Սուրբ Կիրակոս Եկեղեցու Տխուր Յիշողութիւնները. Ճեմալ Փաշայի Թոռան Յօդուածը` Եկեղեցու Անցեալի Ու Ներկայի Մասին

Հայոց ցեղասպանութեան գլխաւոր կազմակերպիչներից Ճեմալ փաշայի թոռը` Հասան Ճեմալը, ով պապի յանցանքների պատճառով բազմիցս ներողութիւն է խնդրել հայերից եւ այցելել Ծիծեռնակաբերդ, իր հերթական յօդուածում պատմել է Տիգրանակերտի վերակառուցուած Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցի իր այցելութիւնների, տարիներ առաջ հանդիպած Անդօ քեռու մասին եւ ներկայացրել տարիներ շարունակ հայկական ինքնութիւնը թաքցնելով ապրած Արամ Քաչիկեանի հետ իր զրոյցը:

Յօդուածը ներկայացնում ենք առանց կրճատումների.

«Թերթ»

«10 օր առաջ էր…

(Տիգրանակերտ – Ա.)

Դիարբեքիրում ճանապարհս դարձեալ կեաւուրների թաղամասով անցաւ:

Վաղ առաւօտեան նեղ, խճճուած, սալայատակ փողոցներով քայլելիս ինձ Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու մուտքին եմ գտնում:

Հայերից մնացած 14-րդ դարի եկեղեցի է: Վերակառուցումից յետոյ առաջին անգամ եմ տեսնում:

Գմբէթն էլ վեր է խոյացել:

Այս գմբէթը 1915թ. Նուրէտտին փաշայի կողմից ռմբակոծուել է: Դեղին պղնձից 128 քկ կշռող զանգն էլ Մոսկուայում է ձուլուել ու բերել:

Բակը դատարկ է:

Խաղաղութիւն…

Թռչող աղաւնիների թեւերի ձայնը խախտում է լռութիւնը:

Պատի տակ շարուած սեղաններից մէկի մօտ ենք նստում:

Սուզւում եմ յուշերի մէջ:

Վերջին Հայ Անտոն Քեռին

Tert_andon-keri

Անտոն քեռի

Եկեղեցին մի ժամանակ աւերակ էր` չորս պատից բաղկացած:

Հաւանաբար` 2001-ն էր:

Դարձեալ տիարպեքիրեան առաւօտ էր, եւ ես միայնակ քայլելիս պատահմամբ յայտնուել էի Սուրբ Կիրակոս եկեղեցում:

Պարտէզն էի մտել եւ շրջակայքն ուսումնասիրելիս տեսել նրան:

Միայն մէկ գորգ կար:

Առաւօտուայ լռութեան մէջ նստել` ծխում էր:

Կիսաւեր եկեղեցու պատուհաններն աղիւսով էին ծածկուած, իսկ դրսի դրան վրայ մեծ կողպէք կար… կարծես կատակ լինէր:

Նստել էր դրան կողքին, յուզուած էր…

Նրա միայնութիւնը ցաւեցրել էր հոգիս:

Ո՞վ էր նա:

Անտոն քեռին. վերջին հայը, ով տարիներ առաջ այս եկեղեցում էր ապաստանել:

Անունն Անտոն Զօր էր:

Եկեղեցու պարտէզում գտնուող, նախկինում քահանային պատկանած երկու սենեակում է ապրում:

1934-ին էր ծնուել, բայց շատ աւելի ծեր էր երեւում:

Դէմքի կնճիռներն այնքա՜ն խորն էին…

Խոր հոգոց քաշելով էր խօսում. «Բոլորը գնացին, միայն ես եմ մնացել»:

Յետոյ կիսուեց հետս. «Այստեղ մանկութիւնս է անցել… բոլորը գնացին, հող դարձան, միայն ես եմ մնացել»:

Ապա կրկնեց` «Բոլորը գնացին»:

Անընդհատ ընդգծում էր իր միայնութիւնը:

«Ես մենակ եմ: Հօրեղբօրս որդին` Տիրանն էլ 10 տարի առաջ Ամերիկա գնաց: Բոլորը գնացին, միայն ես մնացի պանդոկի անկիւնում…»:

Ծիծաղեց:

Այս պահին նրա ժպիտը դարձեալ աչքիս առաջ է գալիս:

Բերանում միայն մէկ` դեփ-դեղին ատամ էր մնացել:

«Հօրս երբեւէ չեմ տեսել: Ասում են` փալաններ էր պատրաստում: Ես էլ թիթեղագործ եմ: Բայց ճնշման խնդիր ունեցայ, թողեցի մասնագիտութիւնս», պատմեց նա:

Անտոն քեռին թոշակառու էր:

«Երբեք չեմ ամուսնացել: Եղբօրս հետ մեր մօրն էինք պահում: Խեղճ մայրս միշտ հիւանդ էր», ասաց նա ու ներսից մի լուսանկար բերեց:

Սեւ ու ճերմակ լուսանկար էր, կնոջ լուսանկար:

«Նայիր, սա մայրիկս է», ասաց նա` լուսանկարը ձեռքս տալով եւ ինքն էլ ամուր-ամուր բռնելով այն:

Գուցէ դա իր կեանքի վերջին ամենաթանկ բանն էր:

«Եղբօրս` Կարապետի հետ նրան միշտ խնամում էինք: Հիւանդ էր մայրս: Նա էլ մեռաւ, Կարապետն էլ: Միայնակ մնացի», Անտոն քեռու աչքերը լցուեցին:

Այտերից թելի պէս իջան արցունքները:

Հրաժեշտ տալիս ասացի. «Աստուած օգնական լինի, Անտոն քեռի»:

Հոգոց հանեց. «Բարձրեալն ինձնից երես է թեքել…»:

Տարիներ անց իմացայ, որ նրա անունը ոչ թէ Անտոն է, այլ Անդօ:

Վերջին տարիները Պոլսոյ Սուրբ Փրկիչ հիւանդանոցում անցկացնելուց յետոյ, 2012թ.-ին միայնակ հրաժեշտ էր տուել կեանքին:

Իրական անունն Անդրանիկ Զօր էր:

***

Գալիս ու կողքս է նստում մէկն, ում դիմագծերն անծանօթ չեն:

«Երբ գիւղերը սկսեցին դատարկել ու վառել, 1993թ.-ին Լիճէից գաղթեցինք: Անդօ քեռին, Աստուած հոգին լուսաւորի, եկեղեցու պարտէզի մի սենեակում թոյլ տուեց տեղաւորուենք: Ընտանիքս ու 5 երեխաներս միասին սկսեցինք բնակուել այստեղ», պատմում է նա:

Տարիներ առաջ, երբ եկեղեցու պարտէզն էի մտել, բակում խաղացող երեխաներն ու լուացք փռող ճերմակ գլխաշորով կինն են պատկերւում առջեւս:

Երբ պատմում եմ այս ամէնը, տղամարդն ասում է. «Քեզ յիշեցի, եղբայր: Այստեղից գնալուց յետոյ էլ թերթում էիր գրել»:

Ասում է, որ կինը զազա է, իսկ երեխաներն աշխատում են շինարարութեան վրայ: Խօսքի մէջ էլ նշում է, որ Անդօ քեռին Տիարպեքիրի Չերմիք շրջանից է:

Եկեղեցու բակում սուրճ խմելու ընթացքում շարունակում է. «Երբ Լիճէից գաղթեցինք, անունս Պահճէթ էր: Սակայն իրական անունս Արամ Քաչիկեան է… Շատ երկար տարիներ թաքցրել ենք մեր հայկական ինքնութիւնը… Իսլամացած հայեր էինք` այսինքն… Մէկ պապիկս, մէկ էլ նրա քոյրն են փրկուել ցեղասպանութիւնից…»:

Share this Article
CATEGORIES