ԵՒՐՕ-2012. ԱՅՍՕՐ` ԱՆՏՈՐՐԱ-ՀԱՅԱՍՏԱՆ
Երէկ` հինգշաբթի, 1 սեպտեմբերին, Հայաստանի ֆութպոլի ազգային եւ երիտասարդներու հաւաքականները մեկնեցան Պարսելոնա (Սպանիա), ուրկէ օթոպիւսով ժամանեցին Անտորրայի մայրաքաղաք` Անտորրա լա Վելլա:
Թէեւ ազգային հաւաքականին հետ Անտորրա մեկնեցաւ Ռոպերթ Արզումանեան, սակայն ան իր մասնակցութիւնը պիտի չկարենայ բերել տեղի ունենալիք մրցումներուն:
Հայաստանի ազգային հաւաքականը (21 մարզիկ) պիտի իջեւանէ «Անտորրա-Փարք» պանդոկին մէջ, իսկ երիտասարդներու հաւաքականը (18 մարզիկ)` «Քրաուն Փլազա» պանդոկին մէջ:
Վաղը մրցում ունի կատարելիք Հայաստանի երիտասարդներուն հաւաքականը: 4 սեպտեմբերին հայկական պատուիրակութիւնը կը մեկնի Սլովաքիա, ուր Եւրօ-2012-ի ֆութպոլի զտումի մրցաշարքին գծով այլ մրցում մը ունի կատարելիք:
Ինչ կը վերաբերի այսօր` ուրբաթ, 2 սեպտեմբերին տեղի ունենալիք Անտորրա-Հայաստան Եւրօ-2012-ի զտումի մրցաշարքին, մրցումը պիտի սկսի ժամը 19:00-ին` Պէյրութի ժամանակացոյցով:
Հայրենի կազմը, որ երթին իր դաշտին վրայ 4-0 արդիւնքով պարտութեան մատնեց իր մրցակիցը, իր ամէն կարելին պիտի ընէ, որպէսզի բարելաւէ իր դիրքը ընդհանուր դասաւորման մէջ: Այժմ Հայաստան Բ. խմբակին մէջ 8 կէտով կը գրաւէ 4-րդ դիրքը: Առաջին երեք դիրքերը գրաւող խումբերը ունին 13-ական կէտ:
Ասիկա նկատի ունենալով եւ աւարտական հանգրուանի մրցումներուն հասնելու գծով յոյս ունենալու համար, հայրենի կազմը այսօր պէտք է առաւելագոյն երեք կէտ խլէ իր մրցակիցէն:
Նշենք, որ Հայաստանի պատուիրակութեան մաս կը կազմեն նաեւ Հայաստանի ֆութպոլի ֆետերասիոնի փոխնախագահ Աշոտ Մանուկեան եւ ֆետերասիոնի անդամ Կարէն Յարութիւնեան:
Նշենք, որ Բ. խմբակին դասաւորումը այժմ կը ներկայացնէ հետեւեալ պատկերը.
Յ. | Հ. | Պ. | Նշ. | Ստ. | Կէտ | |
1.- Այիր | 4 | 1 | 1 | 11 | 6 | 13 |
2.- Ռուսիա | 4 | 1 | 1 | 9 | 4 | 13 |
3.- Սլովաքիա | 4 | 1 | 1 | 6 | 4 | 13 |
4.- ՀԱՅԱՍՏԱՆ | 2 | 2 | 2 | 10 | 7 | 8 |
5.- Մակեդոնիա | 1 | 1 | 4 | 5 | 8 | 4 |
6.- Անտորրա | 0 | 0 | 6 | 1 | 13 | 0 |
———————