ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՈԼՈՐ ԵՐԵՔ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՄԵՐԺԵԼ ԵՆ. ԹՈՒՐՔԻԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ՖԻԶՈՒԼԻՆ ԵՒ ԱՂՏԱՄԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ ԱԶՐՊԷՅՃԱՆԻՆ

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Տաւութօղլուի` «Ազգ» օրաթերթի գլխաւոր խմբագիր Յակոբ Աւետիքեանին տուած պատասխանը բաւական լուրջ արձագանգ է գտել հայկական լրատուամիջոցներում: Իրականում, սակայն, Տաւութօղլուն որեւէ նոր բան չի ասել: Ճիշդ է, պարոն Տաւութօղլուն պատասխանի սկզբում իրականութեանը չհամապատասխանող մի քանի մտքեր է արտայայտել: Թուրք թիւ մէկ դիւանագէտի պնդումը, թէ` «մենք հայկական կողմի հետ արձանագրութիւնների վրայ աշխատում էինք 3 տարի շարունակ, սկսած 2005-ից», ուղղակի սուտ է: Հայ-թուրքական արձանագրութիւնների վրայ աշխատանքն սկսուել է Ապտիւլլա Կիւլի Երեւան այցից յետոյ: Այդ արձանագրութիւնները նախնական տեսքի են բերուել 2009-ի գարնանը: Սպասւում էր, որ դրանք կը ստորագրուեն 2009-ի ապրիլին, սակայն թուրքական կողմը հրաժարուեց եւ հետագայ ամիսներին կարողացաւ արձանագրութիւնների մէջ մտցնել Հայաստանի համար անընդունելի մի քանի ձեւակերպումներ, ինչպէս` «պատմական փաստաթղթերի ու արխիւների անկողմնակալ գիտական ուսումնասիրութիւն»ը:

Քանի որ խօսք գնաց արձանագրութիւնների մասին, նշենք, որ դեռ 1992 թուականի վերջերին Հայաստանի եւ Թուրքիայի այն օրերի դիւանագէտները բանակցել են մէկ փաստաթուղթ, որը սակայն մնացել է որպէս արձանագրութեան նախագիծ, քանի որ թուրքական կողմը դադարեցրեց բանակցութիւններն այն բանից յետոյ, երբ հայկական ուժերը մտան Քարվաճառ (Քելբաջար): Հայկական կողմից բանակցում էին Դաւիթ Շահնազարեանն ու Ժիրայր Լիպարիտեանը, թուրքական կողմից` արտաքին գործերի նախարարութեան Կովկասի բաժնից մի քանի դիւանագէտներ` Ճանտան Ազերի գլխաւորութեամբ: Այն օրերին, նախքան Քարվաճառի դէպքերը, հայ-թուրքական արձանագրութիւնը չստորագրուեց հիմնականում մէկ վիճայարոյց հարցի պատճառով. թուրքական կողմը պահանջում էր, որպէսզի Հայաստանը յստակ գրաւոր համաձայնի, որ Թուրքիայից չունի տարածքային որեւէ պահանջ: Այդ արձանագրութեան աշխատանքային տարբերակը գոյութիւն ունի եւ ուղարկուել է արխիւ (հետազօտողների համար այն դեռ մնում է փակ փաստաթուղթ), իսկ դրանից յետոյ առաջին գրաւոր բնագիրը` փաստաթուղթը, որի շուրջ բանակցել են հայ եւ թուրք դիւանագէտները, որը բերուել է վերջնական տեսքի, եղել են ցիւրիխեան երկու արձանագրութիւնները:

Տաւութօղլուն «Ազգ»ի գլխաւոր խմբագրին ասել է. «Շատերը կարծում են, որ արձանագրութիւնները պարզապէս սահմանի բացում եւ դիւանագիտական յարաբերութիւնների հաստատում են նշանակում: Մինչդեռ արձանագրութիւնների մէջ կան հաշտեցման եւ  պատմական հարցերը լուծելու մասին նախատեսում նաեւ: Այլ խօսքով, մենք հայկական կողմի հետ մի ամբողջ շարք հարցեր ենք քննարկել եւ համաձայնութեան եկել: Նրանք, հայերը, կարծում են, որ յարաբերութիւնների բնականոնացումը պարզապէս սահմանի բացմամբ եւ դիւանագիտական յարաբերութիւններով է պայմանաւորւում: Միայն սահմանը բացելով ոչինչ չի փոխւում: Մի ողջ շարք կայ հարցերի, որոնք պէտք է համալիր լուծման ընթացքի մէջ դրուեն: Իսկ եթէ Հայաստան-Ազրպէյճան սահմանի վրայ, որտեղ գրեթէ ամէն օր կրակոցներ կան, որեւէ բան պատահի՞, փակելու ենք սահմանը նորի՞ց: Այդ պարագայում յարաբերութիւնների հաստատման եւ հակամարտութեան  լուծման բոլոր հեռանկարները կը տապալուեն տեւական ժամանակով»:

Փաստօրէն, Տաւութօղլուն ասում է այն, ինչ չեն գիտակցում կամ հասկանում որոշ հայ պետական գործիչներ: Թուրքիայի արտաքին գործերի նախարարը հասկացնել է տալիս, որ եթէ անգամ թուրքական կողմը սահմանը բացի, կարող է այն կրկին փակել, եթէ Ազրպէյճանի հետ բան պատահի: Այս խօսքերը լսելուց յետոյ կրկին համոզւում ես, որ Թուրքիայի կողմից սահմանը բացելու դիմաց Հայաստանը պիտի չհամաձայնուի անգամ մէկ գիւղ վերադարձնել Ազրպէյճանին, քանի որ, եթէ Անգարան կրկին որոշի սահմանը փակել, ինչպէս ակնարկում է Տաւութօղլուն, ապա հայկական կողմը չի կարող վերադարձուած գիւղը յետ ստանալ: Այսինքն Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակման վերացումը եւ հայկական կողմից Ազրպէյճանին հող վերադարձնելը, անգամ մի փոքր կտոր, հաւասարազօր փոխզիջումներ չեն:

Տաւութօղլուն աւելի է մանրամասնում. «Մենք չենք կարող մեզ թոյլ տալ յանուն Հայաստանի հետ յարաբերութիւնների կորցնել Ազրպէյճանը: Մենք խնդրեցինք նախագահ Սարգսեանին, ես քանիցս առաջարկեցի իմ գործընկեր Նալբանդեանին, որպէս Ազրպէյճանի համար դէմքը փրկելու ժեսթ, գրաւեալ շրջաններից  մէկը կամ երկուսը, օրինակ` Ֆիզուլին եւ կամ Աղտամը վերադարձնել, որի պարագայում Պաքուն պատրաստ կը լինէր նոյնպէս բացելու իր սահմանը: Հայաստանը մերժեց»:

Այսպիսով, Տաւութօղլուն հերթական անգամ կրկնում է, որ քանի դեռ Լեռնային Ղարաբաղում տեղի չունենայ սթաթիւս-քուոյի փոփոխութիւն, Թուրքիան չի բացի Հայաստանի հետ սահմանը եւ չի հաստատի դիւանագիտական յարաբերութիւններ:

Թուրքական կողմը, սկսած 1993-ից, որպէս սահմանը բացելու դիմաց փոխզիջում, հայ դիւանագէտներին առաջարկել հող զիջել Ազրպէյճանին: Ընդ որում, եթէ նախկինում Թուրքիան ակնարկում էր, թէ պատրաստ է անգամ երկու գիւղից դուրս գալու դիմաց բացել սահմանը, ապա այսօր, ըստ Տաւութօղլուի, արդէն խօսում է «մէկ կամ երկու շրջանի` Ֆիզուլիի եւ կամ Աղտամի մասին»:

Ես Հայաստանի նախկին մի քանի արտաքին գործերի նախարարների հարցրել եմ այս մասին, եւ բոլորն էլ միանշանակ ասել են, որ հողեր զիջելու հարցում Թուրքիան կրկնում է նոյնը` սկսած 1993-ից, երբ շրջափակեց Հայաստանը:

Վահան Փափազեանը եղել է արտաքին գործերի նախարար 1993-1996 թթ.: Նա ասում է. «1996թ. հոկտեմբերին ՄԱԿ-ում հանդիպեցի Թանսու Չիլլերի հետ: Չիլլերը բառացիօրէն ասաց`  «Գրաւեալ երկու գիւղից դուրս եկէք, խոստանում եմ, որ սահմանը կը բացենք»: Ասացի, որ կը վերադառնամ, կը քննարկենք: Մենք քննարկեցինք Տէր Պետրոսեանի հետ, որոշեցինք, որ դա անելու բան չէ, որովհետեւ, նախ` որեւէ երաշխիք չկայ, որ իրենք դա կ՛անէին, երկրորդ`  ինձ մօտ կասկած կար, որ թուրքերն ընդամէնն ուզում են փորձել, տեսնել: Չպատասխանեցինք, մանաւանդ որ որոշ ժամանակ անց արդէն ես եւ Չիլլերն արտաքին գործերի նախարար չէինք»:

Ալեքսանդր Արզումանեանը արտաքին գործերի նախարար է եղել 1996-1998 թթ. Նա ասում է. «Քաղաքակիրթ խօսակցութիւնների ժամանակ թուրքերն ասում էին, որ երկու գիւղից խորհրդաշնական դուրս գաք, որ մենք մեր ազերի եղբայրներին ունենանք ասելիք, եւ մենք պատրաստ ենք սահմանը բացել: Ֆրանսայի արտաքին գործերի նախարար Էրուէ տը Շարեթը 1997 թ. Պոլսից Երեւան եկաւ յատուկ այդ հարցով: Շատ ոգեւորուած էր, ասում էր նոր գաղափար կայ: Օդակայանում ես դիմաւորեցի, նա անմիջապէս սկսեց, ասաց, որ թուրքերի հետ պայմանաւորուել է, երկու գիւղից դուրս էք գալիս, թուրքերը սահմանը բացում են: Նրան թւում էր, որ մենք պէտք է ասենք` ի՜նչ լաւ առաջարկ է: Բացատրեցինք, որ ղարաբաղեան հակամարտութիւնն ունի տրամաբանութիւն, միջնորդական առաքելութիւնը պիտի կարողանայ բոլոր հարցերը քննարկել: Դեռ 1993թ. վերջերին այդ մասին նախագահ Տեմիրելն էր Լիպարիտեանին առաջարկել: Այդ տարբերակը մերժուել է, որովհետեւ դա նախեւառաջ բացարձակ ճնշում է Հայաստանի վրայ: Թուրքիան քո երկրի նկատմամբ իրականացնում է պատերազմական գործողութիւն` շրջափակում, լինելով Մինսքի խմբի անդամ` ակնյայտօրէն պաշտպանում է Ազրպէյճանին»:

Վարդան Օսկանեանը արտաքին գործերի նախարար է եղել տասը տարի` 1998-2008 թուականներին: Նա բազմաթիւ հանդիպումներ է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Իսմայիլ Ճեմի եւ Ապտիւլլա Կիւլի հետ: Օսկանեանը եւս ասում է, որ թուրքերը միշտ էլ փորձել են սահմանի ապաշրջափակումը կապել Արցախում հայկական կողմի հողային զիջումների հետ, ինչը, սակայն, մերժուել է:

Թուրքիան, զաւթելով Արեւմտեան Հայաստանն ու Արեւելեան Հայաստանի մի մասը` Կարսը, Արտահանն ու Սուրմալուն, այսօր Հայաստանին փորձում է պարտադրել, որպէսզի Երեւանը հող զիջի Ազրպէյճանին:

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ
«Սիվիլիթաս»ի փորձագէտ

Յատուկ «Ազդակ»ի համար

Share this Article
CATEGORIES