Զաքար Քէշիշեանի Խմբավարութեան 25-Ամեակի Արժանաւոր Նշում Ստեփանակերտի Մէջ
4 սեպտեմբերին արցախցիները մեծ ոգեւորութեամբ եւ անհամբերութեամբ լեցուցած էին Ստեփանակերտի մշակոյթի եւ երիտասարդութեան պալատի մեծ դահլիճը, ուր տեղի ունեցաւ Շուշիի «Վարանդա» պետական երգչախումբի համերգը` նուիրուած երգչախումբի հիմնադիր եւ գեղարուեստական ղեկավար Զաքար Քէշիշեանի խմբավարական ասպարէզի 25-ամեակին ու «Վարանդա» երգչախումբի հիմնադրութեան 22-ամեակին: Նոյն համերգը 3 սեպտեմբերին տեղի ունեցաւ Շուշիի մէջ:
Համերգին ընթացքին հանդէս եկան «Վարանդա» երգչախումբի մանկական, պատանեկան եւ երիտասարդական խումբերը, իսկ երբեմն անոնց միացան իբրեւ հանդիսատես դահլիճին մէջ գտնուող ներկայ երգչախումբի նախկին սերունդներէ անդամներ: Հնչեցին Կոմիտասի, Ռոպերթ Ամիրխանեանի, Զուլիեթա Առստամեանի, Արեգ Լուսինեանի եւ այլոց ստեղծագործութիւնները: Երգչախումբերուն կը նուագակցէր Նադեժդա Յակոբեանը:
Այս առիթով Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլեան Զաքար Քէշիշեանը պարգեւատրեց «Արցախեան շարժման 25-ամեակի ոսկէ մետալ»-ով, իսկ Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավար Վլատիմիր Կասեան` պատուոյ գիրով:
Համերգի աւարտին խօսք առաւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան մշակոյթի եւ երիտասարդութեան հարցերու փոխնախարար Լեռնիկ Յովհաննիսեանը: «Եթէ Այնճարը Զաքար Քէշիշեանի ծննդավայրն է, ապա Շուշին նրա հայրենիքն է: Արուեստագէտի գործունէութիւնը բաժանուած է երկու մասի` հայրենիքում եւ հայկական մեծ գաղթօճախներից մէկուն, եւ նա լաւագոյնս կարողացած է այդ վայրերում իրեն նուիրել հայ երգչախմբային արուեստի զարգացմանը` լինելով մեր մշակութային դեսպանը Լիբանանում, Սփիւռքի մշտական ներկայացուցիչը Արցախում», ըսաւ Լ. Յովհաննիսեան: Երգչախմբային արուեստի զարգացման իմաստով ունեցած մեծ վաստակին եւ 25-ամեայ գործունէութեան, նաեւ Արցախի մէջ ներդրած անձնական աւանդին համար ան Զաքար Քէշիշեանը պարգեւատրեց Լեռնային Ղարաբաղի մշակոյթի եւ երիտասարդութեան հարցերու նախարարութեան պատուոյ գիրով եւ նուէրով:
Հայ առաքելական եկեղեցւոյ Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արք. Մարտիրոսեանը յոբելեանին առիթով երախտագիտութեան գիր եւ շնորհաւորական ուղերձ յղած էր` բարձր գնահատելով Զաքար Քէշիշեանի վաստակը, նուիրումը եւ Արցախի մանուկներն ու պատանիները հայ երաժշտական արուեստին հաղորդակից դարձնելու իմաստով անոր ունեցած ներդրումը:
«Ուրախ եմ, որ մաս կը կազմեմ Արցախի հոգեւոր-մշակութային կեանքին, որ այսօր թռիչքի մէջ է: Երախտապարտ եմ, կը խոնարհիմ իմ ծնողներուս, ուսուցիչներուս, դասախօսներուս եւ բոլոր անոնց դիմաց, որոնք զիս կերտեցին իբրեւ մարդ եւ խմբավար: Այս ամրան մշակութային Շուշին ալ յիշարժան կը մնայ իմ յուշերուս մէջ», ըսաւ Զաքար Քէշիշեան:
Այս էջով կը ներկայացնենք այս առիթով գրուած ակնարկ մը եւ Զաքար Քէշիշեանի հետ «Ազատ Արցախ»-ի կատարած հարցազրոյցը:
Զաքար Քէշիշեանը… Մշտական Վերադարձի Մէջ
Սեպտեմբերի առաջին տասնօրեակը յագեցած էր մշակութային միջոցառումներով, այդ թւում Ստեփանակերտի մշակոյթի եւ երիտասարդութեան պալատի դահլիճում տեղի ունեցած` Շուշիի «Վարանդա» երգչախմբի համերգը` նուիրուած երգչախմբի գեղարուեստական ղեկավար եւ դիրիժոր Զաքար Քէշիշեանի խմբավարական ասպարէզի 25-ամեակին:
Ներկայացնում ենք մեր հարցազրոյցը` Զ. Քեշիշեանի հետ:
ՀԱՐՑՈՒՄ.- Երբ առաջին անգամ, 1992-ին էր, եկաք Շուշի, պատկերացնո՞ւմ էիք, որ այդ ճանապարհը կը տեւի երկար, ամէն տարի (շուրջ 22 անգամ) կը գաք:
Եւ Շուշիի խորհուրդը Ձեզ համար, Շուշին ի՞նչ է տուել Ձեզ նաեւ ստեղծագործական առումով:
ԶԱՔԱՐ ՔԷՇԻՇԵԱՆ.- Ի հարկէ, չէի պատկերացնում այն երկարամեայ ճանապարհը, որ արդէն մնացել է յետեւում. ես եկել էի ընդամէնը մէկ տարով: Սակայն այնքան կ՛ապուեցի այս քաղաքի հետ, որ մշտական վերադարձի մէջ եմ: Արցախ գալը հեշտ է, յետ դառնալն է դժուար: Իսկ Շուշին ինձ համար ստեղծագործական ներուժի աղբիւր է: Մշակութային վաղեմի կենտրոնը հետզհետէ կրկին փորձում է վերականգնել նախկին նշանակութիւնը, եւ ուրախ եմ, որ այս գործընթացի մէջ մի մոմ էլ ես եմ վառում, մի քար էլ ես եմ դնում:
Հ.- Երբ եկաք Շուշի, ստեղծագործական եւ գեղագիտական ի՞նչ խնդիրներ դրեցիք Ձեր առջեւ լուծելու, եւ «Վարանդայի» ընթացքը` սկիզբը եւ այսօրը:
Զ. Ք.- Առաջին տարիները, ինչպէս գիտէք, շատ դժուար եղաւ, մենք հարկադրուած էինք մոմերով բեմը լուսաւորել. ելեկտրականութիւն չկար, շարժիչ չկար, երեխաները շատ դժուար պայմաններում էին ապրում. սնունդ չկար, հագուկապ, կօշիկ չկար, որի պատճառով պարապմունքներից շատ անգամ բացակայում էին: Առաջին տարիներին «Վարանդա»-ի վիճակը տխուր էր, մութ ու ցուրտ տարիներ էին, աղքատութիւն, գորշ էր ամէն ինչ, իսկ այս օրերին դրական մեծ տեղաշարժեր կան, յատկապէս շինարարական տեսակէտից: Քաղաքը վերջին 5 տարիներին փոխում է իր դիմագիծը, որի համար անչափ ուրախ ենք: Ի հարկէ, ոգին կար, եւ այդ ոգին երգեց եւ շարունակեց երգել տալ: Նոյնն էլ` հիմա, երգերը փոխւում են, սերունդը փոխւում է, ոգին նոյնն է մնում: Եւ էականը դա է:
