ՀԶՕՐ ՀԱՅԱՍՏԱՆ` ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՒ ԱԶՐՊԷՅՃԱՆԻ ՄԻՋԵՒ. ԵՐԵՒԱՆԸ ՊԷՏՔ Է ՀՐԱԺԱՐՈՒԻ ՉԱՐԱԲԱՍՏԻԿ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐԻՑ

Պաքւում Թուրքիայի վարչապետի եւ Ազրպէյճանի նախագահի յուլիսի 28-ի համատեղ մամուլի ասուլիսի մի դրուագը վերածուել է կատակի եւ Հայաստանին, նրա բարձրագոյն ղեկավարութեանն ու հայ ժողովրդին հեգնելու փորձի: Բառեր արտաբերելու ժամանակ մարդու լեզուի տակ պիտի ոսկոր լինի, յատկապէս երբ խօսքը երկրի առաջին դէմքերին է վերաբերում: Ռեճեփ Թայիփ Էրտողանի ու Իլհամ Ալիեւի յայտարարութիւնները հերթական ապացոյցն են այն իրողութեան, որ թուրքերն ու ազրպէյճանցիները չեն կարողանում թաքցնել իրենց ատելութիւնը Հայաստանի եւ հայ ժողովրդի հանդէպ:

Նախ եկէք` տեսնենք, թէ բառացի ի՛նչ են խօսել Էրտողանն ու Ալիեւը: «Երկիր Մետիա» հեռուստաընկերութիւնը թարգմանաբար ներկայացրել է ասուլիսի այդ հատուածը:  Էրտողանն ասում է. «Լեռնային Ղարաբաղի տարածքը գրաւուած է, գրաւողները յայտնի են: Այդ մասին ասում ենք ոչ միայն մենք, այլեւ` ՄԱԿ-ը: Դա ապացուցուած է: Այդ հարցը պէտք է լուծուի: Մինչեւ հիմա հայկական կողմը բացասական մօտեցում է ցուցաբերել լուծման նկատմամբ: Ազրպէյճանը միշտ ցուցաբերել է դրական մօտեցում»:

Ապա Էրտողանը անդրադառնում է աւելի վաղ Հայաստանի նախագահի յայտարարութեանը: Մի քանի օր առաջ, պատասխանելով հայ երիտասարդի` «Արեւմտեան Հայաստանը Արարատ սարով» հետ ստանալու հնարաւորութեան  հարցին, Սերժ Սարգսեանն ասել էր. «Այդ ամբողջը կախուած է քեզնից եւ քո սերնդից: Իմ սերունդը, կարծում եմ, իր առջեւ դրած պարտականութիւնը կատարեց, երբ 90-ական թուականների սկզբներին անհրաժեշտ էր մեր հայրենիքի հատուածներից մէկը` Ղարաբաղը պաշտպանել թշնամիներից, մենք կարողացանք դա անել: Եւ ես սա ասում եմ ոչ նրա համար, որ ոեւէ մէկին կշտամբեմ: Ուզում եմ ասել, որ իւրաքանչիւր սերունդ իր պարտականութիւնն ունի, եւ այդ պարտականութիւնը պէտք է կարողանայ կատարել ու` լաւ կատարել: Եթէ դու եւ քո հասակակիցները ջանք ու եռանդ չխնայէք, եթէ ձեզնից աւագներն ու ձեզնից կրտսերները ձեզ նման վարուեն, մենք ունենալու ենք աշխարհի լաւագոյն երկրներից մէկը: Հաւատա՛, որ շատ դէպքերում հողի չափերով չէ երկրի կշիռը որոշւում. երկիրը պէտք է լինի ժամանակակից, երկիրը պէտք է լինի անվտանգ, լինի բարեկեցիկ, եւ սրանք այն պայմաններն են, որոնք հնարաւորութիւն են տալիս ցանկացած ժողովրդի նստել աշխարհի յայտնի, ուժեղ, ճանաչուած ժողովուրդների կողքին: Բոլորս մեր պարտքը պէտք է կատարենք, բոլորս պէտք է լինենք աշխուժ, պէտք է լինենք աշխատասէր, կարողանանք բարիք ստեղծել: Իսկ մենք դրան կարող ենք հասնել, շատ հանգիստ կարող ենք հասնել, եւ մէկ անգամ չէ, որ պատմութեան ընթացքում հասել ենք դրան: Ես դրանում չեմ կասկածում եւ ուզում եմ, որպէսզի դու էլ չկասկածես: Մենք մի ժողովուրդ ենք, որ, այո՛, փիւնիկի պէս միշտ յառնում ենք»:

Նախագահ Սարգսեանի այս խօսքերը Էրտողանին շատ են զայրացրել, եւ նա Պաքւում ասուլիսի ընթացքում այսպէս է մեկնաբանում. «Հիմա դուք մեզանից ստացել էք Լեռնային Ղարաբաղը: Մենք կը մեռնենք, իսկ դուք կը գրաւէք Աղրին (Արարատ սարի թուրքական անուանումը-թ. Հ.): Մի՞թէ դա տրամաբանութիւն է: Դա ի՞նչ հասկացութիւն է: Ինչպէ՞ս կարելի է երիտասարդութեանն այդպիսի ուղղութիւն տալ, նման հորիզոններ գծել: Ի՞նչ է դա նշանակում: Դէ, երիտասարդութիւն, Հայաստանը սրանից յետոյ ցանկացած ձեւաչափով կարող է Թուրքիայի հետ պատերազմի մէջ մտնել: Մենք մերժում ենք դա: Չի կարող լինել պետական նման գործիչ, այդպիսի դիւանագիտութիւն: Սարգսեանն այստեղ թոյլ է տուել լուրջ սխալ: Նա պէտք է ներողութիւն խնդրի, ուղղի իր սխալը»:

Այնուհետեւ խօսքին միջամտում է Ալիեւը, եւ զրոյցը կատակի է վերածւում: Ալիեւի` «Ես շատ լաւ տեղեակ եմ նրա մտածելակերպին» արտայայտութեանը, հետեւում է Էրտողանի պատասխանը. «Ես նրան այդքան ծանօթ չեմ, որքան դուք»: Ապա Ալիեւը շարունակում է. «Նրանք կարծում են, որ լուծել են Լեռնային Ղարաբաղի խնդիրը: Լեռնային Ղարաբաղն ազրպէյճանական հող է եւ այժմ էլ մնում է ազրպէյճանական: Կը գայ ժամանակ, երբ Ազրպէյճանը կա՛մ խաղաղ ճանապարհով, կա՛մ պատերազմով կը վերականգնի Ղարաբաղի նկատմամբ իր ինքնիշխանութիւնը: Բայց հանդէս գալ տարածքային յաւակնութիւններով Թուրքիայի նման հզօր երկրի նկատմամբ… Սա խօսում է այն մասին, որ այս մարդկանց (հայերի) գլխում ինչ-որ բան պակասում է: Նրանք իրական աշխարհում չեն ապրում, այլ`  իրենց իսկ ստեղծած երազների աշխարհում: Պէտք է արթնանան քնից, վերադառնան իրական կեանք եւ առնուազն համեմատեն իրենց Թուրքիայի հետ»:

Հայաստանում եւ հայկական աշխարհում շատերը շտապեցին գրել կամ կարծիք յայտնել, որ նախագահ Սարգսեանը պէտք է արձագանգի եւ կոշտ արձագանգի Ալիեւի վիրաւորական արտայայտութեանը, ինչպէս նաեւ Էրտողանի` ներողութիւն խնդրելու պահանջին: Հայաստանի նախագահը Ալիեւին պատասխանել է արդէն, իմ կարծիքով` շատ դիպուկ եւ ոչ վիրաւորական կերպով: Պէտք չէ իջնել Ալիեւի փողոցային բառապաշարի մակարդակին: Գուցէ դա վայել է Ազրպէյճանին, բայց վայել չէ Հայաստանին: Մէկ այլ առիթի դէպքում, նախագահ Սարգսեանը գուցէ պատասխան տայ նաեւ Էրտողանին ու թուրքերին, սակայն աւելի լաւ կը լինի ոչ թէ ներքաշուել թուրքերի ու ազրպէյճանցիների կողմից հրահրուած ցածրաճաշակ լեզուակռուի մէջ, այլ` կատարել իրական ու վճռական քայլեր:

Քանի դեռ Հայաստանի եւ նրա արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդեանի ստորագրութիւնը դրուած է ցիւրիխեան երկու արձանագրութիւնների տակ, թուրքերը դա ծառայեցնելու են իրենց շահերին, ինչպէս դա տեսնում ենք վերջին երեք տարիներին: Առնուազն երկու լուրջ պատճառ կայ, որը պիտի ստիպի  ցիւրիխեան արձանագրութիւններ ստորագրող իշխանութիւններին` հրաժարուելու դրանցից: Առաջին, հերթական նախագահական ընտրութիւնները սարերի հետեւում չեն, եւ ցանկալի չէ, որ գործող նախագահ Սարգսեանը Հայաստանի չորրորդ նախագահին հայ-թուրքական նման ժառանգութիւն փոխանցի: Իսկ եթէ նախագահ Սարգսեանը պատրաստւում է վերընտրուել, ապա այդ դէպքում էլ լաւ կը լինի, որ նա երկրորդ նախագահութեան ժամկէտ մտնի` թօթափելով իր եւ Հայաստանի ուսերին դրուած ցիւրխեան լուծը:

Երկրորդ, քանի որ այդ արձանագրութիւնները, ինչպէս բազմիցս փորձել ենք հէնց «Ազդակ»ի էջերում բացատրել, չեն բխում Հայաստանի ո՛չ կարճաժամկէտ եւ ո՛չ էլ երկարաժամկէտ շահերից, դրանցից պիտի հրաժարուել: Այդ արձանագրութիւնների ստորագրումով կատարուել են թուրքերի երեք նախապայմաններից երկուսը, եւ պէտք չէ բացառել, որ առաջիկայում նրանք կրկին օրակարգ բերեն դրանք: Հայաստանը բազմիցս յայտարարել է. այն պահին, երբ Թուրքիայի խորհրդարանը վաւերացնի այդ արձանագրութիւնները, անմիջապէս Հայաստանի խորհրդարանը եւս կը վաւերացնի դրանք: Արձանագրութիւնները սառեցուած վիճակում պահելն ու հայ-թուրքական հասարակական երկխօսութիւնը քաջալերելը (բոլորովին էլ պատահական չէր վերջերս  արտաքին գործերի նախարար Ահմեթ Տաւութօղլուի` Հայաստանի հինգ հասարակական գործիչների հետ հանդիպելու փաստը) լիովին բաւարարում են Թուրքիային, որպէսզի նա միջազգայնօրէն ստեղծի տպաւորութիւն, թէ հայ-թուրքական գործընթաց կայ: Թուրքերի համար կարեւոր է ոչ թէ վերջնարդիւնքը, այլ` ինքնին գործընթացը:

Վերջում, վերադառնալով նախագահ Սարգսեանի` հայ երիտասարդին տուած պատասխանին, պիտի նշենք հետեւեալը. այդ պատասխանն ու ստորագրուած ցիւրիխեան արձանագրութիւնները ուղղակի հակասում են միմեանց: Նախագահ Սարգսեանը, եթէ կարճ ասենք, հայ երիտասարդին բացատրում է, որ իր սերունդը իր գործը կատարել է, իսկ յաջորդ սերունդներն էլ թող իրականացնեն մեր միւս երազանքներն ու պահանջները, եթէ կարող են: Առաջին հայեացքից թւում է, թէ շատ տրամաբանական պատասխան է: Հակասութիւնն այն է, որ ստորագրելով ցիւրիխեան արձանագրութիւնները, Հայաստանի այս իշխանութիւնները ճանաչում  են Հայաստան-թուրքիայ այսօրուայ սահմանները` Կարսի 1921թ. պայմանագիրը: Հետեւաբար, այն երիտասարդը, որ հարց էր ուղղում նախագահ Սարգսեանին, չի կարող իրաւական առումով որեւէ պահանջ ունենալ Թուրքիայից: Ահա այստեղ է հակասութիւնը:

Եւ վերջում, եթէ հայ ժողովուրդը ուզում է ունենալ յաւերժական Հայաստանի Հանրապետութիւն, ապա այդ Հայաստանը պիտի լինի հզօր: Հզօր Հայաստան` Ազրպէյճանի ու Թուրքիայի միջեւ: Թուրքիան եւ Ազրպէյճանը, ինչպէս ապացուցում են նրանց առաջնորդների յայտարարութիւնները, այդ թւում` նրանց համատեղ մամուլի ասուլիսի ոճն ու բովանդակութիւնը, հնարաւորութեան դէպքում պատրաստ են պատառոտել ընդամէնը 42 հազար քառակուսի քիլոմեթրանոց Հայաստանն ու Արցախը: Թուրք-ազրպէյճանական ախորժակը զսպելու միակ գրաւականը հզօր Հայաստանն է: Կարողանո՞ւմ է հայ ժողովուրդն այսօր կերտել իր երազանքների Հայաստանը: Սա արդէն խօսակցութեան այլ թեմա է:

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

Յատուկ «Ազդակ»ի համար

Share this Article
CATEGORIES