Ջաւախքում «Վերեւներից» Թոյլ Չտուեցին Զեկուցական Հանդիպում Կազմակերպել

Սամցխէ-Ջաւախքի  հայկական հասարակական կազմակերպութիւնների խորհրդի համակարգող Արտակ Գաբրիէլեանի Պրիւքսելում Եւրոպական խորհրդարանի մի շարք պատգամաւորների եւ պաշտօնեաների հետ ունեցած հանդիպումները առիթ տուեցին ամենատարբեր մեկնաբանութիւնների:

Այդ նպատակով Սամցխէ-Ջաւախքի հայկական հասարակական կազմակերպութիւնների խորհուրդը կազմակերպել էր  ընդլայնուած հանդիպում` նպատակ ունենալով հանրութեանը ներկայացնել իրականութիւնը առաջին դէմքից: Իսկ թէ ինչի վերածուեց այս նախաձեռնութիւնը` ամենեւին ծիծաղելի էր:

Սկսենք նրանից, որ հանդիպմանը, ինչպէս հաւաստիացրեցին կազմակերպիչները, հրաւիրուած էին շրջանների բոլոր ղեկավարները, իրենց տեղակալների հետ միասին, մարդու իրաւունքների պաշտպանի Ախալքալաքի գրասենեակի պատասխանատուն, ինչպէս նաեւ բազմաթիւ հասարակական, երիտասարդական, պետական, մշակութային եւ այլ կազմակերպութիւններ, միութիւններ եւ  լրատուամիջոցներ: Եւ սա վերաբերում է ոչ միայն Ախալքալաքի շրջանին, այլ նաեւ Նինոծմինտայի, Ախալցխայի եւ Ծալկայի շրջաններին:

Հանդիպման դեռ սկզբում շատերը զանգահարում եւ տեղեկացնում էին, որ չեն ներկայանայ հանդիպմանը, քանի որ «վերեւից» զանգել-զգուշացրել են: Թոյլ չէին տուել հանդիպումը կազմակերպել նաեւ քաղաքի դահլիճներից որեւէ մէկում: Չնայած նախնական համաձայնութեանը, համաձայնելուց րոպէներ յետոյ ամենատարբեր պատճառաբանութիւններով բոլորը հրաժարուել էին տեղ տրամադրել հանդիպումն անցկացնելու համար: Արտակ Գաբրիէլեանը սա պայմանաւորեց ուժային կառոյցների ուղղակի ճնշումների հետ, ինչը, իր իսկ խօսքերով, եւս մէկ անգամ հաստատում է իրենց նախաձեռնութեան կարեւորութիւնը եւ ցոյց է տալիս այն լրջագոյն վիճակը, որում յայտնուել ենք: Արդիւնքում, ընդամէնը 30 հոգով (ովքեր Սամցխէ-Ջաւախքի հայկական հասարակական կազմակերպութիւնների խորհրդի անդամներ են) հանդիպումը կայացաւ Ա-ԻՆՖՕ լրատուական գործակալութեան փոքրիկ գրասենեակում:

Արտակ Գաբրիէլեանը նշեց, որ խորհրդի կողմից պատրաստուել էր յուշագիր, հինգ սկզբունքային կէտերով, որում ներկայացուած են տարածաշրջանում առկայ խնդիրները եւ դրանց լուծման ճանապարհները: Այդ յուշագիրը ներկայացուել է Եւրոպական խորհրդարանի երկու տասնեակի հասնող այն բոլոր պատգամաւորներին եւ պաշտօնեաներին, ում հետ յաջողուել է հանդիպել Պրիւքսելում: Յուշագրի սկզբունքային կէտերն են.

1.- Վերջ տալ երկրամասի ժողովրդագրական պատկերը փոխելու ճիգերին:

2.- Տեղական եւ պետական կառավարման կառոյցներում բարելաւել հայերի ներկայացուածութիւնը:

3.- Ընկերային եւ տնտեսական զարգացման ծրագրեր մշակել եւ իրականացնել երկրամասում, դրա մակարդակը այդ բնագաւառներում հաւասարեցնելու համար երկրի մնացեալ շրջանների վիճակին:

4.- Ազգաբնակչութեան հայ մեծամասնութիւն ունեցող վարչական շրջանների կառավարման մարմիններում հայոց լեզուի օգտագործման իրաւունք տալ:

5.- Վրաստանի կազմում ինքնավար տարածքային միաւորի կարգավիճակ տալ Սամցխէ-Ջաւախքի եւ յարակից Ծալկա շրջանին:

Խօսելով հանդիպմանը հերթական անգամ չներկայացած տեղական ղեկավարութեան մասին, Ա. Գաբրիէլեանը ափսոսանք յայտնեց, նշելով, որ շատ աւելի լաւ կը լինէր, եթէ վերջիններս ներկայ գտնուէին ու անձամբ լսէին ինչ նպատակ են հետապնդել պրիւքսէլեան հանդիպումները եւ ինչ արդիւնք են տուել, քան թէ այդ ամէնի մասին տեղեկանային ամենատարբեր լրատուամիջոցներից, ինչը բազմաթիւ թիւրիմացութիւնների տեղիք տուեց:

Շարունակելով իր խօսքը, Գաբրիէլեանը կրկնեց բազմաթիւ անգամ հնչեցրած այն համոզմունքը, որ Վրաստանը պէտք է դառնայ լիարժէք դաշնակցային պետութիւն, նշելով, որ այս մտքի հետ համամիտ են նաեւ Եւրոպական խորհրդարանի բազմաթիւ պատգամաւորներ: Եւ այս դաշնակցային կառուցաձեւում  Ջաւախքի ապագան, անվտանգութիւնը, զարգացումն ու ժողովրդավարութիւնը Սամցխէ-Ջաւախքի եւ հայկական հասարակական կազմակերպութիւնների խորհուրդը տեսնում է Վրաստանի կազմում  միայն ինքնավարութեան մէջ:

Ա-ԻՆՖՕ

 

Share this Article
CATEGORIES