Ինչպէ՞ս Պահպանել Հայոց Լեզուն

ԱՐՄԻՆԷ ՄԻՆԱՍԵԱՆ

Վերջերս ներկայ եղայ Նիւ Եորքի երկու ամէնօրեայ հայ վարժարաններից մէկի ամավերջի հանդէսին: Կարօտ մնալով մեր մայրենի լեզուի քաղցրահամ հնչիւնին` ներկայութեանս համար ուրախ էի զգում ինձ: Սակայն ուրախութիւնս երկար չտեւեց, երբ լսեցի անգլերէնի գերիշխող ներկայութիւնը բեմից: Յայտագրի առաջին բաժինը գրեթէ մեծ մասամբ անգլերէնով էր. նոյնիսկ նախկին շրջանաւարտի խօսքը` ուղղած օրուայ հայ վարժարանի շրջանաւարտներին: Հանդէսին ներկայ էին յարգարժան հիւրեր, բարերարներ, ծնողներ եւ վարժարանին նեցուկ հանդիսացող հանդիսատեսներ: Հարց է` նրանք ի՞նչ մտածեցին, երբ անգլերէնով էր քարոզչութիւն լինում հայ լեզուի ու հայապահպանումի համար:

Ինձ մեծ ուրախութիւն պատճառեց յայտագրի երկրորդ մասը` հայերէն երգերով ու արտասանութեամբ: Բայց ցաւ ի սիրտ, կարծես արդէն սրտիս մէջ մի ինչ-որ վէրք էր բացուել… Երեւի մայրենի լեզուի հառաչանքն էր…

Ըստ իս, այդ օրը հայ դպրոցի ու հայ աշակերտի աւելի շատ հայերէն խօսելու օրն էր… գոնէ այդպէս էի ակնկալում: Մի՞թէ սխալւում եմ: Ա՛յդ օրը, Մեսրոպ Մաշտոցի հոգին ու նրա ստեղծած այբ, բեն, գիմ-ի քաղցրահամ հնչիւնները պիտի թեւածէին սրահի չորս կողմը ու մեր սիրտը լեցնէին մե՛ր մայրենի, մե՛ր հարազատ ու հոգեպարար լեզուով, բայց աւա՜ղ, որ այդպէս չեղաւ: Հանդէսի վերջում տեղի ունեցաւ առատ ու համեղ ճաշկերոյթ. տխրադէմ ու լուռ` միայն արցունքներս պահեցի:

Ճիշդ է, այսօր հայ դպրոց ունենալն ու հայ լեզու պահպանելը մեծ քաջութիւն, միջոց ու զոհողութիւն է պահանջում, յատկապէս` Ամերիկայում: Ապացոյց, հայրենիքից դուրս, աշխարհի տարածքում, մասնաւորապէս իսլամական երկրների մէջ դարերով ապրած հայ ժողովուրդը, ամենադժուար պայմանների մէջ կարողացել է չձուլուել ու կուլ չգնալ տեղի ժողովրդի մշակոյթի հոսանքներին յանձինս իր կրօնի, հաւատքի, լեզուի ու իր ձեռքով կերտած ու պահպանած հայ վարժարանների: Հայ վարժարանն է հիմքը հայապահպանութեան եւ ազգային գիտակցութեան: Եթէ ո՛չ հայ դպրոցը, ապա ինչպէ՞ս ենք կամենում սփիւռքահայութիւնը, յատկապէս ամերիկահայութիւնը կառչած մնայ իր արմատներին, գիր-գրականութեան ու իր ինքնութեան: Նիւ Եորքում գոյութիւն ունեցած երկու ամէնօրեայ վարժարաններն էլ մինչեւ այսօր, յանձինս սրտցաւ ու նուիրեալ հայ ուսուցիչ-ուսուցչուհիների, բարերարների ու կազմակերպութիւնների  հսկայական հոգատարութեան, զոհողութեան ու  բարեխղճութեան կարողացել են երեսունհինգ եւ քառասունհինգ երկար տարիներ դիմանալ տեղի փոթորիկների հզօր ալիքներին, որ կարծես դամոկլեան սրի պէս վերեւում կախուած ամէն վայրկեան ահ է առաջացնում նոր սերունդին մռռացնել տալու իր արմատների ակունքները, իր ազգութիւնն ու ինքնութիւնը: Քառասուն-յիսուն տարի առաջ Ամերիկա եկող հայութիւնը աւելի մտահոգ էր իր լեզուի, մշակոյթի եւ ինքնութեան պահպանումի մասին, քան` այսօրուայ նորագաղթ կամ տեղացի հայութիւնը: Նրանք լաւատեղեակ էին իրենց ազգի պատմութեանը, գիր ու գրականութեան: Գիտէին` ինչ է նշանակում օրերով ու տարիներով քայլել անապատներում, տեղահանուել ու թափառել երկրից երկիր, հարազատ, ընտանիքի անդամներ գտնել, դպրոցներ կառուցել, լեզու պահպանել, որպէսզի հայ ազգը չկորչի, այլ ապրի՛: Բայց այսօրուայ դարն ուրիշ է կարծես, օրն էլ ուրիշ է: Նոյնիսկ նորագաղթ հայ ընտանիքների ու նոր սերունդի մթնոլորտն ու մտածելակերպն ուրիշ է: Այսօր, օրինակ, Ամերիկայի Քալիֆորնիա նահանգի ամենահայաշատ գաղութի` Լոս Անճելըս քաղաքի մէջ մօտաւորապէս 450 հազար հայութեան զաւակներից գրեթէ միայն 4-5 հազարն է հայկական դպրոց յաճախում, իսկ մնացեալ 70-75 հազարը պետական դպրոցներ են յաճախում: Եւ եթէ ամերիկահայութեան տան մէջ հայերէն չի խօսւում, միջավայրն ու շրջապատն էլ թոյլ չի տալիս հայ լեզուի գործածութեան, ուրեմն տուժում ենք անհատապէս, ընտանեօք ու ազգովին:

Անհրաժեշտ է մեզ համար այստեղ կատարել մի ճշգրիտ վիճակագրութիւն, գոնէ մի գաղափար կազմելու համար մեր ապրած երկրի ու վայրի հայկական դպրոցների գոյութեան վիճակից, դպրոցներից շրջանաւարտ, անցեալ եւ ներկայ ուսանողների հայկական կրթութիւն ունենալու արդիւնքից ու սերունդ առ սերունդ հայ ինքնութիւնը փոխանցող վիճակից: Եթէ կ՛ուզենք յարատեւել, հասկանալ ու մտածել, թէ ո՞ւր ենք գնում, եւ ի՞նչպիսի  ճանապարհ ենք հարթում որ քարերը չզարնուեն մեր գալիք հայորդիների ոտքերին: Ամէնուրեք, սփիւռքի մէջ, գնալով հայ աշակերտների թիւը պակսում է ու հայ դպրոցների լինելիութիւնը տագնապի մէջ է գցում : Այսօր հայ լեզուն ու հայ դպրոցը վտանգի մէջ են: Իսլամական երկրների մէջ ապրող հայ աշակերտները  մեծամասնութեամբ հայ վարժարաններ էին յաճախում, եւ եթէ ոմանք էլ պետական դպրոցներ էին գնում, մուսուլման դասընկերների հետ սերտ կապեր չէին հաստատում: Համայնքում, ընտանիքներում միայն խօսում էին հայերէն, իսկ դպրոցն աւարտելուց յետոյ կատարելապէս տիրապետում էին տեղի պետական լեզուին, աշխատում որակեալ բարձրաստիճան ընկերութիւններում: Ուրեմն պէտք չէ տեղի տանք այն հասկացողութեան, որ Ամերիկայի մէջ հայկական վարժարան յաճախող աշակերտի կրթութեան մակարդակը թոյլ է լինելու պետական դպրոց գնացող ուսանողից:  Ամերիկայի բոլոր դպրոցները անխտիր հետեւում են պետական յատուկ ծրագրի: Հայ դպրոցների անգլերէն առարկաների դասաւանդումը ընդհանրապէս կատարւում է ամերիկածին պատրաստուած ուսուցիչների կողմից: Այսօր աշակերտները եւ երիտասարդութիւնը չորս կողմից շրջապատուած են անգլերէն լեզուով: Ուրեմն այստեղ կրթութեան մակարդակի կամ անգլերէնին լաւ չտիրապետելու խնդիր չկայ, այլ կայ մտահոգուելու մէկ խնդիր`  հայոց լեզուի պահպանումի խնդիրը:

Երբ մտածեցի, որ մի քանի տող գրեմ հայ դպրոցի ու հայ լեզուի մասին, նկատեցի, որ այս վերջերս նաեւ մեր հայ մամուլի էջերում բարձրաձայն աղաղակ կայ հայ լեզուի, մաքուր հայերէն գրելու ու հայերէն խօսելու մասին: Եւ սա ո՛չ թէ միայն սփիւռքում է կատարւում, այլ նաեւ` հայրենիքի մէջ: Այո՛, ու յիշեցի իմ սրտի տխրութիւնը, երբ «Տուն եմ գնում» իմ շատ սիրելի ու հարազատ Հայրենի Տունը, ու երբ քայլում եմ Մաշտոցի գեղեցիկ ու լայնատարած պողոտայով ու ցուցափեղկի վրայ կարդում եմ «Արարատ ռեստրանը ձեզ լանչի է հրաւիրում» սիրտս պղտորւում է, ախորժակս փակւում ու մտածում եմ, եթէ Արարատ լեռը տեսնէր այս գրութիւնը, ո’չ միայն ձիւնը, ա՛յլ ինքը` լեռն էլ կը հալուէր ցաւից: Չեմ հասկանում, ինչու՞ ենք ուզում մեր տան միջի զուլալ ջուրը պղտորել ու մեր ինքնութեան պատկերը մէջը կորցնել: ինչու՞ ենք գիտակցութեամբ հայերէն տառերով օտար լեզուն զարգացնում ու մատուցում մեզի: Ինչո՞ւ  ենք մենք մեր աչքը հանում, հա՛յ ժողովուրդ:

Մի տեղ կարդացի, որ Հայաստանի մէջ կայ մի յանձնախումբ, որ թելադրում ու կարգաւորում է հայերէն բառերի ճիշտ օգտագործելու ձեւը: Այս յանձնախմբի անունն է «Տերմինաբանական կոմիտէ»: Ինչպէ՞ս կարելի է այսպէս վառ արեւի տակ մեծ սխալ գործել եւ ուրիշին թելադրել պահպանել մեր սրբացած մեսրոպատառ հայոց լեզուն: Ախր ժողովուրդ, ինչպէ՞ս է կարելի մարդ ինքն ուտի ամենահամեղ կարկանդակը եւ քարոզի ուրիշներին որ չուտեն: Չէ՞ որ այդ իսկ ասած խօսքն ազդեցութիւն չի ունենայ:

Անշուշտ այդ թիւրիմացութիւններով հանդերձ, Հայաստանը մեր պապենական օճախն է ու մեր տունը, հայ ազգը միայն իր հարազատ հողի վրայ է կարող դարերով  ապրել, պահել ու պահպանել իր լեզուն, իր մշակոյթն ու իր ինքնութիւնը:

Նաեւ ճիշդ է, որ որեւէ երկրի պաշտօնական լեզու ազդում է տեղի փոքրամասնութիւն կազմող ժողովրդի լեզուի վրայ, բայց դա մեծ մասամբ կատարւում է խօսակցական լեզուի եւ անթարգմանելի բառերի հետ: Արդէն չորս տասնեակից աւելի օտար ազգի բառեր գոյութիւն ունեն հայոց լեզուի մէջ: Թոյլ տուէք, որ այժմ հնարաւորին չափ զերծ պահենք մեր գրականութիւնը օտար բառերի ներխուժումից, երբ ունենք եւ կարելի է յօրինել ու գտնել նոյն նշանակութիւնն ուեցողը բառը հայերէնի մէջ: Օտար բառեր գործածելով` ոչ թէ հարստանում է  մեր լեզուն, այլ կորցնում է իր ինքնութիւնն ու իր ազգը:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹԻՒՆ.- Սփիւռքի մէջ ո՞վ է հայ լեզուի քարոզիչը, ո՞վ է հայ ժողովրդին առաջնորդում դէպի հայապահպանում: Դարերի ընթացքում հայ ազգի  հայրենիքը ոտնակոխուած իրաւունքը խլուած, տեղահանուած ու եղեռնուած` պանդխտութեան գիրկը նետուած` կարողացել է դիմանալ իր գլխին եկած ահաւոր փոթորիկներին` շնորհիւ իր հզօր կամքի, հաւատքի ու հայ լեզուի պահպանումի: Այսօր եւս հնարաւոր է աշխատանք տանել պահպանելու մեր լեզուն: Հայոց լեզուն մեր ընտանիքն է, մեր ինքնութեան ծառի արմատն ու մենք զաւակները` այդ արմատի ու ընտանիքի: Եկէք միասնաբար հարազատ զաւակի պէս պահենք ու պահպանենք հայոց լեզուն:

Սփիւռքի մէջ մեծ է հայ ծնողների պարտականութիւնը հայեցի կրթութիւն տալու իրենց զաւակներին: Չբաւարուենք միայն թերթերի մէջ հայապահպանման կոչ անելով, հայութեան մեծ մասը, անձնական կամ տեղական աննպաստ պայմանների բերումով, հայերէն թերթ չի ստանում եւ շատ անգամ հայերէն չի խօսում: Ուրեմն հարկ է, որ խիստ քարոզչութիւն լինի նաեւ մեր կազմակերպութիւնների միջոցով, մասնաւորապէս` մեր հոգեւոր դասի: Հաւատքի քարոզչութեան միջոցով կարելի է առ առաւել հայ ժողովրդին մղել ու կապել իր լեզուին ու իր մշակոյթին: Մշակոյթը հիմնաքարն է ժողովրդի ինքնութեան: Մշակոյթը ժողովրդի ձայնն է:  Չուշանա՛նք. Եթէ ոչ, հայ լեզուի կորուստը ծանրակշիռ պիտի լինի հայ ազգի ուսերին: Հազա՛ր փառք ու յաւերժութիւն հայ ազգին ու Իր փառապանծ մեսրոպատառ հայ լեզուին:

 

Նիւ Եորք                                                          
Յուլիս 30,2012               

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )