Պոլիվիայի Կողմից Հայոց Ցեղասպանութեան Ճանաչման Կարեւորութեան Շուրջ

ԳԷՈՐԳ ՊԵՏՐՈՍԵԱՆ

1223bolivia2010 թուականին Շուէտի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանութեան ճանաչումից յետոյ Պոլիվիան դարձաւ յաջորդ պետութիւնը, որը 20-րդ դարասկզբին հայերի կոտորածներն օսմանեան Թուրքիայի կողմից որակեց որպէս ցեղասպանութիւն: Ընդ որում, Պոլիվիայի խորհրդարանի ընդունած բանաձեւն առանձնանում է կարեւոր շեշտադրումներով, այն է` փաստաթղթում նշւում է հայերի կոտորածների մասին հայրենիքում` Արեւմտեան Հայաստանում, որն ընդգծում է Հայոց ցեղասպանութեան կարեւորագոյն առանձնայատկութիւններից մէկը` հայրենազրկումը` տեղաբնիկ բնակչութեան հետ մէկտեղ պատմական հայրենիքի կորուստը:

Պատմական փաստ է, որ Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչման նոր փուլը սկիզբ է առել Հարաւային Ամերիկայում: 1965 թուականին Ուրուկուէյը դարձաւ աշխարհում առաջին երկիրը, որը պետական մակարդակով ճանաչեց Հայոց ցեղասպանութիւնը: Յաջորդ հարաւամերիկեան պետութիւնը, որը ճանաչեց Ցեղասպանութիւնը, Արժանթինն էր (1995 թ.): Եւ 2015 թուականին ընդառաջ հեռաւոր այս մայրցամաքում եւս մէկ երկիր ճանաչում է պատմական իրողութիւնը:

Ի հարկէ, հարաւամերիկեան պետութիւններում Ցեղասպանութեան ճանաչման գործընթացի դրական զարգացումներն ունեն իրենց պատճառները: Նախ, այս տարածաշրջանի մի շարք երկրներում տասնամեակներ շարունակ ուժեղ են հայկական գաղթօճախների դիրքերը: Ընդ որում, հայկական համայնքները զգալի ստուարացել են Մեծ եղեռնի պատճառով: Տեղի հայերի աշխուժ աշխատանքի, արդիւնաւէտ լոպիինկի շնորհիւ է, որ այդ երկրների իշխանութիւնները պատրաստակամ են պատմական իրողութիւնները բնորոշել այնպէս, ինչպէս դրանք եղել են: Ի հարկէ, պակաս կարեւոր հանգամանք չէ նաեւ այդ պետութիւնների եւ Թուրքիայի միջեւ շահերի բախման յաճախականութիւնը: Աշխարհագրական հեռաւորութեան եւ պետութիւնների միջեւ տնտեսական, քաղաքական եւ հասարակական յարաբերութիւնների ոչ խորը մակարդակը նշանակալի մի գործօն է, որը թոյլ է տալիս հարաւամերիկեան երկրներին աւելի ազատ գործել Ցեղասպանութեան հարցում` տուրք չտալով Թուրքիայի հետ առնչուող շահերին, Անգարայի կողմից հնարաւոր հակաքայլերի բացասական ազդեցութեանը:

Այսպիսով, Հարաւային Ամերիկայի երկրներում Թուրքիայի հետ յարաբերութիւնները կառուցելու հարցում Ցեղասպանութեան խնդիրը քաղաքական այնպիսի կարեւոր գործօն չէ, ինչպէս` մի շարք այլ համաշխարհային խաղացողների, օրինակ` Ֆրանսայի կամ Միացեալ Նահանգներիի դէպքում, երբ Ցեղասպանութեան հարցը յաճախ վերաբերում է ոչ միայն միջպետական յարաբերութիւններին (Թուրքիայի դէմ որպէս քաղաքական լծակ), այլ նաեւ ներքաղաքական կեանքի կարեւոր բաղադրիչ է: Հայկական մեծ համայնք ունեցող երկրներում տեղի այս կամ այն քաղաքական ուժը յաճախ է Ցեղասպանութեան հարցն օրակարգ բերում ընտրութիւններից առաջ եւ հայանպաստ քայլեր կատարելով` փորձում ապահովել հայ համայնքի ձայները: Պատմութեան մէջ նման դէպքերը բաւական շատ են եւ, միեւնոյն ժամանակ, բաւական ակնառու:

Վերադառնալով Պոլիվիայի խորհրդարանի զոյգ պալատների կողմից Ցեղասպանութեան ճանաչման փաստին` պէտք է կարեւորել ոչ միայն այս երեւոյթն ինքնին, այլ նաեւ դրանում տեղ գտած կարեւոր ուղերձներն ու ուշագրաւ փաստերի արձանագրումը: Պոլիվիական օրէնսդիր մարմնի կողմից Ցեղասպանութեան ճանաչման փաստաթղթում յստակ յղում կայ առ այն, որ Օսմանեան կայսրութիւնը հայերի կոտորածներն իրականացրել է Արեւմտեան Հայաստանի տարածքում: Նման ձեւակերպումը զգալիօրէն տարբերւում է այլ պետութիւնների` Ցեղասպանութիւնը ճանաչող փաստաթղթերի բովանդակութիւնից` այս առումով մեծ կարեւորութիւն տալով պոլիվիական տարբերակին:

Պէտք է նաեւ ընդգծել, որ Պոլիվիայում խոշոր հայ համայնք չկայ: Այս փաստով պայմանաւորուած` նուազագոյնի է հասցւում մի շարք պետութիւններում նախընտրական քարոզարշաւի ժամանակ Ցեղասպանութեան ճանաչման հարցը շահարկելու միտումը:

Եւս մէկ անգամ կարեւորելով Պոլիվիայի խորհրդարանի կողմից Ցեղասպանութեան ճանաչումն ու ընտրուած եզրոյթների էութիւնը` կարիք կայ կրկին վերագնահատել Ցեղասպանութեան միջազգային ճանաչման կարեւորութիւնն ու, առաւել եւս, արդիւնաւէտութիւնը: Ի հարկէ, բնական է, որ պէտք է ջանքեր գործադրուեն մարդկութեան դէմ կատարուած յանցագործութեան միջազգային ճանաչման, դատապարտման եւ կանխման ուղղութեամբ, սակայն այս ամէնի վրայ կենտրոնացնելով զգալի միջոցներ ու ժամանակ` արդեօ՞ք մենք ստանում ենք կամ կը ստանանք այն, ինչ մեզ իրապէս անհրաժեշտ է: Միջազգային ճանաչման գործընթացն իր կարեւորութեամբ հանդերձ, այս հարցում հայութեան խնդիրները լուծելու ամենաարդիւնաւէտ ուղին չէ, ինչը հաստատում է ժամանակը: Արդի պայմաններում վճռորոշ ձայն ունեցող պետութիւնները հակուած չեն Թուրքիայի հետ իրենց յարաբերութիւնները վնասել` յանուն պատմական արդարութեան վերականգնման:

Ուստի ժամանակը չէ՞ փոխելու Ցեղասպանութեան հարցում մեր ռազմավարութիւնը, փորձել Հայկական հարցի լուծումները փնտռել նաեւ այլ ճակատներում, օրինակ` հարցը տեղափոխել միջազգային իրաւունքի դաշտ կամ առնուազն յստակ գնահատական տալ հարցի` իրաւական դաշտ տեղափոխելու արդիւնաւէտութեան ու հեռանկարների մասին: Միջազգային ճանաչման վրայ կենտրոնանալով` մենք կորցնում ենք այդքան կարեւոր ժամանակը, որն աշխատում է մեր դէմ եւ հակառակ կողմի օգտին:

Եւս մէկ անգամ պէտք է ընդգծել, որ անշահախնդրօրէն եւ պատմութեան հետ անկեղծ առերեսուելու պատրաստ պետութիւնների կողմից հայերի ցեղասպանութեան ճանաչումն ու դատապարտումը միայն ողջունելի է:

Թուրքագիտական Փորթալ
ԵՓՐԱՏ ուսումնասիրութիւնների կենտրոն

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )