Եգիպտահայ «Արցախ» Երգչախմբի Անդրանիկ Ելոյթը Արցախում

ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԵԱՆ

P1010361Աստծոյ իւրաքանչիւր օրը  պարգեւ է: Մտնելով Աստծոյ օրուայ մէջ` մարդը փառաբանում է Տիրոջը` նախապէս չիմանալով, թէ Աստուած ինչ  անակնկալներ է պատրաստել իր համար: Շուշիի կերպարուեստի թանգարանի հոյակերտ  համերգային սրահում յուզմունքով վայելում էի  եգիպտահայ Գալուստեան-Նուպարեան ազգային   վարժարանի «Արցախ» պատանեկան երգչախմբի  համերգը եւ թւում էր, թէ երգերի փոխարէն հայի  իրականացած երազանքների լուսաւոր ծուէններ էին թեւածում ամէնուր` թափանցելով   հանդիսատեսի հոգու ամենախորքերը:

Ծրագիրը հայաշունչ էր, ոգեւորող, լի հայրենասիրութեամբ ու ազատատենչ ոգով: Հնչեցին Կոմիտասի, Արամ Խաչատրեանի, Առնօ Բաբաջանեանի, Արթուր Գրիգորեանի, Քրիս Մանարեանի եւ ուրիշ անուանի հայ յօրինողների երգերը: Յուզիչ էր Շուշիի «Վարանդա» մանկապատանեկան երգչախմբի գեղարուեստական ղեկավար եւ խմբավար Զ. Քեշիշեանի ողջոյնի եւ երախտիքի խօսքն`   ուղղուած «Արցախ» պատանեկան երգչախմբի սաներին, ղեկավարներին, կազմակերպիչներին եւ  Շուշիի հանդիսատեսին: Զաքար Քեշիշեանը կարեւորեց Միհրան Ղազելեանի, նրա կնոջ` Գոհար Ղազելեանի, վարժարանի տնօրէն Սիմոն  Չամքերթենեանի  հայրենանուէր, հայապահպան գործունէութիւնը: Նրանց անմնացորդ  ջանքերի շնորհիւ հեռաւոր Եգիպտոսում 2003 թուականից գործում է «Արցախ» պատանեկան երգչախումբը: Տարիներ շարունակ հայ պատանիներն ու  աղջնակները սիրով  եւ հպարտութեան զգացումով հնչեցնում են հայ երգը, որն, ըստ  իրենց, հայրենիքին  նեցուկ  կանգնելու, հեռուից նրան օգնելու, ինչպէս նաեւ թշնամու դէմ պայքարելու եւ յաղթելու հզօր միջոց է:

P1010391Եգիպտոսից դուրս երգչախումբն այս տարի մասնակցում է  «Իմ Հայաստան» համահայկական մշակութային 2-րդ փառատօնին, մասնակցել է Հայ գեղարուեստասիրեաց միութեան կազմակերպած ամէնամեայ երիտասարդական փառատօնին եւ այլ մրցոյթների` ներկայացրել տարիների ընթացքում ձեռք բերած յաջողութիւնները, շփուել  Հայաստանի եւ աշխարհի տարբեր ծագերում ապրող հայ պատանիների ու երիտասարդների հետ, մօտիկից ծանօթացել Հայաստանի եւ Արցախի պատմութեանն ու մշակոյթին, ամրապնդել կապերը մայր հայրենիքի եւ  իր  արմատների հետ: Միաժամանակ նման շփումները նպաստել են նրանց հայեցի  կրթութեանն ու դաստիարակութեանը:  Երգչախմբի սաների մեծ երազանքն է եղել լինել  Արցախում, ելոյթ ունենալ ազատագրուած  Շուշիում, ինչն Աստծոյ բարեհաճ կամքով իրականութիւն էր դարձել:

Օրհնութեան խօսքով ներկաների առաջ հանդէս եկաւ եգիպտահայ համայնքի առաջնորդ Աշոտ  եպս.  Մնացականեանը: Իր խօսքի մէջ նա շեշտեց, որ հերոսների սուրբ նահատակութեամբ ազատագրուած Շուշիում ապրողները, ովքեր բազում դժուարութիւններ յաղթահարելով`  վերականգնում, շէնացնում են Շուշին` նոյնպէս հերոսներ են, ժողովրդին արժանի հայորդիներ…

Համերգի  աւարտին,  որպէս հաճելի անակնկալ, «Վարանդա» եւ «Արցախ» երգչախմբերը  միաւորուեցին… Մ. Ղազելեանի դիպուկ արտայայտութեամբ` միասնութիւնը  բոլորի  աչքերի առաջ դարձաւ զօրութիւն… «Երազ իմ երկիր»-ի զօրաւոր, հոգեցունց հնչիւններով  եւ Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արք. Մարտիրոսեանի աղօթքով միջոցառումն աւարտուեց:

«Արցախ» երգչախմբի սաները, որպէս անմոռաց օրը յաւերժացնող  յուշ, «Վարանդա» երգչախմբի եւ Շուշիի շրջվարչակազմի կողմից Ամենափրկիչ  Սուրբ Ղազանչեցոց   եկեղեցու  պատկերով  յուշանուէրներ ստացան եւ իրենց յուշանուէրը փոխադարձաբար նուիրեցին «Վարանդա»-ին:

Երկու երգչախմբերը յուշ երեկոն շարունակեցին Շուշիի «Կրանտ հոթել» հիւրանոցի  սրահում` ընթրիքի սեղանի շուրջ: Հայկական երգն  ու երաժշտութիւնն աւելի մերձեցրեց ընդամէնը ժամեր  առաջ  միմեանց հետ ծանօթացած  հայ պատանիներին ու աղջիկներին: Նրանց ուրախ  ու  անկաշկանդ, պարզ ու անարատ դէմքերը լի էին երջանկութեամբ: Շփւում էին միմեանց հետ,  պարում  եւ սրտանց ուրախանում… Իսկ   վաղուայ բաժանող օրը  պարզապէս մոռացուել,  թաքնուել էր սրահի աննշմար անկիւնում…

Շուշի  

Share this Article
CATEGORIES