Պատերազմի Վերսկսման Հաւանականութիւնն Աստիճանաբար Աճում Է
ԱՐԻՍ ՂԱԶԻՆԵԱՆ
Վերջին շրջանում վերլուծաբաններն աւելի յաճախ են խօսում ղարաբաղեան ճակատում աշխուժ ռազմական գործողութիւնների վերսկսման իրական հեռանկարի մասին, ընդ որում` այդ պատերազմի նախաձեռնողը, ըստ բոլոր դատողութիւնների, Ազրպէյճանն է:
Մի կողմից հասկանալի է, որ Ազրպէյճանը չի կարող իրականում շահագրգռուած լինել պատերազմով, քանի որ դրա վերսկսումը վտանգի տակ կը դնի նաւթային խողովակաշարերի եւ կազամուղների գործունէութիւնը, որոնք շատ մօտ են շփման գծին: Այդ դէպքում դրանք ոչնչացնելու իրական սպառնալիք է ստեղծւում, եւ Ազրպէյճանը կարող է զրկուել իր տնտեսութեան զարգացման եւ ներդրումների գլխաւոր հիմքից:
Միւս կողմից` այդ հանրապետութեան քաղաքական ընտրախաւը չի կարող անվերջ իր ժողովրդին խոստանալ «բռնագրաւուած հողերի վերադարձը ցանկացած ձեւով»:
Մասնաւորապէս այժմ, երբ երկրում, անցեալ տարիների համեմատութեամբ, աւելի հզօր ընդդիմութիւն է ձեւաւորւում, երբ գործող իշխանութեան քննադատութիւնն աւելի արմատական ձեւեր է ընդունում:
Հէնց այս հանգամանքն էլ ստիպում է իշխանութիւններին հնարաւոր ռազմական գործողութիւնների բեմագրութիւններ մշակել: Գործընթացի
արագացնող ազդակ Պաքուի եւ Թեհրանի յարաբերութիւնների լարուածութեան շիկացումը` Ազրպէյճանի եւ Իսրայէլի դիրքորոշումների էլ աւելի մերձեցման խորապատկերին: Ռուս քաղաքական գործիչ, Ռուսիոյ նախագահի թեկնածուներից մէկի` Վլատիմիր Ժիրինովսքիի կարծիքով` «Ազրպէյճանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ պատերազմը, որը պատերազմ է հրահրում Հայաստանի եւ Ազրպէյճանի միջեւ, եւ դրանով Ռուսաստանին նոր պատերազմի մէջ կը ներքաշի Անդրկովկասում, կարող է սկսուել արդէն 2012 թ. ամրանը»:
Ազրպէյճանը տարէցտարի աւելացնում է իր ռազմական ներուժը: Հանրապետութիւնում գործում է ռազմական նշանակութեան շուրջ 20 արտադրութիւն, որոնք արտադրում են խոշոր տրամաչափի դիպուկազարկ հրացաններ, գրոհիչ հրացաններ, ինքնաձիգներ, զրահամեքենաներ, սովորական ականանետներ եւ այլն:
Ռազմարդիւնաբերութեան զարգացման պետական ծրագրի շրջանակներում Ազրպէյճանը ծրագրում է հրասայլերի հիմքի վրայ թրթուրաւոր ռազմական փոխադրակառքերի, ինքնաշարժ կամուրջների եւ զրահային ռազմաբեռնատար փոխադրակառքերի արտադրութիւն:
Այդ փոխադրակառքերու մի մասը կ՛արտադրուի հրասայլերի վերանորոգման գործարանում: Այսօր բանակցութիւններ են ընթանում երկու թուրքական եւ մէկ իսրայէլեան ընկերութիւնների հետ: Օրերս յայտնի է դարձել Ազրպէյճանին 1.6 միլիառ տոլարի իսրայէլական անօդաչու թռչող սարքերի եւ հակահրթիռային եւ հակաօդային պաշտպանութեան համակարգերի մատակարարումների մասին:
Փաքիստանի հետ մէկտեղ հէնց Թուրքիան եւ Իսրայէլն են Ազրպէյճանի կարեւոր ռազմավարական գործընկերները:
Իսրայէլից Ազրպէյճանի գնած զինամթերքը նախատեսուած է Հայաստանի, այլ ոչ թէ Իրանի դէմ օգտագործման համար, կարծում է վերլուծաբան Ճօշուա Քուչերան:
Ազրպէյճանի եւ Իսրայէլի միջեւ կնքուած գործարքի ժամկէտները` անօդաչու թռչող սարքերի եւ այլ զէնքերի մատակարարումների մասին, մոլորութեան մէջ են գցում, ասւում է «Եուրէյժիանէթ» կայքում հրապարակուած վերլուծաբանի յօդուածում:
«Անկախ Իսրայէլի եւ Իրանի միջեւ յարաբերութիւնների լարուածութեան ուժեղացումից, ինչպէս նաեւ Ազրպէյճանում Իսրայէլի հետախուզութեան գործունէութեան նկատմամբ ակնդէտ ուշադրութիւնից, զէնքը նախատեսուած է օգտագործելու համար ոչ թէ Իրանի, այլ Հայաստանի դէմ, որը վերահսկում է Լեռնային Ղարաբաղը: Թէեւ, բնականաբար, աւելի գայթակղիչ է այլ կերպ մտածելը», գրում է Քուչերան:
Նրա կարծիքով, Պաքուն եւ Թել Աւիւը փոխանակում են Իրանի մասին հետախուզական տուեալները, սակայն Ազրպէյճանը զէնքը չի օգտագործի Իսլամական Հանրապետութեան դէմ:
«Ազրպէյճանի կառավարութիւնը չի վստահում Իրանին, սակայն վախենում է ոչ թէ միջուկային ծրագրից, այլ Ազրպէյճանի ներքին գործերին Թեհրանի միջամտութիւնից», ընդգծում է Քուչերան:
Միեւնոյն ժամանակ, օրերս ՀԱՊԿ գլխաւոր քարտուղար Նիքոլայ Պորտիւժան յայտարարել է, որ այս տարուայ աշնանը ծրագրւում է Հայաստանի տարածքում ՀԱՊԿ արագ արձագանգման հաւաքական ուժերի զօրավարժութիւնների անցկացումը:
2009-ի փետրուարի 4-ին ՀԱՊԿ մասնակիցները համաձայնեցրել եւ ստորագրել են Արագ արձագանգման հաւաքական ուժեր ստեղծելու նախագիծը: 2009-ի վերջին ՀԱՊԿ արագ արձագանգման հաւաքական ուժերը Ղազախստան-Չինաստան սահմանին` Մաթիպուլաք ռազմական հրաձգարանում Խորհրդային Միութեան փլուզումից ի վեր ամենալայնածաւալ զօրավարժութիւններ են անցկացրել: Եւ ահա այս տարուայ աշնանը ծրագրւում են զօրավարժութիւններ Հայաստանում:
Կարո՞ղ են արդեօք դրանք ընդունուել որպէս ղարաբաղեան ճակատում նոր պատերազմի սկսման հաւանական բեմադրութեան կանխման «մեքանիզմ»:
Այս հարցին միանշանակ պատասխանելը դժուար է, սակայն նոյն Պորտիւժան նշել է. «Հայաստանը մեր դաշնակիցն է եւ, որպէս ՀԱՊԿ-ի լիիրաւ անդամ, կը ստանայ անհրաժեշտ աջակցութիւն»:
ԱՐԻՍ ՂԱԶԻՆԵԱՆ
«Արմենիա Նաու»-ի թղթակից





