«Որդիներիս Կորցրած Կը Համարէի, Եթէ Կորցնէի Նրանց Ազատագրած Հայրենի Բարձունքը»

ՎԱՀԷ ՍԱՐՈՒԽԱՆԵԱՆ
«Հետք»

Լուսանկարները` Արմէն Երամիշեանի

«Իսկը Փարիզ-Տաքար ռելին է», կատակով ասացի ես գործընկերներիս, երբ մեր սպիտակ «Նիւան», իր ետեւից փոշու հսկայական ամպ բարձրացրած, սլանում էր դէպի Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան հարաւարեւելեան սահման տանող հողախճապատ ճանապարհով:

Այս ճանապարհը վերջերս է վերանորոգուել, ու պէտք է ասել, որ շինարարները բաւականին լաւ են աշխատել: Ճիշտ է` ժամանակը ցոյց կը տայ, թէ ինչ վիճակում կը լինի այն, ասենք, մէկ տարի անց, բայց այս պահին սահմանը թիկունքին կապող այս կարեւոր ուղին, թերեւս, քիչ է տարբերւում ասֆալտապատ ճանապարհից:

Եթէ մէկ-երկու ամիս առաջ` գարնանային անձրեւների եղանակին, այս կողմերում ճանապարհից դուրս ամէնուր փշի թփերի կանաչ ծով էր, հիմա յունիսեան բարկ արեւի տակ այդ ծովը դարձել է չորացած տատասկի դեղին տափաստան:

Զարմանալիօրէն այս անգամ օձերի չհանդիպեցինք. ասում են, որ այստեղով անցնող մեքենաները ամէն անգամ նուազագոյնը մի քանի օձ են վրաերթի ենթարկում: Ընդ որում` դրանք քիչ չեն նաեւ հէնց առաջնագծում, ինչի համար էլ սահմանապահները իրենց մօտ պահում են երկար փայտեր, առանց որոնց ամրութիւնից շատ հեռանալ չի կարելի…

Հրամանատարական կէտում մեզ միացաւ գումարտակի հրամանատար, հազարապետ Սեւակ Սարգսեանը: Այսօր ոչ սովորական օր է նրա համար. հրամանատարը դարձել է 35 տարեկան: Բայց միանգամայն սովորական է, որ զինծառայողն այս օրը դիմաւորում է առաջնագծում:

Հազարապետ Սարգսեանը Մարտունու շրջանի Հերհեր գիւղից է: Պատմում է, որ 10-րդ դասարանը չաւարտած` մտել է կռուի մէջ, Մաճկալաշէնի գումարտակի կազմում մասնակցել է Խազազ բարձունքի, Մարզիլուի, Եաղլաւենդի, Վէյսալուի, դէպի Ժդանովսկ ընթացած մարտերին:

Պատերազմից յետոյ եղել է դասակի ու վաշտի հրամանատար, գումարտակի հրամանատարի սպառազինութեան գծով տեղակալ, գործողութիւնների գրասենեակի պետ: 2010-ի փետրուարին նշանակուել է գումարտակի հրամանատարի պաշտօնում:

«Մաճկալաշէնի գումարտակում կռուելիս միշտ մտածում էի` կը գա՞յ մի օր, որ ես էլ լինեմ հրամանատար, բայց հիմա հասկանում եմ, որ շատ դժուար է, պատասխանատուութիւնը հսկայական է», ասում է Սարգսեանը: Պարգեւատրուել է «Անբասիր ծառայութեան համար» առաջին աստիճանի ու «Մարտական ծառայութեան համար» մետալներով…

Մեր մեքենան կանգ առաւ կրտսեր յիսնապետ Արթուր Ղազարեանի դիրքի առաջ: Ամրութեան կողքին մեր ու հակառակորդի պաշտպանական գծերի մանրակերտն է` մաքեթը: Տղաները պիտի լաւ իմանան, թէ ով է իրենց դիմաց կանգնածն, ու ինչպիսին են նրա պաշտպանական ամրութիւնները: Դատելով սահմանապահների պատմածներից, որոնք հիմնուած են ստոյգ տեղեկութիւնների վրայ, գալիս ես այն մտքին, որ մեր դիրքերի ճարտարապետական կահաւորուածութիւնն ու յագեցուածութիւնը գերազանցում են հակառակորդի ամրութիւնները: Դիրքի աւագի ու հրամանատարի ուղեկցութեամբ բարձրացանք դիտակէտ: Դիտորդ զինուորներից մէկը հէնց այդ պահին արձանագրել էր հակառակորդի շարժը: Ազերիներն իրենց դիրքն այս հատուածում առաջ են տուել ու այս կէտում մեզնից հեռու են մօտ 250 մ: Հազարապետ Սարգսեանի պատմելով` ցերեկային ժամերին թշնամին գրեթէ ո՛չ կրակում է, ո՛չ էլ երեւում, որովհետեւ մեր պաշտպանական կառոյցները հիմնականում գերիշխող դիրք ունեն, ու հակառակորդը զգուշանում է դրանից:

