Մշակոյթը Պէտք Է Աշխատեցնել

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄԵԱՆ

Վերջերս «Փանորամա»-ում կարդացի հարցազրոյց` ֆինն ուղղափառ հոգեւորական Սերաֆիմ Սեպալայի հետ, որը, պարզւում է, 500 էջանոց գիրք է գրել` մեր մշակոյթին նուիրուած, եւ հիմա էլ նոր գիրք է պատրաստում Հայոց ցեղասպանութեան մասին: Նա ասում է. «Հայաստանը Միջին Արեւելքի մշակոյթների վերջին անկիւնն է, որտեղ հին քրիստոնէական աւանդոյթները դեռեւս պահպանւում են ողջ մշակոյթի մէջ` օփերաներից մինչեւ սրբավայրերը»: Սեպալան, ինչպէս եւ բազմաթիւ այլ օտարազգիներ, Հայաստանը համարում է իր հոգեւոր հայրենիքը: Նման խոստովանութիւնները կարդալիս` ես հերթական անգամ համոզւում եմ, թէ որքան մենք` հայաստանցիներս, չենք հասկանում, թէ ինչպիսի երկրում է մեզ բախտ վիճակուել ապրել, դեռ որքա՜ն մենք պէտք է կարդանք, ուսումնասիրենք եւ, ամենակարեւորը, գիտակցենք, որպէսզի փորձենք ինքներս մեզ հասկանալ: Կենցաղային մեր մանր «դարդուցաւերը», պարբերական փնթփնթոցները մեզ շատ են խանգարում: Ինչպէս ծովափին բնակուող մարդիկ բնութեան հրաշք չեն համարում ծովը եւ հոգու խորքում զարմանում են, թէ ի՛նչ են այդ ջրի մէջ գտել հազարաւոր զբօսաշրջիկները, այնպէս էլ մենք չենք գնահատում մեր օդը տոգորող հոգեւոր աուրան, որը ծովից աւելի թանկարժէք է եւ հազուագիւտ: Խնդրի մի մասն, ի հարկէ, մեր եւ աւելի աւագ սերնդի խորհրդային դաստիարակութեան մէջ է: Ինձ համար ամէն ինչ փոխուեց` սկսած այն պահից, երբ 1990 թուականի ամրանը Տէր Գրիգորն ինձ մկրտեց Շահումեանի շրջանի Վերիշէն գիւղի վանքում: (Ի դէպ, գիտակցական մակարդակով մենք գիտենք, որ մեր հին վանքերը «պատահական տեղերում» չեն կառուցուել, բայց արդեօ՞ք մենք դա անկեղծօրէն զգում ենք): Հետագայ 24 տարին անցաւ թէեւ կենցաղային դժուարութիւններով, բայց աւելի հետաքրքիր եւ յագեցած, քան` դրան նախորդող 30-ը: Երկրորդ խնդիրն այն է, որ թէ՛ խորհրդային շրջանում եւ թէ՛ հիմա գրականութիւնն ու պատմութիւնը մեր դպրոցներում, ինձ թւում է, սխալ են դասաւանդել: «Սրանք եկան ասպատակեցին, նրանք եկան` ջարդեցին-փշրեցին, իսկ մեր խեղճ ժողովուրդն անընդհատ տառապում էր»: Այդ տառապեալի կերպարից ժամանակն է դուրս գալ եւ դպրոցական դասագրքերում պատասխանել մի հարցի` եթէ դարեր շարունակ մենք միայն «ասպատակւում էինք», ապա ինչի՞ շնորհիւ է, որ մենք խօսում ենք այն լեզուով, որ գոյութիւն ունի հազարամեակներ եւ գրում ենք այն տառերով, որոնք ստեղծուել են 5-րդ դարի սկզբին: Վերջապէս մեր բացառիկ հոգեւոր հարստութիւնների լիովին «ըմբոշխմանը» խանգարում են, որքան էլ դա հակասական հնչի, այն «խելօքները», որոնք մեր մշակոյթը, աւանդոյթները պատկերացնում են որպէս ինչ-որ մի պահածոյ, որն անհրաժեշտ է պաշտպանել «չարամիտ» Արեւմուտքից, ռուսներից, համաշխարհայնացումից եւ այլն: Մշակոյթը պէտք չէ պաշտպանել, այն պէտք է աշխատեցնել: Հին չինական մի սափորի վրայ գրուած է. եթէ զգացել ես փոփոխութունների քամին, կառուցիր ոչ թէ վահան` այդ քամուց պաշտպանուելու համար, այլ` հողմաղաց:

«Առաւօտ»

Share this Article
CATEGORIES