Ժամանակին «Վարանդա»-ն մի խումբ էր, 60-հոգանոց, հիմա «Վարանդան» ունի 3 խումբ` մանկական, պատանեկան եւ երիտասարդական: Պէտք է ասել, որ երիտասարդականը երկրորդ կազմն է, առաջինը բոլորը ամուսնացան, եւ այսօր նրանց երեխաներն են յաճախում, երգում: Երկրորդ կազմը վստահաբար իր առաջին քայլերն է անում, եւ առաջիկայ տարիներին նոր որակով պիտի ներկայանայ հանդիսականին:
«Վարանդա»-ն աւելի քան 200 համերգներով հանդէս է եկել Արցախի շրջաններում, զօրանոցներում, դպրոցներում, ինչպէս նաեւ Հայաստանում եւ Լիբանանում: Հիմնադրութեան օրուանից երգչախմբերում երգել են աւելի քան 400 պատանիներ եւ երիտասարդներ:
Հ.- Դուք միշտ գալիս էք որոշակի ժամանակացոյցով. ինչպէ՞ս էք կարողանում տեղաւորուել այդչափ սեղմ ժամկէտներում:
Զ. Ք.- Մենք հարկադրուած ենք աշխատել օրական մի քանի ժամ, լարուած, եւ… չենք յոգնում: Յոգնութիւնը վերածւում է մի հոգեկան բերկրանքի, որը մոռանալ է տալիս ֆիզիքական յոգնածութիւնը, որովհետեւ ե՜ւ լիցք ես տալիս, ե՜ւ ստանում ես երգողներից: Եւ եթէ հասնում ես գեղարուեստական հնարաւոր որակի, որ Շուշին է ընձեռում, ի տարբերութիւն Ստեփանակերտի կամ Երեւանի, որտեղ երեխաների քանակի ու ձայնային տուեալների աւելի լայն ընտրանի կայ, ապա աւելի բարձր բաւարարուածութիւն ես ստանում: Ուրախ եմ, որ եղածից կարողանում եմ քամել առաւելագոյնը:
Հ.- «Վարանդա»-ն միակը չէ, դուք ղեկավարում էք նաեւ այլ երգչախմբեր:
Զ. Ք.- Այո՛, իմ փորձառութիւնն սկսուել է Այնճարի «Կաքաւիկ» երգչախմբից, դա մի փառաւոր շրջան էր, որ ստիպեց ինձ լուրջ զբաղուել խմբավարութեամբ: Յետոյ ստեղծեցի Լիբանանի ազգային վարժարանի «Ծիածան» երգչախումբը, ապա մեծի տանն Կիլիկիոյ կաթողիկոսարանի «Շնորհալի» երգչախումբը ղեկավարեցի, օտար հանրութեանը ներկայացրի Կոմիտաս, Եկմալեան: Այնուհետեւ` «Ծիածանն» ու «Այգ»-ը, 50 երիտասարդներ, որոնք հայ արուեստը ներկայացնում են նաեւ օտարներին: Ես հիմա ղեկավարում եմ «Այգ»-ը, «Կարկաչ»-ը եւ «Վարանդա»-ն, որոնք քոյր երգչախմբեր են: Համագործակցութիւնն սկսուել է վաղուց, երբ համացանց չկար, հիմա նոյնիսկ երեխաները առանց ինձ կապի մէջ են: «Վարանդան» Պէյրութ է եկել, «Կարկաչ»-ը` Արցախ, Գահիրէի «Արցախ» երգչախումբն այս տարի եկաւ. այս համերգները երկկողմանի աշխուժացնում են մշակութային կեանքը: Դժբախտաբար, դեռ երազանք է միացեալ համերգի կազմակերպումը, որը շատ ծախսերի հետ է կապուած:
Հ.- Ինչպէ՞ս էք գնահատում ձեր անցած ճանապարհը: Ձեր առաջին հանդիպումն արուեստի հետ:
Զ. Ք.- Յամենայն դէպս, ոչ փշոտ ու տատասկոտ: Ես կարողացել եմ լաւատեսօրէն յաղթահարել դժուարութիւնները, եւ այդպէս էլ պէտք է ըլլար: իմ տխրութիւնն այն է, որ երկրագունդը տխուր է, մարդը մարդու նկատմամբ գազան է դարձել, ամէն տեղ արհաւիրքներ, քաոսային վիճակ, պատերազմ: Այս բոլորի մէջ գեղեցիկն ու բարին նուազում են, բայց, կարծում եմ, որ արուեստը, երաժշտութիւնն ամրակուռ զէնքերն են` կռուելու գազանութեան դէմ:
Ինչ վերաբերում է արուեստի հետ իմ առաջին հանդիպմանը, պատմեմ. 7-8 տարեկան էի, Այնճարում «Կաքաւիկ»-ի համերգն էր, իմ հասակակիցներին ուղեկցում եմ, երգողները մտնում էին յետին դռնից, իսկ մուտքի մօտ տոմս էին գնում կամ տոմսերը ցոյց էին տալիս: Լուսամուտը բաց էր, լուսամուտից կախուած լսեցի համերգը, եւ դա իմ առաջին հանդիպումն էր արուեստի հետ: Հետագայում ես երգեցի այդ խմբում, աւելի ուշ` ղեկավարեցի:
Հ.- Այս տարին ինչո՞վ է առանձնանում:
Պ.– Ականատես եղայ Շուշիում 13-14 մշակութային միջոցառումների. Քանդակագործութեան միջազգային սիմփոզիում, ցուցահանդէսներ, գրքի շնորհահանդէսներ, համերգներ, տիկնիկային թատրոնի բեմի բացում, «Կրակէ օղակ» օփերայի բեմադրութիւն… Եւ այս բոլորից անկախ եւ բոլորից վեր` վկան եղանք նաեւ մեր սահմանապահ տղաների սխրանքներին:
Հ.- Ձեր գործունէութեան հանգուցային պահերը:
Զ. Ք.- Առաջին տարուայ աւարտին, երբ Շուշիում համերգ տուեցի, յետոյ բաժանման տխուր պահ, ապա բեկումնային պահ էր, երբ վերադարձայ: Եթէ չգայի` այս շարունակութիւնը, բնականաբար, չէր լինի:
Երկրորդը երիտասարդականի առաջին կազմի ստեղծումն էր, Ամերիկայում խտասկաւառակը մրցանակ շահեց: Սա 10 տարի առաջ էր, երբ երիտասարդները ձայնագրեցին եւ ներկայացան: Աւելի ուշ մտայղացայ փոքրիկների «Ցորենի հատիկների» ծնունդը: Արուեստագէտի կեանքում իւրաքանչիւր օրը բեկումնային կարելի է համարել: Բեկումնային էր նաեւ իմ երգչախմբերի հանդիպումը:
Հ.- Արուեստագէտի համար ի՞նչ յատկանիշներ էք կարեւորում:
Զ. Ք.- Երաժշտական պատրաստուածութիւն եւ մարդկային յատկանիշներ, որով կարողանայ սիրել տալ երաժշտութիւնը: Իմ երգչախմբում մինչ այժմ երգել են աւելի քան 1350 պատանիներ եւ երիտասարդներ, որոնց հետ ստեղծել եմ ամրակուռ կամուրջներ: Սաներիցս 20-25 հոգի ընտրել են երաժշտութեան ճանապարհը. երգիչներ, խմբավարներ, այլ երկրներում մետալներ շահած եւ այլն, եւ այլն: Ուսուցանել եմ 600-ից աւելի խմբերգեր ` վայելելով առաջին կատարումների բերկրանքը: Իմ սաներին սիրում եմ անկշռելի սիրով եւ իմ սրտում պահում եմ նրանց հետ առնչուող ամէն մի գողտրիկ յուշ:
ՆՈՒԱՐԴ ՍՈՂՈՄՈՆԵԱՆ
«Ազատ Արցախ»
Զաքար Քէշիշեանի Խմբավարական Գործունէութեան
25-Ամեայ Ճանապարհը
«Սիրով լի այս ճանապարհը անցնում եմ անդրադառնալով, որ իմ հիմնադրած կամ վերաստեղծած «Կաքավիկ», «Ծիածան», «Շնորհալի», «Կարկաչ», «Այգ», «Վարանդա» մանկապատանեկան,եւ թէ երիտասարդական երգչախմբերում սերունդների հերթափոխութեամբ մինչեւ այժմ երգել են աւելի քան 1350 պատանիներ եւ երիտասարդներ, որոնց հետ ստեղծել եմ հոգեւոր ամրակուռ կամուրջներ: Ուսուցանել եւ կատարել եմ մօտաւոր հաշուով 600-ից աւելի խմբերգեր, վայելելով նրանց կարեւոր մի մասի առաջին կատարումների բերկրանքը: Միջին հաշուով երգչախմբերիս հետ բեմ եմ բարձրացել աւելի քան 250 անգամ` միշտ ըմբոշխնելով յորդառատ հանդիսատեսի ջերմ ընդունելիութիւնն ու համակրանքը»:
ԶԱՔԱՐ ՔԷՇԻՇԵԱՆ
«Վարանդա» մանկական, պատանեկան եւ երիտասարդական պետական երգչախմբի համերգներն այս տարի համընկան գեղարուեստական ղեկավար եւ խմբավար Զաքար Քէշիշեանի խմբավարական գործունէութեան 25-ամեակի հետ:
Յետպատերազմեան Շուշիի մշակութային դիմագիծը ձեւաւորելու գործում իր ուրոյն տեղն ունեցաւ «Վարանդա» մանկապատանեկան երգչախումբը: 22 տարի առաջ երգչախմբի ծնունդը նոր ազատագրուած Շուշիի ածխաբոյր, թախծոտ իրականութեան ամենաոգեշնող երեւոյթներից մէկն էր… Այն ժամանակ դեռ կեանքը լի էր բազում դժուարութիւններով, իսկ չորս բոլորը ճնշող աւերակներ էին… Կենցաղային հոգսերից յոգնած մանուկները, պատանիներն ու երիտասարդները կարօտ էին անհոգ մանկութեան, շրջապատի ուշադիր, հոգատար վերաբերմունքին …
Հէնց այդ ժամանակ էլ կեանքի կոչուեց «Վարանդա» մանկապատանեկան երգչախումբը, որը միանգամից փոխեց Շուշիի երեխաների առօրեան: 22 տարի առաջ, երբ նախկին «Արա Մանուկեան» վարժարանի մօտակայ փողոցով անցնելիս պատահական լսեցի դահլիճում պարապող երգչախմբի ձայնը` աննկարագրելի բերկրանք ապրեցի: Ընտանիքով Շուշի տեղափոխուելուց յետոյ դա չսպասուած, ամենահոգեցունց պահն էր, որ թափանցեց մինչեւ սրտիս խորքերը եւ աննկարագրելի բերկրանք ապրեցի: Աւերակների մէջ հազիւ շնչող քաղաքում «Վարանդա»-ի կենսաթրթիռ երգը նման էր կեանքի բաբախող զարկերակի, իսկ իմ վառ երեւակայութեանս մէջ այն պարզապէս նմանուեց ժայռերի լերկութիւնը զարդարող վայրի կարմրաշուշանների… Դա յոյսի եւ գեղեցկութեան չսպասուած պոռթկում էր…:
Հրաշագործ երգը, շհորհիւ Երեւանի պետական երաժշտանոցի այն ժամանակուայ ուսանող Զաքար Քէշիշեանի «ներխուժեց» Շուշի եւ միանգամից «նուաճեց» փոքրիկ շուշեցիների սրտերը: Նրանց կեանքում սկսուած աշխուժութիւնն ու եռուզեռը վարակեց նաեւ մեծերին… Այո՛, յետպատերազմեան ծանր ու դժուարին օրերին «Վարանդա»-ի ծնունդը ոգեւորեց շուշեցիներին… «Վարանդա»-ն հայրենական ջերմ օճախի պէս իր գիրկն առաւ փոքրիկներին` կտրեց նրանց փողոցի միապաղաղ, գորշ միջավայրից, բազում հոգսերից եւ երգը դարձրեց նրանց անարատ հոգիները յոյսով, հաւատով եւ սիրով օղակող լուսէ կամուրջներ… Երգ-երաժշտութեան աշխարհում յայտնուած պատանիներն ու երիտասարդները սովորեցին հոգու պայծառ աչքերով նայել ածխաբոյր աւերակներին եւ կեանքի բոլոր դժուարութիւններին…
Քարերի ռնգերին կարծրացած վառօդաբոյրն աստիճանաբար նահանջեց` չդիմանալով երգի ջերմ թրթիռներին: Աննկատելիօրէն սկսեցին խամրել պատերազմական տխուր յիշողութիւնները… Դրա փոխարէն բարձրացաւ շուշեցիների ազգային ոգին: Ինչպէս պարոն Զաքարը կ՛ասէր, եկաւ ժամանակը ձեռք-ձեռքի, սիրտ-սրտի, միտք-մտքի տուած պահելու եւ ամրագրելու միահամուռ ջանքերով, բազում նահատակների թանկ արեան գնով ձեռքբերածը: Շուշեցու մէջ կրկին արթնացաւ երբեմնի տանտէրն ու պահանջատէրը, եւ նա տէր կանգնեց իր դարաւոր մշակութային ժառանգութեանը, վստահ տնօրինեց սեփական ապագան` այսօր էլ արցախցի պատանիների ու երիտասարդների շուրթերից որպէս երգ, որպէս թշնամուն դիմակայելու կոչ հնչեցնելով «Թուրն Անդրանիկին»…
Ճիշդ ժամանակին եւ ճիշդ տեղում սկսելով իր ազգանուէր գործունէութիւնը , 2014թ.-ի սեպտեմբերեան հերթական համերգներից յետոյ Զ. Քէշիշեանը գոհունակութեամբ կարող է յետ նայել «Վարանդայի» անցած 22-ամեայ եւ իր խմբավարական գործունէութեան 25-ամեայ ճանապարհին, հպարտանալ իր աշխատանքի պտուղներով:
Ամէն անգամ համերգային ծրագրերը կազմելիս, որպէս տաղանդաշատ խմբավար Զաքար Քէշիշեանը երգացանկում ընդգրկում էր ոչ միայն հայ եւ արտասահմանեան, այլեւ ժամանակակից յայտնի երգահանների ստեղծագործութիւնները, դրանով իսկ երեխաներին հաղորդակից դարձնում ե՛ւ դասական բարձրարժէք ստեղծագործութիւններին, ե՛ւ մեր ժամանակներում ստեղծուող ազգային, ազգագրական երգարուեստին: Մարդամօտ բնաւորութեան շնորհիւ նա մշտական բարեկամական կապերի մէջ է մեր ժամանակի նշանաւոր գրողների, երաժիշտների եւ երգահանների հետ: Նրանք հարիւրաւոր նոր երգերով հարստացրել եւ շարունակում են հարստացնել երգչախմբի երգացանկը: Նրանցից շատերն անձամբ մասնակցել են երգչախմբի Շուշիի եւ Ստեփանակերտի համերգներին:
Այս տարի էլ հանդիսատեսն անհամբեր սպասում էր «Վարանդա»-ի համերգներին` համոզուած լինելով, որ դրանք յագեցած կը լինեն նոր կատարումներով ու անակնկալներով: Պարզապէս զարմանալի էր, թէ ինչպէս է Զաքար Քէշիշեանին յաջողւում այդքան կարճ ժամանակահատուածում պատրաստել նման բարձր մակարդակի համերգային ծրագրեր եւ` վայելելով հանդիսատեսի բուռն համակրանքն ու սէրը, մէկընդմիշտ գերել նրա սիրտը … ծրագրի մէջ ընդգրկուած շատ խմբերգեր հնչեցին առաջին անգամ: Արցախցուն շատ հոգեհարազատ էր Սերգեյ Մարկոսեանի ժողովրդական մոտիվներով գրած «Պարոն Զաքարն ու 40 աւազակները» երաժշտաթատերական երգ-պատկերը: Երիտասարդական կազմը բարձր մակարդակով ներկայացրեց Կոմիտասի «Գովեա Երուսաղէմ», «Օրհնեալ է Աստուած» շարականների աքափելլայ կատարումները: Զաքար Քէշիշեանը շատ է կարեւորում նաեւ, որ երեխաները ամենավաղ հասակից հաղորդակից լինեն հայ ազգային-ժողովրդական երգ-երաժշտութեանը: Այդ նպատակին էր ուղղուած «Ցորենի հատիկների» կողմից Արեգ Լուսինեանի մշակմամբ` հայկական ժողովրդական երգաշարի կատարումը: Այս ամէնի շնորհիւ է, որ Շուշիի երեխաներից շատերի մօտ ձեւաւորուել է բարձր գեղագիտական ճաշակ եւ գեղագիտական արժէքները ճիշդ ընկալելու, գնահատելու ունակութիւն: Եւ եթէ այսօր Շուշի այցելող ստեղծագործական խմբերը միանշանակ նշում են, որ Շուշին լաւ հանդիսատես ունի, ապա դրանում, անկասկած մեծ է Զաքար Քէշիշեանի աւանդը:
Շուշիի եւ Ստեփանակերտի համերգների ժամանակ հնչեցին երախտագիտութեան, ջերմ շնորհաւորանքների եւ բարձր գնահատանքի խօսքեր: Խմբավարական գործունէութեան 25-ամեակի առիթով, Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախագահի կողմից Զաքար Քէշիշեանը պարգեւատրուեց Արցախեան շարժման 25-ամեակի յուշամեդալով, Արցախի թեմի առաջնորդ` Պարգեւ արք. Մարտիրոսեանի երախտագրով, Լեռնային Ղարաբաղի մշակոյթի եւ կրթութեան հարցերի նախարարութեան եւ Շուշիի շրջվարչակազմի պատուոգրերով եւ յուշանուէրներով: Ի հարկէ, սիրելի խմբավարին յուշանուէր եւ ծաղկեփնջեր նուիրեցին նաեւ «Վարանդա»-ի ներկայ եւ նախկին սաները:
Զաքար Քէշիշեանին շնորհաւորեցին նաեւ ամուսնութեան 10-ամեակի կապակցութեամբ: Իսկ Զաքար Քէշիշեանը Կամիլային` սիրելի տիկնոջը նուիրեց տարուայ համերգի երգափունջը, իբրեւ ծաղկեփունջ:
«Ցտեսութիւն, մինչեւ յաջորդ տարի». այս փոքրիկ նախադասութեամբ, բայց լիքը սրտով Զաքար Քէշիշեանը հրաժեշտ տուեց բոլորին, շտապելով սաների եւ հանդիսատեսի շողշողուն աչքերից թաքցնել ներսում փոթորկուող իրարամերժ յոյզերն ու կրկին հանդիպման սպասումը…
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԵԱՆ
ք. Շուշի

