առաւօտեան Երեւանից ուղեւորւում ենք Թիֆլիս, այնտեղ գիշերում, իսկ երկուշաբթի վաղ առաւօտեան Վրաստանի մայրաքաղաքից վերադառնում, ապա դեռ մի քանի ժամ էլ ունենում ենք մինչեւ Երեւան-Պէյրութ թռիչքը: Երկու ազատ օր Երեւանում ի՞նչ ենք անելու:

Կան առաջարկներ, որոնք երբեք չեն քննարկւում: Սիսիանի ալպիական դաշտերով սլացող իմ սեւ ճիփը պէտք էր վաղը առաւօտեան անցնէր Կոտայքի մարզով, Սեւանի աւազանով եւ անկրկնելի բնութեամբ ու կանաչ, սաղարթախիտ անտառներով ծածկուած Տաւուշի մարզի տարածքով, այդ թւում` Հայաստան-Ազրպէյճան սահմանի երկայնքով:

Դու կարող ես կարդացած լինել ողջ արեւելահայ գրականութիւնը, բայց չիմանալ, որ մեր մեծերը թաղուած են հէնց Թիֆլիսում` Հաւլաբար հայահոծ թաղամասի Խոջիվանքի պանթէոնում: Մելքոն Յակոբեանը գիտէր, որ հայկական Թիֆլիսի փողոցները շատ գաղտնիքներ ունեն, բայց առաջին անգամ էր ոտք դնում ՍԱՔԱՐԹՎԵԼՕ, այսինքն` Վրաստան:

Տաւուշի մարզը սկսւում է Դիլիջան քաղաքով, ապա մինչեւ մարզկենտրոն Իջեւան հասնելը ճանապարհն անցնում է անտառների մէջ «թաղուած» Թեղուտ, Հաղարծին եւ Հովք գիւղերով: Մենք հինգ րոպէանոց կանգառ տուեցինք Ոսկեպար գիւղ չհասած` անտառապատ բլրի մօտ, որտեղից քո առաջ բացւում է Ազրպէյճանը: Խորհրդային Միութեան օրերին կառուցուած Ջողազի ջրամբարը միմեանցից բաժանում է հայկական Բերքաբեր եւ ազրպէյճանական Մազամ գիւղերը, որոնք դէմ դիմաց են: Հայաստան-Ազրպէյճան սահմանի ոչ մի այլ վայրում հաւանաբար չկան գիւղեր, որոնք այնքան մօտ են, որքան` Բերքաբերն ու Մազամը: Մելքոն Յակոբեանին լուսանկարեցի` մէջքով դէպի Ազրպէյճան: Ապա մենք անցանք հայ-ազրպէյճանական սահմանի ամենավտանգաւոր հատուածներից մէկով` Ոսկեպար-Բաղանիս ճանապարհով: Մինչեւ հայ-վրացական սահման ճանապարհն անցնում է մի քանի այլ գիւղերով եւ անտառապատ Նոյեմբերեան փոքրիկ քաղաքով:

Հայ-վրացական սահմանի Բագրատաշէն-Սադախլօ հսկիչ-անցագրային կէտը մենք շատ դիւրին անցանք, քանի որ այդ ժամին մեքենաների կուտակումներ չկային: Մելքոն Յակոբեանը իր Հայաստանի անձնագրով առաջին անգամ էր այցելում արտերկիր: Միւս կողմից` Վրաստանն ի՜նչ արտերկիր: Գոնէ իմ տպաւորութեամբ եւ ընկալումով` Վրաստանը Հայաստանի շարունակութիւնն է: Հայ-վրացական սահմանից մինչեւ Թիֆլիս ընդամէնը 60 քիլոմեթր է:

