ԱՏՐՊԱՏԱԿԱՆԻ ՆԱՀԱՆԳԱՊԵՏ ՊԷՅԿԻԻՆ ԱՅՑԵԼԵԼՈՎ` «ԱՅՍ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԱՊՐՈՂ ՄԵՐ ԺՈՂՈՎՐԴԻ ԶԱՒԱԿՆԵՐԸ ԼԻԻՐԱՒ ՔԱՂԱՔԱՑԻԻ ԲՈԼՈՐ ՊԱՐՏԱՒՈՐՈՒԹԻՒՆՆԵՐԻՆ ԳԻՏԱԿԻՑ ԵՆ» ԱՍԱՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԱԿԱՆ ՓՈԽԱՆՈՐԴ ԳՐԻԳՈՐ Ծ. ՎՐԴ. ՉԻՖԹՃԵԱՆԸ

Կիրակի, 15 յունուար 2012-ի երեկոյեան ժամը 6:00-ին, Ատրպատականի հայոց թեմի կաթողիկոսական փոխանորդ Գրիգոր ծ. վրդ. Չիֆթճեանը, ընկերակցութեամբ Պատգամաւորական ժողովի եւ Թեմական խորհրդի ներկայացուցիչներից բաղկացած յատուկ պատուիրակութեան, որին մաս էին կազմում զոյգ ժողովների ատենապետներ` դոկտ. Մկրտիչ Թումանեան, Ռուբիկ Ճանանեան, ինչպէս նաեւ Թեմական խորհրդի անդամ Վանիկ Օհանեան, պաշտօնական հանդիպում ունեցաւ Ատրպատականի նահանգապետ Պէյկիի հետ: Հանդիպման ներկայ գտնուեցաւ Փոքրամասնութիւնների հիմնարկի պատասխանատու Մուսաւի:

Գրիգոր ծ. վարդապետ, թեմի կաթողիկոսական փոխանորդ նշանակումից յետոյ, առաջին անգամ լինելով հանդիպեց նահանգապետին, ուստի, փոխադարձ ծանօթացման առիթ եղաւ սոյն հանդիպումը: Հայր սուրբը իր առաքելութեան անդրադառնալուց բացի, խօսեց թեմի ժողովրդի վայելած իրաւունքներին եւ մանաւանդ խաղաղ կեանքի մասին: Երկրի ամբողջ տարածքին եւ մանաւանդ Ատրպատականի նահանգին մէջ հայ ժողովրդի նկատմամբ ցուցաբերուող բացառիկ հոգածութիւնը հայր սուրբը ընդգծեց իբրեւ առանձնաշնորհ` թեմի ժողովրդի հոգեւոր, կրթական եւ մշակութային գործունէութեան ծաղկմանը նպաստող: «Մեր վայելած այս գերազանց հոգածութեան դիմաց, իբրեւ լիիրաւ քաղաքացիները Իրանի Իսլամական Հանրապետութեանը, մեր ժողովրդի բոլոր զաւակներն էլ գիտակից են իրենց քաղաքացիական բոլոր պարտաւորութիւններին», շեշտեց Գրիգոր ծ. վրդ. Չիֆթճեանը:

Իր հերթին, նահանգապետ  Պէյկի բարի գալուստ մաղթեց հայր սուրբին` մաղթելով, որ նրա առաքելութիւնը արդիւնաւորուի ի շահ Ատրպատականի թեմում ապրող հայ ժողովրդի հոգեւոր, կրթական ու մշակութային կեանքի ծաղկմանը: Նա ասաց նաեւ, որ հայերը միշտ եղել են անբաժան մասնիկը իրանեան հայրենիքին, միասին են կռուել եւ ունեն բազմաթիւ նահատակներ, որոնք միեւնոյն նպատակի համար են զոհուել: Նա ասաց նաեւ, որ հայերը միշտ եղել են շինարար եւ իրենց նպաստը բերել Իրանի Իսլամական Հանրապետութեան բարգաւաճմանը: Վերջապէս, նահանգապետ Պէյկի հաւաստիացրեց կաթողիկոսական փոխանորդին, որ իր կարելիութեան սահմաններում օգտակար է հանդիսանալու թեմի կողմից կատարուող աշխատանքներին, որոնք նահանգի եւ առհասարակ իրանեան հայրենիքի բարգաւաճմանը նպաստելու են:

Պաշտօնական բաժնին հետեւեցաւ մտերմիկ զրոյցի պահ, որտեղ ապագայ գործակցութեան մտքեր փոխանակուեցին: Հանդիպումը վերջ գտաւ գոհունակ մթնոլորտում, նուէրների փոխանակումով:

Յայտնենք, որ այս շաբաթուայ ընթացքում կաթողիկոսական փոխանորդի այցելութիւնը սպասւում է Ուրմիայում:

Share this Article
CATEGORIES