Ապահովութիւնը Դեռ Վերահաստատուած Չէ

reyis1Tert.am-ի զրուցակիցն է սիրիահայ, Հալէպի Ազգային առաջնորդարանի մամուլի խօսնակ Ժիրայր Ռէյիսեանը:

Վերջինիս խօսքով` թէեւ հիմա վիճակը համեմատաբար կայուն է, հայաբնակ շրջաններում պայթիւնները նուազել են, սակայն դա չի նշանակում, որ ապահովութիւնը վերահաստատուած է: Նա հնարաւոր է համարում, որ մի օր սիրիահայերը կը վերադառնան Հալէպ:

ՀԱՐՑՈՒՄ.- Պարո՛ն Ռէյիսեան, վերջին օրերի իրադրութիւնն ինչպիսի՞նն է. իսլամական ծայրայեղականներն ինչքա՞ն են մօտեցել հայկական թաղամասերին: Ահաբեկիչները, որոնք այդպիսի գործողութիւններ են իրականացնում Իրաքում, շատ մօտ են հայկական շրջաններին, յատկապէս` Նոր Գիւղ թաղամասին: Վտանգ կա՞յ այդտեղ:

ՊԱՏԱՍԽԱՆ.- Հիմա վիճակը համեմատաբար կայուն է: Հրասանդային պայթիւնները տակաւին շարունակւում են: Պայթիւնի նմանօրինակ գործողութիւններ կատարւում են, սակայն համեմատաբար նուազել են հայաբնակ շրջաններում, որովհետեւ մասամբ հեռացել են, սակայն դա չի նշանակում, որ ապահովութիւնը վերահաստատուած է: Դեռ կացութիւնը նոյնն է, միայն պայթիւններն են նուազել:

Ընդդիմադիր կոչուող այդ զինեալ խմբաւորումները, ահաբեկիչները քաղաքի մասնաւորապէս` հայաբնակ շրջանների մօտ առաջխաղացում չեն ունեցել: Ինչպէս նշեցիք, Նոր Գիւղի պարագան, Նոր Գիւղի շրջանը գրեթէ սահմանային շրջաններից է, որտեղ ռազմական գործողութիւններ են տեղի ունենում: Ընդդիմադիր կոչուող այս զինեալ խմբաւորումները, որոնք մինչեւ Նոր Գիւղի մօտ Պոսթան Փաշայի շրջան են հասել, առաջխաղացում չեն գրանցել, այնպէս որ, սահմանային կամ ուժի հակակշռի պատկերով սահմանները գրեթէ նոյնն են:

Հ.- Տուեալներ ունէ՞ք, թէ քանի սիրիահայ է դուրս եկել Սիրիայից` խնդիրների սկսուելուց յետոյ: Ասում են, որ համայնքն այնքան է փոքրացել, որ վերջին հարիւր տարում երբեք այսքան փոքր չի եղել:

Պ.- Այս ուղղութեամբ մենք վիճակագրական տուեալներ չունենք, սակայն Հայաստանի պաշտօնական տուեալներով, յայտարարւում է, որ շուրջ 13 հազար սիրիահայեր հասել են Հայաստան, լիբանանահայերն ասում են շուրջ 10 հազար սիրիահայ հասել է Լիբանան, այս տուեալներն են, բայց սիրիական համայնքը վիճակագրական տուեալներ չունի:

Հ.- Նիւթական ի՞նչ վնասներ է կրել համայնքն այս 3 տարիների ընթացքում: Առհասարակ, համայնքի ապագան ո՞նց էք պատկերացնում: Հնարաւոր համարո՞ւմ էք, որ մի օր Քեսապի նման հայերը Հալէպ կը վերադառնան:

Պ.- Համայնքը նիւթական անբացատրելի վնասներ է կրել. շէնքեր, բնակարաններ, գործատեղերի քանդումներ: Մարդկային զոհերի կամ վիրաւորների դէպքում ես չեմ կարող ճշգրիտ թուերով խօսել, որովհետեւ վիճակագրական տուեալներ չունեմ: Մենք ունեցել ենք նահատակներ, որոնք զինծառայութեան ընթացքում են զոհուել, ունեցել ենք մարդկային զոհեր` պատահական փամփուշտներից կամ դիպուկահարներից, ունեցել ենք նաեւ առեւանգուածներ, որոնց մեծ մասը մեծ նիւթական միջոցներով դուրս է եկել, սակայն եղել են նաեւ ահաբեկիչների կողմից սպաննուածներ: Դեռ ունենք փոքրաթիւ առեւանգուածներ, որոնց ճակատագիրը յայտնի չէ եւ չգիտենք` ո՛ւր են:

Ինչո՛ւ չէ, բնականաբար, բնականոն  պայմաններում կը վերադառնան, կեանքի ապահովութեան պայմանները եթէ վերականգնուեն, մարդիկ կ՛ուզեն վերադառնալ եւ տէր կանգնել իրենց ունեցուածքին, իրենց սովորած կեանքին: Ի հարկէ՛, չվերադարձողներ էլ կը լինեն:

Հ.- Ի՞նչ են ակնկալում սիրիահայերը Հայաստանից. հայրենիքն ինչո՞վ կարող է օգնել նրանց:

Պ.- Հայրենիքից ակնկալութիւն ասելով` անշուշտ հայրենիքը փորձում է օժանդակել իր հայրենակիցներին: Նրանք, որոնք տեղաշարժւում են եւ դուրս են գալիս Սիրիայի քաղաքներից, կ՛ուզէինք, որ նրանք ուղղուէին ոչ թէ Արեւմուտք, այլ` Հայաստան: Կեանքը շարունակելու համար մարդ երկու բան է ակնկալում, առաջինը` բնակութիւն, երկրորդը` աշխատանքի արժանապատիւ միջոցներ:

Հայրենիքից երկու հիմնական սպասելիք կայ. առաջինը` յատուկ պայմաններով բնակավայրի ստեղծում, մանաւանդ որ ժողովուրդը տնտեսական ծանր պայմաններում է, եւ աշխատանքի առիթներ ստեղծել` որոշ արտօնութիւններ տալով, նոյնիսկ` որոշ օրէնքների ժամանակաւոր շրջանցման տեսքով:

Հ.- Չնայած պատերազմական վիճակին` շարունակում էք միջոցառումներ, համերգներ, մշակութային ձեռնարկներ իրականացնել. կեանքը շարունակւում է: Ինչպէ՞ս էք կազմակերպում, համախմբում համայնքին:

Պ.- Այս պարագայում միակ բանը, որ կ՛ասեմ, ժողովրդական այն խօսքն է, որ կեանքը պիտի շարունակուի` չնայած դժուարութիւններին: Կեանքը ոչ միայն կերուխումով է, այլ նաեւ հոգեկան արժէքներով` լինի մեր կրթական հաստատութիւնների, եկեղեցական, հոգեւոր կեանքի, մեր ակումբների, մշակութային միութիւնների գործունէութեամբ: Անշուշտ դա նախկին տարողութեամբ տեղի չի ունենում, բայց փորձում ենք ժողովրդի հոգեւոր պահանջմունքները բաւարարել:

Share this Article
CATEGORIES