ԵՐԱՆԱԼՈՅՍ ՎԵՀԱՓԱՌՆ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ

Մարգարէները Աստծուց ուղարկուած, Նրա խօսքը փոխանցող, Բարձրեալի կողմից որոշակի առաքելութեան կոչուած անձինք են: Նրանք ապագայի մարդիկ են, ում ասելիքն ու գործը մատչելի չեն շրջապատին, իսկ դրանք հասկանալու համար ժամանակ է պէտք: Այս է պատճառը, որ նրանք իրենց միջավայրում չեն հասկացւում, իսկ յաճախ էլ` ենթարկւում հալածանքների: «Մարգարէն յարգուած անձ է, բայց ոչ` իր գաւառում, իր ազգատոհմի եւ իր տան մէջ», ասում է Յիսուս Քրիստոսը Աւետարանում: Մարգարէներ կամ մարգարէական ձիրք ունեցող մարդիկ կարող են լինել եւ մեր օրերում, պարզապէս «մեր տան մէջ» դժուար նկատելի են նրանք: Բայց պէտք է փորձել յայտնաբերել նրանց, որ առաջնորդեն մեզ…, քանի որ ինչպէս մեր Տէրն է զգուշացրել. «Եթէ կոյրը կոյրին առաջնորդի, երկուսն էլ փոսը կ՛ընկնեն»:

Ծագումով իտալացի, գրող, պատմաբան եւ գիտնական Ճովաննի Կուայթայի կարծիքով, մեր եկեղեցու ու ժամանակակից պատմութեան մէջ մարգարէական դերակատարութիւն ունեցող անձ է Գարեգին Առաջին վեհափառը: Լուսահոգի հայրապետի մասին էլ հայրենիքում գնահատանքի խօսքերն այնքան առատ չէին, մինչդեռ արտերկրում մեծապէս արժեւորուեց նրա վաստակը: Ամենայն հայոց կաթողիկոսի մեծութիւնը զգաց ամենայն հայոց բանաստեղծուհին` Սիլվա Կապուտիկեանը, ով այսպէս սգաց, երբ նա լքեց մեզ. «Ափսոս, հազար ափսոս, որ հայոց 131-րդ կաթողիկոսն այդքան վաղաժամ հեռացաւ մեզանից, եւ այդքան ողբերգականօրէն ընդհատուեց նրա խօսքը, որ շքեղօրէն հնչում էր նրա շուրթերի վրայ` ցուցադրելով հայ լեզուի եւ հայ մտքի մեծագանձ կարողութիւնները: Բարեբախտութիւն է, որ մնացին նրա ազգաշահ գործերը, բազում ու բազմազան աշխատութիւնները, նրա արտասովոր մտքի ու հայութեամբ բաբախող հոգու գրաւոր վկայութիւնները, որոնք շատ անելիք ունեն մեր այս նիւթապաշտ, օրէցօր հայաթափուող ու ոգեթափուող ժամանակներում»:

