ԽՍՀՄ-ԹՈՒՐՔԻԱ ՅԱՐԱԲԵՐՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹԻՒՆԻՑ. ՆԱԼԲԱՆԴԵԱՆԸ ՉԻ ՍՏՈՐԱԳՐԵԼ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ ՎԵՐԱՀԱՍՏԱՏՈՂ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹԵԱՆ ՏԱԿ

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

«Բանբեր Հայաստանի արխիւների» հանդէսը 2008 թուականի թիւ 1 համարում, պատմաբան Աւագ Յարութիւնեանի նախաբանով, հրապարակել է արխիւային մի փաստաթուղթ (ռուսերէնով), որը որպէս գաղտնի զեկուցագիր 1973 թուականին ներկայացուել է Խորհրդային Հայաստանի համայնավար ղեկավարութեանը: Զեկուցագիր փաստաթղթի հեղինակը խորհրդահայ գնդապետ Գուրգէն Նալբանդեանն է, ով ԽՍՀՄ պատուիրակութեան կազմում մասնակցել է ԽՍՀՄ-Թուրքիա, այսինքն` Հայաստան-Թուրքիա եւ  Վրաստան-Թուրքիա սահմանների վերասահմանագծման աշխատանքներն իրականացնող խորհրդա-թուրքական խառը յանձնաժողովի աշխատանքներին:

Գնդապետ Նալբանդեանը չէր կարող կանխատեսել, որ շուրջ չորս տասնամեակ անց արդէն անկախ Հայաստանի բարձրագույն իշխանութիւնները առանց որեւէ դիմադրութեան պիտի ստորագրութիւն դնէին մի փաստաթղթի (Հայաստան-Թուրքիա զոյգ արձանագրութիւններ) տակ, որով վերահաստատւում էր Հայաստանի Հանրապետութեան եւ Թուրքիայի Հանրապետութեան սահմանները: 1973 թուականի այս զեկուցագիր-փաստաթուղթը կարեւորւում եւ արժեւորւում է հէնց Հայաստան-Թուրքիա «ֆութպոլային դիւանագիտութեան» ու «Ցիւրիխեան տրամայի» լոյսի ներքոյ: Երբ այսօր հայ-թուրքական զոյգ արձանագրութիւնները գործող իշխանութիւնների եւ նրանց գովքն անող վերլուծաբանների ու պատմաբանների կողմից ներկայացւում է մեծագոյն դիւանագիտական նուաճում, ապա շուրջ չորս տասնամեակ առաջ Խորհրդային Հայաստանի միջին աստիճանի զինուորականը` փոխգնդապետ Գուրգէն Նալբանդեանը, անընդունելի է համարել եւ ներկայ չի գտնուել գրեթէ նոյնաբովանդակ փաստաթղթերի ստորագրման արարողութեանը, որով վերահաստատւում էր ԽՍՀՄ-Թուրքիա, ասել է, թէ նաեւ Հայաստան-Թուրքիա սահմանագիծը:

1921 թուականի մարտի 16-ի Մոսկուայի, ապա նոյն տարուայ հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրերով Հայաստանը զրկուեց ոչ միայն Արեւմտեան Հայաստանից, այլ Արեւելեան Հայաստանի մի շարք շրջաններից` Սուրմալուի գաւառից (Արաքսի աջ ափի բարեբեր Արարատեան դաշտավայրից եւ հայ ժողովրդի խորհրդանիշ Մասիս սարից), Կարսի ու Արտահանի մարզերից: 1926 թուականին կատարուեց ԽՍՀՄ-Թուրքիա սահմանի նշումը, իսկ 1973-ին ստորագրուեց սահմանի վերանշման մասին նոր արձանագրութիւն, քանի որ տասնամեակների ընթացքում սահմանային գետերի հուները փոփոխութիւններ էին կրել:

ԽՍՀՄ-Թուրքիա սահմանի վերանշման աշխատանքները կատարուել են 1969-1973 թթ. ընթացքում, իսկ 1973թ. դեկտեմբերի 29-ին Անգարայում, ԽՍՀՄ կողմից դեսպան Պաւել Երմոշինը, Թուրքիայի կողմից` դեսպան Մուսթաֆա Քենանօղլուն, ստորագրեցին չորս փաստաթղթեր. առաջին` ԽՍՀՄ-ի եւ Թուրքիայի պետական սահմանագծի նկարագրութիւն-արձանագրութիւնը, երկրորդ` ԽՍՀՄ-ի եւ Թուրքիայի պետական սահմանի քարտէսը, երրորդ` Սահմանային նշանների արձանագրութիւնը, չորրորդ` Սահմանային նշանների վերահսկողութեան, խնամքի, նորոգման ու վերականգնման եւ սահմանային կածանների պահպանման մասին երկու կառավարութիւնների արձանագրութիւնը:

Ստորագրման արարողութեանը, սակայն, ներկայ չի գտնուել ԽՍՀՄ պատուիրակութեան անդամներից միայն մէկը` գնդապետ Նալբանդեանը, դրանով իսկ իր անհամաձայնութիւնը յայտնելով արարողութեան ընթացքում արուելիք քաղաքական յայտարարութեան հետ, երբ ստորագրուող փաստաթղթերը ունէին թեքնիք բնոյթ:

Նախապէս նախատեսուած չի եղել, որ ստորագրման արարողութեան ընթացքում պէտք է պատրաստուի եւ հնչի յուշագիր-հռչակագիր ԽՍՀՄ-ի եւ Թուրքիայի «անկախութեան, ինքնիշխանութեան, իրաւահաւասարութեան, տարածքային ամբողջականութեան եւ սահմանների անխախտելութեան սկզբունքների» մասին, ապա նման բովանդակութեամբ հաղորդագրութիւն տարածուի նաեւ մամուլի համար:

ԽՍՀՄ-ի եւ Թուրքիայի շուրջ եօթ տասնամեակների յարաբերութիւնների ընթացքում տեղի ունեցած այցերի, փաստաթղթերի ստորագրման արարողութիւնների ընթացքում, Անգարայի պնդումով, երբեմն` պահանջով, կողմերը բանաւոր կամ յուշագրով վերահաստատել են երկու պետութիւնների «տարածքային ամբողջականութեան եւ  սահմանների անխախտելութեան սկզբունքները»:

Նոյնը պնդել են թուրքերը նաեւ 1973-ի դեկտեմբերի 29-ի Անգարայում փաստաթղթերի արարողութեան համար: Ու թէեւ ստորագրուած փաստաթղթերը զուտ թեքնիք բնոյթ ունէին, այդ անգամ էլ թուրքերին յաջողուեց ԽՍՀՄ-Թուրքիա «սահմանների անխախտելիութեան մասին» խոստում կորզել Մոսկուայից:

Խորհրդային Հայաստանի ներկայացուցիչ, գնդապետ Նալբանդեանը Անգարայում ԽՍՀՄ ներկայացուցիչների միջեւ ներքին քննարկման ընթացքում պատուիրակութեան ղեկավար, դեսպան Երմոշինին բացատրել է, թէ ինչո՛ւ ինքը ներկայ չի գտնուելու փաստաթղթերի ստորագրման արարողութեանը. «Թուրքերը մտադիր են իրենց ձեռքում ունենալ քաղաքական մի նոր փաստաթուղթ, որով, փաստացի, ընդունւում է հայկական հողերի զաւթումը… Թուրքերը իրենց միւս հարեւան երկրների հետ եւս լուծում են եւ փորձում են լուծել շատ հարցեր, այդ թւում` սահմանային, սակայն նրանցից չեն պահանջել եւ չեն ստացել «սահմանների անխախտելիութեան» մասին հաւաստիացումներ»:

Գնդապետ Նալբանդեանի` 1973-ին արտայայտած խօսքերը պիտի ծակէին այսօրուայ հայ դիւանագէտների ականջները, ովքեր, սակայն, առանց դիմադրութեան 2009-ին իրենց ստորագրութիւնը դրեցին Հայաստանի Հանրապետութեան եւ Թուրքիայի Հանրապետութեան սահմանները ճանաչող փաստաթղթի տակ:

Գնդապետ Նալբանդեանը արժանապատուօրէն հրաժարուեց ներկայ գտնուել 2009-ի Ցիւրիխեան արձանագրութիւնների արարողութիւնը յիշեցնող 1973-ի Անգարայի խորհրդա-թուրքական արարողութեանը` այդ մասին նախապէս տեղեակ պահելով ԽՍՀՄ պատուիրակութեանը: Խորհրդային Վրաստանի պատուիրակ Օթարի Կիկինէյիշվիլին եւ պատուիրակութեան միւս բոլոր անդամները ներկայ էին Անգարայում փաստաթղթերի ստորագրման եւ ԽՍՀՄ-ի եւ Թուրքիայի տարածքային անխախտելութիւնը ճանաչող յուշագիր-հռչակագրի արարողութեանը, բացառութեամբ Խորհրդային Հայաստանի ներկայացուցիչ, հայ գնդապետ Գուրգէն Նալբանդեանի:

Յատուկ «Ազդակ»-ի համար

Share this Article
CATEGORIES