Խոցուած Ազրպէյճանը Խոցում Է Հայկական Ուղղաթիռը
ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ
Երբ Հայաստանի Տաւուշի մարզի Չինարի կամ Այգեպար գիւղերում մարդիկ քայլում են այն փողոցներով, որոնք ազրպէյճանական դիպուկահարների տեսադաշտում են, հակառակորդը կրակ է բացում: Այսպէս, անցնող 25 տարիներին տասնեակ անզէն քաղաքացիներ են սպաննուել կամ վիրաւորուել: Երբ Դովեղ կամ Մովսէս գիւղերում հովիւները կամ հնձուորները չափից շատ են մօտենում սահմանին, հակառակորդը կրակ է բացում: Այս եւ սահմանամերձ միւս գիւղերում տասնեակ անզէն մարդիկ են սպաննուել ու վիրաւորուել հակառակորդի կրակոցներից կամ գերուել` կտտանքների ենթարկուելով կամ սպաննուելով, ինչպէս եղաւ բոլորովին վերջերս Չինարիի երիտասարդ, անզէն Կարէն Պետրոսեանի հետ: Ոեւէ մէկը հարց չի տալիս, թէ ինչո՞ւ են սահմանամերձ գիւղերի անզէն բնակիչների վրայ դիմացից` Ազրպէյճանից կրակում: Շատ պարզ պատճառով, որովհետեւ արդէն 25 տարի հայերն ու ազրպէյճանցիները պատերազմի մէջ են:
Նոյն կերպ, անիմաստ է հարց տալ, թէ ինչո՞ւ ազրպէյճանցիները կրակ բացեցին եւ խոցեցին Արցախ-Ազրպէյճան շփման գծից ոչ հեռու թռչող արցախեան Մի-24 ուղղաթիռը, որի պատճառով զոհուեցին անձնակազմի երեք հայ երիտասարդ սպաները: Շատ հայեր հռետորական հարց են տալիս` բայց չէ՞ որ արցախեան ուղղաթիռը զինուած չէր, չէ՞ որ չէր գրոհում ազրպէյճանական դիրքերը: Իսկ ո՞վ է ասում, որ Չինարիում, Այգեպարում կամ սահմանամերձ միւս գիւղերում ազրպէյճանական կողմից արձակուած կրակոցներից սպաննուած հայերը զինուած են կամ գրոհում են Ազրպէյճանի վրայ: Ազրպէյճանցիները կրակ են բացում, քանի որ պատերազմը չի աւարտուել, քանի որ նրանք պատերազմում պարտուել են, քանի որ նրանք պարտուել են հոգեբանօրէն եւ իւրաքանչիւր հայի սպանութիւն, լինի այդ հայը օդաչու, քնած սպայ, դպրոցից տուն գնացող դպրոցական կամ հովիւ, հոգեկան բաւարարութիւն է պատճառում Ազրպէյճանի ղեկավարութեանը:
Այնուամենայնիւ, ուղղաթիռ խոցելու դէպքը աննախադէպ է 1994-ի մայիսեան հրադադարից ի վեր եւ պէտք է, այնուամենայնիւ, հարց տալ, թէ ինչո՞ւ ազրպէյճանցիները գնացին նման սադրիչ քայլի: Ռամիլ Սաֆարովին հերոսացնելուց յետոյ, սա, անկասկած, Ազրպէյճանի ամէնից սադրիչ քայլն էր, որին հայկական կողմը խոստացել է ցաւալի հակահարուած տալ:
Ազրպէյճանը յարմար առիթ էր փնտռում` վրէժ լուծելու օգոստոսեան դէպքերի համար: Այս տարուայ ամրանը Հայաստան-Ազրպէյճան սահմանի Տաւուշի հատուածում եւ Արցախ-Ազրպէյճան շփման գծում իրավիճակը լարուել էր: Մի քանի օր շարունակուած փոխհրաձգութիւնը, խափանարարական ներթափանցումները վտանգ էին պարունակում վերաճելու պատերազմի: Սակայն հայկական կողմը զսպիչ եւ ցաւալի հարուած հասցրեց հակառակորդին` ստիպելով նրան համակերպուել ներկայ սթաթիւս-քուոյի հետ: Աւելի՛ն. ազրպէյճանական կողմը տուեց մի քանի տասնեակ զոհ, Հայաստանին սահմանամերձ ազրպէյճանական գիւղերի բնակիչները տարհանուեցին, քանի որ հայկական կողմը պատասխան կրակ էր թափում: Հէնց այդ օրերին փլուզուեց ազրպէյճանական հզօր բանակի մասին առասպելը, որ տարիներէ ի վեր հիւսել էին Պաքուի իշխանութիւնները: Ազրպէյճանը այս վերջին պարտութիւնից յետոյ իրեն ինչ-որ իմաստով ստորացուած ու խոցուած էր զգում:
Օգոստոսեան լարուածութիւնից յետոյ իրավիճակը սահմաններում հանդարտուեց: Սակայն Ազրպէյճանը հոգեբանական ծանր վիճակից դուրս գալու եւ վրէժ լուծելու յարմար առիթ էր փնտռում: Առիթը ստեղծուեց նոյեմբերի 12-ին, երբ խոցեցին հայկական ուղղաթիռը: Այս դէպքից ընդամէնը ժամեր անց Ազրպէյճանի պաշտպանութեան նախարարը պարգեւատրուեց հայկական ուղղաթիռը խոցած Իլքին Մուրատովին: Որքան սադրիչ էր հայկական ուղղաթիռը խոցելու քայլը, նոյնքան սադրիչ էր Մուրատովին հապշտապ եւ ցուցադրաբար հերոսացնելու արարքը: Յատկապէս ուղղաթիռը խոցողին մետալով պարգեւատրելը շատ հայերի յիշեցրեց Ռամիլ Սաֆարովի կողմից քնած ժամանակ հայ սպային կացնահարելու եւ Ազրպէյճանում նրան հերոսացնելու պատմութիւնը:
Ակնյայտ է, որ Ազրպէյճանը փոխում է մարտավարութիւնը: Օգոստոսեան դէպքերից յետոյ զգալով, որ ռազմական գործողութիւններով եւ հայկական տարածքներ ներթափանցումներով հնարաւոր չի լինելու յաջողութեան հասնել, Ազրպէյճանը հայկական ուղղաթիռ խոցելով եւ նմանօրինակ սադրիչ քայլերով է փորձելու միջազգային հանրութեանը ցոյց տալ, որ չի հաշտուելու ներկայ սթաթիւս-քուոյի հետ: Այլ առիթով ես գրել եմ եւ այսօր էլ կրկնում եմ. ազրպէյճանցիները փորձելու են երրորդ երկրներում սպաննել հայաստանցիների` լինեն նախկին զինուորականներ, դիւանագէտներ կամ շարքային քաղաքացիներ:
Օգոստոսեան լարուածութիւնից մինչեւ հայկական ուղղաթիռի խոցումը ընկած երեք ամսում նախ Ռուսաստանի նախագահ Վլատիմիր Փութինը, ապա Միացեալ Նահանգերի արտաքին գործերի նախարար Ճոն Քերրին ու Ֆրանսայի նախագահ ՖրանսուաՀոլլանտը կազմակերպեցին Սերժ Սարգսեանի եւ Իլհամ Ալիեւի միջեւ երեք հանդիպում: Վերջին երեք ամիսներին սահմաններում համեմատաբար հանդարտ իրավիճակը միջազգային միջնորդների մօտ յոյսեր էր արթնացրել, որ արցախեան կարգաւորման գործընթացը վերադառնում է բանակցային հուն: Ուղղաթիռ խոցելով` Ազրպէյճանը հերթական անգամ ընդգծեց, որ պատրաստ չէ արցախեան հարցի բանակցային լուծման:
Ուղղաթիռ խոցելով` Ազրպէյճանը հերթական անգամ ուզում է միջազգային հանրութեանը ցոյց տալ, որ ինքը չի հաշտուելու տարածքների կորուստի հետ: Սակայն հէնց նման միջադէպերն են, որ աւելի են ամրապնդում հայկական կողմի այն պնդումները, որ Ազրպէյճանին ոչինչ պէտք չէ զիջել եւ այսօրուայ սթաթիւս-քուոն պէտք է ընդունել որպէս ճշմարտութիւն, կայացած եւ անշրջելի իրականութիւն: Եթէ 10-15 տարի առաջ «Ազրպէյճանին ոչ մի թիզ հող պէտք չէ զիջել» բանաձեւի կողմնակիցները ինչ-որ իմաստով լուսանցքային էին Հայաստանում, ապա այսօր լուսանցքային են նրանք, ովքեր կողմնակից են Արցախի անկախութեան ճանաչման եւ խաղաղութեան դիմաց Ազրպէյճանին հող զիջել: Հայկական հասարակական գիտակցութեան այս փոփոխութիւնը նաեւ Իլհամ Ալիեւի ռազմատենչ հռետորաբանութեան, հակահայկական քաղաքականութեան եւ սադրիչ քայլերի արդիւնք է:
Այսպիսի սադրանքները Ալիեւի կողմից իւրայատուկ ուղերձ են առ հայ ժողովուրդ, որ Ազրպէյճանը պատրաստ չէ խաղաղութեան, Ազրպէյճանը չի ձգտում հակամարտութեան խաղաղ, բանակցուած կարգաւորման, Ազրպէյճանը ուզում է ամէն ինչ կամ ոչինչ:
Հայկական ուսումնասիրութիւնների ԱՆԻ կենտրոն
Յատուկ «Ազդակ»-ի համար

