Այս Անգամ` Ծիծեռնակաբերդ. Թուրքիայի Նախագահը Կրկին Հրաւիրւում Է Հայաստան

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

Վերջին վեց տարիների ընթացքում արդէն երկրորդ անգամ պաշտօնական Երեւանը Թուրքիայի նախագահին Հայաստան այցելելու հրաւէր է ուղարկում: Եթէ 2008-ին Սերժ Սարգսեանը իր գործընկեր, բնաւորութեամբ զուսպ Ապտիւլլահ Կիւլին հրաւիրում էր Երեւան` միասին դիտելու Հայաստան-Թուրքիա ֆութպոլային հանդիպումը, ապա այս անգամ նա Թուրքիայի նոր` 12-րդ նախագահ, անզուսպ Ռեճեփ Թայիփ Էրտողանին հրաւիրում է Ծիծեռնակաբերդի բարձունք` ներկայ գտնուելու 2015թ. ապրիլ 24-եան Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակի ոգեկոչման արարողութեանը:

Շատերը գրեթէ համոզուած էին, որ Կիւլը չի այցելի Հայաստան, սակայն 2008-ի սեպտեմբերի 6-ին Թուրքիայի նախագահի օդանաւը վայրէջք կատարեց «Զուարթնոց» օդանաւակայանում` Արարատի ստուերի տակ: Այսօր շատերը գրեթէ համոզուած են, որ Էրտողանը չի այցելի Հայաստան: Ամիսներ անց պարզ կը դառնայ: Եթէ Էրտողանը Հայաստան այցելելու որոշում կայացնի, ինչը, այնուամենայնիւ, քիչ հաւանական է թւում այսօր, ապա իր այցելութեամբ նա կը յայտնուի համաշխարհային լրատուամիջոցների ուշադրութեան կիզակէտում: Աւելին, Արեւմուտքը նրա հասցէին կը հնչեցնի գովաբանական եւ խրախուսական խօսքեր, ինչպէս եղաւ Կիւլի այցելութեան օրերին:

Հայաստան-Թուրքիա յարաբերութիւններում առկայ իրավիճակը (Թուրքիայի կողմից շարունակուող շրջափակում եւ Հայոց ցեղասպանութեան ուրացում, դիւանագիտական կապերի բացակայութիւն, միմեանց հասցէին կոշտ, երբեմն` ոչ դիւանագիտական բառապաշարի գործածում, Ազրպէյճանին անվերապահ աջակցութիւն) ենթադրել էր տալիս, որ Էրտողանի երդմնակալութեան արարողութեանը, որ կայացաւ օգոստոսի 28-ին, պաշտօնական Երեւանը կը մասնակցի ոչ այնքան բարձր` օրինակ, Վրաստանում կամ այլ երկրում Հայաստանի դեսպանի մակարդակով: Թուրքական կողմը Սերժ Սարգսեանի պաշտօնամուտի արարողութեանը մասնակցել էր Վրաստանում իր դեսպանի մակարդակով: Այսպիսով, Հայաստանը կը պահէր հաւասարակշռութիւնը` Անգարայի Չանքայա պալատ գործուղելով ոեւէ դեսպանի:

Վարչապետութեան շրջանում, ապա եւ նախագահական քարոզարշաւի ընթացքում Էրտողանը բազմաթիւ հակահայ յայտարարութիւններ էր թոյլ տուել: Ամէնից աղմկալին եւ ռասիստականը նա արել էր ընդամէնը շաբաթներ առաջ` հայ լինելը համարելով վիրաւորական: Օգոստոսի 5-ին թուրքական «Էն. Թի. Վի.» եւ «Սթար Թի. Վի.» հեռուստաընկերութիւնների եթերում, անդրադառնալով Թուրքիայում ինքնութեան խնդրին ու իր էթնիկ պատկանելութեանը, ինչպէս նաեւ` իրեն հայ անուանելու դէպքերին, Էրտողանը բառացիօրէն ասել էր. «Արմատներով ես Ռիզէից եմ, ծնուել-մեծացել եմ Պոլսում: Բայց ինչե՜ր չեն ասում իմ մասին: Մէկն ասաց, թէ Էրտողանը վրացի է: Մէկն էլ տեղից վեր կացաւ, կը ներէք արտայայտութեանս, շատ աւելի կեղտոտ ձեւով ասաց` Էրտողանը հայ է»:

