Հայաստանի Ֆութպոլի 17 Տարեկանէն Վար Կրտսերներու Ազգային Հաւաքականը Մեկնեցաւ Ղազախստան

Հայաստանի ֆութպոլի ֆետերասիոնի պաշտօնական կայքէջէն կը տեղեկանանք, որ երէկ` հինգշաբթի, 26 ապրիլին, Ալմա Աթա մեկնեցաւ (Ղազախստան) Հայաստանի ֆութպոլի 17 տարեկանէն վար կրտսերներու ազգային հաւաքականը` իր մասնակցութիւնը բերելու համար 27 ապրիլէն 3 մայիս տեղի ունենալիք Ղազախստանի նախագահի բաժակի մրցաշարքին:

Ութ խումբեր բաժնուած պիտի ըլլան երկու խմբակի: Հայաստան, որ մաս կը կազմէ Ա. խմբակին, իր դէմ պիտի ունենայ Ղազախստանը, Հունգարիան եւ Թուրքմենիստանը: Բ. խմբակին մաս կը կազմեն Չինաստան, Ազրպէյճան, Իրան եւ Վրաստան:

Հայրենի կազմը յաջորդաբար պիտի մրցի Հունգարիոյ (28 ապրիլ), Թուրքմենիստանի (29 ապրիլ), Ղազախստանի (1 մայիս) եւ 1-8-րդ դիրքին համար (2 մայիս):

Նշենք, որ նախորդ տարի այս մրցաշարքին իր մասնակցութիւնը բերած Հայաստանի կազմը գրաւեց 7-րդ եւ նախավերջին դիրքը:

Հայաստանի ֆութպոլի ֆետերասիոնի մամլոյ քարտուղարութիւնը կը տեղեկացնէ, որ խումբը Ղազախստան մեկնեցաւ հետեւեալ կազմով.

ԲԵՐԴԱՊԱՀՆԵՐ.- Անաթոլի Այվազով (Լոքոմոթիւ Մոսկուա, Ռուսիա) եւ Յովհաննէս Նաւասարդեան (Իմփուլս):

ՅԵՏՍԱՊԱՀՆԵՐ.- Վահան Ատլոյեան, Վարդան Խաչատրեան, Նարեկ Պետրոսեան (Բանանց), Հայկ Մարգարեան, Խաչատուր Խաչատրեան եւ Ռոպերթ Յակոբեան (Փիւնիկ):

ՄԻՋՆԱՊԱՀՆԵՐ.- Նարեկ Ասլանեան, Գեղամ Թումպարեան (Փիւնիկ), Արամ Սարգսեան, Նորայր Տիգրանեան, Միքայէլ Խաշմանեան (Բանանց), Ալիք Առաքելեան (Միքա), Ֆուրման Մելքոնեան (Սեւիլլա, Սպանիա) եւ Գրիգորի Գալստեան (Մոսկուայի Բանակայիններ, Ռուսիա):

ՅԱՌԱՋԱՊԱՀՆԵՐ.- Էդուարդ Աւագեան (Բանանց) եւ Օրբելի Համբարձումեան (Ուլիս):

Share this Article
CATEGORIES