Արդարութիւնն Ու Վրէժը

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄԵԱՆ

AA_911215783049462_9b8eb8931d_bՀէնց որ հայ-ազրպէյճանական սահմանին միջադէպ է տեղի ունենում, իսկոյն ընկերային ցանցերում յայտնւում են «ֆէյսպուքային ֆիտայիներ», որոնք համակարգչի առաջ նստած` սարսափելի պատիժներ են հնարում հակառակորդի համար: Եւ քանի որ այդ «քաջերը» նաեւ մի քիչ «ընդդիմադիր» են, նրանց այդ հերոսական գրառումներում յայտնւում են նաեւ դատապարտող երանգներ. «Մերոնք, որ թասիբ ունենային…», որին յաջորդում է նրանց «առաջարկը»: Օրինակ` մորթել այժմ դատարանի առաջ կանգնած ազրպէյճանցի խափանարարներին: Նման դատարկ յոխորտանքները երկու նպատակ են հետապնդում: Նախ` պարպել սեփական բացասական լիցքերը, որը հոգեբանօրէն հասկանալի է: Իսկ երկրորդը` ձեւանալ «ազգային գործիչ», որի սիրտն այնքան է ցաւում հայրենիքի համար, որ նա պատրաստ է չխնայել համակարգչի ստեղնաշարը եւ գրել «դաժան նախադասութիւններ»: Որքան դաժան կամ ծաւալային է առաջարկած վրէժը, այնքան շատ ես դու սիրում հայրենիքը եւ ազգիդ: Որ նոյեմբերի 12-ին ազրպէյճանցիների գործած յանցագործութիւնը անպատասխան պիտի չմնայ` դա պարզ է: Բայց յիշենք հին ճափոնական ասացուածքը (որը երբեմն սխալմամբ վերագրում են Ստալինին)` «Վրէժն այնպիսի ուտելիք է, որ պէտք է սեղանին մատուցել սառը տեսքով»: Յիշում եմ, երբ ահաբեկիչները խոցեցին Նիւ Եորքի Առեւտրի կենտրոնի երկնաքերերը, ասուլիսի ժամանակ Միացեալ Նահանգների պաշտպանութեան այն ժամանակուայ նախարար Տոնալտ Ռամսֆելտն ասաց. «Հիմա հարուած հասցնելու մեր հերթն է, նրանք, ովքեր իրականացրել են ահաբեկչութիւնը, պէտք է արդար փոխհատուցում ստանան» (նա օգտագործել է to give justice արտայայտութիւնը): Եթէ խորը մտածենք, ապա վրէժ լուծելն ու արդարութեան հասնելը տարբեր բաներ են: Մի դէպքում դու տուրք ես տալիս քո ոչ այնքան պայծառ կրքերին, երկրորդ դէպքում քո գործողութիւնները պէտք է որ քո զգացմունքների հետ կապ չունենան: Ի հարկէ, «արդարութիւն» հասկացութիւնը նոյնպէս ենթակայական է, այն, ինչ արդար է քեզ համար, կարող է բացարձակապէս անարդար լինել դիմացինի համար, բայց այստեղ գոնէ կայ մտածուած քայլեր կատարելու ձգտում: Ահա մտածուած քայլերն են, որ յաճախ պակասում են մեզ` հայերիս, թէ՛ ներքին եւ թէ՛ արտաքին քաղաքականութեան մէջ: Հախուռն բացագանչութիւնները, անզուսպ ամբոխավարութիւնը, անսքօղ ինքնագովազդը յաճախ խանգարում են ծրագրուած, մեթոտական աշխատանքին, որով միայն հնարաւոր է յաջողութեան հասնել: Մեր ուղղաթիռի կործանումը նոյնպէս այն դէպքն է, երբ պէտք չէ տաք-տաք հետքերով մտածել ինչ-որ յիմար վրէժխնդրութեան մասին: Պէտք է ասպարէզը թողնել մասնագէտներին. զինուորականները անշտապ եւ մանրակրկիտ կը մտածեն կանխարգելիչ քայլերի հերթականութիւնը, ինչի շնորհիւ հակառակորդը երկար ժամանակով, յուսով եմ, կը կորցնի ոտնձգութիւններ կատարելու ցանկութիւնը: Իսկ հայրենասիրութիւնն արտայայտելու ոլորտները «ֆէյսպուքեան ֆիտայիզմից» հեռու են:

 

«Առաւօտ»

Share this Article
CATEGORIES