Թուրքիայի հայերը, ինչպէս նաեւ` Հայաստանը` նախ արտաքին գործերի նախարարութեան, ապա եւ Սերժ Սարգսեանի մակարդակով, դատապարտեցին Էրտողանի հակահայ եւ ռասիստական յայտարարութիւնը: Սարգսեանը ասաց, որ «հայերի համար էլ վիրաւորական կը լինէր, եթէ յանկարծ պարզուէր, որ Էրտողանը հայ է»: Հեգնական է, բայց Սարգսեանը ընդամէնը օրեր անց իր արտաքին գործերի նախարարին պէտք է գործուղէր Չանքայա` Հայոց ցեղասպանութեան տարիներին հայերից բռնագրաւած տարածքի վրայ կառուցուած նախագահական պալատ` մասնակցելու Էրտողանի երդմնակալութեան արարողութեանը: Աւելին, նախքան այդ Սարգսեանը շնորհաւորական ուղերձ էր յղել Էրտողանին` նախագահ ընտրուելու առիթով:

«Ձերդ Գերազանցութիւն, շնորհաւորում եմ Ձեզ Թուրքիայի նախագահի պաշտօնում ընտրուելու կապակցութեամբ: Մաղթում եմ ձեզ քաջառողջութիւն, իսկ Թուրքիայի ժողովրդին` բարեկեցութիւն եւ առաջընթաց: Ստանձնելով Թուրքիայի նախագահի պաշտօնը` դուք անկասկած ունէք հնարաւորութիւն ձեր եռանդը ներդնելու մեր կողմից ձեռք բերուած երկկողմ պայմանաւորուածութիւններն առանց նախապայմանների կեանքի կոչելու գործում», գրել էր Սարգսեանը Էրտողանին:

Այս ուղերձով Սարգսեանը ակնյայտօրէն ասում է, որ Հայաստանը պատրաստ է վերադառնալ երկու արձանագրութիւններին եւ դրանք կեանքի կոչել: Գուցէ Նալբանդեանի ներկայութիւնը Էրտողանի երդմնակալութեանը նաեւ դա շեշտելու նպատակ ունէ՞ր:

ՀՅԴ-ն քննադատեց Նալբանդեանի այցը Անգարա, ընդգծելով ոչ միայն ընտրապայքարի ժամանակ Էրտողանի կատարած հակահայ յայտարարութիւնները, այլ յատկապէս, եթէ այդ մասնակցութիւնը նպատակ էր հետապնդում վերակենդանացնել Հայաստան-Թուրքիա արձանագրութիւնները: ՀՅԴ Բիւրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի պատասխանատու  Կիրօ Մանոյեանը ասել է. «էրտողանը ե՛ւ իբրեւ մարդ, ե՛ւ իբրեւ վարչապետ, ե՛ւ իբրեւ նախագահի թեկնածու ցոյց է տուել Հայաստանի եւ հայութեան նկատմամբ իր անկեղծ զգացումներն ու մտածումները, որոնք ոչ մի ձեւով արժանի չեն դարձնում  նրա երդման արարողութեանը Հայաստանի արտաքին գործերի նախարարի մասնակցութիւնը: ՀՅԴ-ն  բազմիցս կրկնել է, որ Հայաստանը պէտք է իր ստորագրութիւնը յետ վերցնի այդ արձանագրութիւններից: Փոխարէնը` մեր իշխանութիւնները փորձում են վերակենդանացնել դրանք, հակառակ Թուրքիայի թշնամական կեցուածքի»:

