«ԱՆԿԱԽ»Ի ՀԱՐՑԱԶՐՈՅՑԸ ԹԻՖԼԻՍԱՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳՈՐԾԻՉ ԿԱՐԷՆ ԷԼՉԵԱՆԻ ՀԵՏ

ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ ՎՐԱՑԻՆԵՐԻ
ԻՆՔՆՈՒԹԵԱՆ ՄԻ ՄԱՍՆ Է ԴԱՐՁԵԼ

ԱՍՏՂԻԿ ԽԱՉԱՏՐԵԱՆ.- Պարոն Էլչեան, ի՞նչ փոխեց վրացահայութեան համար Վրաստանում Հայ առաքելական եկեղեցուն կարգավիճակ տալը:

ԿԱՐԷՆ ԷԼՉԵԱՆ.-  Մենք 20 տարի սպասել էինք կրօնի մասին օրէնքին, որը գոյութիւն չունէր Վրաստանում,  եւ 20 տարի անց պետութիւնը ընդունեց ոչ թէ օրէնք, այլ փոփոխութիւններ կատարեց քաղաքացիական օրէնսգրքում: Այս փոփոխութիւնը ենթադրում է, որ կրօնական միաւորումներին թոյլատրւում է ստանալ իրաւաբանական անձի կարգավիճակ, բայց դրանով նրանց չի տրւում  սեփականութեան իրաւունք. այսինքն եկեղեցիների հարցը չի լուծւում: Նման է մի վիճակի, երբ մարդուն տալիս են անձնագիր, բայց նա քաղաքացի չի դառնում. անհեթեթ է: Սակայն փոփոխութիւնը ընդունելուց յետոյ էլ պետութիւնը ստիպուած գնաց որոշ զիջումների` տեղի տալով եկեղեցու ճնշումներին: Տեղի ունեցաւ եկեղեցու սինոդի ժողովը, որտեղ ինչ-որ փոխզիջումնային լուծումների գնացին: Ու հիմա հաւանաբար խորհրդարանն ու եկեղեցին կը մշակեն ինչ-որ մեկնաբանութիւն այդ փոփոխութեան վերաբերեալ, որից մեզ հաստատ ոչ մի լաւ բան չի սպասում:

Ա. Խ.- Ինչո՞վ է պայմանաւորուած վրաց եկեղեցու նման լուրջ դիմադրութիւնը:

Կ. Է.- Վրաց եկեղեցին շատ լուրջ դեր ունի վրացական հասարակութեան ներսում, ընկալւում է որպէս վրացիների ինքնութիւնը, աւանդոյթները, շահերը պաշտպանող ամենաազգային կառոյց: Նա չի ուզում կորցնել իր տէ ժիւրէ եւ տէ ֆաքթօ մենաշնորհային դիրքը եւ միւս եկեղեցիներին էլ շատ իրաւունքներ տալ: Բայց  նրանց  հաւաքների, ցոյցերի ամենաառաջին պատճառը հայկական եկեղեցիների հարցն է: Հայ առաքելական եկեղեցին պահանջում է վերադարձնել վրացիների կողմից արհեստականօրէն վիճելի յայտարարուած 6 հայկական եկեղեցիները` 5 եկեղեցի Թիֆլիսում եւ մէկն էլ Ախալցխայում (չնայած` իրականում Թիֆլիսում 6-ն  են): Սակայն վրացիները ոչ միայն մտածում են անտէր մնացած այս եկեղեցիների վերադարձման մասին, այլեւ վախենում են, որ հայերը կը պահանջեն վերադարձնել արդէն իսկ վրացականացուած հայկական եկեղեցիները:

Խնդիրն այն է, որ  քսաներորդ դարասկզբին Թիֆլիսում նուազագոյն հաշուարկով 24 հայկական եկեղեցիներ կային: Խորհրդային շրջանում մի շարք եկեղեցիներ փակուեցին, անկախութեան տարիների ընթացքում Հայ առաքելական եկեղեցին ոչինչ չարեց, ու այդ անտէր մնացած եկեղեցիները, որոնք կա՛մ ուղղակի փակ էին, կա՛մ աղբով էին լցուած, կա՛մ ծառայում էին կենցաղային նպատակներով, վրացական եկեղեցին պաշտօնապէս փոխանցեց վրացիներին: Այսօր Թիֆլիսում մնացել է 6 չգործող եկեղեցի: Եթէ ժամանակին դրանք փոխանցուէին իրենց տիրոջը, այսինքն` Հայ առաքելական եկեղեցուն, Մուղնու Սուրբ Գէորգ եւ Կարմիր Աւետարան եկեղեցիները չէին քանդուի: Իսկ եթէ այդ իրենց կողմից վիճելի համարուող եկեղեցիների հարցը մի քանի տարի էլ ձգձգուի, ապա մի քանի տարուց այդ եկեղեցիներից կը մնան  սոսկ աւերակներ, որովհետեւ այդ եկեղեցիներից միայն երկուսն են այսօր ամուր կանգնած. Նորաշէնն է ամենալաւ վիճակում եւ Սուրբ Նշանը, որի ներսում, սակայն, ամբողջութեամբ աղբ ու փոշի է լցուած: Եթէ հայկական եկեղեցիների հարցը չլինէր, նրանք վաղուց կարգավիճակ կը տային բոլոր համայնքներին եւ միգուցէ աւելի բարձր կարգավիճակ, քան հիմա են տալիս:

Տխուր է, որ Վրաստանում, որը կոչւում է ժողովրդավարութեան կղզեակ Կովկասում, միայն ուղղափառ եկեղեցին կարգավիճակ ունէր: Հիմա ընդունեցին այդ փոփոխութիւնը եւ կարգավիճակ տուեցին 5 եկեղեցու: Չնայած` ընթացքում բոլորը մոռացան միւս չորս եկեղեցիների ներկայացուցիչների` հրեաների, կաթոլիկների, մահմետականների, մկրտչականների մասին եւ ընկան հայերի յետեւից:

Ա. Խ.- Ինչո՞ւ այդ փոփոխութիւնը յատկապէս հակահայկականութեան մեծ ալիքի տեղիք տուեց, ի՞նչ դեր ունի վրաց եկեղեցին այս հարցում:

Կ. Է.- Այնպէս չէ, որ հակահայկականութեան հիմնական քարոզողը վրաց եկեղեցին է: Վրաստանում հակահայկականութիւնը շատ տարածուած է: Բայց  ուրախ եմ, որ վերջերս յայտնուեցին մի քանի վրացիներ, ովքեր սկսել են խօսել դրա մասին: Առաջ ոչ ոք չէր խօսում, որ Վրաստանում հակահայկականութիւն կայ: Հակահայկականութիւնը վրացիների ինքնութեան մի մասն է դարձել:

Ա. Խ.- Իսկ ինչպէ՞ս է դրսեւորւում:

Կ. Է.- Դրսեւորւում է նախ մամուլում: Վերջին մի շաբաթուայ ընթացքում չկայ մի թերթ, որ հայերի մասին վատ բան գրած չլինի: Մի քանի օր առաջ բացել էինք  նրանց թերթերից մէկը: Չէք հաւատայ, բայց 28 յօդուածից 20-ը հայերի մասին էր ու բնականաբար` հակահայկական բովանդակութեամբ: Նոյն կերպ` հեռուստատեսային հաղորդումները, քաղաքական-հասարակական գործիչների, մտաւորականների ու այսպէս կոչուած փորձագէտների յայտարարութիւնները: Ասում են, թէ` «հայերը միշտ դաւաճանել են վրացիներին», «հայերը միշտ գողանում են վրացական մշակոյթը, վրացական հողերը, վրացական եկեղեցիները, երաժշտութիւնը, խոհանոցը», «հայերը մտածում են ծովից ծով Հայաստան ստեղծելու մասին», «հայերը անջատողական են, ուզում են Ջաւախքը խլել» ու այդպէս շարունակ: Ճիշդ է, չեմ լսել, որ  նրանց պետական բարձրաստիճան պաշտօնեաները վերջին երկու տարիների ընթացքում հայերի դէմ հրապարակային ինչ-որ յայտարարութիւն անեն, բայց միւս բոլորի շրջանում դա նկատելի է: Դա վերաբերում է նաեւ ազգափոխ, վրացացած հայերին, որոնք ձուլուելով` փորձում են իրենց ցոյց տալ շատ աւելի կաթոլիկ, քան Հռոմի պապն է. համարում են, որ ինչքան շատ գոռան ընդդէմ հայերի, հայերին հայհոյեն, այնքան վրացի կը դառնան:

Ա. Խ.- Վրաստանում եկեղեցիներին կարգավիճակ տալը Հայաստանում մեկնաբանւում էր որպէս հայկական կողմի դիւանագիտական յաղթանակ:

Կ. Է.- Այս փոփոխութեան հարցում հայերի դերն իսկապէս մեծ է եղել, քանի որ ամենաշատը բողոքում էր հայկական համայնքը, եւ այդ առումով ամենամեծ աջակցութիւնն էլ գալիս էր Հայաստանից: Բայց նաեւ եղել է ճնշում կաթոլիկ երկրներից, Վատիկանից, Թուրքիայից ու Ազրպէյճանից, նրանք աշխատում են աւելի գրագէտ: Նրանք սուսուփուս լոպիինկ են արել: Հայերը դիւանագէտ չեն, գոռում են` մենք պահանջում ենք: Դուք պէտք է տեսնէիք, թէ ի՛նչ էր կատարւում Վրաստանում: Երբ ինչ-որ բան յայտարարում ես, պիտի սպասես արձագանգին: Ամէն խօսելուց յետոյ հայութեան իրավիճակն աւելի է վատանում, հակահայկականութիւնը նոր թափ է ստանում. բացասական արդիւնքն աւելի մեծ է: Պէտք է աւելի նուրբ ու գրագէտ աշխատել: Շատ միջազգային կազմակերպութիւններ կան, որոնց կարելի է դիմել վրացահայութեան հարցերով, նրանց հնարաւորութիւնները օգտագործել: Աշխատել Եւրոպայում եւ Ամերիկայում, որպէսզի նրանք վրացահայութեան խնդիրներով ճնշեն Վրաստանին:

Իսկ Հայաստանի կողմից ամէն ինչ աւարտւում է յայտարարութիւններով: Ասենք` վարչապետը յայտարարում է, որ պիտի վրացահայութեան խնդիրների հետ կապուած հայեցակարգ մշակել: Անցել է 2 տարի, ու դեռ չի էլ մշակուել: Բայց կարելի է ոչ թէ գոռալ այդ մասին, այլ` լուռ հայեցակարգ մշակել ու աշխատել դրան համապատասխան, իսկ բարձրաձայն յայտարարել, որ մենք խնդիր չունենք վրացիների հետ: Ազրպէյճանցիները ո՞նց են անում. հազարից մէկ ինչ-որ մէկը յայտարարութիւն անի իրենց իրաւունքների խախտման մասին, խօսի մզկիթների խնդիրներից: Բայց դրա փոխարէն` ազրպէյճանական պատուիրակութիւններ են գալիս-գնում, բացում են ինչ-որ մշակոյթի կենտրոն, պիզնըս են սկսում, աշխատում են բնակչութեան հետ: Մի քանի տարի առաջ ազրպէյճանցիները հայերի նման էին աշխատում, յետոյ նկատեցի, որ իրենց մօտեցումը փոխեցին: Հիմա ասում են` տեսնո՞ւմ էք` հայերը ինչ պահանջներ ունեն, անջատողական են, ինքնավարութիւն են ուզում, մենք ինքնավարութիւն չենք ուզում, մենք խնդիր չունենք ձեզ հետ: Այսպէս, հարուածը տեղափոխում են հայերի վրայ ու ընթացքում տակից աշխատում, բազմանում, վրացերէն սովորում ու իրենց ինքնութիւնն էլ չեն կորցնում: Յետոյ արդէն իրենց իրաւունքների մասին կը բարձրաձայնեն, երբ աւելի ուժեղ կը լինեն:

Ա. Խ.- Բայց Հայաստանում ու նաեւ Վրաստանում հայութիւնը մեղադրում էր իշխանութիւններին, որ չեն բարձրաձայնում վրացահայութեան խնդիրների մասին:

Կ. Է.- Այո՛, քանի որ հայ համայնքը ուժ չունի, հայութեան հետ ոչ ոք հաշուի չէր նստում: Այդ պարագայում մեր բողոքները տարբեր հարցերի շուրջ ոչ ոք չէր լսում: Եւ մենք էլ միշտ յոյս ունէինք, որ պետական մակարդակով հանդիպումների ժամանակ անդրադարձ կը լինի նաեւ մեր խնդիրներին: Երբ խօսում էին մեր մասին, ուրախանում էինք: Սակայն հիմա հասկանում եմ, որ դա սխալ էր: Հայ համայնքի խնդիրը Վրաստանի ներքին խնդիրն է: Հայ համայնքի խնդիրը պիտի լուծուէր համայնք-պետութիւն ձեւաչափով, իսկ վրացիները կարողացան մարդու իրաւունքների հարցը տանել միջազգային յարաբերութիւնների ձեւաչափ: Հայաստանին ուղղակի ստիպեցին խառնուել այս հարցերին: Սա նրանց համար լայն դաշտ է բացում ձեռնածութիւնների ու սակարկութիւնների համար: Հիմա, օրինակ, հայկական եկեղեցիները վերադարձնելու դիմաց պահանջում են եկեղեցիներ տալ իրենց հիւսիսային Լոռիում:

Ա. Խ.- Անդրադառնանք թիֆլիսահայութեան խնդիրներին: Ինչքա՞ն է այսօր թիֆլիսահայութեան թուաքանակը, եւ որո՞նք են հիմնական խնդիրները:

Կ. Է.- Վրաստանում 2002 թ. մարդահամարի տուեալներով, Թիֆլիսում ապրում է 84 հազար հայ: Բայց դժուար է ասել, թէ 84 հազարից քանիսն է իրեն հայ զգում. 20 տարուայ ընթացքում հազարաւոր հայեր դարձել են վրացի` փոխելով ազգանունը եւ կրօնը: Կային շատ գիւղեր, որոնք ամբողջութեամբ բնակեցուած էին հայերով, հիմա դրանք դարձել են վրացական: Դա պետական ծրագիր էր, որը մինչ այսօր էլ ոչ այնքան աշխուժ կշռոյթով, բայց գործում է: Ասենք` մտնում ես գիւղ, տեսնում ես, որ մարդը դէմքով հայ է, բայց իրեն վրացի է համարում: Գնում ես գերեզման ու տեսնում, որ նոր սերունդը վրացական անուն-ազգանուններով է, յետոյ աւելի ես խորանում, տեսնում ես վրացական ազգանուն, հայի անուն, իսկ հին սերնդի մօտ տեսնում ես հայի անուն եւ ազգանուն: Մարդկանց համոզել են, թէ իրենց նախնիները վրացի են եղել, ու իրենք պիտի վերադառնան իրենց արմատներին: Սակայն կան նաեւ բռնի ազգափոխման դէպքեր, երբ դեռ խորհրդային տարիներին պահանջում էին ազգանուն փոխել, եթէ մարդը ուզում էր պաշտօն ստանալ, մարմնամարզի մէջ առաջ գնալ կամ ուղղակի աշխատանքը չկորցնել:

Ա. Խ.- Իսկ ինչպիսի՞ն է դպրոցների վիճակը, կա՞յ հայ մեծանալու հնարաւորութիւն Թիֆլիսում:

Կ. Է.- Թիֆլիսում մօտ 50 դպրոց կար խորհրդային տարիներին, յետոյ ընթացքում թիֆլիսահայութիւնը գնաց ռուսականացման:  Փաստօրէն, թիֆլիսահայերի մտայնութեան,  տնօրէնների պատճառով, որոնք ամէն ինչ արել են, որ հայերը չգնան հայկական դպրոց, այսօր Թիֆլիսում մնացել է միայն մէկ դպրոց, որն ընդամէնը 200 աշակերտ ունի: Իսկ ռուսական դպրոցների աշակերտների 70 տոկոսը հայեր են: Մենք ունենք հայերէնը պահպանելու խնդիր: Թիֆլիսում ապրող 84 հազար հայերից հազիւ մի 10 հազար հայերէն խօսեն, թէ ոչ: Բայց այդ հայերէնը դժուար է հայերէն անուանել: Նաեւ Վրաստանում հայերի համար գործ չկայ: Ասում են` հաւասարութիւն է, ժողովրդավարութիւն է, բայց չկայ գոնէ մի հայ, որը ինչ-որ շնորհքով տեղում աշխատի: Ուղարկում ես ինքնակենսագրական ինչ-որ աշխատանքի ընդունուելու համար, եւ պատասխան է գալիս, որ մեզ հայ աշխատող պէտք չէ: Սա կարելի է համարել հայերի նկատմամբ ատելութիւն` կենցաղային մակարդակում, ինչպէս շատերն են պնդում: Սակայն, երբ նայում ես կուսակցական ցուցակները ընտրութիւնների ժամանակ եւ ոչ մի հայի ազգանուն չես տեսնում, քաղաքապետարանի սակրեբուլոյում ոչ մի հայ  չկայ եւ առհասարակ, այլազգի չկայ, նշանակում է, որ վրացիները այլազգիներին գործ չեն տալիս, մանաւանդ` հայերին:

Վրաստանում ասում են` ջաւախահայութեան հիմնական խնդիրը վրացերէն չիմանալն է, որ իմանան, կը համարկուեն, լաւ կ՛ապրեն: Հայաստանի կրթութեան նախարարն էլ նոյն բանն է ասում: Թիֆլիսահայութիւնը լաւ գիտի վրացերէն, ի՞նչ փոխուեց, համարկուե՞ց, աշխատանք գտա՞ւ. հակառակը` մի մասը  լուսանցքայնացաւ, միւս մասը` առաւելագոյնս ձուլուեց:

Ա. Խ.- Իսկ մշակութային կեա՞նքը:

Կ. Է.- Մշակութային կեանքը Թիֆլիսում հիմնականում իրագործւում է եկեղեցուն կից կառոյցների միջոցով: Մեր կազմակերպութիւնն էլ վերջին տարիներին փորձում էր աշխատել թիֆլիսահայութեան հետ: Յետոյ զգացինք, որ դա մեծ արդիւնք չի տալիս: Ասում են` կաթողիկոսի այցի ժամանակ Ջաւախքում մօտ 10 հազար մարդ է հաւաքուել, իսկ Թիֆլիսում` ընդամէնը 400-500: Դա խօսում է երկու բանի մասին. նախ, որ Թիֆլիսի հայութիւնը այլասերած է, եւ երկրորդ` տեղի եկեղեցին վատ  է աշխատում: Այստեղի հայութեանը արթնացնելու համար պէտք է լուրջ ծրագիր մշակել ու ներդրումներ անել:

Share this Article
CATEGORIES