Մամուլի Հաղորդագրութիւն. Օշականի` Ժ. Աբելեանի Անուան Համայնքային Գրադարանը 100 Տարեկան Է
ՅԱՐՈՒԹ ՏՈՆՈՅԵԱՆ
Հոկտեմբերի 17-ին Օշական գիւղի մշակոյթի տանը նշուեց համայնքային գրադարանի 100-ամեակը:
Գրադարանը, որն այսօր ունի 600 մշտական այցելու, հիմնուել է 1914 թուականին եւ իր մէկդարեայ պատմութեան ընթացքում դարձել է օշականցի գրասէրի սիրելի վայրը: Գրադարանային ֆոնտը այս պահին շուրջ 20 հազար կտոր գիրք է ներառում եւ մշտապէս համալրւում է նոր հրատարակութիւններով:
Միջոցառմանը ներկայ էին` գրադարանի տարբեր տարիների աշխատակիցները, Օշական համայնքի ղեկավարը, հիւրեր, գործընկերներ, բարերարներ եւ համագիւղացիներ: Ողջոյնի եւ շնորհաւորական խօսքերը ուղեկցւում էին Օշականի մշակոյթի տան սաների ասմունքով եւ երաժշտական համարներով:
Օշականի գրադարանի 100-ամեակը շնորհաւորելու էին եկել նաեւ Համազգայինի Հայաստանի գրասենեակի ներկայացուցիչները` Նարէ Միքայէլեանը եւ Նայիրա Նահապետեանը:
Նարէ Միքայէլեանը Համազգայինի անունից ողջոյնի եւ շնորհաւորանքի խօսք ուղղեց օշականցի գրասէրին` իր խօսքում մեծապէս կարեւորելով հայ դպրութեան եւ եկեղեցական մատենագրութեան բնօրրան Օշականում այսպիսի գրադարանի մէկդարեայ գոյութեան փաստը եւ գրադարանին նուիրեց Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան տարբեր տարիների հրատարակութիւններից:
Օշականի գրապահոցը հարստացրին «18-33. արդի հայ պոէզիայի անթոլոգիան», Օրհան Փամուքի «Ձիւնը», «13 պիէս», «Յ. Օշական», «Նիկոլ Աղբալեան-130», «Համաստեղ», «Լեւոն Շանթ», «Արդի հայ արձակի հիմնախնդիրներ» ժողովածուները:
Միջոցառումն աւարտուեց մշակոյթի տան պարային համոյթի կատարմամբ ազգագրական պարերի շարքով:
20 հոկտեմբեր 2014