Օգոստոսի 24-ին Սերժ Սարգսեանը ասել էր, որ Հայաստանը հրաւէր է ստացել Թուրքիայի իշխանութիւններից` մասնակցելու Էրտողանի երդմնակալութեան արարողութեանը եւ ներկայութիւնը կը լինի արտաքին գործերի նախարարի մակարդակով: Սարգսեանն ասել էր, որ արտաքին գործերի նախարարը կը տեղեկանայ` Թուրքիայի նախագահը պատրաստւո՞ւմ է Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցին` գալիք ապրիլի 24-ին, «այցելել Ծիծեռնակաբերդ եւ սեփական աչքերով տեսնել մարդկային հոծ երթը, որ տասնամեակների ընթացքում միայն աւելանում է դէպի անմար կրակը»:

Այսպիսով, Սարգսեանի խօսքերից տպաւորութիւն էր ստեղծւում, որ, առիթը օգտագործելով, Նալբանդեանը անձամբ նամակ-հրաւէր կը փոխանցի Էրտողանին, ինչը եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարը կատարեց օգոստոսի 28-ին: Նալբանդեանը, համաձայն Հայաստանի արտաքին գործերի նախարարութեան մամուլի ծառայութեան տարածած հաղորդագրութեան, Էրտողանին յանձնեց «Սարգսեանի պաշտօնական հրաւէրը` 2015թ. ապրիլի 24-ին ներկայ գտնուելու Երեւանում կայանալիք Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակի ոգեկոչման արարողութեանը»: Նալբանդեանը հնարաւորութիւն ունեցաւ նաեւ ոտքի վրայ մի քանի նախադասութիւն փոխանակել Էրտողանի հետ:

ՀՅԴ-ից բացի, արտաքին գործերի նախարարի մակարդակով Թուրքիայի նախագահի երդմնակալութեանը մասնակցութիւնը ճիշդ չհամարեցին նաեւ Բարգաւաճ Հայաստան, Հայ ազգային քոնկրես եւ Ժառանգութիւն կուսակցութիւնները:

Էրտողանի երդմնակալութեանը Հայաստանի արտաքին գործերի նախարարի մասնակցութիւնը սխալ կամ ճիշդ, դիւանագիտական բացթողում կամ արդարացուած համարելուց առաջ պէտք է հասկանալ, թէ ի՞նչ խնդիր է իր առաջ դրել պաշտօնական Երեւանը այդ արարողութեանը իր ներկայութեամբ:

Եթէ Հայաստանի արտաքին գործերի նախարարի մակարդակով Թուրքիայի նախագահի երդմնակալութեանը ներկայ լինելը, բացի Էրտողանին Սարգսեանի պաշտօնական հրաւէր փոխանցելը, նպատակ ունէր նաեւ փորձել վերակենդանացնել Հայաստան-Թուրքիա շփումներն ու սառեցուած երկու արձանագրութիւնները, ապա դրանից օգտուելու է Թուրքիան: Պաշտօնական Անգարան բազմիցս յայտարարել է, որ քանի դեռ Հայաստանը չի կատարում երեք նախապայմանները (ժամանակակից Թուրքիայի սահմանների ճանաչում, Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչման գործընթացից հրաժարում, ղարաբաղեան հարցի լուծում` ի նպաստ Ազրպէյճանի), հայկական կողմը պէտք չէ ակնկալի դիւանագիտական յարաբերութիւնների հաստատում եւ սահմանների բացում:

Կասկած չկայ, որ յատկապէս Հայոց ցեղասպանութեան 100-ամեակի նախօրէին, Թուրքիան փորձելու է միջազգային հանրութեան մօտ տպաւորութիւն ստեղծել, որ արձանագրութիւնները մեռած չեն, Հայաստանի հետ ընթանում է երկխօսութիւն, իսկ որեւէ երկրի կողմից Հայոց ցեղասպանութեան ճանաչումը միայն վնաս կը հասցնի հայ-թուրքական երկխօսութեանը:

Յատուկ «Ազդակ»-ի համար

Share this Article
CATEGORIES