Նախագահ Սերժ Սարգսեանի Ելոյթը ՄԱԿ-ի Ընդհանուր Ժողովի 69-րդ Նստաշրջանին

0924serj1Գլխաւոր Ասամպլեայի յարգարժա՛ն նախագահ,
Յարգելի պարոն գլխաւոր քարտուղար,
Տիկնայք եւ պարոնա՛յք,

Ընթացիկ նստաշրջանը տեղի է ունենում մարդկութեան համար բեկումնային իրադարձութիւնների` Ա. Աշխարհամարտի 100-ամեակի եւ գալիք տարի նշուելիք Բ. Համաշխարհային պատերազմի աւարտի 70-ամեակի ժամանակահատուածում: Շուրջ եօթ տասնամեակ առաջ` Բ. Համաշխարհային պատերազմի աւարտին ստեղծուած Միացեալ ազգերի կազմակերպութեան առաքելութիւնն այն նոր քաղաքակրթական միջավայրի ու մշակոյթի ձեւաւորումն էր, որը կը բացառէր անցեալի ողբերգական էջերի կրկնութիւնը:

2015 թուականը յատուկ նշանակութիւն ունի ողջ աշխարհի հայութեան համար: Ապրիլի 24-ին աշխարհասփիւռ հայ ժողովուրդը խնկարկելու է իր պատմութեան ամենաողբերգական էջի` Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցը: Պատմութեան մէջ նախադէպը չունեցող` մի ողջ ժողովրդի սպանդի եւ հայրենազրկման նպատակ հետապնդող այդ ոճրագործութիւնը շարունակում է աշխարհի հայերի համար մնալ չսպիացած վէրք: 1915թ. Ցեղասպանութիւնը քաղաքակրթութեան եւ մարդկութեան դէմ ուղղուած յանցագործութիւն էր, իսկ դրա ոչ լիարժէք դատապարտումը` նոյնօրինակ զանգուածային ոճրագործութիւններ ծնող երեւոյթ:

Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի տարում, ելոյթ ունենալով այս բարձր ամպիոնից, որը ես կը կոչէի Պատուոյ եւ պատասխանատուութեան ամպիոն, բարձրաձայն ասում եմ.

Շնորհակալութիւն Ուրուկուէյ, Ֆրանսա, Ռուսաստան:

Շնորհակալութիւն` Իտալիա, Պելճիքա, Հոլանտա, Զուիցերիա, Շուէտ:

Շնորհակալութիւն` Գերմանիա, Լեհաստան, Լիթուա, Յունաստան, Սլովաքիա, Կիպրոս:

Շնորհակալութիւն` Լիբանան, Արժանթին, Վենեզուելա, Չիլի, Քանատա, Վատիկան:

Շնորհակալութիւն` Հայոց ցեղասպանութիւնը ճանաչելու եւ դատապարտելու համար` անկախ այդ ճանաչման ձեւաչափից եւ օգտագործուած ձեւակերպումներից:

Շնորհակալութիւն Միացեալ Նահանգներ, Եւրոպական Միութեան, շատ ու շատ երկրների բոլոր այն գործիչներին, պետական մարմիններին, տարածքային միաւորներին կամ կազմակերպութիւններին, որոնք վստահօրէն ի լուր աշխարհի իրերն իրենց անունով են կոչում: Դա իսկապէս խիստ կարեւոր է, քանզի ժխտումը ցեղասպանութեան յանցագործութեան փուլերից մէկն է:

Արդէն շուրջ մէկ դար ոչ միայն աշխարհասփիւռ հայութիւնը, այլեւ ողջ առաջադէմ միջազգային հանրութիւնը սպասում են, որ Թուրքիան ի վերջոյ քաջութիւն կը գտնի առերեսուելու սեփական պատմութեանը եւ ճանաչելու Հայոց ցեղասպանութիւնը` դրանով իսկ ազատելով յետագայ սերունդներին անցեալի ծանր բեռից: Աւաղ, փոխարէնը հնչեցւում են երկիմաստ, սքօղուած ուղերձներ, որոնցում զոհին հաւասարեցնում են դահճին, խեղաթիւրում անցեալի իրադարձութիւնները:

Հայաստանը երբեւէ Հայոց ցեղասպանութեան ճանաչումը նախապայման չի դարձրել Հայաստան-Թուրքիա երկկողմ յարաբերութիւնների կարգաւորման համար: Յայտնի է, որ պաշտօնական Երեւանի նախաձեռնած` Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների կարգաւորման գործընթացը հասաւ մինչեւ ցիւրիխեան արձանագրութիւնների ստորագրում: Այդ արձանագրութիւններն արդէն տարիներ շարունակ դարակներում են` սպասելով Թուրքիայի խորհրդարանի վաւերացմանը: Պաշտօնական Անգարան բացայայտ հռչակում է, որ կը վաւերացնի այդ արձանագրութիւնները միայն, եթէ Լեռնային Ղարաբաղը` Ազատ Արցախը, հայերը յանձնեն Ազրպէյճանին: Հայաստանում եւ Արցախում նման նախապայմաններին պարզ մարդիկ շատ յաճախ արձագանգում են շատ պարզ` «Գրողի ծոցը վաւերացնէք»: Ժողովրդական լեզուով արտայայտուած այս բառերի մէջ մի ողջ ազգի դարաւոր պայքարն է խտացած, որ ուրիշի հայրենիքի վրայ առուծախ անողներին անառարկելիօրէն բացատրում է` հայրենիքը սուրբ է, եւ ձեր առուծախը հեռու տարէք մեզնից: Ահա նման պայմաններում է, որ այսօր պաշտօնական Երեւանը լրջօրէն քննարկում է հայ-թուրքական արձանագրութիւնները խորհրդարանից յետ կանչելու հարցը:

Այսօր էլ բոլորիս աչքի առջեւ են Սիրիայում եւ Իրաքում տեղի ունեցող ցաւալի իրադարձութիւնները, երբ կրօնական եւ ազգային փոքրամասնութիւնները դառնում են ատելութիւն դաւանող խմբերի թիրախ: Երկու օր առաջ ահաբեկիչների կողմից ականապատուեց եւ պայթեցուեց Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակին նուիրուած, Մեծ եղեռնի բազմաթիւ նահատակների մասունքներն ամփոփող Տէր Զօրի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին: Նման բարբարոսութիւնը պարզապէս յանցաւոր անաստուածութիւն է, որը որեւէ հաւատքի հետ կապ ունենալ չի կարող: Սիրիայում եւ Իրաքի հիւսիսում ստեղուած աղէտալի իրավիճակն ահագնանում է օր-օրի, եւ այսօր արդէն ուղղակի վտանգի տակ են հարիւր հազարաւոր խաղաղ մարդիկ, այդ թւում նաեւ` Հալէպի տասնեակ հազարաւոր հայերը: Սա հէնց այն վտանգաւոր իրավիճակներից է, որը պէտք է դիտարկուի մարդկութեան դէմ ուղղուած ոճրագործութիւնները կանխարգիլելու մեր համատեղ յանձնառութիւնների շրջանակում: Հայաստանը բարձրաձայնել է Սիրիայի հայ բնակչութեան եւ Իրաքի հիւսիս-արեւմուտքում բնակուող եզիտի բնակչութեան պաշտպանութիւնն ապահովելու անհրաժեշտութիւնը, եւ քաջալերուած ենք տեսնելու միջազգային համայնքի միասնական դիրքորոշումն այս հարցում:

Համաշխարհային խաղաղութեան եւ անվտանգութեան պահպանութիւնը մեր կազմակերպութեան ստեղծման եւ գոյութեան իմաստն է: Վերջին տարիներին Հայաստանը հետեւողականօրէն ամրապնդել է իր խաղաղապահ կարողութիւնները` նախապատրաստելով մեր երկրի առաւել ընդգրկուն ներգրաւումը միջազգային խաղաղութեան եւ կայունութեան ապահովմանը: Շատ մօտ ապագայում հայ խաղաղապահները կը տեղակայուեն Լիբանանի հարաւում` ՄԱԿ-ի հովանու ներքոյ իրականացուող ԵՈՒՆԻՖԻԼ առաքելութեան շրջանակներում: Դա հնարաւոր դարձաւ մեր իտալացի գործընկերների հետ սերտ համագործակցութեան շնորհիւ: Վստահ եմ, որ հայ զինծառայողները արժանապատուօրէն եւ բարձր արհեստավարժութեամբ կ՛իրականացնեն իրենց առաքելութիւնն` օգտագործելով նաեւ արդէն մէկ տասնամեակի ընթացքում Քոսովոյում, Իրաքում, Աֆղանիստանում ձեռք բերուած հարուստ փորձը:

Յարգելի՛ գործընկերներ,

Արդէն 20 տարուց աւելի է, որ ղարաբաղեան հակամարտութեան արդար եւ խաղաղ կարգաւորման ուղղութեամբ միջազգային հանրութեան ջանքերը վիժեցւում են մեր հարեւանի ապակառուցողական եւ առաւելապաշտական կեցուածքի պատճառով: Ազրպէյճանում ամենաբարձր մակարդակով հնչող ռազմատենչ յայտարարութիւններին ու տարաբնոյթ սպառնալիքներին միջազգային պատշաճ գնահատականի բացակայութիւնը յանգեցրել է այսօրուայ ամենաթողութեանը. Ազրպէյճանի նախագահը ողջ հայ ժողովրդին որակում է որպէս «թիւ մէկ թշնամի», իսկ այն, ինչ քաղաքակիրթ աշխարհում համարւում է յանցագործութիւն, Ազրպէյճանում դիտարկւում է որպէս հերոսութիւն:

Չնայած այն հանգամանքին, որ իւրաքանչիւր հակամարտութիւն առանձնայատուկ է` միջազգային յարաբերութիւններում հետեւողականօրէն առաջ են մղւում մարդու հիմնարար իրաւունքներն ու ազատութիւնները, այդ թւում` ժողովուրդների ազատ կամարտայայտութիւնն ու ինքնորոշումը: Օրեր առաջ Սկովիտայում տեղի ունեցած հանրաքուէն կրկին ապացուցեց, որ հէնց հանրաքուէի հաստատութիւնն է ներկայում հետեւողականօրէն դառնում ազգային խնդիրների խաղաղ կարգաւորման կարեւորագոյն իրաւական գործիքներից մէկը: Եւ պատահական չէ, որ ԼՂ հակամարտութեան խաղաղ կարգաւորման ԵԱՀԿ Մինսքի խմբի առաջարկած կարգաւորման յենասիւնը եւս հանրաքուէի միջոցով սեփական ճակատագիրը տնօրինելու իրաւունքն է:

Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,

Խօսելով ԼՂ հիմնախնդրի կարգաւորման մասին` չեմ կարող չանդրադառնալ Մակ-ի ԱԽ կողմից պատերազմի տարիներին ընդունած 4 բանաձեւերին, որոնք պարբերաբար շահարկւում են Ազրպէյճանի իշխանութիւնների կողմից` որպէս իրենց ապակառուցողական քաղաքականութեան հիմնաւորում:

Խօսքն այն բոլոր չորս բանաձեւերի մասին է, որտեղ որպէս առաջնային եւ անվերապահ պահանջ նշւում էր ռազմական եւ թշնամական գործողութիւնների դադարեցումը, ինչը չիրականացուեց Ազրպէյճանի կողմից: Հէնց Ազրպէյճանի կողմից սոյն բանաձեւերի հիմնարար պահանջները չկատարելու հետեւանքով էր, որ անհնարին դարձաւ դրանց ամբողջական իրականացումը: Բանաձեւերում կոչ էր արւում դադարեցնել խաղաղ բնակչութեան ռմբակոծութիւններն ու օդային հարուածները, զերծ մնալ միջազգային մարդասիրական իրաւունքի սկզբունքների ոտնահարումից, ինչին ի պատասխան` Ազրպէյճանը շարունակում էր ռմբակոծել խաղաղ բնակչութեանը` տարբերութիւն չդնելով երեխաների, կանանց, մեծահասակների միջեւ, կոպտօրէն խախտելով միջազգային հումանիտար իրաւունքի բոլոր իրաւական եւ բարոյական նորմերը:

Եւ այսօր Ազրպէյճանն առանց ամաչելու յղում է կատարում այդ բանաձեւերին` ընտրողաբար, բովանդակութիւնից կտրուած մեկնաբանում դրանք` որպէս խնդրի կարգաւորման նախապայման: ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւերի համարժէք մեկնաբանումն անհնար է առանց դրանցում ամրագրուած պահանջների աստիճանակարգի ճիշդ ընկալման:

Բանաձեւերում ամրագրուած պահանջներից են նաեւ` տարածաշրջանում տնտեսական, հաղորդակցութեան ուղիների եւ ուժանիւթային կապերի վերականգնումը (853 բանաձեւ), հաղորդակցութեան ուղիների վերականգնման խոչընդոտների վերացումը (874 բանաձեւ): Գաղտնիք չէ, որ հակամարտութեան հէնց սկզբից Ազրպէյճանն ու Թուրքիան Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի Հանրապետութեան նկատմամբ կիրառում են շրջափակում: Ազրպէյճանի նախագահն իր ելոյթներում նոյնիսկ հպարտանում է դրանով` սեփական հանրութեանը խոստանալով, որ այդ ուղղութիւնը մնալու է Ազրպէյճանի արտաքին քաղաքականութեան առաջնահերթութիւնը:

Անվտանգութեան խորհրդի նշուած բանաձեւերում կոչ է արւում Ազրպէյճանի իշխանութիւններին ուղիղ շփումներ հաստատել Լեռնային Ղարաբաղի հետ: Ազրպէյճանը ոչ միայն ուղիղ շփումներ չի հաստատում ԼՂ հետ, որն, ի դէպ, 1994թ. հրադադարի եւ մի շարք այլ միջազգային համաձայնագրերի իրաւահաւասար կողմ է, այլեւ թշնամանք է քարոզում մի ժողովրդի հանդէպ, որին իբր թէ ցանկանում է տեսնել իր պետութեան կազմում:

Ոչ մի բանաձեւում Հայաստանը չի նշուել որպէս հակամարտող կողմ: Մեր երկրին ուղղուած կոչերում միայն խօսւում էր «շարունակել ազդեցութիւն գործադրել» ԼՂ հայութեան վրայ (853, 884) հակամարտութիւնը դադարեցնելու համար, ինչը Հայաստանը լիարժէք իրականացրել է, եւ նաեւ դրա շնորհիւ 1994թ. կնքուել է զինադադար: Բոլոր բանաձեւերում ԼՂ-ն յստակօրէն ճանաչուել է հակամարտող կողմ:

Վերոնշեալից ակնյայտ է, որ հէնց Ազրպէյճանի իշխանութիւններն են, որ չեն իրականացրել ՄԱԿ-ի ԱԽ հիմնարար պահանջները` այդ թւում նաեւ մարդասիրական նորմերի իրագործումն ու պահպանումը: Ի դէպ` այս պահանջը եւս պարբերաբար եւ կոպտօրէն խախտւում է Ազրպէյճանի կողմից, երբ գերեվարուած հայերի` խաղաղ բնակիչների նկատմամբ դաժան եւ անմարդկային վերաբերմունք է ցուցաբերւում, որը շատ յաճախ նրանց մահուան պատճառ է հանդիսանում: Թէեւ, կարծում եմ, զարմանալն աւելորդ է. չէ՞ որ խօսքը մի պետութեան մասին է, որտեղ սեփական ժողովուրդն ինքն է ենթարկւում ճնշումների ու անմարդկային վերաբերմունքի: Դրա վառ վկայութիւնն էր օրեր առաջ ՄԱԿ-ի Կտտանքների դէմ ենթակոմիտէի առաքելութեան աշխատանքի ընդհատումը` պաշտօնական Պաքուի կողմից դրսեւորուած վարքագծի հետեւանքով:

ԵԱՀԿ Մինսքի խմբի համանախագահութիւնը միակ մասնագիտացուած կառոյցն է, որ երկու տասնամեակ է, ինչ զբաղւում է ղարաբաղեան հիմնախնդրով` միջազգային հանրութեան կողմից ստացուած մանդատով: Ազրպէյճանը, քաջ գիտակցելով, որ անհնար է խաբել կամ թիւր տեղեկատուութիւն հրամցնել խնդրի էութեան մէջ խորացած Մինսքի խմբին, ջանում է խնդրի կարգաւորումը տեղափոխել այլ հարթակներ` փորձելով խնդրին հաղորդել տարածքային վէճի բնոյթ կամ շահարկելով կրօնական համերաշխութեան գործօնը: Դրանք կատարեալ անհեթեթութիւններ են: Իսկ Հայաստանն աւանդաբար ջերմ յարաբերութիւններ է ունեցել իսլամ դաւանող ժողովուրդների հետ` ի դէմս արաբական աշխարհի կամ օրինակ` մեր անմիջական հարեւան Իրանի:

Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,

Բարձր գնահատելով Մակ-ի անփոխարինելի դերը կայուն զարգացման նպատակների մշակման եւ իրականացման գործում` վստահ եմ` «2015թ. յետոյ» զարգացման նոր օրակարգի միջոցով կը շարունակենք հազարամեակի զարգացման նպատակներից բխող կլոպալ խնդիրներին լուծումներ գտնելու ու մարտահրաւէրներին դիմակայելու մեր ջանքերը` սահուն անցում կատարելով դէպի կայուն զարգացման նպատակներ:

Եզրափակելով` ընդգծեմ, որ ՄԱԿ-ի շրջանակներում մենք միասին զգալի ճանապարհ ենք անցել «Յետ-2015 թուականը զարգացման օրակարգի» ձեւաւորման ուղղութեամբ եւ շարունակելու ենք ջանքեր գործադրել` ճկունութիւն ցուցաբերելով այդ գործընթացն իր տրամաբանական աւարտին հասցնելու համար:

 

Share this Article
CATEGORIES