Նրանց Չեն Ներում` Մարդ Լինելու Համար

ԳԷՈՐԳ ԴԱՐԲԻՆԵԱՆ
«Երկիր»

Հայ մարզասէրների մի ստուար հատուած սուիններով ընդունեց Լոնտոնի ողիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող ծանրամարտիկ Առաքել Միրզոյեանի ձախողման եւ դրա պատճառների վերաբերեալ ողիմպիական ախոյեան Եուրի Վարդանեանի միանգամայն առարկայական նկատողութիւններն ու քննադատութիւնը:

Միրզոյեանն ինքը յատուկ անդրադարձաւ դրան` յայտարարելով, թէ Վարդանեանի կարծիքն իր համար ոչ մի նշանակութիւն չունի: Վարդանեանին ուղղուած հիմնական մեղադրանքն այն է, որ նա ժամանակին հեռացել էր Հայաստանից, հաստատուել Միացեալ Նահանգներում` փոխանակ մնալու եւ օգնելու հայկական մարմնակրթութեան, եւ այսօր համարձակւում է քար գցել Հայաստանի Ազգային Ողիմպիական կոմիտէի նախագահի` Բարգաւաճ Հայաստան կուսակցութեան (ԲՀԿ) առաջնորդ Գագիկ Ծառուկեանի «բոստանը»:

Վարդանեանին ուղղուած հակադարձումները, փաստացի, ոչ թէ վերաբերում էին լոնտոնեան ձախողման վերաբերեալ նրա կարծիքի արհեստավարժ կողմին, այլ նրա մարդկային տեսակին:

Արդէն տեւական ժամանակ է` ընկերային ցանցերում քննարկման առարկայ է դարձել նաեւ յայտնի Քոմանտոսի` զօր. Արկադի Տէր Թադեւոսեանի արտայայտած կարծիքը 1992-ի Շուշիի ազատագրումից այդ ժամանակուայ նախագահ Լեւոն Տէր Պետրոսեանի տեղեակ չլինելու մասին: Այն համադրելով նախկինում զօրավարի կողմից Տէր Պետրոսեանին յայտնուած շնորհակալութեան հետ` տէրպետրոսեանական մոլեռանդ որոշ գործիչներ ոչ միայն Քոմանտոսի հասցէին հնչեցնում են վիրաւորական արտայայտութիւններ, այլեւ, կասկածի տակ առնելով առհասարակ արցախեան ազատամարտի յաղթանակում նրա ունեցած աւանդը, հրամանատարին փորձում են ներկայացնել որպէս վախկոտ, մորթապաշտ մէկի, ով ձգտել է ամէն անգամ փախչել առաջին գծից:

Թէ՛ Եուրի Վարդանեանի եւ թէ՛ Քոմանտոսի պարագայում, ըստ էութեան, գործ ունենք հասարակական նոյն հիւանդութեան ու դրա ախտանիշների հետ:

Եուրի Վարդանեանը գուցէ կարող էր ժամանակին Հայաստանից չխռովել ու չհեռանալ, քաղաքական պաստառ ունեցող ենթաթեքսթերով չխօսել, Քոմանտոսը կարող էր աւելի զգուշ լինել իր յայտարարութիւններում: Նրանք երկուսն էլ ակնյայտօրէն քաղաքականութեան մարդիկ չեն, ինչպէս որ մարմնամարզն ու բանակը քաղաքականութեան հասկացողութիւններ չեն: Բայց այսօր ինքնադրսեւորուելու համար նրանք այդ ասպարէզն են ընտրել եւ դա նրանց կամովին ընտրութիւնն է: Այդ ընտրութիւնը քննադատելու իրաւունք մենք չունենք: Բայց դրա հետեւանքների համար պատասխան պահանջել կարող ենք:

