1991 ԹՈՒԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍ- ՁԱԽՈՂՈՒԱԾ ՅԵՂԱՇՐՋՈՒՄ ՄՈՍԿՈՒԱՅՈՒՄ. ՔՍԱՆ ՏԱՐԻ ԱՌԱՋ ԱՅՍ ՕՐԵՐԻՆ ՎՃՌՒՈՒՄ ԷՐ ՆԱԵՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒ ԱՐՑԱԽԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ

Պատմութեան մէկ օրն անգամ կարող է ճակատագրական լինել ժողովուրդների ու պետութիւնների համար: Պատմութիւնը «եթէ»ներ, անշուշտ, չի ընդունում, սակայն, այնուամենայնիւ, եթէ 1991 թ. օգոստոսի 19-21-ն ընկած օրերին Մոսկուայում ընթացող իշխանական պայքարի վերջին «ճակատամարտում» Խորհրդային Միութեան ղեկավարութեան պահպանողական թեւը յաղթէր ժողովրդավար համարուող ուժերին` գլխաւորութեամբ Միխայիլ Կորպաչովի ու Պորիս Ելցինի, ապա դժուար է ասել, թէ ինչպիսի վախճան կ՛ունենար խորհրդային կայսրութիւնը:

Անկասկած, ինչպէս իւրաքանչիւր կայսրութիւն, այնպէս էլ մոլորակի մէկ վեցերորդ մասն զբաղեցնող Խորհրդային Միութիւնը, որին շուրջ եօթանասուն տարի մաս էին կազմում նաեւ Խորհրդային Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզը, պէտք է կործանուէր: Խնդիրն  այն է, թէ այդ կործանումը ինչքան ցաւ էր պատճառելու կայսրութեան կազմի մէջ մտնող տասնեակ ազգերին, լինելու էի՞ն ազգեր, որոնք պիտի ճզմուէին այդ կայսրութեան փլատակների տակ: Քսան տարի առաջ օգոստոսեան այս օրերին իշխանական պայքարը Խորհրդային Միութեան ժողովուրդների, այդ թւում եւ առաջին հերթին հայերի համար, երջանիկ աւարտ ունեցաւ: Մոսկուայում կազմակերպուած յեղաշրջման փորձը, բարեբախտաբար ձախողուեց: Հոգեվարքի մէջ գտնուող կայսրութեան վախճանն արագացաւ:

Հայաստանի եւ Ազրպէյճանի իշխանութիւնները տարբեր կերպ արձագանգեցին օգոստոսի 19-21-ի մոսկովեան իրադարձութիւններին: Հայաստանի խորհրդարանի նախագահ, հանրապետութեան փաստացի առաջնորդ Լեւոն Տէր Պետրոսեանն ու իշխող ՀՀՇ-ն մերժեցին Մոսկուայի խռովարարների` Արտակարգ դրութեան պետական կոմիտէի իրաւազօրութիւնները, մինչդեռ Ազրպէյճանի նախագահ Այազ Մութալիպովն ու Լեռնային Ղարաբաղում եւ յարակից հայկական շրջաններում պատժիչ գործողութիւններ իրականացնող Վիքթոր Պոլեանիչկոն հրապարակաւ աջակցութիւն յայտնեցին` ակնկալելով, որ Մոսկուայում իշխանութեան ձգտող պահպանողականներն առաւել կոշտ դիրք կը բռնեն Լեռնային Ղարաբաղի հարցում` յօգուտ Ազրպէյճանի, ինչը նրանց հնարաւորութիւն կը տար վերջնականապէս ջարդել ղարաբաղեան շարժումը:

Խռովարարների կորիզը կազմում էին ուժային նախարարները, որոնց ղեկավարութեան տակ գործող զօրքերն էին հէնց ազրպէյճանական ոստիկանական ուժերի հետ ցեղային զտումներ եւ տեղահանումներ իրականացնում Արցախում ու յարակից հայաբնակ շրջաններում:

1991թ. օգոստոսի 19-ին Մութալիպովն Իրանում էր: Թաւրիզում առնելով յեղաշրջման լուրը, ինչպէս մի քանի երկրների առաջնորդներ` Սատտամ Հիւսէյն, Եասէր Արաֆաթ, Մուամմար Քազզաֆի, Սլոպոտան Միլոսեւիչ, Ազրպէյճանի ղեկավարը եւս համերաշխութիւն է յայտնում խռովարարներին: Յեղաշրջման ձախողումից յետոյ Պոլեանիչկոն հեռացաւ Ազրպէյճանից: Մինչ այդ նա ցուցում էր տուել Լեռնային Ղարաբաղում իրագործել Արտակարգ դրութեան պետական կոմիտէի որոշումները: Արցախի մարզային գործադիր կոմիտէն օգոստոսի 23-ին Կորպաչովին ու Ելցինին յղած դիմումում առաջարկում էր յեղաշրջման կազմակերպիչներին ենթարկել ամենախիստ պատասխանատուութեան, ինչպէս նաեւ` քրէական գործ յարուցել Արցախում արիւնալի յանցագործութիւնների կազմակերպիչների նկատմամբ:

