«ԿԵԱՆՔԸ ԳԵՂԵՑԻԿ Է: ՆԿԱՏԵԼ Է ՊԷՏՔ»

ՄԱՐԻՆԷ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ

Գերիրապաշտութիւն-տպաւորապաշտութիւն «ջրբաժանն» այլեւս անտեսանելի է ամերիկահայ նկարիչ Ֆիլիփ Յակոբեանի գործերում: Ֆիլիփի գործերին, անկեղծ ասած, ծանօթ չէի` մինչ նրա երեւանեան ցուցահանդէսը: Շաբաթներ առաջ Երեւանում գործող Մոսկուայի տան սրահում կազմակերպուեց ամերիկահայ նկարչի ցուցահանդէսը: Նրան հանդիպեցի միայն ցուցահանդէսի վերջին օրը:  Նա խօսում է անգլերէն, այնինչ նրա գործերը`  հայերէն: Ասում է` ընտանիքում միշտ խօսել են անգլերէնով: Նրա մեծ հայրը հայ գաղթականներից է, ով Միացեալ Նահանգներում հաստատուեց 1913թ: Ծնողները մահացան, երբ դեռ Ֆիլիփը շատ փոքր էր: Ծնողների կորստից յետոյ երեխաները կորցրեցին նաեւ լեզուն: «Մինչեւ եկաւ կինս` Նայիրան, ում հետ զարմանալիօրէն սկսեցի արեւմտեան հայերէնով խօսել»: Արմատներով խարբերդցի նկարչի գործերում հայի ազգային դիմագիծն է: Հարցնում եմ նրան, թէ արդեօ՞ք դա տարօրինակ չէ: «Դա պայմանաւորուած է ծիներով», մեղմ ժպտում է ու հայեացքը յառում դէպի ցուցասրահի հեռաւոր կէտերը: Լուսաւոր սրահի պատերից խորաթափանց, ասես, ինչ-որ  կարեւոր բան ասելու համար հաւաքուել էին հայերը` բակի տաղաւարներում հաւաքուած տղամարդիկ, ովքեր նարտի էին խաղում, գորգի մօտ նստած տղամարդը, ով մտախոհ ու մանրազննին նայում է դիտողին, Գեղարդն` իր բացառիկ հմայքով, եւ նոյնիսկ` Նազիկի հաւերը: Այսօրուայ հայաստանեան իրականութիւնը ներս էր մտել ցուցասրահ: Ու թւում էր` իւրաքանչիւր դրուագն ու պատկերն իրենք են ընտրել համապատասխան շրջանակ: Այն պարզապէս հովուերգական մի օփերայի է վերածւում, որտեղ սկսում են խորհել` երգելով: Ֆիլիփ Յակոբեանի գոյները տաք են, ինչպէս` հայի արիւնը: Առաջին հայեացքից հասկանում ես, որ նկարիչը ներշնչուել է նաեւ սարեանական գոյներով: Պարզապէս անհաւանական է այն, որ տարիներ շարունակ Հայաստանից ու հայերից հեռու հայը կարող է իր զգացմունքների աննախադէպ արտապատկերն անել: Երկու տարի առաջ Ֆիլիփն իր հայ կնոջ` Նայիրայի հետ հաստատուեց Հայաստանում: Ասում է` Հայաստան գալը մեծ դեր խաղաց նաեւ իր ստեղծագործական տիափազոնի վրայ: «Այստեղ ահռելի քանակութեամբ տաղանդներ կան: Հայաստանն ազդեց նաեւ իմ ստեղծագործութիւնների վրայ: Տեղի մշակոյթն ու մարդիկ խորապէս ներազդեցին ինձ վրայ: Փոխուեց իմ ստեղծագործութիւնների թեման: Այն, ինչ տեսայ այստեղ, բնութիւնն էր: Մարդիկ ու բնութիւնը տարբեր են: Այստեղ նկարչութիւնն որոշակի գեղեցկութիւն ունի, եւ շատ կարեւոր է, որ նկարիչը պատկերի այն, ինչ զգում է, եւ ոչ թէ կրկնօրինակի ինչ-որ մէկին», ասում է նկարիչը: Իրականում այն, ինչի մասին նա խօսում է, կարելի է ենթադրել անմիջապէս նրա գործերից: Կեանքի իւրաքանչիւր պատկերն այնպիսի գեղեցկութեամբ է պատկերուած, որ մի պահ կագնում ես, հարցական նայում պատուհանից դուրս ու հարցնում` «Կեանքն իսկապէս գեղեցիկ է»: Այս խօսքերը հաստատում են շրջանակներում պահուած պատկերները` խաղողի վազի տակ կանգնած աղջիկը, ում մազերը քամին փաղաքուշ ալեկոծում է, գորգ լուացող կանայք, ովքեր  այնպիսի բնական վիճակով են օճառում, խոզանակում գորգը, որ նոյնիսկ մտածում ես,  մասնակից ես դարձել գորգալուացմանը: «Պէտք չէ ուշադրութիւն դարձնել շուկային կամ ենթարկուել դրա կանոններին: Պէտք է ստեղծել այն, ինչից ներազդւում ես», նկատում է ամերիկահայ ու այսօր արդէն հայաստանից նկարիչը: «Ես երկար կարող եմ պատմել Հայաստանից ստացած ազդեցութիւնների մասին: Ինձ համար ապշեցուցիչ էին գոյները: Այնտեղից, որտեղից ես եկայ, բնութիւնը տարբեր էր, գոյները փոխուեցին: Այս ժամանակաշրջանը բեւեռուած է Սարեանով: Սարեանական գոյները փոխեցին Հայաստանը, բայց, ի հարկէ, մինչ սարեանական գոյները հայ արուեստի պատմութեան մէջ կային այնպիսի բարձրորակ ու տաղանդաւոր նկարիչներ, ինչպիսիք են` Եղիշէ Թադեւոսեանը, Փանոս Թերլեմեզեանը, Բաշինջաղեանը, Սուրէնեանցը  եւ այլք: Անունները բաւական շատ են: Նրանք ստեղծեցին հայկական հրաշալի բնաշխարհի գոյները: Նրանք բոլորն էլ, նկարում էին իրենց ներքին ըմբռնմամբ: Այդպէս անում էր նաեւ Սարեանը մինչ անցնելը աւելի վառ գոյների շրջան», պատմում է զրուցակիցս: Հայաստան գալը փոխուեց նաեւ Ֆիլիփի գեղանկարչական ուղղութիւնը: Ամերիկեան գերիրապաշութիւնից նա անցաւ հայկական տպաւորապաշտութիւն: Հսկայ մեքենաներին փոխարինեցին պարզ, ազնիւ ու աշխատասէր մարդիկ: Գորշութեանը փոխարինեցին ծիրանագոյնն ու  կարմիրը: Առաջին գիծ եկաւ մարդը` իր ողջ ներկապնակով: «Բոլորը պայքարում են, որ ապրեն: Այսօր շուկան թելադրում է, որ աշխատանքները լինեն ոչ այնքան ուղերձներ պարունակող, ասելիք ունեցող, այլ աշխատանքներ, որոնք հաճելի են տանը եւ աւելի դրական լիցքեր են հաղորդում: Իմ գերիրապաշտական աշխատանքների վրայ դա ազդեց ոչ ուղղակի: Ինձ համար կարեւոր խնդիր էր մարդկանց ճշմարտութեանն ասել ոչ թէ ուղղակի, այլ` խաղի տեսքով: Իսկ հիմա ես փորձում եմ մարդկանց զուարճացնելով` իմ խօսքն ասել նրանց», նշում է Ֆ. Յակոբեանը: Նրա կտաւները նաեւ պոէտիկ են, քնարերգութեամբ լի: Ասում է` մենք` մարդիկ, այս աշխարհում ապրում ենք չափազանց մշտազբաղ: Դա է պատճառը, որ յաճախ չենք նկատում այն աննկատելի գեղեցիկը, որ առկայ է մեր կողքին: «Տպաւորապաշտական աշխատանքներում  այդ պահերն եմ յիշեցնում մարդկանց, վերապրելու հնարաւորութիւն տալով նրանց: Մեր կեանքում, մեր կողքին այնքան շատ է գեղեցկութիւնը, որ չենք նկատում», ընդգծում է նկարիչը: «Իսկ ինչու՞ չենք նկատում», հարցրեցի նրան: «Լաւ հարց է: Հէնց այդ մասին ես խօսում եմ իմ գերիրապաշտական աշխատանքներում: Կարծում եմ` նախ եւ առաջ մարդիկ պէտք է նկատեն քաղաքակրթութեան չարիքն ու բարիքը: Եւ մշտապէս պէտք է գնահատել արժէքաւոր րոպէները, որոնք անցնում են: Աշխարհն այսօր անցնում է թեքնօ-արտադրութեան ժամանակաշրջան: Ամէն բան վերածուել է առեւտուրի, մարդիկ վազքի մէջ են, մտածում են այդ ուղղութեամբ: Մենք մոռանում ենք այն կարեւորագոյն պահը, որ մենք շատ կարճ ժամկէտով այցելել ենք այստեղ եւ կրկին ետ ենք գնալու: Իսկ դա ժամանակն է», ասում է նկարիչը` քիչ անց ուղեկցելով դէպի կտաւները: Ֆիլիփն իրեն իւրայատուկ մարդասիրութեամբ բարեւում էր սրահ ներս մտնող այցելուներին: Վերջիներիս հետ անմիջապէս ստեղծում էր հաղորդակցութեան դաշտ: Մարդիկ կանգ էին առնում կտաւների առջեւ, երկար նայում, յետոյ շրջւում դէպի նկարիչն ու հարցեր ուղղում: Իրականում, Ֆիլիփ Յակոբեանի ստեղծագործական տիափազոնը բաւական լայն է: Մտածողութիւնը` ինքնատիպ: «Եթէ աւազը խօսել իմանար» կտաւում պատկերուած է Տէր Զօրի անապատն ու մարդկանց գլխիկոր շարժը: Կտաւի երկու կողմերին` միմեանց զուգահեռ մեր պատմութիւնն է` քրիստոնէութիւնը, Վանի թագաւորութեան  Արգիշտի թագաւորը: Այս ամէնը դառնում է աւազ, որը, ըստ նկարչի, ժամանակն է: Իսկ այդ աւազի, այսինքն` ժամանակի, ուղեգծերով քայլում են մարդիկ: Այս կտաւի անմիջապէս հարեւանութեամբ պատկերուած են հայ կինն ու նրա զաւակը: Կինը բռնել էր հրացանը եւ պայքարելու մարտահրաւէրով նայում է ուղիղ: Որդու համար տեսարանը, կարծես, խիստ բնական էր, այնպէս, ասես, մօր ձեռքում ոչ թէ հրացան, այլ գրտնակ լինի: «Նրանց համար, ում սիրում ենք», այսպէս է վերնագրուած այս կտաւը, որը հայուհու կերպարում խտացնում է մի ամբողջ յղացք կեանքում պայքարել կեանքի, հարազատների ապրելու իրաւունքի համար: Իսկ այդ պայքարը ոչ թէ նուաճողական է, այլ մաքուր ու ազնիւ, անգամ` անհրաժեշտ: Յաջորդող կտաւի հիմքում  արդէն որոշակի ողբերգութիւն է` սեպտմբերի 11-ին կատարուած դէպքերը Միացեալ Նահանգներում: Կտաւում պատկերւում է մէկը, ով իր հսկայ ստուերի հետ կռիւ է տալիս: Այստեղ նաեւ Միջին Արեւելքն է, Խորհրդային Միութիւնը եւ այլն: Իսկ կտաւի անմիջապէս ներքեւի հատուածում առանձին եւ միաժամանակ վերոնշեալ ողբերգութիւնից բխող իրականութիւն է ներկայացնում: Պատկերուած երկու վիշապները խորհրդանշւում են նախկին քաղաքակրթութիւնները, որոնց վերացման պատճառը նաւթն էր: Եւ նաւթի վրայ կայսրութիւններ են կառուցուել: Թւում` մարդկութիւնն առաջ է շարժւում, բայց նաւթի համար մղուող պայքարը յանգեցնում է վիշապների պատմութեանը: Կտաւը «Ինքն իր հետ մարտնչող բռնցքամարտիկն» է: Քաղաքական եւ աստուածաշնչեան պատմութիւններն իրար լրացնելով խօսում են նկարչի մտահոգութիւնների ու վախերի մասին: Օրինակ, «Պատրաստ ենք յաջորդին»  կտաւում տեսնում ենք հեղինակի խորհրդածութիւնը Տիգրիս եւ Եփրատ գետերի Արածանիում կատարուածի մասին: Ադամի եւ Եւայի պատմութիւնն է կրկնւում, սակայն այս անգամ` մարդկանց եղափոխական զարգացմամբ: Կտաւում քարանձաւաբնակ մարդիկ վազում են չքնաղ եղջերուին հասնելու, դրան զուգահեռ` տեսնում ենք կրկին մարդկանց խումբ, որը վազում է դրամներով լի մի ճամպրուկի ետեւից, իսկ ճամպրուկն ամուր բռնած վազում է փողկապով ու համակարգչով մարդը: Թւում է` որեւէ բան չի փոխուել քարանձաւից դուրս գալուց յետոյ: Իսկ ճակատագրական պահին յանկարծ վրայ է հասնում մի ձեռք, որը նուռ է տալիս: Դա նոր բանականութիւնն է, որը մեզ հնարաւորութիւն է  տալիս յաղթահարել մեր մոլորութիւնները: Մինչդեռ կտաւներից մէկում դիտողի ուղիղ աչքերին է նայում հէնց ինքը հեղինակը` Ֆիլիփ Յակոբեանը: Դա նրա դիմանկարն է, որտեղ մարդիկ կտաւի վրայ տեղադրուած հայելու շնորհիւ  տեսնում են նաեւ իրենց: «Մենք կարող ենք գոյատեւել միայն այն դէպքում, երբ մեր կողքի մարդու մէջ տեսնենք ինքներս մեզ, երբ մարդուն ու նրան շրջապատող անձնաց միջեւ այլեւս տարածութիւն չլինի: Իսկ տարածութեան դէպքում  մենք տեսնում են տարբերութիւններ, եւ դա է պատճառը, որ մարդիկ յաճախ չարակամ են դառնում: Դա է վկայում աստուածաշնչեան ոսկէ կանոնը…», աւելացնում է նկարիչը… Իսկ ցուցասրահում մարդիկ դեռ ելումուտ էին անում` հիանում, զարմանում ու մի տեսակ թեթեւացած դուրս գալիս այնտեղից…

Յատուկ «Ազդակ»-ի համար
Երեւան

Share this Article
CATEGORIES