ԸՍՏ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾՈՑ ՆԱԽԱՐԱՐՈՒԹԵԱՆ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒ ԸՆՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՀՈԼՈՎՈՅԹԻ ՅԱՋՈՂ ԴՐՍԵՒՈՐՈՒՄՆ ԷԻՆ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան արտաքին գործոց նախարարութիւնը յայտարարութիւն մը տարածած է` Լեռնային Ղարաբաղի մէջ տեղական ինքնակառավարման մարմիններու ընտրութիւններուն վերաբերեալ Ազրպէյճանի կողմէ վերջին նախաձեռնութիւններուն եւ Պաքուի արձագանգին առնչութեամբ:

Յայտարարութեան մէջ մասնաւորապէս կ՛ըսուի.

«Սեպտեմբերի 18-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնում անցկացուած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրութիւնները հանդիսացել են ժողովրդավարական գործընթացի հերթական յաջող դրսեւորումը: Լեռնային Ղարաբաղի քաղաքացիները օգտուել են ազատ ընտրութեան` աշխարհի բոլոր ժողովուրդների անօտարելի իրաւունքից: Այս համաթեքսթում մենք դիտարկում ենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնում ժողովրդավարական գործընթացների ցանկացած քննադատութիւն` չհիմնաւորուած եւ միջազգային յարաբերութիւնների զարգացման ժամանակակից միտումներին չհամապատասխանող:

«Բացի դրանից, արտաքին գործերի նախարարութիւնը տեղին է համարում Ազրպէյճանին յիշեցնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին ժողովրդավարական զարգացման եւ քաղաքացիական հասարակութեան ամրապնդման իրաւունքից զրկելու փորձերի դատապարտուածութեան մասին եւ միաժամանակ` մտահոգութիւն է յայտնում հարեւան հանրապետութիւնում նոյնատիպ գործընթացների բացակայութեամբ:

«Նախարարութիւնը նաեւ դիմում է միջազգային հանրութեանը` կոչ անելով կառուցողական եւ հետեւողական վերաբերմունք դրսեւորել Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնում բոլոր գործընթացների նկատմամբ, որոնք նպաստում են Հարաւային Կովկասում բաց եւ ժողովրդավարական հասարակութեան ձեւաւորմանը»:

 

 

 

Share this Article
CATEGORIES