Հարցազրոյց ՀՅԴ Բիւրոյի Անդամ, Պատգամաւոր Վահան Յովհաննիսեանի Հետ. «Թալանողները Կառավարութիւնից Ուժեղ Են»
ԱՐՄԻՆԷ ԱՒԵՏԵԱՆ.- Ձեր ելոյթում յայտարարեցիք, թէ նախընտրական շրջանում իշխանութիւններն անվճար ջուր են տուել գիւղացիներին` որպէս ընտրակաշառք: Այդ պատճառով էլ այսօր հանրապետութեան ջրամբարների մեծ մասը դատարկ են, ու այժմ Սեւանայ լճից ոռոգման նպատակով պէտք է կրկնակի չափով ջուր բաց թողնել: Դուք նման տեղեկութիւններ ունէ՞ք:
ՎԱՀԱՆ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ.– Ես ունեմ տուեալներ, որոնք ապացոյցներ չեն: Թալինի շրջանի Պարտիզակ գիւղի բնակիչներն ասում են, որ նախընտրական փուլում իրենց անվճար ջուր են տուել: Իրենք այն ժամանակ շատ են ուրախացել, բայց հիմա դրա համար իրենցից փող են ուզում: Իսկ որտեղի՞ց են տուել այդ անվճար ջուրը: Նշանակում է, որ բացուել է ջրամբարն` այն դէպքում, երբ հէնց այդ ժամանակ պէտք էր ջուր կուտակուէր:
Կարծում եմ, որ համոզիչ չեն ջրամբարների դատարկ լինելու վերաբերեալ տրուող բացատրութիւնները: Միգուցէ հնարաւոր է դրանք համոզիչ դարձնել, եւ մենք դրդում ենք, որ գործադիրն ապացուցի, որ իր բացատրութիւնները ճիշդ են:
ԱՐՄԻՆԷ ԱՒԵՏԵԱՆ.- Այնուամենայնիւ, ձեր կարծիքով, այս տարի կառավարութիւնն ինչո՞ւ է Սեւանից գրեթէ կրկնակի չափով ջուր վերցնում:
ՎԱՀԱՆ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ.– Ես կարծում եմ, որ ջրի պակաս իսկապէս կա՛յ: Խնդիրն այն է, թէ ինչո՞ւ կայ այդ պակասը: Դա չի բացատրւում: Բայց այդ ջրի պակասի առաջացման մէջ մեղաւոր է հէնց իշխանութիւնն` իր վարած քաղաքականութեամբ: Խօսքը վերաբերում է նաեւ արթեզեան ջրերի անխնայ, առանց վճարի օգտագործմանը: Բացի այդ, մինչեւ հիմա չենք տեսնում համոզիչ ապացոյցներ, որ Սեւանի մակարդակի բարձրացումը կանխելու քայլերը պայմանաւորուած չեն լճի շուրջ գտնուող շահութաբեր կառոյցների պահպանութեան մտահոգութեամբ:
Միւս կողմից էլ` Արարատեան դաշտավայրում ձկնաբուծութեամբ զբաղուող ընկերութիւնները շատ յաճախ ջրի վճարը չեն տալիս պետութեանը: Այնտեղ հաշուիչներ չկան, այնտեղ ուղղակի ջրի թալան է կատարւում: Մենք չենք ասում` արգելել ձկնաբուծութիւնը, հակառակը, դա շահութաբեր եւ օգտակար գործառնութիւն է: Բայց եթէ այդ մարդիկ վճարեն ջրի համար, եթէ նրանց կարողանան ճիշդ այնպէս պարտադրել վճարում, ինչպէս ոռոգման ջրի համար պարտադրում են խեղճ գիւղացուն, հնարաւորութիւն կ՛առաջանայ ստացուած միջոցներով, օրինակ պակասեցնել ջրի կորուստները: Իսկ ջրի կորուստներն այս ամբողջ ծախսած ջրի մէջ կազմում են ամենամեծ տոկոսը: Կառավարութիւնը չի կարողանում դա կանխել, որովհետեւ թալանն իրականացնողները ոչ միայն այդ, այլ բոլոր ասպարէզներում իրենից ուժեղ են: Կառավարութիւնը գտնում է թոյլին, եւ թոյլն այս դէպքում` Սեւանն է:
ԱՐՄԻՆԷ ԱՒԵՏԵԱՆ.- Այսինքն նոյն կերպ թալան է կատարւում տնտեսութեան բոլո՞ր ոլորտներում, եւ կառավարութիւնը չի՞ կարողանում դա կանխել:
ՎԱՀԱՆ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ.– Ես համարում եմ, որ մեր կառավարութիւնն իրականում իր ամբողջական դերակատարութիւնը իրականացնելու հնարաւորութիւններից զրկուած է: Խնդիրն այն է, որ սահմանադրութեամբ նախատեսուած կենտրոնաձիգ, խիստ նախագահական կառավարման համակարգը զուգորդւում է սահմանադրութեամբ չնախատեսուած դրսեւորումներով: Եւ ցանկացած ամենափոքրիկ հարց լուծելու համար չինովնիկները գլխով են անում դէպի նախագահական նստավայր, ընդ որում` անկախ այն հանգամանքից, թէ նախագահն այդ հարցը լուծելու մտադրութիւն ունի՞, թէ՞ ոչ: Դա աւելացնում է կաշառակերութեան վտանգները, որովհետեւ չինովնիկն այդպիսի վարքով բարձրացնում է իր որոշման գինը, ինչը շատ յաճախ իր պարտականութիւններով պարզապէս նախատեսուած է: Իսկ սահմանադրութիւնից դուրս գործող ընտրական, իշխանութեան վերարտադրման կամ ստեղծման համակարգը ենթադրում է ստուերային քաղաքական ուժերի ու կենտրոնների գոյութիւն եւ զարգացում: Դա մարզային ինչ-որ ցեղախմբային առաջնորդների, ֆինանսատնտեսական քլանների առկայութիւնն է: Քանի դեռ սրանք սերտաճած են քաղաքական իշխանութեանը, վերջինս չի կարող իշխանութիւն դառնալ, եթէ չունենայ դրանց աջակցութիւնը, եթէ այդ քլանները ընտրութիւններում ընտրակաշառքի, ազդեցութեան լծակների կիրառման եւ այլ մեթոտներով չապահովեն յաղթանակ: Այս պայմաններում, այդ քլաններն աւելի ուժեղ են, քան` կառավարութիւնը: Այս քլաններն են, որ թելադրում են կառավարութեան ծրագրերը: Մեր կառավարութիւնը ազգի թշնամին չէ, նրանք հայրենասէր հայ մարդիկ են, բայց կառավարութիւնը պարտաւոր է կա՛մ հրաժարական տալ եւ գնալ, կա՛մ երգել այն կանոններով, որոնք թելադրուած են այդ քլանների կողմից: Իսկ այդ քլաններին կառավարութիւնը չի կարող յաղթահարել, որովհետեւ ամբողջ իշխանական բուրգը յենուած է նրանց վրայ:
ԱՐՄԻՆԷ ԱՒԵՏԵԱՆ.- Բայց վարչապետ Տիգրան Սարգսեանն իր պաշտօնավարման սկզբում յայտարարեց, թէ պայքարելու է օլիգոպոլիկ համակարգերի դէմ: Նախագահ Սերժ Սարգսեանն էլ ամիսներ առաջ յայտարարեց, որ գործարարութիւնը պէտք է տարանջատել քաղաքականութիւնից: Բայց ընտրութիւնների միջոցով նրանց նորից ետ բերեց: Այսինքն` այդ քլանները վարչապետից ու նախագահից աւելի՞ ուժեղ են:
ՎԱՀԱՆ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ.- Նախ` այո՛, աւելի ուժեղ են: Երկրորդը` հեշտ է յայտարարութիւն անել, երբ նոր ես եկել իշխանութեան: Բայց յետոյ դու հասկանում ես, որ իշխանութեան պահպանման համար պարտաւոր ես յենուել նրանց վրայ: Իսկ ինչպէ՞ս կարելի է իրականացնել իրական բարեփոխում: Իսկական բարեփոխում իրականացնողը, որ անկեղծ է իր մտադրութիւնների մէջ, գիտակցում է, որ բարեփոխման արդիւնքում ինքն անձամբ կը կորցնի իշխանութիւնը: Բայց դու պէտք է ընտրես` կա՛մ պահում ես իշխանութիւնը, կա՛մ իրականացնում ես բարեփոխում: Չեն բացառւում դէպքեր, երբ հնարաւոր է երկուսն էլ պահպանես: Բայց եթէ քո հիմնական մտադրութիւնն իշխանութիւնը պահպանելն է, քո բոլոր բարեփոխումների միտումները, խոստումները, դրանց իրականացման համար արուած քայլերը ենթարկուելու են հիմնական խնդրին` իշխանութեան պահպանմանը: Եւ բարեփոխումը չի ստացուի: Հէնց այդ էլ տեղի ունեցաւ մեր իշխանութիւնների հետ:
Ո՞վ է կասկածում, որ մեր վարչապետը կամ նախագահը բնական հայ մարդիկ են: Բայց այն պահին, երբ նրանք որոշեցին իշխանութեան գալ, կորցրեցին իրական բարեփոխում իրականացնելու հնարաւորութիւնը:
ԱՐՄԻՆԷ ԱՒԵՏԵԱՆ.- Իսկ ինչո՞ւ մեր ժողովուրդը թոյլ տուեց, որ իրեն թալանող համակարգը վերարտադրուի: Ինչո՞ւ մարդիկ վերցրեցին ընտրակաշառքն ու հրաժարուեցին պայքարից:
ՎԱՀԱՆ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ.- Նախ` որովհետեւ ժողովրդի քաղաքական զարգացուածութեան մակարդակն այնքա՛ն ցածր է, որ նոյնիսկ ես չէի կարող պատկերացնել իմ` ողջ իրապաշտական պատկերացումներով հանդերձ: Երկրորդ` ժողովուրդը վերջապէս նախընտրեց նրանց խոստումները: Այստեղ ընդդիմութեան մեղքն էլ կայ: Չկարողացանք համոզել ժողովրդին, որ հնարաւոր է բան փոխել: Փաստօրէն, ով որ քուէարկեց հանրապետականներին, քուէարկեց Հանրապետական կուսակցութեան «Հաւատանք, որ փոխենք» կարգախօսին հակառակ: Նրանք, ովքեր հասկացան, որ ոչինչ փոխել հնարաւոր չէ, քուէարկեցին ՀՀԿ-ին: Իսկ իշխանութեան մէջ նոյնիսկ կան մարդիկ, ովքեր անկեղծ հաւատում են, որ իրենք ընտրուել են ու ժողովուրդն իրենց սիրում է: Այդ մարդիկ լուրջ խնդիր են հասարակութեան համար:
ԱՐՄԻՆԷ ԱՒԵՏԵԱՆ.- Դուք ասում էք, որ քլանները թոյլ չեն տալիս իրականացնել իրական բարեփոխումներ: Այդ խնդիրը վերաբերում է բոլո՞ր ոլորտներին. քլանները թոյլ չե՞ն տալիս, որ տնտեսութիւնը ստուերից դուրս գայ եւ մտնի հարկային դաշտ, որ դատաիրաւական համակարգը արդարադատութիւն իրականացնի եւ այլն:
ՎԱՀԱՆ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ.- Բոլոր հարցերը փոխկապակցուած են: Պարզ հարց` թւում է, թէ քլանի համար ի՞նչ տարբերութիւն կայ, թէ Ընտրական օրէնսգրքում ի՛նչ փոփոխութիւններ են կատարւում: Բայց ուղղակի՛ շահագրգռուած է: Եթէ ընդունուէր ընտրութիւններից յետոյ ընտրութեանը մասնակցածների ցուցակները հրապարակելու վերաբերեալ մեր առաջարկութիւնը, դա կը լինէր յեղափոխական բարեփոխում, որովհետեւ այս վերարտադրութիւնը այլեւս հնարաւոր չէր լինի: Ի հարկէ, էլի հնարաւոր կը լինէր կաշառել ընտրողներին, բայց գոնէ մեռեալ հոգիների, բացակաների եւ կրկնակի քուէարկութիւնները հնարաւոր չէին լինի: Դա չէր նշանակի, որ ՀՀԿ-ն կը պարտուէր, բայց ՀՀԿ-ն խորհրդարանում կ՛ունենար շատ լուրջ հակակշիռ: Այսօր չունի նաեւ ա՛յն պատճառով, որ խորհրդարանական քաղաքական ուժերի սահմանազատումը դեռ յստակ չէ: Ոչ ոք չի կարող յստակ ասել, թէ ընդդիմութեան սահմանները որտե՛ղ են:
ԱՐՄԻՆԷ ԱՒԵՏԵԱՆ.- Բայց ձեր գործընկեր Դաւիթ Յարութիւնեանը ընդդիմութեանը մեղադրում է, որ չօգտագործեց ընտրութիւնները վերահսկելու հնարաւորութիւնները: Որոշակիօրէն այդ ցուցակները հրապարակելու պահանջի հետ կապուած` նա ասում էր, թէ ընտրութիւններին մասնակցող ցանկացած կուսակցութիւն կարող էր Ազգային անվտանգութեան ծառայութեան տուեալների շտեմարանում ստուգել, թէ ովքե՛ր են դուրս եկել Հայաստանի Հանրապետութեան եւ ովքե՛ր են վերադարձել:
ՎԱՀԱՆ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ.- Ընտրութիւնների աւարտից յետոյ ամէն տեսակի մեկնաբանութիւն կամ ինքնարդարացում կարելի է անել: Եւ ես չեմ էլ ուզում նրա հետ վիճել, որովհետեւ, եթէ իշխանութիւնն այդքա՛ն տրամադրուած էր տալ այդ հնարաւորութիւնը, ապա ինչո՞ւ ցուցակները հրապարակելու պարզ խնդրի հետ չհամաձայնեցին: Բայց ես չեմ ուզում վիճել, որովհետեւ այս դէպքում վէճը գնում է իրաւական եւ բարոյական հարթութիւն, իսկ մեզ հետաքրքրում է երկրի քաղաքական կառուցուածքը: Երկրում իշխանութիւնը կառուցել է մի ամրոց, որն անջատւում է հասարակութիւնից:
Վարեց` ԱՐՄԻՆԷ ԱՒԵՏԵԱՆ