Գիշերային ժամերին դիմացից կրակոցներ երբեմն լինում են: Այդ պարագայում մեր զինուորները դիտարկում են կատարում, պարզում, թէ որտեղից են կրակել, այնուհետեւ զեկուցում են վերադասին ու գործում վերջինիս հրամանների համաձայն:

«Մենք քիչ ենք, բայց մեր դիրքերը գերիշխող են, ինչը պաշտպանուելու համար շատ լաւ է: Խնդիր չի լինի նաեւ յարձակուելուց,- ասում է հազարապետ Սարգսեանը:- Մեր տղաները հակառակորդից չեն վախենում, որովհետեւ լաւ են պատրաստուած ու տիրապետում են իրենց զէնքին, գիտեն դրա հնարաւորութիւնները: Կրակայինին մեծ ուշադրութիւն ենք դարձնում, լաւ կրակող զինուորներ շատ ունենք: Զինուորի համար չորս կարեւոր բան կայ` մարտավարական, կրակային, ֆիզիքական ու շարային պատրաստութիւն»:

Գումարտակի հրամանատարը պատմում է իր ստորաբաժանմանը վստահուած սահմանահատուածում կատարուած շինարարական աշխատանքների մասին` ճանապարհներ, կապ, անվտանգութեան միջոցներ… Հերթական դիրքի ամրութեան հարեւանութեամբ` փոքր հողաթմբի վրայ, զինուորները քարերով գրել են. «Որդիներիս կորցրած կը համարէի, եթէ կորցնէի նրանց ազատագրած հայրենի բարձունքը»: Սրանք ժամանակին կողքի դիրքում զոհուած երկու եղբայրների մօր խօսքերն են: Հէնց նա է առաջարկել զինուորների ոգին մարտական պահելու համար դիրքերում նման խօսքեր գրել:

Դիրքի աւագ, կրտսեր յիսնապետ Գոգա Վարդումեանը 20 տարեկան է, մէկուկէս տարուայ զինծառայող: Արդէն մէկ տարի սահման է հսկում: Ասում է, որ տարբերութիւն չի դնում զօրամասային ու սահմանապահ ծառայութիւնների միջեւ. երկու տեղն էլ լաւ է. «Դիրքերում լաւ է, ինձ թւում է` մարդ չկայ, որ դիրքերի ծառայութիւնից բողոքի: Էստեղ մեզ համար բոլոր տեսակէտներից էլ լաւ է. ապահովուած ենք ամէն ինչով: Սննդի, մաքրութեան, անվտանգութեան հետ կապուած խնդիրներ չկան»:

«Զինծառայութիւնը շատ բան է սովորեցնում կեանքի մասին, ապրելու համար,- իր փորձից պատմում է ջոկի հրամանատարը,- ինձ քաղաքացիական կեանքում շատ էին պատմել բանակի մասին, բայց էստեղի տեսածս դրական իմաստով լրիւ ուրիշ էր լսածիցս: Քեզնից է կախուած, թէ ոնց կ՛ընթանայ ծառայութիւնդ: Ճիշտն ասած` զօրակոչուելուց առաջ ծառայելու ցանկութիւն չի եղել, բայց յետոյ արդէն վարժուել եմ, ընկելհունի մէջ»:

Դիրքի դիտակէտին յարակից բարձունքին ծածանւում է մեր եռագոյնը: Այս բարձունքը գերիշխում է շրջապատի նկատմամբ ու, բնականաբար, ազերիները տեսնում են դրօշը: Հազարապետ Սեւակ Սարգսեանը պատմում է, որ հակառակորդի ստորաբաժանումների բոլոր հրամանատարական կէտերի վրայ նրանց դրօշն է ամրացուած: Ազերիների «ջգրու»` գումարտակի հրամանատարն էլ հետախոյզներից մէկի հետ մեր գերիշխող բարձունքի վրայ օրը ցերեկով կանգնեցրել է հայկական եռագոյնը ու հիմա այդ մասին յիշում է ժպիտով ու հպարտութեամբ: Դէ, կատաղած թշնամին էլ երբեմն կրակում է դրօշի ուղղութեամբ, բայց ապարդիւն (այս դիրքից հակառակորդը հեռու է 1800 մ)…

 

 

Share this Article
CATEGORIES