Երջանկայիշատակ Գարեգին Առաջին Ամենայն հայոց կաթողիկոսը ծնունդով Սուրիոյ հայաբնակ Քեսապից էր, զաւակը` Յակոբ եւ Ովսաննա Սարգիսեանների: Աստուածաբանութիւնն ուսանել էր Օքսֆորտում, որտեղ պաշտպանեց իր հանրայայտ «Քաղկեդոնի ժողովը եւ Հայ եկեղեցին» անգլերէն աւարտաճառը: Իբրեւ Անթիլիասի դպրեվանքի տեսուչ, Իրանա-Հնդկաստանի, թէ Հիւսիսային Ամերիկայի Արեւելեան թեմի առաջնորդ, իմաստուն հովուապետի հովանու ներքոյ ամէնուրեք էին ազգային եկեղեցական կեանքը յաջողութիւններ արձանագրում: Իր ճիգերի շնորհիւ է կաթողիկոսութիւնը դառնում Եկեղեցիների համաշխարհային խորհուրդի անդամ, որտեղ նա ստանձնում է ղեկավար պաշտօններ: Որպէս Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս պաշտօնավարութեան իր տասնութ տարիներից տասնհինգը Լիբանանի քաղաքացիական պատերազմի դժուարին տարիներն էին, երբ վեհափառն իր իմաստնութեամբ ու հեղինակութեամբ կարողացաւ զերծ պահել լիբանանահայութեանը կործանարար մարտահրաւէրներից: Այդ տարիներին, ռմբակոծութիւնների ներքոյ մայրիների երկրի հայ գաղթօխախի կրօնական, ազգային, կրթական, մշակութային եւ շինարարական մարզերում կատարուեցին բազմաթիւ իրագործումներ, նոյնը տեղի ունեցաւ նաեւ անթիլիասապատկան միւս թեմերում: Համայնքներ այցելելիս վեհափառն ամէնուրեք էր ջերմ ընդունելութիւն գտնում, իսկ Անթիլիասում խանդավառ ժողովուրդը ծաղիկներ էր փռում նրա ճանապարհին: Մեծ էր վեհափառի հեղինակութիւնը, նրա նկատմամբ յարգանքն ու համակրանքը նաեւ օտարազգի կրօնական թէ քաղաքական գործիչների մօտ, ինչը խիստ շահեկան էր եկեղեցուն ու ազգին: Միջեկեղեցական, միջկրօնական շարժումների ռահուիրաներից էր նա, քաջ գիտէր սակայն, որ ազգը եւս մարդու նման չի կարող մեկուսացուած մնալ, նրա յորդորն էր` «քայլ պահել աշխարհին հետ` առանց սակայն մեր ճամբայէն դուրս գալու»:

Գործի, հաւատքի ու գաղափարի մարդ էր վեհափառը, երբեք չէր ձգտում ձեռք բերել յատուկ դիրք կամ պաշտօն. «Միշտ ատել եմ յաջողութիւն ձեռք բերելու փառամոլական տենչը: Ես գտնում եմ, որ այն մարդու կոչման մահն իսկ է: Անհնար է ուրախութեամբ ծառայել, եթէ արարքներիդ մղիչն ու շարժառիթը հեղինակաւոր դիրք գրաւելու, իշխանութեան հասնելու ցանկութիւնն է, այլ ոչ թէ` ներքին հոգեկան պահանջ», ասում էր նա: Այս մտածողութեանը խորթ Հայաստանի ղեկավարութիւնը ինչ-ինչ նպատակներից դրդուած` ջանք չէր խնայում Գարեգին Երկրորդ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսի` Ամենայն հայոց կաթողիկոսի պաշտօնում առաջադրման համար: Սակայն անելիքներն այնտեղ այնքան շատ էին, եւ անաւարտ գործեր էլ կային: Ազնիւ հոգի վեհափառին վստահեցնում էին, թէ հայաստանցիներն իր կարիքն ունեն ու սպասում են գալստեանը: Բայց վեհափառի Հայաստան գալը Բարձրեալի ծրագրերից էր, ինչը նաեւ վկայուեց մահուան տասնամեայ տարելիցի առթիւ գերապատուելի Խաժակ արք. Պարսամեանի կողմից մայր տաճարում խօսուած քարոզի կարծես թէ երկնային ազդեցութեամբ հնչեցրած մէջբերուող հատուածում. «Պատմական խառը ժամանակներում վեհափառ հայրապետը պատասխանեց Աստծոյ կանչին` գալով հովուելու իր հոտը` իբրեւ Ամենայն հայոց հայրապետ, եկաւ իր ծառայութիւնը բերելու իր ժողովրդին: Լուծը ծանր էր, սակայն յիշելով Մովսէսի պատգամը` ուղղուած Յեսուին, թէ` քա՛ջ եղիր, որովհետեւ Աստծոյ Հոգին քեզ հետ է, եկաւ լինելու քաջ հովիւ: Ներշնչուած Ս. Հոգով` շարունակեց հովուել իր հոտը, առաջնորդել դէպի Աղբիւրը Լոյսի: Համաշխարհային անձ է, համաշխարհային գիտակցութիւն եւ ներգործութիւն ունեցող անձ է Գարեգին Ա. վեհափառ հայրապետը, որը խանդավառող ուժ դարձաւ տարբեր եկեղեցիների հաւատացեալների համար»:

Հեշտ չէր վեհափառի համար աշխատել մի ժողովրդի մէջ, ով փաստօրէն միայն անունով է քրիստոնեայ, ուր իշխում է խորհրդային անաստուածութիւնը, որտեղ առօրէական է խաբելու, կողոպտելու եւ այլ հակաաստուածաշնչական դրսեւորումներ, որտեղ ամբողջ հասարակութիւնն է հաշուի նստում «գողական գաղափարախօսութեան» չգրուած կանոնների հետ: Նա պէտք է զգար, որ իր հետ որեւէ առիթով հանդիպողներից միայն քչերն են պարզ սրտով գալիս, եւ որ` իւրաքանչիւրն առաջնորդւում էր միայն իր շահով, նա պիտի տեսնէր օրէցօր բնաւորուող նիւթապաշտութիւնն ու տմարդի չտեսութիւնը: Ու ցաւով պիտի ասէր, որ` «շատ աւելի դիւրին է կառուցել այնտեղ, որտեղ ոչինչ չկայ, քան թէ վարականգնել խիստ խոցոտուած այնպիսի ժառանգութիւն, ինչպիսին Հայաստանն է»: Եւ չնայած անբարենպաստ այս պայմաններին վեհափառը կարողացաւ տանել իր իսկ բնորոշումով «ծանրացած խաչը» եւ կաթողիկոսութեան փոքր ժամկէտում մեծ գործ կատարեց. ձեռնամուխ եղաւ բնակչութեան քրիստոնէական-ազգային գիտակցութեան ձեւաւորմանը, հիմնեց քարոզչական ու կրթական հիմնարկներից, պատրաստեց երիտասարդ հոգեւորականներ, ձեւաւորեց Մայր Աթոռի կազմակերպչական կառուցուածքը, բացեց եկեղեցական թեմեր, նորոգեց ու կառուցեց տասնեակ եկեղեցիներ, հրատարակեց բազմաթիւ գրքեր, մեզ եւ աշխարհին ներկայացաւ քրիստոնէութեան ընդունման 1700 ամեակի յաւակնոտ ծրագրով, աշխարհասփիւռ հանգրուաններում հովուեց վստահուած հոտը…: Միջեկեղեցական ճանաչուած գործչի ու նրա գիտաաստուածաբանական գրչի տարիների եռանդով քրիստոնեայ եկեղեցիների համաշխարհային ընտանիքում վերջնապէս ճանաչուեց մեր եկեղեցու առաքելական ծագումն ու բնոյթը, հարթուեցին բաժանարար տարաձայնութիւններ, էապէս բարձրացաւ մեր եկեղեցու եւ ժողովրդի հեղինակութիւնը: Այդ նպատակներին միտուած վեհափառի շատ ձեռնարկումներ բախւում էին հովուական գործելաոճին խորթ ու մտահորիզոնը կնունք-թաղում ծիսակատարութեամբ սահմանափակուած տեղի հոգեւորականութեան դիմադրութեանը, չնայած հետագայում այդպիսիք պիտի հաճոյքով օգտուէին արդէն գցուած կամուրջներից:

Աստուածատուր էին մեծ մտաւորականի ունակութիւններն ու կարողութիւնները, մեծ հռետորի տարբեր լիզուներով արտասանած խօսքերը ոգեշնչում էին նոյնիսկ եկեղեցիների ու պետութիւնների առաջին դէմքերին: Յոյն ուղղափառ եկեղեցու տիեզերական պատրիարքը  երանի պիտի տար այն ժողովրդին, ով այդպիսի զաւակ ունի: Բախտաւորութիւն էր լինել նրա զրուցակիցը, ով առաջնորդւում էր իր այս խօսքերով. «Մտածէ պահ մը, որ ըսածդ խօսքերը այնպէս ըլլան, որ քեզի վերադառնան ուրիշին պատճառուած երջանկութեան խնդութեամբը»: Շատերին էր գրաւում իր արտասովոր անձը. եւրոպացի արտաքին գործերի նախարարը Թիֆլիս գործուղուելիս պիտի անշուշտ այցելեր վեհափառին Էջմիածնում, քանի որ տարիներ առաջ առիթ էր եղել մէկ անգամ շփուել նրա հետ: Զօրաւոր էր միտքն այնքանով, որ եղած մայրենին չէր բաւարարում այտայայտուելու ու տեղում ծնւում էին նոր բառեր: Արժէ յիշել հայոց լեզուն հարստացուած շուրջ 1700 բառերից բաղկացած բառարանի գոյութեան մասին: Վեհափառի անհաւատալի մտաւոր ներուժին էին գումարւում զարմանալի աշխատասիրութիւնը, հաւատքի ուժը, սէրն առ հայութիւն ու մարդկութիւն, նրա սրբակենցաղ ապրելակերպն ու անկրկնելի բարութիւնը: եւ այս բոլոր յատկանիշների ծաղկեփունջն էր պայմանաւորում նրա արտասովոր անհատականութիւնը:

Վեհափառի սիրուած բնաբանն էր` «Մարդ է, որ գործէ զերկիր», ինչը գրուած է նաեւ նրա շիրմաքարին. Աստուած ստեղծել է մարդուն, նրան է վստահել երկիրը, որպէսզի նա այնտեղ գործունէութիւն ծաւալի: Սակայն միայն Իր մտադրութեան շրջանակներում` Քրիստոսի մատնանշած ուղիով ընթանալը մեզ կարող է իրապէս երջանկացնել… հասցնել` Աստծու թագաւորութիւն: Ակներեւ է հայութեան ներգրաւուածութիւնը մարդկութեան երջանկութեան բանալի քրիստոնէութեան տարածման գործում. առաջին քրիստոնեայ պետութիւն, համաշխարհային մայրաքաղաք Երուսաղէմում մնայուն ներկայութիւն, Կիլիկիոյ  հայկական թագաւորութիւն, Բիւզանդիայի գահակալութեանը հարիւրամեակների մասնակցութիւն…: Աստուած հէնց աբրահամական այս կրօնի տարածման ու պահպանման առաքելութեան նպատակով է ընտրել մեր ազգը, եւ վեհափառը յորդորում էր այդ առաքելութիւնը շարունակել. «Եկեղեցին առաքելական է կոչւում ոչ միայն Թադէոս եւ Բարթողիմէոս առաքեալների կատարած գործերի շնորհիւ. մեր մէջ պէտք է ապրի առաքեալների ոգին, եւ մենք այն պէտք է այսօր դրսեւորենք», սովորեցնում էր նա: Բայց քրիստոնէութիւնն ուղղակի կենսական է յատկապէս մեր ժողովրդի համար, ում ազգային դիմագիծը ձեւաւորել է հէնց նա, ու հայ-քրիստոնեայ ազգութեան երկրորդ, բայց առաջնային նշանակութեան մասնիկի կորստեամբ մեր ժողովուրդը պարզապէս կը վերածուի դիմազուրկ մի զանգուածի: Եւ հէնց սա է շարունակաբար տեղի ունենում մեզանում: Վեհափառը մեզ բացայայտեց մեր ազգի մի եզակի, կարեւորագոյն առանձնայատկութիւն, որ առանց քրիստոնէական արժեհամակարգի, տկարանալով, այն պարզապէս կ՛անհետանայ եւ ընդհակառակը` կը զօրանայ` որքան աւելի մօտ լինի նրան: Արտասանելով «Փրկեա` յերեւելի եւ յաներեւոյթ թշնամւոյն» աղօթքը անտեսանելի ներքին թշնամու որոգայթներից նա մեզ զգուշացնում էր. «Տեսանելի թշնամին աչքով կը տեսնես, ինքզինքդ կը պաշտպանես եւ կրնաս խուսափիլ այն չարիքէն, որ դուրսի թշնամին կրնայ պատճառել: Ես տեսանելի թշնամիներէն շատ չեմ վախնար…: Ի՞նչ է աներեւոյթ թշնամին, եւ շատ խորունկ խօսք է: Այն թշնամին, որ մեր մէջէն կը գործէ, այն թշնամին, որ մեզ մեր քրիստոնէական հաւատքին մէջ կը տկարացնէ. այդ թշնամին է, որ ամէնէն վտանգաւորն է, որովհետեւ այդ թշնամին կը նմանի ծառի մէջէն գործող որդին, որ կ՛ուտէ աւիշը, կը չորցնէ ծառը…»:

