ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ ՊԱՏՄԱԿԱՆ ԱՐԴԱՐՈՒԹԻՒՆ

Մարտի 9-ին Սպանիայի խորհրդարանը մերժել էր ընդունել Հայոց ցեղասպանութեան ճանաչման վերաբերեալ խնդրագիրը, որը ներկայացրել էին Քաթալոնիայի անկախական եւ Պասքերի ազգայնական կուսակցութիւնները:

Սպանիայի Հայ դատի յանձնախումբն այդ կապակցութեամբ ներկայացնում է հետեւեալ նկատառումները:

Երկրի վարչապետ Ռոտրիկես Զափաթերոն 2004 թուականին ՄԱԿ-ին ներկայացրեց  Քաղաքակրթութիւնների դաշինքը: Թուրքիան, որը միացել է այդ դաշինքին, ժխտելով Հայոց ցեղասպանութեան փաստը, իր գործողութիւններով հակասում է դաշինքի ոգուն, նոյնը` Սպանիայի խորհրդարանը, մերժելով ընդունել վերոյիշեալ խնդրագիրը, փաստօրէն, անվաւեր է ճանաչում Քաղաքակրթութիւնների դաշինքը:

Ինչ վերաբերում է այն յայտարարութեանը,  որ կան այլ առաջնահերթութիւններ Հայաստանի հետ քաղաքական օրակարգում, Հայ դատի յանձնախումբը մատնանշում է, որ խնդիրների մեծ մասը,  որոնց  բախւում է Հայաստանը, ուղղակիօրէն  կապուած են Թուրքիայի` հայ ժողովրդի նկատմամբ իրագործուած ոճրի պատասխանատուութիւնից հրաժարուելու հետ:  Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորումը նոյնպէս կապուած է այս հարցի հետ: Թուրքիան եւ Ազրպէյճանը շարունակում են իրենց հակահայ քաղաքականութիւնը: Թուրքիան փակ է պահում Հայաստանի հետ սահմանը, ինչը խոչընդոտում է Հայաստանի զարգացմանը, չի համաձայնում վաւերացնել 2009-ին ստորագրուած հայ-թուրքական արձանագրութիւնները, իսկ Ազրպէյճանը, բացի այն, որ չի շտապում կարգաւորել ղարաբաղեան հակամարտութիւնը, շարունակ ոչնչացնում է  Նախիջեւանի հայկական պատմամշակութային յուշարձանները:

Չճանաչելով Հայոց ցեղասպանութիւնը` Սպանիան, այդպիսով, չի ընդունում Եւրոպական խորհրդարանի դիրքորոշումը, որը 1987 թուականին Հայոց ցեղասպանութիւնը ճանաչելու վերաբերեալ բանաձեւ էր ընդունել:

Դատապարտելով մարդկութեան դէմ յանցագործութիւնները, ցեղասպանութեան եւ այլատեացութեան ցանկացած դրսեւորում` Եւրոպական Միութիւնը յայտարարում է, որ դա ցանկացած երկրի ու կազմակերպութեան գերակայութիւնը պէտք է լինի` անկախ գաղափարական եւ քաղաքական հայեացքներից:

«ժամանակը չի մեղմում յանցագործութիւնների լրջութիւնը, եւ իւրաքանչիւրի պարտականութիւնն է կանխել այն յայտարարութիւնները, որոնք արդարացնում են անպատժելիութիւնը: Մենք պատասխան չենք ուզում: Մենք պահանջում ենք պատմական արդարութիւն», – ասւում է Սպանիայի Հայ դատի յանձնախմբի յայտարարութեան մէջ:

ՀՅԴ ՄԱՄԼՈՅ ԴԻՒԱՆ

 

Share this Article
CATEGORIES