Հարցազրոյց «Մոտուս Վիւենտի» Կենտրոնի Ղեկավար Արա Պապեանի Հետ. Հայաստանին Դա (Եւրազես-ը) Պէտք Չէ

ՌՈԶԱ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ.- Պարոն Պապեան, այս փուլում Հայաստանի ղեկավարութիւնը թերեւս պէտք է յստակ որոշի` մտադի՞ր է միանալ Ռուսաստանի նախաձեռնութեամբ ստեղծուող Եւրասիական միութեանը, թէ՞ իր հայեացքները յստակօրէն պէտք է ուղղի դէպի Եւրոպա: Որքանո՞վ է ձեռնտու մեր երկրին Եւրասիական միութեանն անդամակցելը:

ԱՐԱ ՊԱՊԵԱՆ.- Հայաստանի անդամակցութիւնն այդ կառոյցին նպատակայարմար չէ, որովհետեւ առաջին հերթին կազմակերպութիւնը դեռեւս չկայացած կազմակերպութիւն է, յստակութիւն չկայ: Դա կարծես Խորհրդային Միութեանը նմանակելու փորձ է, բայց` աւելի վատ տարբերակով: Խորհրդային Միութիւնը ԵՒՐԱԶԵՍ-ի (Եւրասիական տնտեսական համայնք, ստեղծուած` նախկին խորհրդային երկիրներու կողմէ, մաքսային ազատ շարժումներ կարգաւորելու` ստորագրող պետութիւններու միջեւ-Խմբ.) նկատմամբ առաւելութիւն ունէր,  այնտեղ կային միասնական գնային համակարգ եւ միասնական աշխատավարձեր: Այսինքն մենք զոհել էինք մեր անկախութիւնը որոշակի տնտեսական շահի համար: Հիմա առանց այն էլ մեր արտաքին քաղաքականութեան մէջ մենք ահագին կորուստներ ունենք անկախութեան առումով: Հիմա անդամակցել ԵՒՐԱԶԵՍ-ին` չշահելով ոչինչ, մենք կը կորցնենք ահագին բան: Պէտք է յստակօրէն հասկանանք, որ այդ կազմակերպութեանն անդամակցելն ազդելու է Եւրամիութեան երկրների կամ Միջին Արեւելքի հետ մեր յարաբերութիւնների վրայ: Այստեղ կայ մի ուրիշ խնդիր. հիմա այդ երեք անդամ ունեցող կազմակերպութիւնը` Ռուսաստան, Ղազախստան եւ Պիելոռուսիա, ունեն միասնական սահմաններ: Այսինքն նոյն տնտեսական դաշտի մէջ են, քիչ թէ շատ նոյնպիսի խաղացողներ են:

Հայաստանը, որը չունի ընդհանուր սահման, անդամակցելով այդ կառոյցին`  ինչպէ՞ս է գործելու: Որեւէ նմանօրինակ կազմակերպութեանն անդամագրուելու առաւելութիւններից է նաեւ այն, որ առանց մաքսային ձեւակերպումների` կարելի է ապրանքը մի երկրից միւսը տեղափոխել: Մեր պարագայում միեւնոյն է, մաքսայի ձեւակերպումներ պէտք է անենք, ապրանքը պիտի տարանցման ճանապարհով անցնի Վրաստանի տարածքով եւ նոր մտնի Ռուսաստան: Ըստ էութեան, մենք նոյն աշխատանքն ենք անելու, նոյն ձեւակերպումները, ինչ հիմա: Հասկանալի չէ, թէ այդ միութիւնն ի՞նչ է մեզ տալու: Ցանկացած ղեկավար, այդ թւում` Հայաստանի նախագահն այդ քայլին գնալիս պէտք է նժարների վրայ դնի, թէ ի՛նչ ենք մենք շահելու եւ ի՛նչ ենք կորցնելու: ԵՒՐԱԶԵՍ-ին անդամակցելը մեզ կը կտրի արեւմտեան այն օգնութիւնից, վարկերից, որոնք մենք պարբերաբար ստանում ենք: Եւրոմիութեան երկրներն օգնում են այն երկրներին, որոնք հակուած են դէպի Եւրոմիութիւն: Հիմա, երբ մենք հաստատակամ ասում ենք` մենք ձեզ հետ չենք, ինչո՞ւ պիտի Եւրոմիութեան երկրները շարունակեն մեզ ֆինանսական օժանդակութիւն յատկացնել: Հիմա մենք Եւրոմիութեան հետ բանակցութիւններ ենք վարում հեշտացուած այցագրային համակարգի եւ այլ հարցերի վերաբերեալ: Ըստ էութեան, այս ամբողջն արդէն մեր պատասխանատուութեան ոլորտից դուրս է գալիս եւ դարձեալ պիտի համաձայնեցնենք Մոսկուայի հետ: Հիմա հարց է առաջանում` բա մեր ինչի՞ն էր պէտք այս 20 տարուայ տառապանքը, որ աւելի վատ պայմաններով պիտի գնանք ու միանանք նոր միութեանը:

Ռ. Յ.- Ռուս գործիչները յատկապէս այս փուլում շեշտում են, որ Հայաստանը տնտեսապէս կը շահի` միանալով Եւրասիական միութեանը: Ընդգծւում է նաեւ, որ Հայաստանը տնտեսական տեսանկիւնից հետաքրքրում է Ռուսաստանին: Իրականում ի՞նչ նպատակ են հետապնդում այդ յայտարարութիւնները:

Ա. Պ.- Բնական է, ինչքան շատ երկրներ ընդգրկուեն միութիւնում, անգամ եթէ այդ երկրների տնտեսական կշիռը մեծ չէ, դա Ռուսաստանին ձեռնտու է. ինքնին ներկայանալի է դառնում կառոյցը: Մենք ըստ էութեան այդ կառոյցում գլխաքանակ ենք աւելացնելու, մենք ցուցանմուշ ենք լինելու եւ շատ բաներ կորցնելու ենք: Արդեօք եթէ մենք ԵՒՐԱԶԵՍ-ի անդամ ենք դառնալու, Ռուսաստանն, օրինակ, վճարելո՞ւ է մեր ճարտարապետին նոյնպիսի աշխատավարձ, ինչքան Մոսկուայում են ստանում կամ նոյն գնով է ապրանքը վաճառելու մեզ, ինչ որ Ռուսաստանում: Ի հարկէ, ոչ: Ըստ էութեան մենք կաշկանդումներ ենք ստանում` առանց շօշափելի ձեռքբերումների: Խորհրդային Միութեան ժամանակ մեր տնտեսութեան մասնաբաժինը ԽՍՀՄ տնտեսութեան մէջ 1 տոկոսից մի փոքր աւելի էր: Դա այն պարագայում, երբ Հայաստանի տնտեսութիւնն այն ժամանակ մի քանի անգամ աւելի արտադրանք էր տալիս, քան հիմա, այսօրուայ համադրելի գներով 28 միլիառ տոլարանոց պիւտճէ  ունէինք: Իսկ այսօր 10 անգամ փոքր պիւտճէ ունենք: Բայց անգամ այն պարագայում շատ փոքր կշիռ ունէինք: Հիմա վստահաբար կարող ենք ասել, էլի 1 տոկոսից աւելի մասնաբաժին չենք ունենալու ԵՒՐԱԶԵՍ-ի մէջ: Հետեւաբար մեր տնտեսական ներդրումն այդտեղ որեւէ դեր չունի, ուղղակի դա քանակ է` ցոյց տալու, որ նորանոր երկրներ են գալիս միութիւն:

Ռ. Յ.- Հայաստանի ղեկավարութիւնը կարծես արդէն յայտնել է իր կարծիքը ԵՒՐԱԶԵՍ-ին անդամակցելու վերաբերեալ: Վարչապետ Տիգրան Սարգսեանն ասել է, որ, չունենալով ընդհանուր սահմաններ այդ միութեան անդամ երկրների հետ` Հայաստանը նպատակայարմար չի գտնում անդամակցել այդ կառոյցին: Սակայն այս փուլում հարցը դարձեալ օրակարգում է: Օգոստոսի 8-ին Ռուսաստանում կայանալիք Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպման ժամանակ նոյնպէս քննարկուելու է այն (այս հանդիպումը արդէն կայացաւ-Խմբ.): Ի՞նչ էք կարծում, ռուսական կողմից այս հարցի վերաբերեալ ճնշումներ այնուամենայնիւ կա՞ն կամ կը լինե՞ն Հայաստանի վրայ:

Ա. Պ.- Միանգամայն հնարաւոր են ճնշումներ: Հիմա մենք յայտնուել ենք մի իրավիճակում, որ մեր իշխանութիւնները տարբեր պատճառներով շատ լուրջ կախուածութեան մէջ են Ռուսաստանից: Բնականաբար, եթէ խնդիր դրուի` իշխանութիւն կամ ԵՒՐԱԶԵՍ, ես կարծում եմ, որ իշխանութիւնները դրան կը գնան: Իրենք չեն հրաժարուի իշխանութիւնից յանուն ԵՒՐԱԶԵՍ-ին չմիանալու: Մենք շատ յաճախ հսկայական կորուստներ ենք ունեցել թէ՛ տնտեսական, թէ՛ քաղաքական առումով, պարզապէս սրան կամ նրան շողոքորթելու պատճառով:

Ռ.Յ.- Իսկ Եւրոմիութեան հետ խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագիրն մօտ ապագայում կարո՞ղ է տալ իր արդիւնքները եւ ի՞նչ հնարաւորութիւններ ունի մեր երկիրը եւրոպական շուկան գրաւելու համար:

Ա.Պ.- Համաձայնագիրը մեզ համար գործիք է, հնարաւորութիւն: Այսօր մենք ոչ մի բան էլ չունենք, 10 տարի առաջ էլ չունէինք: Խնդիրն այն է, թէ մենք ի՛նչ ձեւի տնտեսութիւն ենք ստեղծում: Չինացուն հարցնում են` ե՞րբ է ծառ տնկելու ժամանակը: Նա ասում է` դա 20 տարի առաջ էր: Հիմա, եթէ մենք ուզում ենք Եւրոմիութիւն ինչ-որ ձեւով ապրանք արտահանել, մենք այսօրուանից պիտի սկսենք բարեփոխումները տնտեսութեան եւ քաղաքականութեան մէջ, որ 20 տարի յետոյ այդ ապրանքն ունենանք: Բնական է` այսօր մենք ոչինչ չունենք: Բայց եթէ մենք միացանք ԵՒՐԱԶԵՍ-ին, մենք 20 տարի յետոյ էլ չենք ունենայ, 50 տարի յետոյ էլ: Մենք այդ գետը արդէն մտել ենք, 70 տարի եղել ենք Խորհրդային Միութեան մէջ շատ աւելի լաւ պայմաններով, քան` ԵՒՐԱԶԵՍ-ը, բայց միեւնոյն է, մենք ունենք ոչ մրցունակ տնտեսութիւն: Այդ տնտեսութիւնը գործում էր, քանի գործում էր փակ շուկան: Մենք արտադրում էինք «Երազ» ինքնաշարժը, որը ոչ մէկին պէտք չէր, բայց որը պարտադրուած առնում էին: Հիմա Ռուսաստանի շուկան բաց է` ասենք Չինաստանի, Վիեթնամի, Գերմանիայի համար: Այսինքն մենք ռուսական շուկայում պիտի մրցենք այդ երկրների հետ: Արդեօք Ռուսաստանը փակելո՞ւ է իր շուկան մեզ համար, որ մենք ապրանք ծախենք: Չի անելու: Եթէ մենք կարողանանք ռուսական շուկայում մրցել այդ նոյն երկրների հետ, դա կարող ենք առանց ԵՒՐԱԶԵՍ-ի էլ անել: Մենք այդ կառոյցին անդամագրուելով` փակում ենք նոր տիպի տնտեսութիւն զարգացնելու հնարաւորութիւնը:

Ռ. Յ.- Իսկ, ըստ ձեզ, ի՞նչն է խանգարում այսօր Հայաստանում զարգացնելու նոր տիպի տնտեսութիւն:

Ա. Պ.- Ընդհանրապէս մենք մի բանի կարիք ունենք` դա օրէնքի գերակայութիւնն է` լինի դա քաղաքական, թէ տնտեսական դաշտում: Երբ որ Հայաստանում գործի արդար օրէնքը, դրամագլուխն էլ կը գայ, արտադրութիւնն էլ կը գայ, մրցակցութիւն կը լինի: Հայաստանում դրամատիրութիւն չկայ, դրամատիրութեան հիմքը մրցակցութիւնն է: Մեզ մօտ կայ պետական մենաշնորհային, կիսաւատապետական տնտեսվարող: Դրէք Հայաստանին արդար, մրցունակ պայմանների մէջ, այդ դէպքում Հայաստանը կը զարգանայ: Օրէնքի գերակայութիւն կ՛ապահովենք, Հայաստանը կը զարգանայ, դա չի լինի, կապ չունի Եւրոմիութեան մէջ կը լինենք, թէ ԵՒՐԱՍԵԶ-ի, մեր տնտեսութիւնը չի զարգանայ:

Share this Article
CATEGORIES