«ԱԶԴԱԿ»-Ի ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒԱԾ ՏՊԱՐԱՆԻ ԲԱՑՄԱՆ ՀԱՆԴԻՍՈՒԹԵԱՆ. «ԻՐ ՀԱՅԱԿԵԴՐՈՆ ԵՒ ՊԵՏԱԿԱՆԱԿԵԴՐՈՆ ԽՕՍՔՈՎ «ԱԶԴԱԿ»-Ը ՍՏԱՑԱՒ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՅԱՐԳԱՆՔ» ԸՍԱՒ ՀՅԴ ԲԻՒՐՈՅԻ ԱՆԴԱՄ ԼԵՒՈՆ ՄԿՐՏՉԵԱՆ

ՀՅԴ Բիւրոյի անունով կը շնորհաւորեմ ներկաները, մասնաւորաբար` «Ազդակ»-ի խմբագրական կազմն ու աշխատակիցները, ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէն` այս նուէրին համար:

Պէտք է արժեւորել «Ազդակ»-ի համահայկական նշանակութիւնը, որովհետեւ մենք չենք կարող պատկերացնել գաղափարական, գիտակից սփիւռքը առանց գաղափարական մամուլի: Երբ մեր սփիւռքը կերտող սերունդը ձեւաւորում էր յայտնի եռանկիւնի` հայ կեդրոն, եկեղեցի, դպրոց, այդ եռանկիւնու հենքային մասում դրւում էր հայ մամուլը: Հայ մամուլը իր բազմաբնոյթ անդրադարձներով իսկապէս դարձաւ համայնքի կազմակերպիչը, համայնքի գաղափարական ներկայութեան, ծանրակշիռ խօսքի արտացոլումը: Եւ այսօր հպարտութեամբ կարող ենք ասել, որ Լիբանանի համայնքի համար «Ազդակ»-ը դարձաւ այն ընկերը, այն ուղեկիցը, որ կեանքի բոլոր վերիվայրումներուն, դժուարութեան պահի թէ համայնքի համար ճակատագրական կամ հանգիստ շրջանին, միշտ ուղեկցեց մեր ժողովուրդին: Նա ուղեկցեց հանդուրժողութեամբ` լայնախոհութեամբ, անգամ ամէնէն ծանր տարիներին պահելով իր խօսքը, իր հայակեդրոն, պետականակեդրոն կեցուածքը: Այսպէս էր, որ «Ազդակ»-ը ստացաւ համահայկական յարգանք: Այսօր «Ազդակ»-ը ընթերցուող թերթ է ո՛չ միայն Լիբանանում, այլ նաեւ` այլ համայնքներում, Հայաստանում, եւ դարձել է մեր ընտանիքի` կուսակցական, դաշնակցական մամուլի ամէնէն կարեւոր եւ մնայուն արժէքներից մէկը: Յատուկ շնորհակալութիւն ենք ուզում յայտնել բարերարներին, այսօրուան բարերարներին, նաեւ բարերարների այն ողջ բանակին, որ Դաշնակցութեան բազմաբնոյթ եւ բազմաշերտ գործունէութեան մէջ յենարան եւ նեցուկ է   դարձել մեզ համար, նեցուկ է դարձել այն ծանր, երկարատեւ ու շարունակական գործի համար, որով մենք մնում ենք հայ, ուժեղացնում ենք մեր համայնքները, համայնքներով ուժեղացնում ենք մեր պետականութիւնը եւ ձեւաւորում ենք հայրենիք-սփիւռք այն միասնութիւնը, որի գոյութիւնն է մեր միակ երաշխիքը, որ մենք կը հասնենք մեր մեծ նպատակին, ազգային նպատակին, որը ձեւակերպած ենք գեղեցիկ խօսքով` ազատ, անկախ ու միացեալ Հայաստան: Այդ երկարատեւ ճանապարհին հայ մամուլը ունի շատ մեծ դերակատարութիւն` լինի համակարգչային ժամանակաշրջան, լինի այլ արհեստագիտական ձեռքբերումներ, բայց թերթը գիտակից, գաղափարական, ուղղորդուած թերթը միշտ անհրաժեշտ է, անհրաժեշտ է յատկապէս հայ ժողովրդին, որին տակաւին սպասում է երկարատեւ եւ դժուարին ճանապարհ: Կրկին շնորհաւորում ենք ու ցանկանում ենք եկար ճանապարհ այս թերթին:

Share this Article
CATEGORIES