Սոլոլակ հայաշատ թաղամասի մի հիւրանոցում մէկ ժամ հանգստանալուց եւ թեթեւ ճաշից յետոյ մենք սկսեցինք մեր ծանօթութիւնը հայկական Թիֆլիսի հետ: Ես, ի հարկէ, Թիֆլիսն վաղուց եմ ճանաչում: Մէկ տարի` 2002-2003 թթ., ես սովորել եմ այս քաղաքում, լրագրութեան իմ գործունէութեան քսան տարիներին բազմաթիւ անգամներ այցելել Վրաստան, ծանօթ եմ այդ երկրի գրեթէ բոլոր անկիւններին, քաղաքական ու պետական գործիչների: Աւելի՛ն. մանկութեան եւ պատանեկութեան տարիներին իմ «մայրաքաղաքը» Թիֆլիսն էր: Իմ ծննդավայրից` Նոյեմբերեանից մինչեւ Թիֆլիս ընդամէնը 80 քիլոմեթր է, եւ գնումներ կատարելու նպատակով իմ ծնողների հետ յաճախ մեկնում էինք հէնց Թիֆլիս, քանի որ մինչեւ Երեւան 200 քիլոմեթր էր: Այն տարիներին Թիֆլիսն աւելի հայաշատ էր, քան այսօր: Բայց այսօր էլ հայերի թիւը Թիֆլիսում պատկառելի է` շուրջ 90 հազար:

Մեր առաջին կանգառը այն տունն էր, որտեղ 1904-1923 թուականներին ապրել եւ ստեղծագործել է Ամենայն Հայոց բանաստեղծ Յովհաննէս Թումանեանը: Նոյն փողոցի վրայ` դիմացի շէնքում էր իր կեանքի մի մասն անցկացրել Արմէն Տիգրանեանը` «Անուշ» օփերայի հեղինակը: Ինչպիսի՜ զգացումներ պէտք է ունենայ հայ մարդը` կանգնելով այդ տների առաջ: Մելքոն Յակոբեանին լուսանկարչական գործիքով անմահացրի երկու տների առաջ:

Խոջիվանքի պանթէոնին մէջ

Խոջիվանքի պանթէոնին մէջ

Մեր յաջորդ կանգառը Հաւլաբարն էր եւ Խոջիվանքի պանթէոնը, որտեղ թաղուած են հայոց մեծերը: Մելքոն Յակոբեանը հատ-հատ մօտենում էր շիրմաքարերին ու բարձրաձայն կարդում` Րաֆֆի, Յովհաննէս Թումանեան, Ալեքսանդր Սունդուկեան, Նար-Դոս, Ջիւանի, Գրիգոր Արծրունի, Ղազարոս Աղայեան, Մուրացան, Պերճ Պռոշեան, Մակար Եկմալեան… Այս անունները բաւարար են, որպէսզի Թիֆլիսը համարուի հայ գրականութեան, մշակոյթի ու նաեւ քաղաքական մտքի մայրաքաղաք: Ի վերջոյ, այս քաղաքում է հռչակուել Հայաստանի Առաջին Հանրապետութիւնը:

Խոջիվանքից մինչեւ Հաւլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցի մի քանի հարիւր մեթր է: Քանի որ այս օրերին Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմի առաջնորդանիստ եկեղեցի Սուրբ Գէորգը վերանորոգւում է, Թիֆլիսի միակ գործող հայկական եկեղեցին հէնց Սուրբ Էջմիածինն է: Շրջեցինք եկեղեցու բակում, կարճ զրոյցի բռնուեցինք հայ-ազրպէյճանական վերջին ընդհարումների թեման քննարկող եւ հայկական բանակով հպարտացող թիֆլիսահայերի հետ: Մելքոն Յակոբեանը նաեւ մոմ վառեց եկեղեցում: Թիֆլիսում մի քանի այլ եկեղեցիներ էլ կան, որոնք փակ են կամ` կիսով չափ խոնարհուած: Դրանցից ամենանշանաւորը 15-րդ դարի Նորաշէնի Սուրբ Աստուածածին եկեղեցին է, որին փորձում է տիրանալ վրաց եկեղեցին: Ժամանակի սղութեան պատճառով մենք միայն անցանք այդ եկեղեցու կողքով:

