Համշէնի Հայերը
ՎԱՀԷ ԱՆԹԱՆԷՍԵԱՆ
Անկախ
Վերջին ժամանակներս, երբ Թուրքիայում, ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, արդէն հնարաւոր է բացէ ի բաց խօսել Հայկական հարցի մասին, շատ արդիական է դարձել խօսել Թուրքիայում բնակուող հայութեան, մասնաւորապէս` ծպտեալ եւ մահմետական հայութեան մասին: Տարբեր հաշուարկներով` այսօր Թուրքիայում բնակւում են մօտ երկու միլիոն ծպտեալ եւ մահմետական հայեր: Վերջերս անգամ դէպքեր եղան, երբ ազգային ինքնագիտակցութեան զարթօնքի տակ այդ հայերից մի քանի անհատներ հաւատափոխ եղան եւ յայտարարեցին իրենց հայ լինելու մասին:
Թուրքիայի պատմութեան ողջ ընթացքում, ազգային ճնշումների հետ մէկտեղ, կառավարութիւնն իր հպատակ այլազգիների հանդէպ վարել է անթաքոյց ձուլման եւ հաւատափոխման քաղաքականութիւն: Մասնաւորապէս, թրքական իշխանութիւնները հայի ինքնութիւնն աղճատելու եւ նրան ձուլելու համար առաջին հերթին փորձել են հաւատուրացութիւն պարտադրել նրան: Այդ առումով առանձնայատուկ է համշէնահայութեան ճակատագիրը: Արեւմտահայութեան շրջանում առաջինը, թերեւս, համշէնահայերը ձուլման ենթարկուեցին:
Դեռեւս 18-րդ եւ 19-րդ դարերում Համշէնի հայութեան մի ստուար մասն արդէն մահմետական էր: Համշէնահայութիւնը, կարելի է ասել, ժամանակի մշակութային, հոգեւոր եւ քաղաքական ուժերի կողմից ի սպառ անուշադրութեան էր մատնուել, քանզի արդէն 1878-ից նրանց ստուար հատուածը բնակւում էր Ռուսական կայսրութեան տարածքում, բայց այդպէս էլ ո՛չ հայ եկեղեցին, ո՛չ էլ մշակութային գործիչները ոչինչ չձեռնարկեցին` համշէնահայութեանն իր արմատներին վերադարձնելու համար: 19-րդ դարի սկզբին, կաթոլիկ միսիոնարների վկայութիւններով, Համշէնում բնակւում էր մօտ 4000 հայ ընտանիք, որոնք ցրուած էին շրջանի 80 գիւղերում: Նրանց մեծ մասը իսլամութիւն էր ընդունել դեռ 18-րդ դարում: Սակայն, իսլամութեան հետ մէկտեղ, համշէնահայութիւնը պահպանել էր իր լեզուն, սովորութիւնները:
Համշէնի եւ Սեւ գետի շրջանի հայութեան մեծ թափով կրօնափոխութիւնը սկսուեց 1700- ական թթ. սկզբին: Այդ ժամանակ տարածաշրջանում 15,000-ից աւելի հայեր էին ապրում: Համշէնի հայութեան կրօնափոխութեան նախաձեռնողը տերպէյ Ղուռուֆ օղլի Մեհմետն էր, որ ենիչերիների հետ ներխուժելով Համշէն` փորձում է ստիպել հայութեանը կրօնափոխ լինել: Հայերը դիմադրում են: Հասկանալով, որ բռնութեամբ հնարաւոր չէ նպատակին հասնել, Մեհմետը փոխում է մարտավարութիւնը: Տեսնելով, որ տարածաշրջանում ընդամէնը մի քանի քահանայ կայ, նա պատանիների է ընտրում, տանում ուսուցանում, մոլլա կարգում եւ կրկին Համշէնի ու Սեւ գետի շրջան ուղարկում` քարոզելու: Սակայն այս քաղաքականութիւնն էլ չի անցնում, քանի որ հայերը բոլոր քարոզիչներին վռնտում են: Մեհմետը դիմում է խորամանկութեան: Նա 500 հոգի է վարձում, ուղարկում շրջակայ գաւառները, որոնք յայտարարում են ամէնուր, թէ Համշէնի եւ Սեւ գետի շրջանի հայերը որոշել են իսլամութիւնն ընդունել ու բոլորին հրաւիրում են իրենց թլփատման արարողութեանը: Սա բաւական արդիւնաւէտ քայլ էր, եւ որոշուած օրը հազարաւոր մահմետականներ, մոլլաներ ու զինուորականներ են հաւաքւում Համշէնում, շարժւում դէպի Թորոս գիւղ, որ Սեւ գետի շրջանի կենտրոնն էր համարւում: Հայերի առաջնորդ տէր Կարապետ քահանան, նախապէս իմանալով այս վտանգի մասին, մի քանի հարիւր զինեալներով շուրջկալում է եկուորներին մի կիրճում եւ պահանջում, որ նրանք հեռանան, այլապէս բոլորը կը կոտորուեն:
Թուրքերը հեռանում են, բայց Ղուռուֆ օղլի Մեհմետը նոր խորամանկութեան է դիմում. հիմա էլ յայտարարում է, թէ հայերը թլփատութեան պատրուակով շատ մահմետականների են հրաւիրել Սեւ գետ, որպէսզի բոլորին կոտորեն: Սա մեծ արձագանգ է գտնում եւ բազմաթիւ ենիչերիներ, մոլլաների ուղեկցութեամբ, լցւում են Համշէն: Նրանք որոշում են, որ եթէ հայերը դիմադրեն եւ հաւատափոխ չլինեն, բոլորին կը կոտորեն, անգամ` մանուկներին: Իր հերթին Տրապիզոնի կուսակալն է աջակցում այս դիւային ծրագրին եւ լրացուցիչ զօրք ուղարկում Համշէն: Համշէնահայերը դիմադրութեան փորձ են անում: Սակայն երբ թուրքերը սպաննում են տէր Կարապետին եւ մի քանի զինեալների, ստիպուած` անձնատուր են լինում: Շատերը հեռանում են, միւսներն էլ որոշում են իրենց գոյութիւնը պահպանելու համար առերես իսլամութիւն ընդունել:
Եւ այսպէս, աւելի քան հարիւր գիւղ կրօնափոխ է լինում: Սակայն ամէն տեղ չէ, որ թուրքերին յաջողւում է հեշտութեամբ իրականացնել իրենց մտածածը: Փերվանա գիւղի հայութիւնը ուժեղ դիմադրութիւն է ցոյց տալիս: Մարտի ժամանակ անգամ սպաննւում է Ղուռուֆ օղլի Մեհմետ պէյը: Սակայն թուրքերը կարողանում են զէնքի ուժով հաւատուրացութիւն պարտադրել շրջանի հայութեանը:
Այսպիսով, թրքական իշխանութիւններին յաջողուեց բռնութեամբ իրագործել համշէնահայութեան դաւանափոխութիւնը: Ճիշդ է, համշէնահայերը սկզբում դաւանափոխ եղան առերես, սակայն հետագայում, հայկական դպրոցների եւ եկեղեցու չգոյութեան պայմաններում, աստիճանաբար մահմետականացան արդէն ըստ էութեան: Համշէնում դեռ երկար ժամանակ շատերը թաքուն փորձում էին վերադառնալ իրենց արմատներին ու դաւանանքին, սակայն բացայայտուած դէպքերը խստիւ պատժւում էին:
Կրօնափոխութիւնից յետոյ թուրքերը ձեռնամուխ եղան համշէնահայերի ի սպառ ձուլմանը. նրանք սկսեցին պարտադրել հայերին անգամ մոռանալ մայրենի լեզուն: Օրէնք է հրապարակւում, որով եօթ բառ հայերէն խօսելը համարւում է հայհոյանք, ու տուգանք է սահմանւում: Մոլլաներն անգամ շրջում են տնէտուն եւ փորձում պարտադրել օրէնքը հայերին: Այդ հողի վրայ նաեւ բազմաթիւ ընդհարումներ են լինում: Սակայն, ի վերջոյ, զուրկ եկեղեցուց եւ կողմնակի աջակցութիւնից, համշէնահայերը մեծ մասամբ մոռանում են նաեւ լեզուն:
Այսօր համշէնահայերը, բացի բուն Համշէնից, բնակւում են Վրաստանին սահմանակից շրջաններում, Աճարիայում, Միջին Ասիայում, ուր նրանց նախնիները տարագրուեցին ստալինեան բռնութիւնների ժամանակ, Ռուսաստանի Քրասնոտարի երկրամասում, Տոնի Ռոստովում, Պոլսում:

