Մամլոյ Հաղորդագրութիւն. Հեռուստամարաթոն 2014-ի Նուիրատուութիւններով Կ՛ամբողջականացուի Վարդենիս-Մարտակերտ Ճանապարհի Վերակառուցումը
Երեւան, 10 նոյեմբերի, 2014թ.: Նոյեմբերի 27-ին անցկացուելիք «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոն 2014 համազգային դրամահաւաքի հանգանակութիւնները կ՛ուղղուեն Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի ամբողջական վերակառուցմանը, որը կ՛իրականացուի ծրագրի երկրորդ փուլով:
2013 թ-ին նուիրաբերուած գումարներով ընթացիկ տարում իրականացուել են լայնածաւալ հողային աշխատանքներ, որոնք կ՛աւարտուեն տարեվերջին: Շուրջ 116 քմ երկարութեամբ ճանապարհն ունի 10 մեթր լայնութիւն, որից 7 մեթրը կը կազմի ասֆալտապատ երթեւեկելի հատուածը: Կատարուած աշխատանքները ներառում են ողջ ճանապարհի երկայնքով ջրահեռացման խողովակների տեղադրում, ճարտարագէտ ցանցերի, ափապաշտպան եւ արգելապաշտպան կառոյցների իրականացում, հենապատերի ու եզրաքարերի կառուցում, 17 մեծ ու փոքր կամուրջների կառուցում ու վերանորոգում: Բնակավայրերով անցնող հատուածներում կառուցւում են մայթեր:
Վարդենիս-Քարվաճառ ճանապարհահատուածի առաջին շուրջ 12 քմ-ը ասֆալտապատ է: Յաջորդող հատուածը մինչեւ Մարտակերտ պատուած է խտացուած հողային պաստառով եւ երթեւեկելի է նաեւ մարդատար մեքենաների համար: Առաջիկայ դրամահաւաքի գումարներով կ՛աւարտուի վերակառուցման երկրորդ փուլով նախատեսուած ասֆալտապատումը:
Ռազմավարական նշանակութեան այս ճանապարհի կառուցումը` հաստատուած «Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստով, այլընտրանքային կապ կը հաստատի մեր երկու հանրապետութիւնների միջեւ` խթանելով թէ՛ զբօսաշրջութիւնը, եւ թէ՛, մեծ հաշուով, մեր երկրների տնտեսութիւնը, որի ուղղակի շահառուները կը լինեն ճանապարհի երկայնքով տարածքուող 22 մեծ ու փոքր համայնքները:
Խոշորածաւալ այս ծրագիրն աւարտին հասցնելու նպատակով հիմնադրամի աշխարհասփիւռ գրասենեակներն իրենց համայնքներում իրազեկման եւ դրամահաւաք աշխատանքներ են տանում դեռ տարեսկզբից:
Այս նպատակով Հայաստանում արդէն մեկնարկել են փոստային եւ sms նուիրատուութիւնները, որոնք նպատակ ունեն ազգային նշանակութեան այս ծրագրին, թէկուզ փոքր նուիրատուութիւններով, մասնակից դարձնել մեր բոլոր հայրենակիցներին:
«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

