ՀԱՅԵՐԸ ԿԻՊՐՈՍՈՒՄ. ԵՌԱՆԴՈՒՆ, ՀԱՅԱԽՕՍ ԳԱՂՈՒԹ ՄԻՋԵՐԿՐԱԿԱՆՈՒՄ

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

Պատմաբան Աւետիս Փոշօղլեանի հետ նոյն օդանաւով Լառնաքայից վերադառնում եմ Պէյրութ: Արդէն մի քանի տարի Աւետիսը ընտանիքի հոգսերը ապահովելու համար ստիպուած է Կիպրոսի մայրաքաղաքում բանուոր աշխատել մածուն արտադրող մի գործարանում,  քանի որ Մելքոնեան վարժարանը փակուելուց յետոյ նա զրկուել է հայ երեխաներին հայոց պատմութիւն դասաւանդելու հնարաւորութիւնից:

Աւետիսը ծնունդով Պէյրութից է, տարիներ առաջ տեղափոխուել է Կիպրոս, այժմ ստացել կիպրական քաղաքացիութիւն: «2002-ին եկայ Մելքոնեան հաստատութիւն` որպէս հայոց պատմութեան ուսուցիչ: 2005-ին կրթօճախը փակուեց, իսկ ուսուցիչները մնացին անգործ:

Մելքոնեան հաստատութիւնը աւելին էր, քան` երկրորդական դպրոցը: Այն ծառայում էր ոչ միայն Կիպրոսի, այլեւ Յունաստանի, Պուլկարիայի, Ալպանիայի եւ այլ երկրների հայերի համար, որոնք ուսանում եւ հայկական ոգով էին մեծանում: Երբ աշակերտներ եկան Հայաստանից եւ Արցախից, այն դարձաւ համահայկական կառոյց` արեւելահայերը շփուեցին արեւմտահայերի հետ: Անգնահատելի էր նրա նշանակութիւնը:

Կիպրահայ համայնքի ներկայացուցիչներից Սեպուհ Դաւիթեանի օգնութեամբ այցելեցինք Մելքոնեան հաստատութիւն: «Այս հաստատութիւնը հայապահպան դեր ունէր,  որովհետեւ Մելքոնեանը միայն վարժարան չէր: Այստեղ կար մշակութային կեանք` համերգներ, գրական երեկոներ: Հայ աշակերտների մեծ մասը աւագ դպրոցը նախընտրում էր Մելքոնեանը, որն աւարտելուց յետոյ ուսանողների մի մասը Հայաստան էր գնում, եւ այսպէս Մելքոնեանը նաեւ կապող օղակ էր Հայաստանի եւ սփիւռքի միջեւ: Մելքոնեան աւարտողը հայապահպանութեան զինուոր էր: Այսօր մեր երեխաները ստիպուած են երկրորդականը գնալ օտար դպրոց, եւ օտար համալսարան», բացատրում է Դաւիթեանը:

Հայութիւնը աշխարհի շատ անկիւններում է դպրոցներ պահում, բայց սփիւռքի որեւէ համայնքում դժուար էր գտնել Մելքոնեան հաստատութեան նման կարեւորութիւն ունեցող մէկ այլ դպրոց: Մելքոնեանը կարելի էր համարել համահայկական համալսարան իր մի քանի շինութիւններով, մեծ հողատարածքներով, տարբեր երկրներից այստեղ սովորող հայ ուսանողներով եւ ուսուցիչներով: Կիպրոսի կառավարութիւնը, տեղեկանալով, որ ՀԲԸՄ ղեկավարութիւնը պատրաստւում է տարածքը վաճառել, արգելք է դրել:

ՀԲԸՄ-ն քննադատութիւններին ի պատասխան ժամանակին ասում էր, որ Մելքոնեանը ֆինանսական առումով շատ թանկ է եւ իրեն չի արդարացնում: Բայց եթէ այս տրամաբանութեամբ առաջ շարժուենք, ապա պէտք է փակենք սփիւռքի դպրոցները, թերթերը, ակումբները, եկեղեցիները: Այցելելով Մելքոնեան, որը նախկին շուքը արդէն կորցրել է եւ աւելի շատ լքեալ տարածք է յիշեցնում, համոզւում ես, որ Մելքոնեանը փակելու որեւէ արդարացում չէր կարող ունենալ: Աւելի՛ն. առաջին բանը, որ միտքդ է գալիս, հետեւեալն է. Մելքոնեանը պէտք է վերաբացել:

«Մելքոնեանը մեծ դեր ունէր Կիպրոսում` իբրեւ հայութեան նշան, իբրեւ խորհրդանիշ: Բոլորս կը պարծենայինք Մելքոնեանով: Հայապահպանութեան եւ մշակոյթի մեր կենտրոնն էր», ասում է Նիկոսիայի հայկական «Նարեկ» վարժարանի տնօրէն Վերա Թահմազեանը:

Մելքոնեանի փակուելուց յետոյ Նիկոսիայի «Նարեկ» վարժարանը դարձաւ միջնակարգ: Դպրոցը Սուրբ Աստուածածին առաջնորդանիստ եկեղեցու հարեւանութեամբ է: Եկեղեցին կառուցուել է 1980-ին, բացումը կատարել են Մակարիոս արքեպիսկոպոսն ու Մեծի Տանն Կիլիկիոյ Խորէն կաթողիկոսը:

«Նարեկ»-ում դասաւանդւում են` հայերէն, անգլերէն եւ յունարէն, ծրագիրը մասամբ հետեւում է պետական ծրագրին, բայց մենք նաեւ դասաւանդում ենք հայոց լեզու, պատմութիւն եւ կրօն: «Նարեկ» անունով դպրոցներ ունենք նաեւ Լառնաքայում եւ Լիմասոլում: Ուսուցիչներ կան, ովքեր երեք դպրոցներում էլ դասաւանդում են: Մեր աշակերտութեան ընդհանուր թիւը 185 է երեք քաղաքներում, որից 128-ը` Նիկոսիայում», ասում է վարժարանի տնօրէնը:

Մինչեւ 400-ական հայեր են բնակւում Լիմասոլ եւ Լառնաքա քաղաքներից իւրաքանչիւրում: Ողջ կղզում հայերի թիւը աւելանում է ամրան ամիսներին, երբ Կիպրոսի արեւոտ ափերին իրենց հանգիստն են անցկացնում բարեկեցիկ հայաստանցիները:

Կիպրոսի հայ գաղութը ինչպէս նախկինում, այսօր եւս գերազանցապէս մնացել է հայախօս: Այն իր հայախօսութեամբ կարող է համեմատուել Լիբանանի, Սուրիոյ եւ Իրանի հայ համայնքների հետ: Բայց կիպրահայ գաղութը ունի մէկ առաւելութիւն. Կիպրոսի պետութիւնը վճարում է դպրոցի բոլոր ծախսերը, նման հոգածութիւն չկայ որեւէ այլ երկրում: «Նարեկ» դպրոցների դասագրքերը տպագրուել են Մեծի Տանն Կիլիկիոյ Միացեալ Նահանգների Արեւմտեան թեմում եւ ուղարկուել Կիպրոս: Հայաստանը այս հարցում չի կարող օգտակար լինել, քանի որ կայ լեզուի եւ ուղղագրութեան հարց: Ինչպէս սփիւռքահայ միւս գաղութներում, Կիպրոսի հայկական դպրոցներում եւս դասաւանդման լեզուն արեւմտահայերէնն է, ուղղագրութիւնը` մեսրոպեանը:

«Ես 1972-ից ի վեր վիճակագրութիւն եմ կազմել: Մեր աշակերտների թիւը միշտ եղել է 150-200-ի միջեւ: Որոշ չափով աւելացել է Հայաստանից արտագաղթի պատճառով: Անշուշտ, կան նաեւ ծնողներ, որոնք իրենց երեխաներին տալիս են յունական կամ անգլիական դպրոց: Ենթադրւում է, որ մօտ 50 աշակերտներ յաճախում են օտար դպրոցներ: Մենք ձգտում ենք, որ հայերէնը չդառնայ երկրորդական լեզու հայ ընտանիքներում: Օտար ամուսնութիւնները շատանում են», ասում է «Նարեկ» վարժարանի տնօրէն Վերա Թահմազեանը:

Աւետիս Փոշօղլեանը եւս մտահոգիչ է համարում խառն ամուսնութիւնների պարագան: «Կիպրոսի պետութիւնը հիմնադրել է «Նարեկ» վարժարանը, որպէսզի հայ մնանք: Ինչ-որ ձեւով պարտաւորեցնում է, որ հայ մնանք: Գաղութը փոքր է, բայց` եռանդուն, որը վայելում է նաեւ պետութեան նիւթական աջակցութիւնը: Շուրջ երեք հազար է հաշուում հայերի թիւը Կիպրոսում, խայտաբղէտ գաղութ է, բնիկ կիպրացիները շատ չեն: Հայերի մի մասը եկել է Միջին Արեւելքի գաղութներից, որոնք նպաստել են հայապահպանութեանը: Վերջին տասնամեակներում եկել են նաեւ Հայաստանից», ասում է Փոշօղլեանը:

Կիպրոսի հայերով բնակեցուած երեք քաղաքներում` Նիկոսիայում, Լառնաքայում եւ Լիմասոլում, գործում են հայկական համայնքային կառոյցներ` կուսակցութիւններ` ՀՅԴ, ՌԱԿ, ՍԴՀԿ,  միութիւններ, ակումբներ, եկեղեցիներ (Լիմասոլում` Սուրբ Գէորգ, Լառնաքայում` Սուրբ Ստեփանոս), թերթեր («Արձագանգ», «Ազատ խօսք», «Կիպրահայեր», «Ազատ ձայն», «Գեղարդ»):

Կիպրահայ համայնքի ոգին ու շունչը Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Կիպրոսի թեմն է ու նրա առաջնորդ Վարուժան արք. Հերկելեանը: Գրքի սիրահար սրբազանն ասում է,  որ կիպրահայ գաղութը բարեկեցիկ վիճակի մէջ է, պետութիւնը հոգում է դպրոցների ծախսերը, նաեւ բժշկական դիւրութիւններ կան:

«Մեր երեք քաղաքներում ապրող հայերի  հարիւրից երեսունը, կարող եմ ասել, շատ լաւ կապուած է եկեղեցու հետ: Բայց նաեւ հայութեան մի փոքր հատուած կայ, որն ամբողջութեամբ կտրուած է համայնքից: Ուրախ եմ ասելու, որ վերջին տարիներին պատարագներին հարիւրից աւելի հաւատացեալներ են ներկայ լինում: Մեր ընտանիքներում հայախօս են: Կիպրոսում միշտ եղել են հայկական վարժարաններ: Այս իմաստով, Կիպրոսը հայկական, հայախօս մնալու լաւագոյն օրինակներից է սփիւռքում, քանի որ նաեւ պետութիւնն է վճարում դպրոցին, եկեղեցուն»,  բացատրում է սրբազանը:

1974 թուականին, երբ թուրքական ներխուժման պատճառով Նիկոսիան եւ ամբողջ կղզին բաժանուեց երկու մասի, հայկական կալուածների մեծագոյն մասը մնաց թուրքական գրաւեալ հատուածում, իսկ հայերը անցան յունական հատուած: Այսօր կղզու գրաւեալ հատուածում հայեր չեն մնացել, բայց այն կողմում են մնացել Մակարավանքը, նախկին առաջնորդանիստ Սուրբ Աստուածածին եկեղեցին, տասը հազար ձիթենիները եւ բազում այլ հարստութիւններ:

Լառնաքայի եւ Լիմասոլի հոգեւոր հովիւ տէր Մաշտոց քահանայ Աշգարեանը ասում է, որ` «կիպրահայ գաղութը շատ բախտաւոր գաղութ է, քանի որ պահում է լեզուն եւ մշակոյթը»: Տէր հայրը հայութեան հետ ամէնօրեայ շփումների մէջ է ինչպէս Լառնաքայում, որտեղ ապրում է, այլ նաեւ Լիմասոլում, որտեղ երկու շաբաթը մէկ նրա ներկայութեամբ պատարագ է մատուցւում: Կիպրահայ թեմի քահանաները երբեմն նաեւ մեկնում են Փաֆոս, որտեղ եւս որոշ թուով հայեր կան:

Համայնքի եւ եկեղեցու հետ ամենաքիչ կապեր պահպանող հայերը նրանք են, ովքեր տեղափոխուել են Հայաստանից:

Կիպրահայերը նաեւ ներգրաւուած են Կիպրոսի ներքաղաքական կեանքում, ունեն իրենց ներկայացուցիչը երկրի խորհրդարանում: Ուրուկուէյից յետոյ Կիպրոսը երկրորդ երկիրն է աշխարհում, որը 1982թ. ճանաչել է Հայոց ցեղասպանութիւնը:

Նիկոսիա-Լառնաքա

Յատուկ «Ազդակ»-ի համար

 

Share this Article
CATEGORIES