Աւազանի անուամբ Նշան Սարգիսեանի գալուստը մութուցուրտ տարիներից եւ պատերազմից դեռ ուշքի չեկած Հայաստան` ասես երկնային իւրատեսակ մի նշան էր, որ Աստուած մեզ հետ է: Զուգադիպութեամբ կամ թերեւս` ոչ, հէնց այդ ժամանակուանից կատարուեց բեկում, երկրում նշմարուեց գործ, աշխուժութիւն, առաջացաւ յոյս, եւ եղան պահեր, որ ոմանց թուաց, թէ Աստծոյ օրէնքի ու արդարութեան սերմանման համար հող է գոյեանում: Բայց աւաղ, վեհափառի առողջականը վատթարացաւ: Անքննելի են Տիրոջ գործերը, թէ ինչո՞ւ Նա մեզանից այդքան վաղ հեռացրեց վեհափառին ու տարաւ Իր մօտ: Հաւանաբար զայրացաւ, որ վեհարանի բազմամեայ ծեր աշխատակիցը, ով նաեւ երբեմն սուրճը կաթացնում էր ներողամտօրէն ժպտացող վեհափառի ծնկներին, բարի խօսքեր չէր արտաբերում նրա հասցէին: Երեւի թէ բարկացաւ, որ ««Ջերմուկի» արտահանմամբ բարեկեցիկ ապրելու» յոյսով անկախացող բնակչութիւն-ժողովրուրդը իր իսկ բարերարին չի ճանաչում, մէջքով շրջւում դէպի նա, երբեմն էլ` դատապարտելիօրէն արտայայտւում: Ու որոշեց թողնել այդ բնակչութեանը իրենք-իրենցով… մինչեւ որ բացուեն նրանց աչքերը ու կարողանան տեսնել այն ճանապարհը, որը ցուցուեց նրանց:… Գուցէ նաեւ վեհափառն արդէն կատարեց Աստծոյ ծրագիրը, թողնելով իր հիմնաստեղծ ազդեցութիւնը, մեծ ներուժ պարունակող մտքերը, թէեւ յստակ շարադրուած, բայց վերծանման համար դեռեւս ժամանակ պահանջող նրա տողերը: Եւ դեռ հետեւորդները պիտի գան կառուցելու Հայոց Տունը վեհափառի գցած անխորտակ հիմքերի վրայ:

Վեհափառի այս աշխարհից հեռանալը նոյնպէս յատուկ էր միայն մարգարէներին, չարչարանքները ծանր էին, բայց նա քրիստոսական տոկունութեանբ հանդուրժեց դրանք. «Արտակարգ կամքի տէր անձնաւորութիւն մըն էր հանգուցեալ վեհափառը: մինչ իր հիւանդութեամբ տառապողներ անտրամադիր կ՛ըլլան ու յաճախ ենթակայ` հոգեկան փլուզման, Գարեգին կաթողիկոս Նիւ Եորք կեցութեան օրերուն երբեք չընկրկեցաւ հոգեպէս եւ չկորսնցուց իր հոգեկան անդորրը, նոյնիսկ երբ ահռելի ցաւերու մէջ էր: Մինչ իր երկրորդ վիրաբուժական գործողութիւնը, ան ամէն օր կու գար առաջնորդարան, ուր կը մնար ժամերով եւ ցաւը վրան` կ՛ունենար տեսակցութիւններ հայ եւ օտար կարեւոր դէմքերու հետ, կոնդակներ եւ նամակներ կը գրէր եւ կամ գրական աշխատանքներ կը կատարէր: Նոյնը կը շարունակէր կատարել իր բնակարանին մէջ եւս, ուր կը ջանար ամոքել իր ցաւերը` ապաւինելով գրչի աշխատանքին», պատմում է սրբազան հայրը, ով այն օրերին վեհափառի կողքին էր:

Օգոստոսի 27-ը երանաշնորհ վեհափառի ծննդեան օրն է, եւս մէկ առիթ` հնչեցնելու երախտիքի բարի խօսքեր, վերյիշելու ու վերարժեւորելու նրա բարեբեր խօսքն ու գործը: Իսկ յաջորդ տարի պէտք է նշել Մեծ հայի ծննդեան ութսունամեայ տարեդարձը:

Արժանին մատուցենք մեր արժանագոյններին, որպէսզի մեր կեանքը եւս արժեւորուի եւ արձանագրուի առաջընթաց:

ԱՇՈՏ ՎԱՒԵԱՆ

Երեւան

Share this Article
CATEGORIES