Փինկ Փոնկ. Լիբանանի Ամառնային Բաժակի Մրցաշարք. Նոել Քէշիշեան Տիրացաւ Տիտղոսին

Նախորդ շաբաթավերջին Մոն լա Սալի մէջ (Այն Սաատէ) աւարտեցաւ Լիբանանի փինկ փոնկի ամառնային բաժակի մրցաշարքը, զոր կազմակերպած էր Լիբանանի փինկ փոնկի ֆետերասիոնը:

Աղջկանց տիտղոսին տիրացաւ ՀՄԸՄ Պէյրութի մաս կազմող եւ Լիբանանի ախոյեան Նոել Քէշիշեան, որ աւարտականին 3-0 արդիւնքով (11-9, 11-9 եւ 11-6) յաղթեց Ռիթա Պըսէյպեսի (Ժամհուր): Նշենք, որ Քէշիշեան, աւարտականի իր տոմսը ապահովեց քիչ մը դժուարութեամբ, երբ 3-2 արդիւնքով (11-4, 6-11, 10-12, 12-10 եւ 12-10), յաղթեց ՀՄԸՄ Պէյրութի իր խմբակից Դուին Մումջողլեանի:

Դուին Մումջողլեանի հետ երրորդ հանդիսացաւ ՀՄԸՄ Պէյրութի այլ մարզիկ մը` Լարա Քեչեպաշեան, որ կիսաւարտականին 3-0 արդիւնքով պարտուեցաւ Պըսեյպէսէն (11-7, 11-7 եւ 11-8):

Տղոց տիտղոսին տիրացաւ Մոհամետ Հապաշ (Ռիատի Պէյրութ), որ աւարտականին 3-2 արդիւնքով (8-11, 12-10, 7-11, 11-5 եւ 11-9) յաղթեց Ռիատի Պէյրութի իր խմբակից եւ Լիբանանի ախոյեան Ռաշիտ Պըպպոյի:

Կիսաւարտականի առաջին մրցումին Պըպպօ 3-0 արդիւնքով (12-10, 11-5 եւ 11-1) յաղթեց Աւօ Մումջողլեանի (ՀՄԸՄ Պէյրութ), իսկ Հապաշ` Ռիատի Պէյրութի իր խմբակիցին` Ժոզեֆ Շալհուպի` 3-2 արդիւնքով (11-2, 8-11, 11-8, 8-11 եւ 11-6):

Աւարտին տեղի ունեցաւ տիտղոսներու եւ մետալներու մրցանակաբաշխութիւնը ձեռամբ` Լիբանանի փինկ փոնկի ֆետերասիոնի նախագահ Սելիմ Հաժ Նիքոլայի եւ Լիբանանի աթլեթիզմի ախոյեան Կրեթթա Թասլաքեանի:

 

 

 

Share this Article
CATEGORIES