Դու Մեռնելու Իրաւունք Չունես, Մինչեւ Ինձ Ու Հրայրին Դալանում Չծեծես

ԱՐՄԷՆ ԱՇՈՏԵԱՆ

Մտերիմները գիտէին, որ նա վատառողջ է: Շատ վատառողջ: Գերմանիայից վերադարձող բոլոր պատուիրակութիւններին հարցնում էինք. Վահանը ո՞նց է: Բոլորի մօտ յոյս կար, որ այդ կենսուրախ եւ պայծառ մարդը յաղթելու է մահը յանուն կեանքի, որն այնքան սիրում էր:

Այսօր Վահան Յովհաննիսեանը գնաց: Շատ ծանր ու վշտացնող ազդ անցնող տարուայ վերջին կիրակի: Երբ սեպտեմբերին Պերլինում էի, մենք հանդիպեցինք` յիշելով համատեղ աշխատանքի ամենավառ դրուագները, խօսեցինք ամէն ինչից, բայց նրա կատակները յաճախ մահուան մասին էին, ծանր կատակներ էին: Ի պատասխան ասացի, որ դու մեռնելու իրաւունք չունես, մինչեւ ինձ ու Հրայրին (Թովմասեան) դալանում չծեծես: Ժպտաց, ասելով` դէ դու արդէն մի կողմ, իսկ Հրայրի մասին դեռ կը մտածեմ:

Բաժանուեցինք, յոյս ունենալով, որ էլի կը հանդիպենք: Չստացուեց: Վահանը եզակի մարդ էր, ումից Ազգային ժողովում ես շատ բան եմ սովորել: Ամենամտաւորական, ամենամտաւորական մարդկանցից մէկը զարդարում էր իւրաքանչիւր շրջապատ, որտեղ յայտնւում էր: Աստուած հոգիդ լուսաւորի, ընկեր Վահան:

ԱՐՄԷՆ ԱՇՈՏԵԱՆ
Հայաստանի Հանրապետութեան
կրթութեան եւ գիտութեան նախարար

 

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )