Ձկնկիթ, Դիւանագիտութիւն Եւ Իրականութիւն ԵԽԽՎ-ում Հասունանում Է Ընդդէմ Հայաստանի Եւ Արցախի Նոր Բանաձեւ
ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ
Ազրպէյճանում այս տարուայ ընթացքում արձանագրուած համատարած բռնութիւնները, իրաւապաշտպանների եւ լրագրողների ձերբակալութիւններն ու բանտարկութիւնները չեն արժանացրել մարդու իրաւունքների պաշտպանութեան եւ ժողովրդավարութեան ամրապնդման կոչուած միջազգային հիմնական կառոյցներից մէկի` Եւրոպայի խորհրդի եւ նրա գլխաւոր կառոյցի` Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ուշադրութեանը: Փոխարէնը, ԵԽԽՎ-ն աշնանային նստաշրջանի հէնց առաջին օրը` սեպտեմբերի 29-ի լիագումար նիստում, ընդունել է «Լեռնային Ղարաբաղում եւ Ազրպէյճանի միւս բռնագրաւուած տարածքներում բռնութիւնների ահագնացումը» խորագրով զեկոյց պատրաստելու որոշում: Պատրաստուելիք փաստաթղթում, բնականաբար, հիմնականանում անդրադարձ է կատարուելու յուլիս-օգոստոս ամիսներին Արցախ-Ազրպէյճան շփման գծում եւ Հայաստան-Ազրպէյճան սահմանին արձանագրուած դէպքերը, որոնք խլեցին մի քանի տասնեակ կեանքեր:
Որոշման նախագիծը ներկայացրել են ԵԽԽՎ-ում Ազրպէյճանի պատուիրակութեան մի անդամ եւ յունական պատուիրակութեան ղեկավար, Իլհամ Ալիեւի ընտանիքի մտերմուհի Տորա Պաքոյանիսը: Վերջինս եղել է Յունաստանի արտաքին գործերի նախարար այն ժամանակ, երբ այս երկիրը նախագահում էր (2009 թուականին) ԵԱՀԿ-ում, հետեւաբար շատ լաւ ծանօթ է արցախեան հակամարտութեանը: Անցնող տարիներին Պաքոյանիսը մի քանի անգամ այցելել է Պաքու, արժանացել Ալիեւի ջերմ ընդունելութեանը: Ուշագրաւ է, որ ակնյայտ հակահայ որոշման նախագիծը Պաքոյանիսը ԵԽԽՎ-ում առաջ էր մղում հէնց այն օրերին, երբ պետական այցով Երեւանում էր Յունաստանի նախագահը: Միւս կողմից, պէտք է հասկանալ, որ ԵԽԽՎ-ում երկրների պատուիրակութիւնները եւ այդ պատուիրակութիւնների անդամները իրենց գործունէութեան մէջ ազատ են: Այսպէս, բազմաթիւ անգամ հայ պատուիրակները ելոյթ են ունեցել եւ քննադատել Հայաստանի գործող եւ երկրորդ նախագահին:
Համաձայն ԵԽԽՎ ընթացակարգերի, երբ ընդունւում է զեկոյց պատրաստելու մասին որոշում, ապա նախ նշանակւում է յատուկ զեկուցող, ով մի քանի անգամ այցելում է տարածաշրջան եւ մէկ-երկու տարուայ ընթացքում պատրաստում զեկոյցի նախագիծ: Այն ներկայացւում է ԵԽԽՎ լիագումար նիստում: Քննարկումների արդիւնքում, զեկոյցը կարող է ընդունուել ի գիտութիւն, դառնալ բանաձեւի նախագիծ, ապա նաեւ` բանաձեւ:
2001-ից ի վեր, երբ Հայաստանը անդամակցել է Եւրոպայի խորհրդին, այս կազմակերպութիւնը, աւելի ճիշդ` ԵԽԽՎ-ն, Հայաստանի եւ Արցախի մասին ընդունել է մի շարք բանաձեւեր: Յիշեցնենք, որ ԵԽԽՎ-ն դեռ 2005-ին Արցախի հարցով ընդունել է թիւ 1416 բանաձեւ, որը պահանջում էր հայկական ուժերը դուրս բերել Ազրպէյճանի «գրաւեալ հողերից»: Ընդհանրապէս, երբ որեւէ երկրի մասին ընդունւում է բանաձեւ, զեկոյց կամ որոշում, ապա անկախ բովանդակութիւնից, դա լաւ չէ: Բանաձեւի, զեկոյցի կամ որոշման ընդունումը նշանակում է, որ այդ երկիրը խնդիրներ ունի:
ԵԽԽՎ-ում Հայաստանի պատուիրակութիւնը պահանջեց, որպէսզի Արցախի մասին զեկոյց չպատրաստուի` հաշուի առնելով, որ հակամարտութեան կարգաւորման հարցով զբաղւում է մասնագիտացուած խումբ` ԵԱՀԿ Մինսքի խմբի եռանախագահութիւնը: Հայ պատուիրակները նշեցին, որ Ազրպէյճանը նպատակ ունի տապալել Արցախեան կարգաւորման բանակցային գործընթացը, ձերբազատուել ԵԱՀԿ գործող ձեւաչափից եւ հրահրել նոր պատերազմ: Արցախի մասին զեկոյց չպատրաստելու հայկական պատուիրակութեան առաջարկը դրուեց քուէարկութեան, սակայն մերժուեց 74 դէմ եւ 41 կողմ քուէներով: Հայ պատգամաւորները, ի բողոք այդ քուէարկութեան, լքեցին դահլիճը` յայտարարելով, որ հայկական կողմը չի մասնակցելու զեկոյցի նախապատրաստմանը եւ չի համագործակցելու զեկուցողի հետ:
«Լեռնային Ղարաբաղում եւ Ազրպէյճանի միւս բռնագրաւուած տարածքներում բռնութիւնների ահագնացումը» խորագրով զեկոյց պատրաստելու ԵԽԽՎ որոշումը կարող է գլխացաւանք դառնալ Հայաստանի եւ Արցախի համար: Այս որոշման խորագիրն իսկ արդէն բացայայտ հակահայ եւ ազրպէյճանամէտ բովանդակութիւն ունի: Բնականաբար, նման խորագիր ունեցող որոշումը կամ զեկոյցը չի կարող լինել անկողմնակալ:
Արդէն յայտնի է նաեւ զեկուցողի անունը: Դա բրիտանացի պահպանողական, 66-ամեայ Ռոպերթ Ուոլթերն է, ով ԵԽԽՎ-ում Մեծն Բրիտանիայի պատուիրակութեան ղեկավարն է: Նրան այդ պաշտօնում 2011թ. յունուարին նշանակել է վարչապետ Տէյվիտ Քամերոնը: Ուոլթերը բազմաթիւ անգամ` 2005-ին, 2006-ին, 2008-ին, 2010-ին, 2013-ին ԵԽԽՎ պատուիրակութեան կազմում այցելել է Ազրպէյճան: Աւելի՛ն. 2013 թուականի աշնանը կայացած Ազրպէյճանի նախագահական ընտրութիւններում, որոնք կեղծուեցին հերթական անգամ, հէնց Ուոլթերն է գլխաւորել ԵԽԽՎ դիտորդական առաքելութիւնը: Նա այդ ընտրութիւնները որակել էր «ազատ եւ արդար»: Բացի այդ, Ուոլթերը նաեւ Մեծն Բրիտանիա-Ազրպէյճան գործարար կապերի ամրապնդման լոպիստներից է եւ բացայայտ պաշտպանում է Ազրպէյճանին եւ Ալիեւների իշխանութիւնը, աչք փակում այն բռնութիւնների ու մարդու իրաւունքների ակնյայտ ոտնահարումների, լրագրողների ու իրաւապաշտպանների բանտարկութիւնների հարցում, որոնք Ազրպէյճանում յատկապէս ահագնացել են 2014-ին:
Այս տարուայ յունիսի վերջերին, ԵԽԽՎ ամառնային նստաշրջանում Ազրպէյճանի պատուիրակութիւնը փորձեց անցկացնել որոշում, որով Հայաստանի պատուիրակութիւնը պէտք էր զրկուէր ձայնի իրաւունքից, քանի որ` «Հայաստանը շարունակում է ազրպէյճանական տարածքների ապօրինի բռնագրաւումը: Հայկական պատուիրակութեանը յաջողուեց կանխել որոշման անցկացումը: Այս անգամ, սակայն, հայկական կողմը չկարողացաւ կանխել:
Անկասկած, որոշման հարցում կարեւոր դեր ունի նաեւ Ազրպէյճանի այսպէս կոչուած «ձկնկիթային դիւանագիտութիւնը», երբ Պաքուն ուղղակի կաշառում է ԵԽԽՎ այն պատգամաւորներին, ովքեր իրականացնում են Ազրպէյճանի լոպիինկը: Միջազգային մամուլում բազմաթիւ անգամ անդրադարձ է եղել Պաքուի «ձկնկիթային դիւանագիտութեանը», հրապարակուել են եւրոպացի այն պատգամաւորների ու դիւանագէտների, վերլուծաբանների եւ քաղաքագէտների անունները, ովքեր կաշառուել են Ազրպէյճանի նաւթային տոլարներով եւ Կասպիցի ձկնկիթով: Հակահայ քաղաքականութիւն իրականացնելու, Հայաստանը եւ Արցախը միջազգայն հարթակում վարկաբեկելու հարցում Ազրպէյճանը նիւթական մեծ միջոցներ է ծախսում:
Բայց պէտք է նաեւ ընդունել, որ ԵԽԽՎ-ում հակահայ փաստաթուղթ ընդունելու մէջ մեղաւորութեան իր բաժինն ունի նաեւ հայկական, մասնաւորապէս` խորհրդարանական դիւանագիտութիւնը: Ակնյայտ էր, որ յուլիս-օգոստոս ամիսներին հէնց Ազրպէյճանը դիմեց սադրանքների եւ ռազմական արկածախնդրութիւնների, սակայն Պաքուին յաջողուեց փաստաթուղթ ընդունել տալ, որի խորագիրը արդէն իսկ անընդունելի է հայկական կողմի համար:
Պէտք չէ նաեւ բացառել, որ ԵԽԽՎ-ում Հայաստանի հանդէպ բացասական վերաբերմունքը պայմանաւորուած է նաեւ նրանով, որ պաշտօնական Երեւանը որդեգրել է ռուսամէտ քաղաքականութիւն եւ պատրաստւում է անդամակցել Եւրասիական տնտեսական միութեանը, ինչպէս նաեւ` Խրիմի հարցում աջակցել է Ռուսաստանին: Ի դէպ, Ուքրանիայի դէպքերի կապակցութեամբ Ռուսաստանը ԵԽԽՎ-ում մինչեւ յաջորդ` ձմեռնային նստաշրջան, զրկուել է ձայնի իրաւունքից:
Հայաստանը եւ Ազրպէյճանը Եւրոպայի խորհրդին անդամակցել են 2001 թուականի յունուարին: ԵԽԽՎ-ի որոշումները, զեկոյցները եւ բանաձեւերը պարտադիր կատարման ուժ չունեն, սակայն քաղաքական եւ միջազգային իմաստով դրանց նշանակութիւնը չափազանց կարեւոր է: Եխխվ-ում հայկական պատուիրակութեան ղեկավարը Ազգային ժողովի փոխնախագահ, իշխող Հանրապետական կուսակցութեան (ՀՀԿ) անդամ Հերմինէ Նաղդալեանն է: Պատուիրակութեան միւս երեք անդամներն են` ՀՀԿ-ական Արփինէ Յովհաննիսեանը, «Բարգաւաճ Հայաստան»-ից Նայիրա Զոհրաբեանը եւ Հայ ազգային քոնկրեսից Լեւոն Զուրաբեանը: Հայկական պատուիրակութեան փոխարինող անդամներն են` Նայիրա Կարապետեանը (ՀՀԿ), Վահէ Յովհաննիսեանը («Բարգաւաճ Հայաստան»), Մհեր Շահգելդեանը («Օրինաց երկիր») եւ Արմէն Ռուստամեանը (ՀՅԴ): ԵԽԽՎ լիագումար նիստերը անցկացւում են Սթրազպուրկում (Ֆրանսա):
Յատուկ «Ազդակ»-ի համար

