ԱՅՆՃԱՐԸ, «ՀԱՅԿԱԶՈՒՆՔ»Ն ՈՒ ԱՆԿԱԽՈՒԹԻՒՆԸ

ՄԱՐԻՆԷ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ

Հայաստանի Հանրապետութեան անկախութեան տօնի նախորդող գիշերը լիբանանահայ գործընկերներիս հետ հաւաքուել էինք արաբական ճաշարանում: Ժամը ուղիղ 12:00-ին  ոտքի կանգնեցինք: Թւում էր` այդ պահին  բոլորիս յուզմունքը միանման էր, եւ, կարծես, իւրաքանչիւրս էլ գիտէր, թէ ով ինչի մասին է մտածում: Յաջորդ առաւօտեան Անթիլիասի կաթողիկոսարանի հիւրերի համար նախատեսուած սենեակներից մէկում դիտում էինք զօրահանդէսը: Նախորդ գիշերուայ անբացատրելի զգացողութիւններս սկսել էին աւելի ուժգին մենամարտել իմ դէմ, իսկ ականջներումս խշշոցի պէս հնչում էին ազգային արժէքներից հեռու, բայց եւ դրանց անհրաժեշտութեան մասին յաւերժ դատարկաբանողների խօսքերը, որոնք, պատերազմից հազարաւոր քիլոմեթրեր հեռու լինելով, կարող են թմբկահարել խաղաղութեան կամ հայրենասիրութեան  մասին: Մինչդեռ խաղաղութիւնը  արժեւորում է նա, ով վերապրել է պատերազմը… Իսկ տարօրինակ կերպով  ճնշող զգացողութիւններս էլ աւելի յստակ էին դարձնում սեպտեմբերի 21-ի խորհուրդը կամ անուանէք ինչպէս կ՛ուզէք (յոգնել եմ մաշուածութիւն ունեցող բառերից)… Կարճ ասած` միայն օրուայ աւարտին հասկացայ,  որ  անկախութիւնը ներքին մի ուժ է, որի գոյութիւնը զգում եւ ամուր պահելու ցանկութիւն ունենում  ես հայրենիքի սահմաններից դուրս… Իսկ օրն այդքանով չամփոփուեց… Այնճարի «Ս. Զէյթլեան» կենտրոնի բակում տեղին ունեցաւ «Հայկազունք» համոյթի, Հայաստանի վաստակաւոր արուեստագէտ Ռուբէն Սահակեանի համերգը (վերջինիս այցելութիւնը հովանաւորել էր սփիւռքի նախարարութիւնը):

ՄԻ ՀԱՄԵՐԳԻ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

Դեռեւս ապրիլի 1-ին` Այնթապի հերոսամարտի օրը պատահաբար հանդիպեցինք «Փիւնիկ» հիմնադրամի նախագահ Գաբրիէլ Չեմպերճեանին: Մեր զրոյցի ընթացքում կրկին պատահաբար տեսանք Գուսան Հայկազունին: Լիբանանում «Հայկազունք» համոյթի համերգի կազմակերպիչ  Գաբրիէլ Փանոսեանը, Գուսանի հետ զրոյցն ընդհատելով, յանկարծ դարձաւ դէպի Գ. Չեմպերճեանը` վերջինիս ծանօթացնելով Գուսանի հետ: Փաստացի այդ պատահական հանդիպումը դարձաւ, այսպէս ասած` ճակատագրական: Գ. Չեմպերճեանն իրեն յատուկ պատրաստակամութեամբ միանգամից յանձն առաւ հովանաւորել  համոյթի անդամների օդանաւի տոմսերը: Ամիսներ անց, երբ ինքս էլ արդէն մոռացել էի այդ պայմանաւորուածութեան մասին, լսեցի, որ Գուսան Հայկազունի համոյթը պատրաստւում է համերգներ ունենալ Լիբանանում: Այդ ընթացքում ինքս էլ ստացայ հրաւէր` համոյթի հետ Լիբանան գալու: Ինչեւէ, սեպտեմբերի 18-ին ժամանեցինք Պէյրութ: «Առաջին անգամ եմ Պէյրութում: Հրաշալի երկիր է, հաւանեցի թէ՛ լիբանանցիներին, թէ՛ լիբանանահայերին: Ի հարկէ, առաջին անգամ չէ, որ լսել ենք լիբանանահայերի կազմակերպուած եւ ուժեղ լինելու մասին: Մեզ շատ լաւ դիմաւորեցին: Կարծում եմ` այս համերգը վաղուց սպասուած համերգ էր: Շատ երգիչ-երգչուհիներ կատարել են իմ երգերը, շատերը ծափահարել են իմ երգերին, բայց այսօր այդ երգերը կը հնչեն հեղինակի կողմից», նշեց Գուսան Հայկազունը` շարունակելով. «Այստեղ բոլորն ուրախանում եւ հպարտանում են, երբ իմանում են, որ «Գետաշէն»ի հեղինակն է եկել: Իմ երգերը շատ են սիրել, եւ կարծում եմ` ինձ էլ կը սիրեն: Օրեր առաջ լիբանանահայ երեխաներից մէկը, իմանալով, որ «Գետաշէն»ի հեղինակը ես եմ, անմիջապէս բարձրացաւ եւ ողջագուրուեց ինձ հետ»: Լիբանանահայերի ջերմ ընդունելութիւնից տպաւորուել էին նաեւ համոյթի անդամները: «Տպաւորուած եմ, թէ մեր հայրենակիցները ինչքան մեծ հայանպաստ եւ հայրենանուէր գործ են անում: Ուրախ եմ դրա համար», նկատեց «Ակունք» ազգագրական համոյթի մենակատար Արեգ Միքայէլեանը: «Շուրջ երկու տարի է, ինչ ցանկանում էին Գուսանի համերգները կազմակերպել Լիբանանում եւ Սուրիայում, սակայն նիւթական խնդիրների պատճառով չէր ստացւում: Բարեբախտաբար, Այնթապի հերոսամարտի օրը մենք հանդիպեցինք Գ. Չեմպերճեանին, ով, ինչպէս միշտ, պատրաստակամօրէն ընդունեց մեր առաջարկը: Մեր ուրախութիւնը գագաթնակէտին հասաւ», ասաց համերգի կազմակերպիչ Գաբրիէլ Փանոսեանը` ընդգծելով. «Երբ Լիբանանում լսեցին, որ Գուսանը գալու է Լիբանան, մարդկանց ուրախութիւնն անսահման էր, քանի որ Գուսանի երգերի միջոցով ծանօթ էին նրան: Շատ ուրախ ենք, որ այսօր այստեղ ենք»:  Իսկ սեպտեմբերի 21-ին Այնճարում «Գետաշէն», «Վեր կաց, Շահէն», «Պատերազմ ենք գնում», «Հայեր միացէք» երգերի հեղինակը վերջապէս հանդիպեց այն մարդկանց, ովքեր շուրջ երկու տասնամեակ ապրել եւ ոգեշնչուել են այդ երգերով: Համեստ, փոքր մարմնում հսկայ հոգի կրող Գուսանը աներեւոյթ յուզմունք էր առաջացրել սրահում: Նրա հետ հաղորդակցուելիս աւելի խորն ես հասկանում այդ երգերի ծննդի իմաստը: Եւ կարծես իւրաքանչիւր երգի հետ նա առերեւոյթ վերապրում էր այն բոլոր հանգամանքները, որոնք առիթ դարձան երգերի ծննդի համար: «Գետաշէն» երգը փրկել է 43 երեխայի կեանք: Այս մասին հանդիսականին պատմեց Գուսանը, երբ պատերազմի ռմբակոծութեան ժամանակ միայն այդ երգը լսելուց խիտ թփուտներից դուրս է գալիս մի փողանի հրացանով 80-ամեայ մի ծերունի, ում ետեւից` 43 որբ ու մերկ երեխաներ: Իսկ թէ քանի մարդու հոգի են փրկել Գուսանի երգերը, թերեւս, դժուար է ասել:

«Գիտե՞ս, համերգի ժամանակ ամէնքը սառել էին: Ինչո՞ւ… Յուզւում էին, մարդիկ յուզմունքից քարացել էին: Այսքան ժամանակ դեռ չէր եղել այնպիսի դէպք, երբ համերգի սկզբից մինչեւ վերջ մարդիկ ներկայ գտնուէին», ասաց այնճարցիներից մէկը` յաւելելով. «Ճիշդն ասած, մի պահ չդիմացայ` դուրս եկայ, այլապէս կը յուզուէի բոլորի աչքի առաջ»… Եւ հէնց այս դէպքերում է, որ սկսում ես հասկանալ հերոսական ժողովրդի ուժն ու թաքնուած զգացմունքայնութիւնը…

Երեւան-Պէյրութ
Յատուկ «Ազդակ»ի համար

Share this Article
CATEGORIES