ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Դեսպան Աշոտ Քոչարեան

Հայաստանի աշխարհի ախոյեան հանդիսանալուն առիթով Լիբանանի մէջ Հայաստանի արտակարգ եւ լիազօր դեսպան Աշոտ Քոչարեան շնորհաւորելէ բացի Հայաստանի հաւաքականին մաս կազմող վարպետները, երէկ հրապարակեց ստորեւ տրուած յայտարարութիւնը:

Մեծ ոգեւորութեամբ եւ հպարտութեամբ ստացանք Հայաստանի Հանրապետութեան ճատրակի տղամարդկանց ազգային հաւաքականի Չինաստանում կայացած աշխարհի խմբային առաջնութիւնում տարած փայլուն յաղթանակի մասին լուրը: Ջերմօրէն շնորհաւորում եմ ազգային հաւաքականի անդամներին, մեր հերոս տղաներին` Լեւոն Արոնեանին, Սերկէյ Մովսիսեանին, Վլատիմիր Յակոբեանին, Գաբրիէլ Սարգսեանին եւ Ռոպերթ Յովհաննիսեանին փառահեղ յաղթանակի կապակցութեամբ: Շնորհաւորում եմ նաեւ հայ ժողովրդի ճատրակի բոլոր սիրահարներին եւ երկրպագուներին Հայաստանում, Արցախում, Լիբանանում եւ ողջ սփիւռքում: Հայ ճատրակի վարպետների հիասքանչ յաղթանակները հայ ժողովրդի մտաւոր  ներուժի եւ հաւաքական կամքի դրսեւորում են:

Մեր հզօր ընտրանին վայելում է Հայաստանի Հանրապետութեան նախագահ, Հայաստանի Հանրապետութեան ճատրակի ֆետերասիոնի նախագահ մեծարգոյ պարոն Սերժ Սարգսեանի յատուկ ուշադրութիւնն ու աջակցութիւնը եւ աշխարհի տարբեր անկիւններում շարունակում է բարձր պահել Հայաստանի եւ հայ ժողովրդի պատիւն ու հեղինակութիւնը: Այս յաղթանակը իսկական նուէր է ողջ հայ ժողովրդին` յատկապէս Հայաստանի անկախութեան 20-ամեակի  նախաշեմին:

Համոզուած եմ, մօտակայ ապագայում մեր ճատրակի վարպետները համաշխարհային մրցումներում կը տօնեն նոր յաղթանակներ եւ կը հասնեն նոր բարձունքների:

ԱՇՈՏ ՔՈՉԱՐԵԱՆ
ԼԻԲԱՆԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԱԿԱՐԳ
ԵՒ ԼԻԱԶՕՐ ԴԵՍՊԱՆ

 

Share this Article
CATEGORIES