Երբ Եուրի Վարդանեանը, չթաքցնելով իր ասպարէզի յաւակնութիւնները, քննադատում է ողիմպիական կոմիտէին ոչ արհեստավարժութեան մէջ, կարելի է դրա մէջ հակաԲՀԿ-ական քաղաքական ենթաթեքսթ տեսնել: Արկադի Տէր Թադեւոսեանի արած յայտարարութեան տակ կարելի է առաջին նախագահին արժեզրկելու միտումներ տեսնել: Եթէ նրանք դա անելու իրաւունքն իրենց վերապահում են` դուրս գալով լաւ մարզիկի եւ լաւ ռազմագէտ-հրամանատարի սահմաններից, պէտք է նաեւ պատրաստ լինեն այդ սահմաններից դուրս թէ՛ հակադարձումների ու թէ՛ որակումների: Բայց միայն ու բացառապէս այդ սահմաններից դուրս: Բայց հարցն այն է, որ այդ սահմանը հասարակութիւնը չի կարողանում ո՛չ գծել, ո՛չ էլ պահպանել:

Եուրի Վարդանեանին, Քոմանտոսին, որպէս անձ, անհատականութիւն, տեսակ, կարող ես ընդունել կամ չընդունել: Բայց նրանց արհեստավարժութիւնը կասկածի տակ առնելու բարոյական իրաւունք ոչ ոք չունի, քանի դեռ չի արել գոնէ նրանց արածի, հասածի կէսի չափով: Կարող էք Վարդանեանին մեղադրել իր հասարակական-քաղաքական վարքագծի համար: Բայց դրանով իրաւունք չունէք անպատասխան թողնելու Լոնտոնում ծանրամարտիկների ակնյայտ ձախողման համար նրա բերած բացառապէս արհեստավարժ հիմնաւորումները: Դրանք անձնական գործօններով շղարշելը ոչ միայն հակափաստարկներ չունենալու, իրականութեանը բաց աչքերով նայելու անկարողութեան վկայութիւն է, այլեւ ունեցած միջոցները անխնայ մսխելու եւ արժեզրկելու այն համատարած ախտի դրսեւորում, որով տառապում է մեր հասարակութեան մեծագոյն մասը:

Քոմանտոսին կարող էք մեղադրել անկայուն կարծիք ունենալու մէջ: Բայց դա այսքան հեշտ ու այսպէս անողոքաբար նրան ցեխի մէջ նետելու, նրա վաստակը առանց փաստարկների ու հիմնաւորումների, անամօթաբար զերոյացնելու միջոցով անելն աւելին չէ, քան ազգային արժանապատուութիւն չունենալու բաց ցուցադրութիւնը, սեփական անճարակութիւնն ու անարժէքութիւնը հերոսի անուանարկման հաշուին թաքցնելը, նրանց հաշուին ինքնահաստատուելը: Աւելի նողկալի ու վտանգաւոր է, երբ դա անում են երիտասարդ մարդիկ, ովքեր բացի ֆէյսպուքեան վիրթուալ աշխարհում սեփական մտքի ու լեզուի ճկունութիւնը ցուցադրելով իրենց անհատականութիւնը սեփական աչքում ընդգծելուց, ոչինչ անել ի վիճակի չեն: Հէնց այդ չափով էլ խղճուկ ու ողբալի է թէ՛ այս հասարակութիւնը, եւ թէ՛  նրա վաղուայ օրը:

Եուրի Վարդանեանը,  Քոմանտոսը, նրանց նման շատերը, սոսկ առասպելներ չեն: Նրանք մեզ հետ, մեր կողքին ապրող հերոսներ են, որոնցով ճանաչում են երէկուայ եւ այսօրուայ Հայաստանը, որոնցով են չափում այսօրուայ հայ մարզիկին, հայ զինուորականին, հայ տեսակին ընդհանրապէս: Բայց հերոս լինելուց առաջ նրանք նախ մարդիկ են: Դա երբեք պէտք չէ մոռանալ: Մենք պարզապէս չենք կարողանում ներել նրանց հէնց մարդ լինելու համար:

 

 

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )