ԵՒՐՕ-2012. ՍՊԱՆԱՑԻ ԻՐԱՒԱՐԱՐԻՆ ԱՆՆԵՐԵԼԻ ՍԽԱԼԻՆ ՊԱՏՃԱՌՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՒԱՔԱԿԱՆԸ ԴՈՒՐՍ ՄՆԱՑ ՄՐՑԱՇԱՐՔԷՆ
Երէկ գիշեր տեղի ունեցան Եւրօ-2012-ի ֆութպոլի ախոյեանութեան զտումի մրցաշարքի վերջին հանգրուանի մրցումները, որոնց արդիւնքներուն լոյսին տակ յստակացան աւարտական հանգրուան հասնող, ինչպէս նաեւ փլէյ-օֆի մրցումներուն իրենց տոմսերը ապահովող խումբերուն անունները:
Բ. խմբակին մաս կազմող Հայաստանի ֆութպոլի ազգային հաւաքականը, որ հիւրն էր Այիրի, յաղթանակի մը պէտք ունէր` գրաւելու խմբակին երկրորդ դիրքը եւ փլէյ-օֆի տոմս մը ապահովելու համար:
Սակայն դժբախտաբար ատիկա տեղի չունեցաւ, եւ Հայաստան 2-1 արդիւնքով պարտութիւն մը կրելով դուրս մնաց մրցաշարքէն:
26-րդ վայրկեանին օրուան սպանացի իրաւարարը` Էտուարտօ Իթուրալտէ Կոնզալես, գործեց աններելի սխալ մը, երբ Հայաստանի բերդապահ Ռոման Պերեզովսքի կարմիր քարտ մը ստացաւ: Ան փոխանակ այդ կարմիր քարտը տալու այիրցի Սայմըն Քոքսի, որ ձեռքով դպաւ գնդակին, այդ մէկը տուաւ Պերեզովսքիի` ըսելով, որ ան մեծ քառակուսիէն դուրս գնդակին դպած էր ձեռքով: Սակայն վիտէօ-երիզի կրկնութիւնները ցոյց տուին, որ գնդակը դպած էր անոր կուրծքին:
Էտկար Մալաքեան դաշտէն դուրս գալով դաշտ ներկայացաւ Փիւնիկի 20 տարեկան բերդապահ Արսէն Պետրոսեան:
Դաշտին տէրերը Ա. կիսախաղին 1-0 արդիւնքով յառաջացան, երբ Վալերի Ալեքսանեան գնդակը սխալմամբ զետեղեց իր բերդին մէջ (42-րդ): Բ. կիսախաղին Պետրոսեանի գործած մէկ սխալին պատճառով Ռիչըրտ Տիւն արդիւնքը վերածեց 2-0-ի (59-րդ):
62-րդ վայրկեանին Հենրիխ Մխիթարեան նշանակեց Հայաստանի կոլը, որ եղաւ օրուան վերջին կոլը: Իր կարգին, Այիր մրցումը աւարտեց տասը մարզիկով, երբ Քեւին Տոյլ իր երկրորդ դեղին քարտը ստանալով դաշտէն վտարուեցաւ:
Իր կրած այս պարտութեամբ Հայաստան չյաջողեցաւ փլէյ-օֆի մրցումներուն տոմս մը ապահովել, որուն այնչափ մօտեցած էր: Սակայն տասը մարզիկով Հայաստան յաջողեցաւ տպաւորիչ մրցում մը կատարել:
Յամենայն դէպս, Հայաստանի ազգային հաւաքականին ֆութպոլիստները արժանի են մեծ գովասանքի: Անոնց ցուցաբերած խաղարկութիւնը ուղղակի ցնցեց Եւրոպան: Հայրենի կազմը երիտասարդ եւ մասնագէտ Վարդան Մինասեանի գլխաւորութեամբ գտած է իր ճիշդ ճամբան եւ անկասկած 2014-ի Մոնտիալի զտումի մրցումներուն պիտի շարունակէ իր նոյն ընթացքը:
Նշենք, որ մրցումէն ետք Վարդան Մինասեան կատարեց հետեւեալ կարճ յայտարարութիւնը. «Նախ եւ առաջ, Այիրին կու գամ յաջողութիւն մաղթելու փլէյ-օֆի մրցումներուն: Ինչ կը վերաբերի մեր խումբին անդամներուն ես իսկապէս հպարտ եմ անոնցմով: Անոնք բացառիկ յաջողութիւն ձեռք ձգեցին զտումի մրցումներուն:
Ինչ կը վերաբերի մնացեալ մրցումներուն, Գերմանիա, Ռուսիա, Իտալիա, Ֆրանսա, Հոլանտա, Յունաստան, Անգլիա, Դանիա եւ Սպանիա, գրաւելով իրենց խմբակներուն պարագլուխի դիրքերը, ապահովեցին աւարտական հանգրուանի մրցումներուն իրենց տոմսերը: Անոնց միացաւ նաեւ Շուէտ` իբրեւ լաւագոյն երկրորդ դիրքը գրաւած խումբը:
Իսկ փլէյ-օֆի մրցումներուն իրենց տոմսերը ապահովեցին Թուրքիա, Այիր, Էսթոնիա, Պոսնիա, Խրուաթիա, Մոնթենեկրօ, Փորթուգալ եւ Չեխիա:
Նշենք, որ Գերմանիա հանդիսացաւ միակ խումբը, որ իր կատարած տասը մրցումներն ալ յաղթանակով աւարտեց:
Ստորեւ երէկուան մրցումներուն արդիւնքները.
Ա. ԽՄԲԱԿ | |
Ղազախստան – Աւստրիա | 0-0 |
Գերմանիա – Պելճիքա | 3-1 |
Թուրքիա – Ազրպէյճան | 1-0 |
Բ. ԽՄԲԱԿ | |
Այիր – ՀԱՅԱՍՏԱՆ | 2-1 |
Մակեդոնիա – Սլովաքիա | 1-1 |
Ռուսիա – Անտորրա | 6-0 |
Գ. ԽՄԲԱԿ | |
Իտալիա – Հիւսիսային Իրլանտա | 3-0 |
Սլովենիա – Սերպիա | 1-0 |
Դ. ԽՄԲԱԿ | |
Ալպանիա – Ռումանիա | 1-1 |
Ֆրանսա – Պոսնիա | 1-1 |
Ե. ԽՄԲԱԿ | |
Հունգարիա – Ֆինլանտա | 0-0 |
Մոլտաւիա – Սան Մարինիօ | 4-0 |
Շուէտ – Հոլանտա | 3-2 |
Զ. ԽՄԲԱԿ | |
Խրուաթիա – Լաթվիա | 2-0 |
Վրաստան – Յունաստան | 1-2 |
Մալթա – Իսրայէլ | 0-2 |
Է. ԽՄԲԱԿ | |
Պուլկարիա – Կալես | 0-1 |
Զուիցերիա – Մոնթենեկրօ | 2-0 |
Ը. ԽՄԲԱԿ | |
Դանիա – Փորթուգալ | 2-1 |
Նորվեկիա – Կիպրոս | 3-1 |
Թ. ԽՄԲԱԿ | |
Լիթվանիա – Չեխիա | 1-4 |
Սպանիա – Սկովտիա | 3-1 |
Ստորեւ` Բ. խմբակին վերջնական դասաւորումը.
ՄՐՑ. | ՄՐՑ. | Հ. | Պ. | ՆՇ. | ՍՏ. | ԿԷՏ | |
1.- Ռուսիա | 10 | 7 | 2 | 1 | 17 | 4 | 23 |
2.- Այիր | 10 | 6 | 3 | 1 | 15 | 7 | 21 |
3.- ՀԱՅԱՍՏԱՆ | 10 | 5 | 2 | 3 | 22 | 10 | 17 |
4.- Սլովաքիա | 10 | 4 | 3 | 3 | 7 | 10 | 15 |
5.- Մակեդոնիա | 10 | 2 | 2 | 6 | 8 | 14 | 8 |
6.- Անտորրա | 10 | 0 | 0 | 10 | 1 | 25 | 0 |