Թիֆլիսում, ի տարբերութիւն Երեւանի, պահպանուել են 18-19-րդ դարերի շինութիւնները: Մենք մեքենայով երկու անգամ` նախ ցերեկով, ապա գիշերով, անցանք ամբողջութեամբ վերանորոգուած եւ վերափոխուած Մարճանիշուիլիի փողոցով: Ի՜նչ լաւ կը լինէր, եթէ Երեւանն էլ ունենար նման փողոց: Երեւանը կարող էր ունենալ նման փողոց եւ այդ փողոցը կարող էր լինել այսօրուայ Հանրապետութեան փողոցը: Ցաւօք, մենք չկարողացանք պահել այդ փողոցի իրական` 19-րդ դարի վերջերի, 20-րդ դարի սկզբի տեսքը:

Իմ տպաւորութեամբ, աշխարհի այն մայրաքաղաքները, որոնք գտնւում են ծովի ափին կամ որոնցով գետ է հոսում, ինքնին դառնում է գրաւիչ քաղաք: Կուր գետը Թիֆլիսը բաժանում է երկու մասի, եւ քանի որ քաղաքը քիլոմեթրերով ձգւում է գետի ափով, քաղաքի երկու մասերը միմեանց հետ կապւում են կամուրջներով: Ես երբեք չեմ հաշուել այդ կամուրջները, բայց վստահ եմ, որ մէկ տասնեակ կը լինեն: Թիֆլիսում գտնուելու ընթացքում մենք բազմաթիւ անգամ անցանք այդ կամուրջներով, որոնցից ամենանշանաւորը Վորոնցովոյի կամուրջն է:

Թիֆլիսի ամէնից յայտնի փողոցը կրում է Շոթա Ռուսթաւելիի անունը: Այս փողոցի վրայ են տեղակայուած նախկինում Անդրկովկասեան սէյմի երկյարկանի շէնքը եւ հայ նաւթարդիւնաբերող Արամեանցի չորս յարկանի հսկայական տունը` այսօր վերածուած «Մարիոթ» հիւրանոցի: Ռուսթաւելի պողոտան սկսւում է Ազատութեան հրապարակից, որին տարէց թիֆլիսցիները շարունակում են կոչել Երեւանեան հրապարակ: Երբ 19-րդ դարի սկզբին ռուսական զօրքերը ազատագրեցին Երեւանը, Թիֆլիսում գտնուող ռուսական զօրքերի հրամանատար Պասկեւիչը կարգադրեց Թիֆլիսի կենտրոնական հրապարակը անուանել Երեւանի անունով:

Օգոստոսի 11-ին` Թիֆլիսում մեր գտնուելու օրը, անտանելի շոգ էր: Թիֆլիսում եղանակը դուրեկան է տարուայ գրեթէ բոլոր եղանակներին` ձմրանը այնքան ցուրտ չէ, ինչպէս Երեւանում, իսկ ամրանը այնքան շոգ չէ: Երեկոյեան անձրեւեց, օդը դարձաւ դուրեկան, ապա սկսեց փչել հաճելի քամի: Մենք հասցրեցինք ճաշակել վրացական խոհանոցի ամէնից յայտնի երկու ուտեստները` խինկալին եւ իմերեթական խաչապուրին: Կէսգիշերից առաջ մենք մեքենայով զբօսնեցինք գիշերային Թիֆլիսով: Այսպիսով, վեց-եօթ ժամերի ընթացքում մենք հասցրինք բաւականին բան տեսնել հայկական Թիֆլիսում:

Միւս օրը վաղ առաւօտեան մենք ուղղութիւն վերցրինք դէպի Երեւան: Անցանք նոյն ճանապարհը: Նախաճաշի համար կանգ առանք գողտրիկ Նոյեմբերեան քաղաքում:

Թիֆլիսը այն քաղաքներից է, որ հնարաւորութիւն ստեղծուելու դէպքում պէտք է տեսնի ամէն մի հայ: Երեւանից Թիֆլիս ճանապարհը ընդամէնը 280 քիլոմեթր է: Այդ ճանապարհից աւելի քան 100 քիլոմեթրն անցնում է Տաւուշի մարզով: Արժէ գոնէ մէկ անգամ կտրել Տաւուշի մարզը, հիանալ անտառներով ու հպարտանալ հայոց լեռներով:

Յատուկ «Ազդակ»-ի համար

 

 

Share this Article
CATEGORIES