Միայն մոսկովեան յեղաշրջման ձախողուած փորձից յետոյ էր, որ Խորհրդային Միութեան մի շարք հանրապետութիւններ համոզուեցին, որ հնարաւոր չէ կործանումից փրկել կայսրութիւնը եւ սկսեցին հռչակել իրենց անկախութիւնը: Այդ հանրապետութիւնների մէջ էր նաեւ Ազրպէյճանը: 1991թ. օգոստոսի 30-ին Պաքւում Գերագոյն խորհուրդն ընդունեց «Ազրպէյճանի պետական անկախութեան վերականգնման» հռչակագիր, որում խօսք չկար երկու ինքնավարութիւնների` ԼՂԻՄ-ի եւ Նախիջեւանի մասին:

Մի քանի օր անց` սեպտեմբերի 2-ին, Ստեփանակերտում տեղի ունեցաւ ԼՂԻՄ մարզային եւ Շահումեանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը: Ընդունուեց հռչակագիր ԼՂԻՄ եւ Շահումեանի շրջանի սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւն հռչակելու մասին: Յիշեցնենք, որ Հայաստանն իր Անկախութեան հռչակագիրն ընդունել էր մէկ տարի առաջ` 1990թ. օգոստոսի 23-ին, իսկ 1991թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանում տեղի ունեցաւ անկախութեան հանրաքուէ: Ընտրական իրաւունք ունեցող բնակչութեան շուրջ 94,5 տոկոսը մասնակցում, աւելի քան 99 տոկոսն «այո» է ասում անկախ, ազատ եւ ինքնիշխան պետութիւն ունենալու հայ ժողովրդի երազանքին:

1991 թուականի օգոստոսեան յեղաշրջման ձախողումը, կարելի է ասել, ուղղակի փրկութիւն էր Արցախի համար, որովհետեւ, եթէ Խորհրդային Միութիւնը գոյատեւէր եւս մէկ կամ մի քանի տարի, ապա հնարաւոր է, որ Արցախը ամբողջովին հայաթափուէր: Մինչ ձախողուած յեղաշրջումը խորհրդային զօրքերն ու ազրպէյճանական ոստիկանական ուժերը գրաւել էին շուրջ 30 հայկական բնակավայր Շահումեանի, Հադրութի եւ Շուշիի շրջաններում:

Օրհասական թուացող այդ օրերին Արցախի քաղաքական ղեկավարութեան եւ մտաւորականութեան մեծ մասը, բացառութեամբ ՀՅԴ-ի, փորձում էր լեզու գտնել Ազրպէյճանի ղեկավարութեան եւ անձամբ Մութալիպովի հետ` դա համարելով ելք ստեղծուած ծանրագոյն վիճակից դուրս գալու համար: Եւ պատահական չէ, որ 1991-ի յուլիսի կէսերին Լեռնային Ղարաբաղի մարզխորհրդի նիստում որոշում ընդունուեց պատուիրակութիւն ուղարկել Պաքու: Այսօր, այդ դէպքերից 20 տարի անց, շատերի համար ձեռնտու չէ յիշել, որ, օրինակ, Պաքու պատուիրակութիւն ուղարկելուն դէմ չէին նաեւ Հայաստանի այսօրուայ նախագահ Սերժ Սարգսեանը, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոպերթ Քոչարեանը, ժամանակին Արցախի քաղաքական ղեկավարներից Օլեկ Եսայեանը (այսօր Հայաստանի դեսպանն է Ռուսաստանում), Զօրի Բալայեանը: Պաքու պատուիրակութիւն ուղարկելուն կողմ էր նաեւ Լեւոն Տէր Պետրոսեանը: Միակ ուժը Դաշնակցութիւնն էր, որը Գէորգի Պետրոսեանի շուրթերով բացայայտ յայտարարեց, որ դէմ է այդ քայլին:

1991թ. յուլիսի 20-ին Պաքու մեկնած ղարաբաղեան պատուիրակութիւնը գլխաւորում էր Արցախի այդ օրուայ ղեկավար Լէոնարդ Պետրոսեանը, ով 1999-ի հոկտեմբերի 27-ին զոհ գնաց Հայաստանի խորհրդարանում կազմակերպուած ահաբեկչութեանը: Պետրոսեանի պատուիրակութիւնը Պաքւում հանդիպեց Մութալիպովի հետ եւ հաւաստիացրեց, որ ԼՂԻՄ մարմինները պատրաստ են բանակցութիւններ վարել «ԽՍՀՄ եւ Ազրպէյճանի Սահմանադրութեան հենքի վրայ»:

Ազրպէյճանը ցնծութեան մէջ էր: Պաքւում կարծում էին, որ Լեռնային Ղարաբաղը ծնկի է գալիս: Բարեբախտաբար, Արցախի այն օրերի ղեկավարութիւնը այլեւս պատուիրակութիւն չուղարկեց Պաքու, քանի որ առաջին պատուիրակութեան այցից մէկ ամիս անց Խորհրդային Միութիւնը փաստացի կործանուեց, իսկ Արցախում պատժիչ գործողութիւններ իրականացնող խորհրդային ուժերը հեռացան:

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

Յատուկ «Ազդակ»ի համար

Share this Article
CATEGORIES