Գրքի Հայերէն Թարգմանութեան Առթիւ

Այս տարի Հալէպի մէջ լոյս տեսաւ տոքթ. Մոհամետ Ռիֆաաթ Իմամի «Հայկական հարցը Օսմանեան պետութեան մէջ – 1878-1923» գիրքին հայերէն թարգմանութիւնը, զոր կատարած է Հուրի Ազեզեան:

Ստորեւ կը ներկայացնենք այս առիթով Հայաստանի Գիտութիւններու ազգային ակադեմիայի պատմութեան հիմնարկի տնօրէն փրոֆ. Աշոտ Մելքոնեանի յառաջաբանը:

Հայոց պատմութիւնը հազարամեակներ շարունակ մշտապէս հետաքրքրել է հարեւան ժողովրդների պատմիչների, փիլիսոփաների եւ զանազան այլ մասնագիտութեան տէր անձանց: Դա պայմանաւորուած է նաեւ այն հանգամանքով, որ հայկական աղբիւրները հարուստ նիւթ պարունակելով դրկից ազգերի մասին եւ մեծապէս օգնելով նրանց պատմութիւնը լուսաբանելու համար, որոշակի հետաքրքրութիւն են առաջացրել դէպի մեր երկրի հարուստ մշակոյթն ու նրա ստեղծագործ մարդիկը:

Այդ իմաստով բացառութիւն չէ ոչ միայն որոշակի գրաւչութիւն պարունակող հին եւ միջնադարեան Հայաստանի, այլեւ նրա նոր դարաշրջանի, մասնաւորապէս 19-րդ դարի վերջին քառորդի ու 20-րդ դարի առաջին տասնամեակների մեր պատմութեան խռովայոյզ շրջափուլը, երբ Օսմանեան կայսրութիւնում եւրոպական տէրութիւնների կողմից առաջ քաշուեց Արեւմտահայաստանում  հայութեան համար բարեփոխումների իրականացման ծրագիրը, հայերիս ընկալմամբ` արեւմտահայութեան ազատագրութեան խնդիրը, միջազգային դիւանագիտութեան մէջ մտած` Հայկական հարցը: Այս դժուարին ու չարչրկուած խնդիրը մօտ 40 տարի մաս կազմեց Եւրոպա-Թուրքիա կնճռոտ դիւանագիտական յարաբերութիւններին եւ Առաջին Աշխարհամարտի տարիներին ողբերգական վախճան ունեցաւ հայութեան համար. աւարտուեց հայերի նկատմամբ Ցեղասպանութեան իրականացմամբ:

20-րդ դարի սկզբին օսմանեան Թուրքիայում տեղի ունեցած արեւմտահայութեան եղեռնագործութեան մասին երկարատեւ լռութիւնից յետոյ «քաղաքակիրթ» աշխարհը կրկին խօսեց միայն 20-րդ դարի վերջին տասնամեակներին: Վերջապէս տարբեր երկրների գիտական ու քաղաքական շրջանակներ սկսեցին բարձրաձայնել այս հարցը, լոյս տեսան բազմաթիւ ժողովածուներ ու մենագրութիւններ, որոնք նոր լոյս սփռեցին 1915-1923 թթ. հայոց Մեծ եղեռնի դաժան իրողութեան վրայ:

Ի թիւս աշխարհի շատ մարդասէրների, քաղաքական գործիչների ու գիտնականների` համաթրքականութեան զոհ դարձած հայ ժողովրդի ողբերգութեան արձագանգեցին արաբ ժողովրդի բազմաթիւ ազնիւ զաւակներ: Արաբները, որոնք հարիւրամեակներ շարունակ ճաշակել էին օսմանեան դժնդակ տիրապետութեան բոլոր դառնութիւնները, եւ որոնց աչքի առաջ էր տեղի ունեցել Հայոց ցեղասպանութիւնը, չէին կարող անտարբեր մնալ մի ողջ ժողովրդի ճակատագրի հանդէպ:

Յատկանշական է, որ դեռ Մեծ եղեռնի օրերին մի շարք արաբ գործիչներ իրենց բողոքի ձայնը բարձրացրին արեւմտահայութեան զանգուածային կոտորածների դէմ, վտանգելով իրենց կեանքը` բազմահազար արաբ մարդիկ ապաստան տուեցին հայ տարագիրներին, որդեգրեցին հայ որբուկներին, մահուան ճիրաններից փրկեցին գաղթական արեւմտահայերին: Հետագայ տարիներին արաբ մտաւորականների հեղինակած գրքերն իրենց ուրոյն տեղն ունեցան Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչման ու դատապարտման գործընթացում:

Հայկական հարցի ու Հայոց ցեղասպանութեան թեման արծարծած արաբ հեղինակների շարքում վերջին ժամանակաշրջանում առանձնացաւ Այն Շամս համալսարանի փիլիսոփայութեան տոքթոր, Աղեքսանդրիոյ համալսարանի արդի եւ ժամանակակից պատմութեան դասախօս, Եգիպտական պատմական ուսումնասիրութիւնների ընկերութեան անդամ, հայագիտական բազմաթիւ աշխատութիւններ հեղինակած Մոհամետ Ռիֆաաթ Իմամը:

Սոյն աշխատութեան յառաջաբանում արաբ գիտնականը պարզաբանում է այս բարդ խնդրով զբաղուելու դրդապատճառը` արաբական պատմագրութեան մէջ դեռ «հակադրութիւններով եւ հակասութիւններով» ներկայացող Հայկական հարցի գիտաքաղաքական եւ ճանաչողական կարեւորութիւնը: Ուստի պատահական չէ, որ արդէն Եգիպտոսի հայ գաղութի պատմութեանը նուիրուած Իմամի համալսարանական աւարտաճառում այս թեման դառնում է աշխատութեան տպաւորիչ մէկ մասը: Հետազօտողի պատմագիտական բացառիկ ունակութիւններն արդէն ի յայտ են գալիս բազմալեզու հարուստ գրականութեան քննութեամբ գրուած այս մենագրութեան կառուցուածքի ու ժամանագրական շրջանակների ճիշդ ընտրութեան մէջ: 1878-1923 թթ., այսինքն` Հայկական հարցի միջազգայնացումից մինչեւ Լոզանի խորհրդաժողով, այսինքն` հարցի թաղում: Հեղինակը լաւ է պատկերացնում իր առջեւ դրուած խնդրի բարդութիւնը, թէկուզեւ նկատի ունենալով հարցի հանդէպ հայկական եւ թրքական կողմերի մօտեցումների արմատական տարբերութիւնները, եւ` դրանցում ճշմարտութիւնը բացայայտելու իր պատասխանատու յանձնառութիւնը:

Առաջին գլխում, որը նուիրուած է սուլթան Համիտ 2-րդի գահակալութեան շրջանին (1876-1909 թթ.), ոչ պատահականօրէն արաբ գիտնականն արծարծում է Արեւմտեան Հայաստանում դեռ 16-17-րդ դարերից` օսմանեան տիրապետութեան հաստատման ժամանակներին վերաբերող հարցեր, երբ հայ ժողովուրդը դրուեց թրքական ծանր ու իրաւազուրկ վիճակի մէջ, ընդ որում` շարունակելով մնալ այդ կայսրութեան «հաւատարիմ համայնք»-ը: «Եւ որպէս երկրին փոքրամասնութիւններէն մէկը` պաշտօնապէս խտրականութիւնը պարտադրուած էր,- գրում է Իմամը,- եւ անոնց հետ վարուած էին իբրեւ երկրորդ կարգի քաղաքացիներու» (էջ 35): Դրանով իսկ Մոհամետ Ռիֆաաթ Իմամը անմիջապէս հերքում է թրքական պատմագրութեան եւ քաղաքական շրջանակների այն կեղծ դրոյթը, թէ իբր հայերը թէեւ օգտուել են սուլթանի առանձնաշնորհումներից, բայց իբրեւ տէրութեան անհաւատարիմ ու ապերախտ քաղաքացիներ, 19-րդ դարավերջից ձգտել են փլուզել Օսմանեան կայսրութիւնը, որն էլ թուրք հասարակութեան մէջ խորացրել է անվստահութիւնը դէպի հայերը, իսկ իշխանութիւններին մղել է հայերի «պառակտիչ» գործողութիւնները կանխարգիլող քայլերի: Այս գլխում հետազօտողը իրաւացիօրէն նկատում է, որ 16-րդ դարի սկզբից, երբ սկսուել են թուրք-պարսկական երկարատեւ ու արիւնալի պատերազմները, ամէնից շատ տուժել է հայութիւնը, որի հայրենիքը վերածուել է երկու ախոյեան երկրների անզիջում պայքարի թատերաբեմի: Ուշագրաւ է, որ այստեղ հեղինակն ընթերցողին ծանօթացնում է ինչպէս «Արեւմտեան Հայաստան» եզրը` որպէս հայութեան արեւմտեան հատուածի հայրենիք, այնպէս էլ Ղարաբաղ-Արցախը` որպէս Հայաստան պատմա-աշխարհագրական նահանգներից մէկը:

Արաբ գիտնականը կարողանում է բացայայտել Հայկական հարցում եւրոպական մեծ տէրութիւնների խարդաւանքները, հայոց բարեփոխումների խնդիրն ի շահ իրենց օգտագործելու նրանց քաղաքականութիւնը: Նա ճիշդ է նկատում, որ Եւրոպայի երկդիմի գործելակերպի պատճառով սուլթանական կառավարութիւնն աւելի է սաստկացրել հայկական հալածանքները, իսկ 1894-1896 թթ. սանձազերծել է զանգուածային  կոտորածներ: Հեղինակը չի մոռանում նաեւ հայկական կոտորածների հարցում քննադատական խօսք ուղղել հայ ազգային կուսակցութիւնների հասցէին, որոնք երբեմն իրենց անհեռատես քայլերով աւելի են գրգռել թրքական իշխանութիւններին հայերի դէմ:

Շատ ուշագրաւ են Իմամի դիտարկումներն Արեւմտեան Հայաստանում` սուլթանական կառավարութեան վարած ժողովրդագրական քաղաքականութեան վերաբերեալ, որի նպատակը դարեր շարունակ եղել է օտար ցեղային տարրերի մուտքն Արեւմտեան Հայաստան խրախուսելով` հասնել հայ բնակչութեան տեսակարար կշիռի նուազմանը:

Հայ ժողովրդի հետ տեղի ունեցած համազգային ողբերգութեան բուն պատճառները փորձառու հետազօտողն իրաւացիօրէն տեսնում է սուլթան Համիտ 2-րդի կառավարման տարիներին պաշտօնական գաղափարախօսութիւն դարձած համաթրքականութեան մէջ: Դրանով պիտի բացատրել այն հանգամանքը, որ աշխատութեան երկրորդ գլխում այդ թեման դառնում է յատուկ ուսումնասիրութեան առարկայ: Ընթերցողի ուշադրութիւնը հեղինակը հրաւիրում է այն իրողութեան վրայ, որ այդ քաղաքականութիւնը նոյնութեամբ ընդօրինակուել եւ աւելի բիրտ եղանակներով իրագործուել է երիտասարդ թուրքերի կողմից:

Հայոց մեծ եղեռնին յատկացուած էջերում, որն ազնիւ գիտնականի կողմից անուանւում է «ողբերգութիւնների մայրը», հերքւում են թրքական կողմի այն պնդումները, թէ Համաշխարհային Ա. պատերազմի ժամանակ հայերը դաւաճանելով կայսրութեանը` իշխանութիւններին չթողեցին այլընտրանք, քան նրանց տեղահանութիւնն էր: Նրա կարծիքով, ոչ Սարըղամիշի ճակատամարտում թուրքերի պարտութիւնն էր կապուած հայերի շինծու «դաւաճանութեան» հետ եւ ո՛չ էլ 1915 թ. ապրիլի սկզբին Վանում սկսուած հայերի ինքնապաշտպանութիւնն էր ապստամբական գործողութիւն. «… «Վանի մէջ պատահածը,- կարդում ենք այս մենագրութիւնում,- յեղափոխութիւն մը չէր, այլ սոսկ ինքնապաշպանական արարք մը` դիմագրաւելու համար օսմանեան պաշարումը» (էջ 105): Պարզ է, որ հայերին բնաջնջելու ծրագիրն արդէն վաղուց պատրաստ էր եւ ցանկացած դէպքում կարող էր միայն առիթ ծառայել ծրագրուածը իրագործելու համար:

Ինչ վերաբերում է թուրքերի այն տեսակէտին, թէ իրենց կառավարութիւնը միայն ռազմաճակատին գծին մօտ ապրող հայութեանը հարկադրուած է տեղահանել եւ կոտորելու մտադրութիւն չի ունեցել, Մոհամետ Ռիֆաաթ Իմամ փաստերի վերլուծութեան արդիւնքում տալիս է հետեւեալ պատասխանը. «Հետեւաբար կը բացայայտուէր, թէ աքսորը (կամ բռնագաղթը) համահաւասար եղած էր բնաջնջման» (էջ 109): Աւելի քան դիպուկ ու տեղին է գիտնականի միւս հետեւութիւնը` ցեղասպանութեան նպատակը հայերին հայրենազրկել էր. «իթթիհատականները կատարելապէս յաջողած էին լուծարքի ենթարկելու հայերը` իրենց պատմական հողերէն բռնի հեռացնելով զանոնք, ուր ապրած էին մօտաւորապէս երեք հազար տարիներ… Իթթիհատականները գործած էին հաւաքական առաջին ցեղասպանութիւնը, քսաներորդ դարու արշալոյսին, կանխամտածուած եւ կանխատրամադրուած կերպով բնաջնջելով ամբողջ ժողովուրդ մը «(էջ 106):

Գիտնականօրէն հիմնաւորուած է Իմամի նաեւ մէկ այլ պնդումը, որ Հայոց ցեղասպանութիւնը չի սահմանափակւում 1915 թուականով. այն ունեցել է իր շարունակութիւնը հետագայ տարիներին, իսկ 1918 թ. ընդգրկել է նաեւ արեւելահայութիւնը: Ընդ որում, արեւելահայութեան զանգուածային կոտորածների ընդհանուր ծիրի մէջ հեղինակը չի մոռացել կովկասեան թաթարների, այն է` ազրպէյճանցիների հակահայ ձեռնարկումներն ու Պաքւում, Շուշիում եւ այլուր իրականացած հայկական ջարդերը: «Ազերիները,- գրում է պատմաբանը,- պետութիւն մը կը պատկերացնէին, որ կը տարածուէր Կասպից ծովէն մինչեւ Սեւ ծով, ուր Հայաստանը մնացած էր Ազրպէյճանի եւ օսմանեան պետութեան միջեւ» (էջ 150):

Մեծ հետաքրքրութեամբ են կարդացւում սոյն մենագրութեան մէջ Սեւրի դաշնագրին նուիրուած էջերը: Արաբ ուսումնասիրողը ճիշդ է նկատում, որ Եւրոպայի համար այդ դաշնագիրը միայն թղթի կտոր էր, եւ դրա կենսագործման իրական հեռանկարներ չկային: Պատահական չէ, որ շուտով նոյն Եւրոպան հրաժարուեց իր իսկ ստորագրած այդ փաստաթղթից եւ իր երբեմնի դաշնակից Հայաստանին թողեց բախտի քմահաճոյքին. «Արդ. կարծէք թէ բացարձակապէս Հայկական հարց մը բնա՛ւ գոյութիւն չէր ունեցած, եւ իբրեւ մեղադրական խօսք դառնաբար գրում է Մոհամետ Ռիֆաաթ Իմամը, եւ կամ նոյնիսկ հայերը գոյութիւն չէին ունեցած օսմանեան պետութեան տարածքին: Եւ այսպէս, «Մեծ դաշնակիցները» Լօզանի սեղանին վրայ անհետացուցած էին «փոքր դաշնակցին» հարցը, եւ իրենց ձեռքերը լուացած էին հայերուն եւ քիւրտերուն արեամբ» (էջ 176):

Կ՛ուզէինք մատնանշել աշխատութեան մէջ տեղ գտած եւս երկու կարեւոր նկատառում. հեղինակը համոզուած է, որ` ա) Ցեղասպանութիւնն ունեցել է նաեւ տնտեսական դրդապատճառ. հայերին բնաջնջելով` թուրքերը նպատակ են ունեցել ազատուել նրանց մրցակցութիւնից (էջ 197-198), բ) Սփիւռքի ստեղծումը Ցեղասպանութեան անմիջապէս հետեւանք է եղել, ուստի սփիւռքահայութիւնն ունի բոլոր հիմքերն` իր բռնադատուած իրաւունքների դիմաց հատուցում պահանջելու համար (էջ 202-203):

Յատկանշական է, որ ոչ միայն Հայկական հարցին ու Ցեղասպանութեան խնդրին, այլեւ հայոց պատմութեան հանգուցային այլ փուլերին ընդհանուր գծերով` արաբ ընթերցողին ծանօթացնելու համար հեղինակն աշխատութեան յաւելուածում զետեղել է հետաքրքրական քարտէսներ, որոնք որոշակի պատկերացում են տալիս Սան Սթեֆանոյի պայմանագրից մինչեւ Լոզան ընկած ժամանակաշրջանի, ինչպէս եւ` Խորհրդային Հայաստանի սահմանների մասին: Գնահատելի է նաեւ երկրորդ եւ երրորդ յաւելուածներում Հայկական հարցի ժամանակագրական ցանկը եւ հայ նշանաւոր գործիչների մասին համառօտ կենսագրականներ տեղադրելու Իմամի մօտեցումը:

Ամփոփելով վերոնշեալը` կարելի է հաստատապէս պնդել, որ տոքթոր Մոհամետ Ռիֆաաթ Իմամ արաբալեզու, այսօր էլ շնորհիւ հալէպահայ հետազօտող-թարգմանչուհի Հուրի Ազեզեանի` հայ  ընթերցողի սեղանին է դրել մի համապարփակ ու ծանրակշիռ աշխատութիւն Հայկական հարցի ու Հայոց ցեղասպանութեան մասին, որը նոր խօսք է նաեւ առհասարակ միջազգային ցեղասպանագիտութեան մէջ, եւ յաւակնում է Արեւելքի ժողովրդներին սոյն խնդրին ծանօթացնելու գործում լինելու լաւագոյն մենագրութիւններից մէկը: Մաղթենք եգիպտացի հեղինակին նորանոր յաջողութիւններ իր գիտական գործունէութեան մէջ եւ յոյս յայտնենք, որ նրա միւս աշխատութիւնները եւս հասու դառնան հայ ընթերցողին:

ԱՇՈՏ ՄԵԼՔՈՆԵԱՆ,  ՓՐՈՖԵՍԷՕՐ
ՀՀ ԳԱԱ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ
ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՏՆՕՐԷՆ

Երեւան

Share this Article
CATEGORIES