ԻՆՔՆՈՐՈՇՈՒՄԻՑ ԴԷՊԻ ՃԱՆԱՉՈՒՄ. ՀԱՐԱՒԱՅԻՆ ՍՈՒՏԱՆԻՑ ՅԵՏՈՅ ԵՒ ՊԱՂԵՍՏԻՆԻՑ ԱՌԱՋ
Նիւ Եորքում աւարտուեցին ՄԱԿ-ի Ընդհանուր ժողովի 66-րդ նստաշրջանի` կազմակերպութեան անդամ պետութիւնների ներկայացուցիչների` նախագահների, վարչապետների եւ արտաքին գործերի նախարարների ելոյթները, որոնք այլ կերպ անուանւում են` ընդհանուր քննարկումներ: Հայաստանը ներկայացել էր ամենաբարձր` նախագահի մակարդակով: Ընդ որում, ուշագրաւ էր այն, որ Սերժ Սարգսեանը ելոյթ ունեցաւ Հարաւային Սուտանի նախագահից յետոյ եւ Պաղեստինի ինքնավարութեան առաջնորդից առաջ: Պատահականութի՞ւն էր սա, թէ՞ ոչ, դժուար է ասել միանշանակ:
Հարաւային Սուտանը ՄԱԿ-ի նորագոյն` 193-րդ անդամն է: Այդ երկիրը իր անկախութիւնը նուաճել է այս տարի` հանրաքուէի արդիւնքում: Հանրաքուէն ղարաբաղեան կարգաւորման` Մատրիտեան փաստաթղթի առանցքն է: Հայաստանի իշխանութիւններն ընդգծում են, որ ինչպէս Հարաւային Սուտանը, այնպէս էլ Լեռնային Ղարաբաղը, պէտք է միջազգայնօրէն իր անկախութիւնը ստանայ հէնց հանրաքուէի ճանապարհով:
ՄԱԿ-ի ընդհանուր քննարկումների ուշադրութեան կենտրոնում Պաղեստինն էր եւ նրա առաջնորդ Մահմուտ Ապպասը, ով ելոյթ ունեցաւ հէնց Հայաստանի նախագահից յետոյ: Պաղեստինը, որ պիտի միջազգայնօրէն իր անկախութիւնը ստանար դեռ մօտ վեց տասնամեակ առաջ, դեռեւս լիովին ճանաչուած չէ, իսկ ՄԱԿ-ում ունի ոչ լիիրաւ անդամի կարգավիճակ: Պաղեստինը ճանաչել են ՄԱԿ-ի անդամ աւելի քան հարիւր երկրներ, սակայն չեն ճանաչել մոլորակի հզօրագոյն պետութիւնները` Միացեալ Նահանգները, Եւրոպական Միութեան առաջատար անդամները, Իսրայէլը: Նախագահ Պարաք Օպաման յայտարարել է, որ եթէ Պաղեստինի ճանաչման հարցը քուէարկութեան դրուի Ապահովութեան խորհրդում, ապա Միացեալ Նահանգներն օգտուելու են վեթոյի իրենց իրաւունքից: Պաղեստինը կարող է ճանաչուել եւ դառնալ ՄԱԿ-ի լիիրաւ անդամ, եթէ Ապահովութեան խորհրդի 15 անդամներից 9-ը, այդ թւում` մշտական հինգ անդամները պարտադիր, կողմ արտայայտուեն:
ՄԱԿ-ի Ընդհանուր ժողովի 66-րդ նստաշրջանի աշխատանքները դեռ կը շարունակուեն ամիսներ: Դրանց անդրադառնալու առիթներ կ՛ունենաք, քանի որ ուղղակի կամ անուղղակի քննարկուելու են հարցեր, որոնք վերաբերելու են Հայաստանին, Արցախին եւ կովկասեան տարածաշրջանի «սառեցուած» հակամարտութիւններին:
ՄԱԿ-ի ընդհանուր քննարկումներում Թուրքիայի վարչապետ Ռեճեփ Թայիփ Էրտողանն ու Ազրպէյճանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամետեարովը քննադատեցին Հայաստանին: Էրտողանը ընդգծեց, որ ղարաբաղեան հակամարտութեան ներկայիս չկարգաւորուած վիճակն այլեւս անընդունելի է. «Տարիներ շարունակ ազրպէյճանական հողերը ապօրինի բռնագրաւման տակ են, ինչին պէտք է վերջ տրուի»:
Ազրպէյճանի արտաքին գործերի նախարարն իր ելոյթի մեծագոյն մասը, ինչպէս եւ սպասւում էր, նուիրեց Հայաստանի հասցէին քննադատութեանը` հերթական անգամ կրկնելով, թէ Հայաստանը գրաւել է իր տարածքի գրեթէ 20 տոկոսը, եւ որ այդ պատճառով մէկ միլիոն փախստականներ ու ներքին տեղահանուածներ չեն կարողանում վերադառնալ իրենց տները: Սակայն զարմանալին եղել է Էլմար Մամետեարովի ելոյթի այն հատուածը, երբ նա մեղադրել է, թէ իբր սեփական ժողովրդին խաղաղութեան եւ հարեւանների հետ համագործակցութեան ու բարեկամութեան նախապատրաստելու փոխարէն` Հայաստանի ղեկավարութիւնը շարունակում է ապագայ սերունդներին նախապատրաստել նոր պատերազմի:
Հայաստանի նախագահը ելոյթ ունեցաւ Թուրքիայի վարչապետից յետոյ եւ Ազրպէյճանի արտաքին գործերի նախարարից առաջ: Սերժ Սարգսեանը քննադատեց Հայաստանի հանդէպ Թուրքիայի թշնամական քաղաքականութիւնը, իսկ ղարաբաղեան կարգաւորմանն անդրադառնալով` ընդգծեց ազգերի ինքնորոշման իրաւունքի գերակայութիւնը:»
Նախագահ Սարգսեանն իր ելոյթը սկսեց Հարաւային Սուտանի հանրապետութեանը ուղղուած շնորհաւորանքով: «Հարաւային Սուտանի ժողովուրդն ազատ կամարտայայտութեամբ իրականացրեց ազատ ու անկախ ապրելու իր իրաւունքը` անցնելով այն ճանապարհով, որով անցել են այս դահլիճում ներկայ` ՄԱԿ-ի բազմաթիւ անդամ-պետութիւններ», յայտարարեց Հայաստանի ղեկավարը եւ շարունակեց. «Միեւնոյն ընտրութիւնը երկու տասնամեակ առաջ կատարել է նաեւ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը` իրականացնելով ինքնորոշման իր իրաւունքը, դիմակայելով Ազրպէյճանի կողմից սանձազերծուած պատերազմին եւ արեան գնով նուաճելով իր ազատ ապրելու իրաւունքը»:
Նախագահ Սարգսեանը յայտարարեց, որ` «փոխհամաձայնութեան հասնելու Ազրպէյճանի ցանկութեան բացակայութիւնը, նրա որդեգրած «ամէն ինչ կամ պատերազմ» կեցուածքը թոյլ չեն տալիս առաջընթաց արձանագրել ղարաբաղեան բանակցութիւններում»: «Պաքուն հայատեացութիւնը դարձրել է պետական քարոզչութիւն», ասաց Սարգսեանը:
Նախագահ Սարգսեանի ելոյթի շեշտադրումները հիմնականում ճիշդ էին եւ տեղին, խնդիրները եւ դրանց լուծման հասնելու ճանապարհները` նոյնպէս: Սակայն արդէն ժամանակն է, որպէսզի նման բարձր ամպիոններն օգտագործուեն` ինքնորոշման իրաւունքի յայտարարութիւններից անցում կատարելու դէպի Արցախի միջազգային ճանաչման մասին յայտարարութիւններ: Երբ խօսում ենք ինքնորոշման իրաւունքի եւ Ազրպէյճանի կողմից բանակցութիւնները ձախողելու փորձերի մասին, ապա ժամանակն է, որպէսզի օրակարգ բերուի Արցախի միջազգային ճանաչման խնդիրը: Եթէ նախագահ Սարգսեանը ՄԱԿ-ի իր ելոյթում շեշտադրէր Արցախի միջազգային ճանաչման առաջնահերթութիւնը, ապա դա համահունչ կը լինէր օրուայ մթնոլորտին: Հայաստանի նախագահից առաջ ելոյթ էր ունեցել Հարաւային Սուտանի առաջնորդը, իսկ անմիջապէս յետոյ` Պաղեստինի ղեկավարը:
ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ
Յատուկ «Ազդակ»ի համար

