«ՄԻԱՑԵԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐՆ ԵՒ ԵՒՐՈՄԻՈՒԹԻՒՆԸ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ ԵՆ ՈՐՊԷՍ ԽԱՂԱՔԱՐՏ» ԱՍՈՒՄ Է ԼԻԲԱՆԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՀՅԴ-Ի ԵՐԵՍՓՈԽԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԵՍՓՈԽԱՆԱԿԱՆ ՊԼՈՔԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՅԱԿՈԲ ԲԱԳՐԱՏՈՒՆԻՆ

ՀԱՐՑՈՒՄ.- Նախ հետաքրքիր է` լիբանանահայութեան ի՞նչ շահեր էք ներկայացնում Լիբանանի խորհրդարանում:

ՅԱԿՈԲ ԲԱԳՐԱՏՈՒՆԻ.- Ըստ Լիբանանի ընտրական օրէնքի, իւրաքանչիւր թեկնածու ներկայանում է համայնքային պատկանելութեամբ, սակայն ընտրուելուց յետոյ նա պարտաւոր է ներկայացնել համայն Լիբանանի ժողովրդի շահերը: Յստակ է այն, որ Լիբանանի իւրաքանչիւր համայնք պէտք է ունենայ երեսփոխան խորհրդարանում: Չնայած այն հանգամանքին, որ ներկայացնում ենք Լիբանանի ողջ ժողովրդի շահերը, մեր կիզակէտը, բնականաբար, մնում է լիբանանահայերի իրաւունքների պաշտպանութիւնը, ինչը, վստահաբար կարող եմ ասել, որ իրականացւում է պաշտօնական բաւական բարձր հիմքերով: Ընդ որում, նկատենք, որ Հայաստանից դուրս Լիբանանն աշխարհի միակ պետութիւնն է, որ Սուրբ Ծննդեան տօնը` յունուարի 6-ը, հռչակել է որպէս պետական տօն: Այդ օրը պետական բոլոր հաստատութիւնները փակ են լինում: Անշուշտ, դա կատարուել է երեսփոխանների ջանքերի շնորհիւ: Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանութեան հարցի ճանաչմանը, ապա նշեմ, որ աշխարհի տարբեր խորհրդարանների կարեւոր որոշումներից մէկը Լիբանանի խորհրդարանի 2000թ. մայիսին ընդունած որոշումն է: Ընդհանուր առմամբ, քաղաքական բոլոր կողմերի հետ մեր յարաբերութիւնները բարիդրացիական են` հակուած լինելով Լիբանանի համայնքների միջեւ խաղաղ գոյակցութեան:

Հ.- Այնուամենայնիւ, Սուրիայում տեղի ունեցող դէպքերից յետոյ բաւական լարուած վիճակ ստեղծուեց Լիբանանի եւ Թուրքիայի միջեւ: Երկու երկրների յարաբերութիւնների ակնյայտ խզումը հաստատեց նաեւ մօտ 1 ամիս առաջ ոչ միայն Լիբանանում, այլեւ արաբական աշխարհում Թուրքիայի դեսպանատների ծրագրերի սառեցումը: Ինչո՞վ է պայմանաւորուած Լիբանան-Թուրքիա յարաբերութիւնների կտրուկ շրջադարձը:

Յ. Բ.- Լիբանան-Թուրքիա յարաբերութիւնները պէտք է դիտել Թուրքիայի` դէպի տարածաշրջան նոր քաղաքականութեան որդեգրման ծիրի մէջ, ինչը յատկապէս արտացոլուեց Թուրքիայի վարչապետ Էրտողանի եւ արտաքին գործերի նախարար Տաւութօղլուի իշխանութեան գալուց յետոյ: Այն պահին, երբ Թուրքիան այլեւս յուսախաբ եղաւ Եւրոմիութեանն անդամակցուելու հարցում,  Միացեալ Նահանգների եւ եւրոպական պետութիւնների կողմից թելադրուեց այս անգամ աչքերը յառել դէպի Միջին Արեւելք: Յատկապէս արաբական երկրներ, որտեղ մի կողմից` կան տնտեսական հսկայ հնարաւորութիւններ, միւս կողմից Թուրքիան որպէս իսլամական, ինչպէս նաեւ սիւննի պետութիւն, կարող է հաւասարակշռել Իրանի` տարածաշրջանում ունեցած ուժը: Իսկ Իրանը շիի պետութիւն է, եւ, ինչպէս գիտենք, սիւննի եւ շիի համայնքների միջեւ կան դարաւոր հակասութիւններ: Ինչեւէ, նման գործելաոճով Թուրքիան պէտք է դառնայ արեւմտեան եւ արաբական աշխարհի միջեւ կապող կամուրջ:

Հ.- Այսինքն կարելի է ենթադրել, որ Թուրքիան խաղաքա՞րտ է արեւմտեան երկրների համար:

Յ. Բ.- Ոչ թէ կարելի է ենթադրել, այլ յստակ է, որ Միացեալ Նահանգները եւ Եւրոմիութիւնը Թուրքիային օգտագործում են իբրեւ խաղաքարտ` արաբական աշխարհի վրայ ազդեցութիւն թողնելու համար: Իսկ Թուրքիան,  որ այսօր ներկայանում է չափաւոր իսլամութիւն ունեցող պետութիւն արաբական աշխարհի մէջ (արաբական աշխարհում առաւելապէս հետեւում են իսլամ կրօնին), արժանացաւ բնական ընկալման եւ ընդունելութեան արաբական աշխարհի մէջ, ինչն առաւել քան ամրապնդեցին Թուրքիայի վարչապետ Էրտողանի թատերական ելոյթները` յատկապէս Տաւոսում Իսրայէլի վարչապետի հետ տեղի ունեցած միջադէպը, երբ Էրտողանը ցուցադրաբար լքեց դահլիճը: Միեւնոյն ժամանակ Արաբական լիկայի ընդհանուր քարտուղարը մնաց սրահում` բեմի վրայ: Դրան յաջորդեց մէկ այլ կատակերգութիւն, երբ Իսրայէլում Թուրքիայի դեսպանի ընդունելութեան ժամանակ Իսրայէլի արտաքին գործերի նախարարութեան մի պաշտօնատար անձ Թուրքիայի դեսպանին նստել էր տուել աւելի ցածր աթոռի, հետեւաբար Թուրքիան թուրքական արժանապատուութիւնը վիրաւորելու համար Իսրայէլից պահանջեց ներողութիւն խնդրել, ինչը չարեց Իսրայէլը: Երրորդը` «Մաւի Մարմարա» նաւի հռչակաւոր պատմութիւնն էր: Այս ամէնից յետոյ Թուրքիան, ի դէմս վարչապետ Էրտողանի, թողեց նոր իսլամ հերոսի, ղեկավարի տպաւորութիւն արաբական աշխարհում: Սակայն կատարուածը Էրտողանի կողմից պարզապէս քաղաքական աքթ էր, գործողութիւն, ինչը ենթադրում է, որ չկան արաբ ղեկավարներ, որ պահանջում են Կազայի ազատագրում կամ Եգիպտոսի եւ Կազայի միջեւ սահմանների բացում, որպէսզի պաղեստինցիներն ունենան ազատ ելումուտ: Որպէս սրա հետեւութիւն‘ Էրտողանը միայն պահանջեց, որ Իսրայէլը ներողութիւն խնդրի, բայց` ոչ աւելին: Իսկ վերջերս Թուրքիան յայտարարեց, որ կը խզի զինուորական յարաբերութիւնները Իսրայէլի հետ` միաժամանակ նշելով, որ Իսրայէլը չի պահում առեւտրային բարոյականութիւնը Թուրքիայի հետ: Այլ խօսքով` Թուրքիան 6 անօդաչու, իսրայէլեան արտադրութեամբ օդանաւ էր ուղարկել Իսրայէլ` նորոգելու նպատակով: Իսրայէլը չէր յարգել ժամկէտները եւե հետեւաբար, օդանաւերը չէր վերադարձրել Թուրքիա: Դա Իսրայէլի եւ Թուրքիայի միջեւ յարաբերութիւնների խզման պատճառներից մէկն է: Միեւնոյն ժամանակ Թուրքիան յայտարարեց, որ կը տեղադրի հակահրթիռային վահան իր հողի վրայ, ինչը կատարուեց Միացեալ Նահանգների‘ Ռուսաստանի դէմ պահանջով: Երրորդ հիմնական հարցը Թուրքիայի «Զերօ խնդիրներ հարեւանների հետ» քաղաքականութեան դրսեւորումն էր ինչը փաստացի չյաջողուեց ոչ միայն Հայաստանի, այլեւ` Իրանի, Կիպրոսի,  Յունաստանի, ինչպէս եւ Սուրիայի դէպքում: Եւ փաստը վկայում է, որ Սուրիայում կատարուող դէպքերի կարեւոր մասի ետեւում կանգնել է Թուրքիան, թէեւ, նախքան այդ դէպքերը, խօսում էին Սուրիայի եւ Թուրքիայի միջեւ ռազմավարական բարեկամութեան մասին: Թուրքիան, տեսնելով Արեւմուտքի, այսպէս ասած, դիրքաւորումը Պաշար Ասատի եւ նրա կառավարութեան դէմ, իր վարանոտ կեցուածքը փոխեց` տեղ տալով սուրիական վարչակարգի ընդդիմադիր գործիչներին, սահմանները բացելով սուրիացի գաղթականների առջեւ: Թուրքիան փորձում է ձեւաւորել իբրեւ միջամտող դերակատարի ծանրակշիռ կերպար արաբական աշխարհում, մասնաւորապէս` Եգիպտոսում, Լիպիայում եւ Սուրիայում, որտեղ յստակ է տնտեսական գերհսկայ շահոյթներ ունենալու մտայնութիւնը:

Հ.- Վերջերս հրապարակումներ եղան այն մասին, թէ Թուրքիան իր մարտանաւերը դուրս է բերելու Միջերկրական ծով: Խօսակցութիւններ կային Իսրայէլի դէմ ծովային կարճատեւ պատերազմ սկսելու մասին: Ինչպէ՞ս կը բացատրէք Թուրքիայի այս քայլը:

Յ. Բ.- Այո՛, օրեր առաջ հրապարակուեց, որ Թուրքիան իր մարտանաւերն է ուղարկելու Միջերկրական ծով: Առաջին ենթադրութիւնն այն էր, որ այդ մարտանաւերն օգտագործուելու են ի հակակշիռ իսրայէլական ուժերին: Սակայն վերջերս, ըստ իրենց յայտարարութիւնների իրենք կատարում են քարիւղի եւ բնական կազի արտադրութիւնների պեղումներ կիպրական ծովեզերքին, ինչը նշանակում է, որ մարտանաւերը ոչ թէ Իսրայէլի դէմ են, այլ` քարիւղի հանքերը պաշտպանելու համար: Թուրքիայի երկդէմ այս քաղաքականութեան,  այսպէս ասած, դիմակն այլեւս պատռուել է արաբական աշխարհում: Դեռեւս 2 տարի մենք խօսում էինք Թուրքիայի իրական դիմակի մասին, ինչին շատերը չէին հաւատում: Նրանք, ովքեր այպանում էին մեզ, թէ մտածում ենք Թուրքիայի մասին` որպէս հայեր, այսօր ականատես են լինում Թուրքիայի պատեհապաշտ, տնտեսական մեծ շահոյթներ փնտռելու կեցուածքին: Վերջին հաշուով Թուրքիա-Լիբանան-Սուրիա-Յորդանան ազատ գօտու ստեղծմամբ միակ շահողը կրկին Թուրքիան էր, որը նոյն շահերն ունեցաւ նաեւ զբօսաշրջութեան պարագայում, երբ արաբական աշխարհից հսկայ թուով մարդիկ, օգտուելով մուտքի արտօնագրի ազատ լինելու հանգամանքից, գնացին Թուրքիա, մինչդեռ Թուրքիայից դէպի արաբական աշխարհ զբօսաշրջիկներ գրեթէ չեկան (ի հարկէ, ես կողմ չեմ, որ նրանք գան): Սակայն Թուրքիան տակաւին չգիտի, որ օսմանցու կերպարը դրականօրէն չի ընդունւում արաբական աշխարհում, որտեղ չեն կարող հանդուրժել Էրտողանի այն յայտարարութիւնը, ըստ որի` ինքը կը գայ նոր օսմանեան քաղաքականութեամբ: Այս մասին լայնօրէն խօսւում է նաեւ լրատուամիջոցներում: Միգուցէ Թուրքիայի կերպարն ընդունուի կրօնական կապուածութեան կամ Իրանի հետ քաղաքական հաւասարակշռութիւն պահպանելու պատճառներով, բայց ամէնքն էլ լաւատեղեակ են, որ այս շրջանում թուրքը տնտեսական, ընկերային, արուեստի ճանապարհով անում է այն, ինչ 400 տարի առաջ չյաջողեց կատարել զէնքի ուժով:

Հ.- Պարոն Բագրատունի, ձեր խօսքի մէջ անդրադարձաք Թուրքիայի‘ Հայաստանի հետ զերօ խնդիրներ ունենալու քաղաքականութեան ձախողմանը, սակայն յատկապէս վերջերս բաւական աշխուժ են Հայաստան-Թուրքիա երկխօսութեան ծրագրերը: Տուեալ պարագայում որտե՞ղ է այդ ձախողումը:

Յ. Բ.- Քաղաքական կեանքի մէջ,  ժողովուրդների միջեւ, յատկապէս թշնամական մթնոլորտ ունեցող երկրներում յարաբերութիւնների բնականոնացում չի կարող լինել ստորագրութեամբ կամ վերեւից պարտադրուած համաձայնութիւններով: Թերեւս դրա լաւագոյն օրինակը Իսրայէլի եւ Եգիպտոսի միջեւ է, երբ պետական մակարդակով ստորագրուեցին համաձայնագրեր: Այնինչ հնարաւոր չէ բարելաւել իսրայէլցիների եւ եգիպտացիների միջեւ յարաբերութիւնները: Շաբաթներ առաջ Գահիրէում ցուցարարները, յարձակուելով Իսրայէլի դեսպանատան վրայ այրեցին դրօշները, իսկ դեսպանին ուղարկեցին տուն: Ճիշտ է` Թուրքիան փորձում է զերօ խնդիրներ ունենալ Հայաստանի հետ: Դրա լաւագոյն օրինակը Ցիւրիխում ստորագրուած համաձայնագրերն են, երբ ճնշում գործադրեցին Հայաստանի վրայ: Հետաքրքիր էր` համաձայնագրի ստորագրումից 1 ժամ յետոյ ես հարցազրոյցի էի հրաւիրուել արաբական «Ժեզիրէ» հեռուստատեսութիւն, որտեղ Թուրքիայի նախագահի խորհրդականը յայտարարեց, որ համաձայնագրի մէջ արծածւում է Հայոց ցեղասպանութեան, ԼՂՀ-ի եւ սահմանների բացման հարցերը: Մինչդեռ այս ամէնը հերքում էին Հայաստանի իշխանութիւնները: Կարծում եմ` այլեւս ժամանակն է, որ Հայաստանը ետ կանչի իր ստորագրութիւնը‘ հարցը հանելով խորհրդարանի օրակարգից:

Հ.- Այնուամենայնիւ, Թուրքիայի հետ մակերեսային երկխօսութիւնն ի՞նչ ազդեցութիւն կ՛ունենայ ռազմատենչ յայտարարութիւններով զբաղուող Ազրպէյճանի վրայ:

Յ. Բ.- Թուրքիան սահմանների բացմամբ հսկայական գին է պահանջում մեզնից`  միաժամանակ պահանջելով նաեւ ԼՂՀ-ի հարցի լուծումը: Կարծում եմ` այս երկու խնդիրների միջեւ չի կարելի սակարկութիւն անել: Վստահ եմ, որ Հայաստանի նախագահից մինչեւ ամենապարզ քաղաքական մարդը Ղարաբաղի մէկ հատիկ փոշին չի զիջի սահմանների բացման դիմաց: Առերես, ի հարկէ Ազրպէյճանը կը յայտնի իր դժգոհութիւնը Թուրքիայից: Եթէ Ազրպէյճանը վստահ լինի իր ուժերին, այսօր եւեթ կը յարձակուի Ղարաբաղի վրայ: Սակայն դա չի նշանակում, որ եթէ այսօր չունի այդ ուժը, վաղը եւս չի ունենայ: Թէ՛ հայրենիքում, թէ՛ Ղարաբաղում մենք եւս պէտք է պատրաստ լինենք պատերազմի վերսկսմանը:

Հ.- Այսինքն` ըստ ձեզ, պատերազմն անխուսափելի՞ է:

Յ. Բ.- Կը յուսամ, որ այդպէս չի լինի, սակայն Հայաստանի եւ Ղարաբաղի պաշտպանութեան համար պէտք է անենք հնարաւոր ամէն բան: Իսկ ինչ վերաբերում է զիջումների մասին խօսակցութիւններին, կարող եմ ասել, որ ընդհանրապէս քաղաքական կեանքում զիջումի մասին խօսելը նշանակում է` պարտութիւն: Ենթադրում եմ, որ ինչքան մենք ամուր մնանք մեր հողերում, այդքան Ազրպէյճանը պարտաւորուած կը լինի զիջումների գնալ:

Հ.- Այդ դէպքում ի՞նչ շահ ունի Միացեալ Նահանգները Հայաստան-Թուրքիա-Ազրպէյճան համաթեքսթում:

Յ. Բ.- Նախ` բնական է, որ Միացեալ Նահանգներում ձեռնտու են տարածաշրջաններում տեղի ունեցող բաժանումները: Չմոռանանք, որ տարիներ առաջ խօսւում էր կառուցուող քաոսի, իսկ աւելի ուշ` Նոր Միջին Արեւելքի մասին, ինչը նշանակում է` գոյութիւն ունեցող միջինարեւելեան պետութիւնները բաժան-բաժան անել: Փաստացի` Իրաքը բաժանուեց 3 մասի` Քիւրտիստան, շիի եւ սիւննի Իրաք,  Սուտանը բաժանուեց 2 մասի, Եմենը դեռ չգիտենք, թէ դէպի ուր է գնում, Լիպիայի պատերազմը դեռ չի աւարտուել, բայց ներքին բաժանումի տանող պատերազմ է: Սուրիայի մէջ տեղի ունեցող դէպքերը եւս ունեն երկիրը մասնատելու քաղաքականութիւն: Միեւնոյն ժամանակ վախ կայ, որ Սուրիայում կատարուող որեւէ բաժանում կարող է անդրադառնալ Թուրքիայի վրայ` այն մասնատելու համար: Եւ դա է պատճառը, որ Թուրքիան ամէն բան անում է ստեղծուած իրավիճակից նուազագոյն վնասով դուրս գալու համար: Այս ամէնին աւելանում է Իսրայէլի գոյութեան խնդիրը, որը յայտարարեց հրէական: Այսինքն` տարածաշրջանում սոսկ ազգային դիմագծով պետութիւն, ինչը հարուած է այն վարկածին, համաձայն որի` Միջին Արեւելքը խաղաղ գոյակցութեան շրջան է, որտեղ կան 3 աստուածային կրօններ` հրեայ իսլամ եւ քրիստոնէութիւն: Հետեւաբար, Իսրայէլի այդ մօտեցմամբ երեւան է գալիս նման բաժանում, ըստ որի` Սուրիան կ՛ունենայ ալեւի, սիւննի,  տիւրզի պետութիւն, Լիբանանի մէջ կը լինեն քրիստոնեայ, իսլամ պետութիւններ, որոնցից իւրաքանչիւրը կ՛ունենայ առաձին վարչակազմ: Ոչ վաղ անցեալում Եգիպտոսում ղպտի քրիստոնեաները յայտարարեցին առանձին պետութիւն ունենալու մասին, ինչը Նոր Միջին Արեւելք ստեղծելու ճանապարհն էր, որպէսզի Միացեալ Նահանգները նոր հնարաւորութիւններ ստանձնելու կարգավիճակ ունենան: Կովկասեան տարածաշրջանի պարագայում պէտք է խօսել, թէ Միացեալ Նահանգները ի՞նչ են փորձում անել Ռուսաստանի դէմ, ինչի մասին վկայում է Վրաստանի օրինակը: Ազրպէյճանը Ռուսաստանի հետ իր յարաբերութիւնները պահելով հանդերձ` ունի ամերիկեան կողմնորոշում, որի մէկ կապը նաեւ Իսրայէլի հետ է (ազրպէյճանական բանակի հիմնական խորհրդատուները եւ մարզողները իսրայէլցիներն են): Տուեալ պարագայում ամբողջ տարածաշրջանում մնում է Հայաստանը, որը մի կողմից` պաշարուած է Թուրքիայից, Վրաստանի հետ տեւաբար խնդիրներ ունի, եւ միակ շնչառութիւնը Իրանն է, որը դարձեալ Միացեալ Նահանգների քաղաքականութեան համար կարեւոր շրջան է, եւ որի ոչնչացման համար Միացեալ Նահանգներ որեւէ բան չեն խնայի: Ինչեւէ, ենթադրում եմ, որ աշխարհը չի սահմանափակւում միայն Իսրայէլով եւ Միացեալ Նահանգներով: Այն ամէնը, ինչ Միացեալ Նահանգները կարողացաւ կատարել Իրաքի կամ Լիպիայի դէպքում, մինչ օրս չի կարողանում կատարել Սուրիայում: Այն, ինչ այսօր կատարւում է, համաշխարհային պատերազմի տարբերակներից է: Նոյնը կատարւում էր Պաղ պատերազմի ժամանակ: Իսկ հիմա առանցքը Միջին Արեւելքն է, եւ յոյսով եմ, որ արաբական աշխարհը կ՛ունենայ բաւական գիտակցութիւն իր ապագայի մասին մտածելու: Ինչ վերաբերում է Հայաստանին,  ապա մենք ունենք երկիր պահելու լուրջ խնդիր: Իսկ այլ խնդիրների մասին դեռ չեմ խօսում: Յանուն տնտեսական շահերի` չենք կարող հայրենիք կորցնել, այլ կերպ ասած` Հայաստանն ու հայութիւնն ամէն ինչից վեր են:

ՄԱՐԻՆԷ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ

www.168or.am

Share this Article
CATEGORIES