Թուրքիայի Անշարժ Գոյքի Շուկան Եւ Հայը . Հայաստանի Քաղաքացիները Իրաւունք Չունեն Սեփականութիւն Ձեռք Բերել Թուրքիայում

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

Օսմանեան կայսրութիւնում 1913-1916 թթ. Միացեալ Նահանգների դեսպան Հենրի Մորկենթաուն իր յուշերի գրքում մէջբերում է զրոյցի մի հատուած, որ նա ունեցել էր Թալէաթ փաշայի հետ: «Մի օր Թալէաթը արեց ամենազարմանալի խնդրանքը, որ ես երբեւէ լսել եմ: «Նիւ Եորք լայֆ» ‘ «Նիւ Եորք իքուիթըբլ լայֆ» ապահովագրական ընկերութիւնները հայերի շրջանում ահռելի գումարներ էին ապահովագրել: «Ես ուզում եմ,- ասաց Թալէաթը, որ ամերիկեան ապահովագրական ընկերութիւնները մեզ ուղարկեն իրենց մօտ փոլիսներ ունեցող հայերի ամբողջական ցուցակը: Գործնականում, նրանք բոլորը մահացած են չունեն ժառանգներ, որպէսզի ստանան գումարները: Օսմանեան կառավարութիւնն է հիմա ստացողը: Կանէ՞ս նման բան»: Սա արդէն չափն անցնում էր, եւ ես կորցրի հաւասարակշռութիւնս: «Ինձանից դուք նման ցուցակ չէք ստանայ»,- ասացի ես, վեր կացայ ու հեռացայ»,- գրում է դեսպան Մորկենթաուն:

Այս պատմութիւնը ի՞նչ կապ ունի անցնող շաբաթ Թուրքիայում ուժի մէջ մտած օրէնսդրական փոփոխութիւնների հետ, որով Հայաստանի քաղաքացիները իրաւունք չունեն սեփականութիւն ձեռք բերել Թուրքիայում: Եթէ որեւէ հայաստանցի ցանկութիւն ունենայ Վանում, Պիթլիսում, Կարսում կամ ժամանակակից Թուրքիայի որեւէ բնակավայրում անշարժ գոյք` հող կամ տուն գնալ, ապա չի կարող: Հայաստանից բացի, «սեւ ցուցակի» մէջ են ներառուել եւս 5 երկրներ` Սուրիան, Եմէնը, Հիւսիսային Քորէան, Քուպան, Նիկերիան:

Օրէնքը որոշ սահմանափակումներ է պարտադրում Թուրքիայի անմիջական հարեւան մի քանի այլ երկրների նկատմամբ: Ռուսաստանի Ուքրանիայի քաղաքացիները իրաւունք չունեն սեփականութիւն գնել Սեւ ծովի ափին, Յունաստանի քաղաքացիները` յոյն-թուրքական սահմանային թուրքական նահանգներում: Երկու այլ անմիջական հարեւանների` Ազրպէյճանի եւ Վրաստանի, ինչպէս նաեւ մօտ չորս տասնեակ այլ երկրների նկատմամբ, նախկին սահմանափակումները վերացուել են, բացառութեամբ մէկի` իւրաքանչիւր օտարազգի Թուրքիայում կարող է ձեռք բերել ոչ աւելի, քան 30 հեկտար տարածք, պայմանով, որ այն պէտք չէ գերազանցի տուեալ համայնքի տարածքի 10 տոկոսը:

Թուրքական իշխանութիւնները օրէնսդրական այս փոփոխութիւններով ակնկալում են, որ երկրի անշարժ գոյքի շուկայում առաջիկայում կը կատարուի մի քանի տասնեակ միլիառ տոլարի ներդրում:

Հայաստանի քաղաքացիների հանդէպ խտրական վերաբերմունքը, անկասկած, կապուած է հայերի պահանջատիրութեան հետ: Սուրիայի դէպքում էլ հասկանալի է. Ալեքսանտրէթի սանճաքը ընդամէնը 70 տարի առաջ` 1939-ին է բռնակցուել Թուրքիային: Խտրական վերաբերմունքի արժանացած միւս 4 երկրների (Եմեն, Հիւսիսային Քորէա, Քուպա, Նիկերիայ) հանդէպ սահմանափակումը, հաւանաբար արուել է, որպէսզի Հայաստանի ու Սուրիայի պարագան աչք չծակի:

Հայոց ցեղասպանութիւնից յետոյ, որով հայ ժողովուրդը արմատախիլ արուեց այն հողերից, որտեղ ապրել էր հազարամեակներ, թուրքական յաջորդական կառավարութիւնները ընդունել են մի շարք օրէնքներ, որպէսզի հայութիւնը ոչ միայն զրկուի իր տուն վերադառնալու իրաւունքից, այլ նրանք զրկուեն իրենց խնայողութիւններից ու սեփականութիւնից եւ‘ հետագայում չկարողանան այլեւս սեփականութիւն ունենալ այսօրուայ Թուրքիայի տարածքում:

Թալէաթի եւ Մորկենթաուի զրոյցը յատկանշական է նրանով, որ դեռ Հայոց ցեղասպանութեան տարիներին թուրքական, այն ժամանակ` օսմանեան իշխանութիւնները նպատակ ունէին տիրելու հայերի խնայողութիւններին եւ ունեցուածքին:

Օսմանեան կայսրութեան փլատակների վրայ հիմնադրուած Թուրքիայի Հանրապետութիւնը, չնայած նախորդ տարիներին իրականացուած ցեղային մաքրումներին, յոյների ու ասորիների ջարդերին եւ Հայոց ցեղասպանութեանը, 1920-ականներին դեռ շարունակում էր մնալ բազմազգ: Քրտերն ու արաբները, յոյներն ու վրացիները, դեռեւս զգալի թիւ էին կազմում: ցեղային այս խմբերին «զսպելու» նպատակով քեմալականները Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի գլխաւորութեամբ մշակեցին եւ գործի դրեցին մի ծրագիր, համաձայն որի չէր խրախուսւում արաբների բնակութիւնը Սուրիայի եւ Միջագետքի սահմանագլուխներում, յոյներին թոյլ չէր տրւում ապրել ծովափնեայ Թուրքիայում, վրացիներին արգելւում էր բնակուել Կարսի, Արտահանի եւ Ռիզէի շրջաններում: Բացի քրտերը, Թուրքիայի միւս բոլոր ոչ թուրք փոքրամասնութիւններին արգելւում էր ինքնուրոյն աւաններ ունենալ: Թուրքիայի ոչ մի քաղաքում, չհաշուած Պոլիսը, փոքրամասնութիւնների թիւը պէտք չէ գերազանցեր թուրքերի 10 տոկոսը:

Քեմալականների խտրական ազգային քաղաքականութիւնը յատկապէս խտրական էր հայերի հանդէպ: 1925 թ. Քրիստոնեաների բնակութեան շրջանների մասին օրէնքը հայերին թոյլ էր տալիս ապրել միայն Պոլսում: Թուրքիա կարող էին վերադառնալ այն հայերը, որոնք քեմալական կառավարութեան կողմից տրուած անցագրերով էին մեկնել Թուրքիայից, 1922 թ. սեպտեմբերի 1-ից մինչեւ քեմալական կառավարութեան Պոլսում հաստատուելը մեկնել էին օսմանեան կանոնաւոր անցագրերով: Վերադարձի համար տրւում էր մէկ տարի, 1925թ. յուլիսից դիմումները չէին ընդունւում:

1923թ. Լոզանի պայմանագիրը թեեւ պաշտպանում էր կրօնական փոքրամասնութիւնների` հայերի, յոյների եւ‘ հրէաների իրաւունքները, սակայն քեմալականները ճնշումների եւ‘ խտրականութեան բազմաթիւ միջոցներ կիրառեցին, որպէսզի հնարաւոր կարճ ժամանակահատուածում Թուրքիան դառնայ միատարր: «Բնակութեան օրէնքին» նախորդել էր հայերի բռնի կամ «կամաւոր» մահմետականացման, ինչպէս նաեւ նրանց` գաւառներից դէպի Պոլիս տեղափոխուելը քաջալերելու գործընթացը: Գաւառների հայութիւնը ստիպուած է եղել էժան գներով վաճառել իր ունեցուածքը եւ գնալ Պոլիս, որտեղ հայոց պատրիարքարանը, բարեգործական տարբեր ընկերութիւններ փորձել են օգնել գաղթականներին:

Իսկ նախքան Լոզանի պայմանագրի ստորագրումը, թուրքական խորհրդարանը 1923 թ. ապրիլին ընդունել էր «Լքեալ գոյքի» մասին օրէնք, որով բռնագրաւման էր ենթարկւում այն հայերի գոյքը, որոնք չէին ապրում Թուրքիայում:

1936 թուականին թուրքական կառավարութիւնը բռնագրաւեց փոքրամասնութիւնների ունեցուածքը: Հայերի գոյքը խլելու թուրքական քաղաքականութիւնը շարունակուեց նաեւ հետագայ տարիներին եւ տասնամեակներին: Դրանցից ամենաանմարդկայինը 1942-ին գործադրուած «Ունեցուածքի յարկն» էր, որով այնպիսի ծանր յարկեր դրուեցին Թուրքիոյ ոչ իսլամ բնակչութեան, առաջին հերթին` հայերի վրայ, որ նրանք, չկարողանալով մուծել դրանք, ստիպուած էին իրենց ունեցուածքը յանձնել պետութեանը:

«Ունեցուածքի հարկը» վճարելու հնարաւորութիւն չունեցող հարկատուների իրերն ու կալուածները գրաւուում եւ աճուրդի էին հանւում: Այն հարկատուները, որոնք մինչեւ 1943 թուականի յունուարի 21-ը չէին կարողանում վճարել հարկերը, քշւում էին դէպի Կարին:

1974 թ. «Վագըֆների մասին» ընդունուած օրէնքով, փաստացի, աւարտուեց հայութեան ունեցուածքի վերջին կողոպուտը ժամանակակից Թուրքիայի տարածքում:

Շատ թուրք մեծահարուստներ ի յայտ եկան, ովքեր իրենց հարստութիւնը դիզել էին հայերի լքուած կամ նրանցից խլուած գոյքին եւ‘ ունեցուածքին տիրանալու շնորհիւ: Անգարայում գտնուող Թուրքիոյ նախագահական Չանքքայա պալատը անգամ հայերից խլուած տարածք է:

2008-ի նոյեմբերի 10-ին Աթաթուրքի մահուան 70-րդ տարելիցի առիթով Պրիւքսելում պաշտպանութեան նախարար Վեճտ Կեոնիւլը հռետորական հարց տուեց. «Կը լինէ՞ր արդեօք Թուրքիան ազգային պետութիւն, եթէ Եգէյեան ծովի աւազանում յոյները, իսկ Թուրքիայի շատ վայրերում հայերը շարունակէին ապրել»:

 

Յատուկ «Ազդակ»ի համար

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )