«Բոզի Կալգոտկա». Հայ-Ազրպէյճանական` Երեսուն Մեթր Հեռաւորութեամբ Դիրքեր
ԷԴԻԿ ԲԱՂԴԱՍԱՐԵԱՆ

Երիտասարդ նորակոչիկ Արմանը Հայաստանի Ոսկեվազ գիւղից է, նայում է ազրպէյճանական դիրքերին, որոնք տեղակայուած են Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանում գտնուող Մատաղիսի զօրամասի իր դիրքից 30 մեթր հեռաւորութեան վրայ:

Խրամատ` Մատաղիսի դիրքերի առաջնագծում: Մարտակերտի շրջան, ԼՂՀ: Արցախեան պատերազմի ժամանակ (1988-1994 թթ.) այս տարածքն անուանել են «Բոզի կալգոտկա»` կապելով տեղանքի ցանցանման լինելու հետ, որն առաջացել է ծանր գնդակոծութեան պատճառով:
Սահմանի այս հատուածն այսպէս էլ կոչւում է` «Բոզի կալգոտկա»: Այստեղ դաժան մարտեր են եղել. թէ՛ հայկական, թէ՛ ազրպէյճանական կողմերը տուել են մեծաթիւ զոհեր:
Ամենադաժանը 1994-ին էր: Ազրպէյճանական զօրամիաւորումները ականանետների եւ հրետանու արկերով տեղանքը դարձրել էին ցանց` ամէնուր փոսեր էին: Այն նման էր ցանցաւոր զուգագուլպայի (կալգոտկա): 1990-ականներին Երեւանում ցանցաւոր զուգագուլպաները մոտայիկ էին, դրանք տարածուած էին յատկապէս մարմնավաճառների շրջանում, եւ այդ տարիներին կրկէսի մօտ երեկոյեան ժամերին կարելի էր հանդիպել ցանցաւոր զուգագուլպաներով այդ կանանց` մարմնավաճառներին: Եւ տղաներից մէկն այս տեղանքը նկարագրելիս այն նմանեցրել է հէնց այդ ցանցաւոր զուգագուլպային` «բոզի կալգոտկային»: Անուանումը «կպել է» սահմանի այս ամենավտանգաւոր հատուածին ու պահպանուել առայսօր:

Մատաղիսի դիրքերի զինուորները ծառայում են 14-օրեայ ժամանակացոյցով` 14 օր նրանք սահմանի դիրքերում են, 14 օր` մօտակայ ռազմական խարիսխում:

Քափիթեն Արթուր Մկրտչեանը արդէն 5 տարի Մատաղիսի դիրքերից մէկի հրամանատարն է, հանգստանում է ամրութիւնում: ԼՂՀ:
Ղարաբաղում ու Հայաստանում շատերն են լսել այս տարածքի, այստեղի մարտերի, զոհերի մասին: Հայ-ազրպէյճանական սահմանի ամենամօտ դիրքերն են: Հայ եւ ազրպէյճանցի զինուորներն իրարից հեռու են երեսուն մեթրով: Երբ դիտակէտից նայում էի ազրպէյճանցիների դիտակէտին, թուաց` այնտեղից էլ ինձ են նայում եւ մի պահ աչքերս կկոցեցի այդ զգացողութիւնից: Իսկ երբ հրամանատարին զգացողութեանս մասին պատմեցի, ծիծաղեց: «Նոյն բանը շատերն են զգացել», ասաց նա:
«Բոզի կալգոտկան» հեռուից ցցուած է վարելահողերի մէջտեղը: Մի կողմից` Չայլու, միւս կողմից` Թալիշ գիւղերի անմշակ հողերն են: Մինչեւ պատերազմը այստեղ կանաչ էր, ոռոգովի հողատարածքներ էին, հիմա ջուր չի հասնում, եւ ամբողջ տեսադաշտը դեղնած խոտածածկ է: Տեղ-տեղ դեղնութիւնը հատում են խրամատները:
Բարձունքը կիսել են հայկական եւ ազրպէյճանական զօրքերը, կիսել- խրամատաւորուել են` դէմ-դիմաց, նոյն հարթութեան վրայ:
Առաջնագիծ հասնում ենք մի քանի հարիւր մեթր քայլելուց յետոյ: Այստեղի զինուորները մի տեսակ առանձնանում էին, աւելի հանգիստ, հասուն էին, նոյնիսկ նրանց շարժումներն էին ուրիշ: Մտածում եմ` երեւի ընտրովի են այստեղ բերում, որովհետեւ այստեղ ոչ մի րոպէ չես կարող ուշադրութիւնից դուրս թողնել դիմացի դիրքերը: Այս զինուորները զօրացրուելուց յետոյ չգիտեմ պատմելո՞ւ են, թէ որտեղ էին իրենք ծառայում` երեսուն մեթր հեռաւորութեան մասին պատմելո՞ւ են:

Փոխգնդապետ Ալիկ Սարգսեանը քայլում է Մատաղիսի առաջնագծի խրամատով: Փոխգնդապետ Սարգսեանը զինուոր էր, երբ սկսուեց արցախեան ազատագրական շարժումը, գերի է ընկել պատերազմի ժամանակ: Մինչ ազատ արձակուելը նա 1,5 տարի գերի է մնացել:

Մատաղիսի դիրքեր հասնելու ճանապարհին. ճանապարհի չպաշտպանուած հատուածի, որը տեսանելի է Ազրպէյճանի կողմից, պաշտպանութիւնը մասամբ ուժեղացուած է կրակահերթից մետաղեայ մեծ տարաներով, անուադողերով եւ խոտերով:
Տղաների մէջ չկային «գլուխգովան» տեսակից: «Տղաներին բոլորին պէտք է պարգեւատրել», միանգամից անցնում է մտքովս: Տղաների այս տեսակի մասին չեն գրում, չեն պատմում, իրենք էլ խօսողներից չեն: «Այսպիսի զինուորների կը նախանձէր ցանկացած պետութիւն», յետոյ մեր զրոյցում ասում է զօրամասի հրամանատար Կամօ Վարդանեանը:
Զրուցում եմ զինուորների հետ, տարբեր վայրերից են: Հիմնականում ընկերային անապահով ընտանիքների տղաների կարող ես հանդիպել առաջին գծում: Մի քանիսի հայրերն արտագնայ աշխատանքի են մեկնել: Չգիտեմ, երբ այս խաւի մարդկանց եմ հանդիպում, հասկանում եմ, որ սահմանների պաշտպանութիւնն ապահով է: «Ինչ լաւ է, որ պաշտօնեաների երեխաներ չկան այստեղ, թէ չէ ամէն ինչ կը փչացնէին», մտածում եմ:

Երկժամեայ հերթապահութիւն. մարտական դրօշի ժամապահը պաշտպանում է դրօշը Մատաղիսի զօրամասի հրամանատարական կէտում: Լեռնային Ղարաբաղ:
«Բոզի կալգոտկայում» է «ծնուել» ազրպէյճանցիների ազգային հերոսը` Մուպարիզ Իպրահիմովը: Ազրպէյճանական բանակի ենթասպան 2010 թ. յուլիսին խափանարարական գործողութեան ընթացքում սպաննուել է հէնց այստեղ: Իլհամ Ալիեւը Մուպարիզ Իպրահիմովին յետմահու «Ազրպէյճանի ազգային հերոսի» կոչում է շնորհել: Կոչումը շնորհուել է «Ազրպէյճանի անկախութեան ու տարածքային ամբողջականութեան պաշտպանութեան ժամանակ դրսեւորած բացառիկ քաջութեան համար»: Իսկ հայ զինուոր Արտակ Ղաբուզեանն էլ նրան ոչնչացրել է Ղարաբաղի անկախութեան ու տարածքային ամբողջականութեան պաշտպանութեան ժամանակ: Արտակ Ղաբուզեանը Հայաստանի նախագահի հրամանագրով պարգեւատրուել է «Արիութեան», իսկ ԼՂՀ նախագահի հրամանագրով` «Մարտական ծառայութեան» մետալներով: Իսկ Հայաստանի կառավարութիւնը ընկերային անապահով Արտակ Ղաբուզեանի 5 անձից բաղկացած ընտանիքին յատկացրել է 3 սենեականոց բնակարան:

Մատաղիսի դիրքերի գետնատնակի պատին փակցուած է զինուորականների միջեւ դաժանութիւնը/բռնութիւնը խարազանող կրօնական պաստառը, ԼՂՀ ռազմական պաշտօնաթերթի մի համար եւ զինուորականի գլխարկ ու վերարկու:
Այստեղի ճանապարհներն էլ են փոխուել, դարձել են զինուորական ճանապարհներ, զինուորական մեքենաներ են միայն անցնում: Այս ճանապարհները տրորում են միայն զինուորական կօշիկները: Մի մասն էլ նոր կառուցուած ճանապարհներ են` թշնամու գնդակների համար անհասանելի հատուածներով: Ամէնուր պաշտպանական կառոյցներ են, փշալարեր, թաքստոցներ, զրահամեքենաների համար անանցանելի խորխորատներ…
Թիկունքում` հեռւում, երեւում են ձգուող լեռներն ու անտառները, իսկ դիմացը հարթավայրն է` շոգ ու փոշոտ յուլիսեան դեղնած հարթավայրը:
Եւ զինուորների մասին բազում պատմութիւններ, որոնց մեծ մասը մնում է այստեղ` այս ճանապարհներին, խրամատներում, յաւերժական փոշու քուլաներում: Այստեղից քիչ հեռու Արաբոյի տղերքն են ծուղակի մէջ ընկել, այստեղ բերող ճանապարհին է ականի վրայ պայթել «26-ի Եուրան», հարիւրաւոր զոհեր են եղել «Բոզի կալգոտկայում» եւ դրա շրջակայքում:
Սրբի Անկիւն

Զինուորը գիշերը հսկում է «Եղնիկների» առաջնագիծը` Ազրպէյճանի սահմանի Գիւլիստանի հատուածում: Գիշերը զինուորները հերթապահում են երկու ժամը մէկ:
Դիրքում մի տեղ «Սրբի անկիւնն է»: Տղաներից ամէն մէկը մի «սուրբ» բան է դրել այս անկիւնում: Գումարտակի պետը` Արթուր Մկրտչեանը, վեց տարի այստեղ է ծառայում: Չարենցաւանցի է, Վազգէն Սարգսեանի անուան ռազմական ուսումնարանն աւարտելուց յետոյ նշանակուել է այստեղ ու մնացել: Նա էլ իր զինուորների նման քիչ է խօսում: «Սրբի անկիւնի» գլաքարերից մէկի վրայ փորագրուած է. «3-ի Ռազուեդկա (հետախուզութիւն, խմբ.) Աստուած ձեզ պահի պաhպանի»: Սովորաբար, գործողութիւնից առաջ տղերքն այստեղ մի քանի վայրկեան կանգնում են լուռ, յետոյ` շարժւում: Տղաներից մէկն ասում է, որ դիրքն ընդունելիս իրենք էլ են գնում «Սրբի անկիւն»:

Նախարար Մովսէս Յակոբեանի հեռախօսահամարը փակցուած է բոլոր զօրամասերում` յորդորելով զինուորներին` զանգահարել անմիջապէս նախարարին եւ յայտնել բռնութեան կամ պատժի դէպքերի մասին: Սակայն զինուորները դեռ դժուարութեամբ են համոզւում յայտնել ինչ-որ բան միմեանց մասին:

Փոխգնդապետ Ալիկ Սարգսեանը դիտակէտից նայում է 30 մեթր հեռաւորութեամբ տեղակայուած ազրպէյճանական առաջնագծին: Նրա յետեւում երիտասարդ նորակոչիկ Արմանն է: Մատաղիսի դիրքեր, ԼՂՀ:
Երիտասարդ նորակոչիկ Արմանը Հայաստանի Ոսկեվազ գիւղից է, նայում է ազրպէյճանական դիրքերին, որոնք տեղակայուած են Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանում գտնուող Մատաղիսի զօրամասի իր դիրքից 30 մեթր հեռաւորութեան վրայ: 14 օր նա դիրքում է մնում, իսկ յետոյ 14 օր` զօրանոցում: Նա նոր էր վերադարձել արձակուրդից: Արմանը բարձրահասակ է եւ յենակէտում գլուխը տեղ-տեղ ստիպուած իջեցնում է: Քչախօս է, դիրքի տղաները իսկապէս քչախօս են, նրանք հարցերիս պատասխանելիս էլ անընդհատ դիտակէտից դուրս էին նայում: «Էստեղ դժուար չի՞», հարցնում եմ Արմանին: «Դժուարութիւններին յարմարուել ենք», պատասխանում է: Հարցնում եմ` ինչպէ՞ս ես դիմանում: Նոյն պատասխանը. «Դէ, արդէն յարմարուել ենք»: Ես զգացի, որ հարցերովս խանգարում եմ, նա հայեացքը դիտակէտից չէր ուզում կտրել:
«Սրանք Ապագայի Համար Կենսական Տարածքներ Են»

Զինուորը զանգահարում է Մատաղիսի սահմանային դիրքի այն միակ կէտից, որտեղ հեռախօսակապ կայ: Ազրպէյճանի սահմանը տեսանելի է առաջնային գծում` ազրպէյճանական գիւղը` դրա յետեւում: ԼՂՀ:
Դիրք ուղեկցում է հրամանատարի անձնակազմի հետ տարուող աշխատանքների գծով տեղակալ Ալիկ Սարգսեանը: «Վիլիս»-ը սլանում է դաշտով` իր յետեւից թողնելով փոշու թանձր ամպ: Զինուորականներն արագ են վարում, դժուար է գտնել մի զինուորականի, որ դանդաղ վարի մեքենան: Հրամանատարի տեղակալն ասում է, որ տեղ-տեղ թշնամու համար հասանելի ենք, այդ պատճառով է արագ վարում, բայց ես գիտեմ, որ իրենց մօտ սովորութիւն է, պարզապէս աւելորդ ժամանակ չեն ուզում ծախսել ճանապարհներին: «Սրանք ապագայի համար կենսական տարածքներ են», նայելով տափաստանի կողմը` ասում է հրամանատարի տեղակալը: Այնքան էլ հասկանալի չէր` նա նկատի ունէր ճանապարհից աջ ու ձախ ընկած տարածքնե՞րը, թէ՞ հեռուն ձգուող տափաստանը: Հրամանատարի տեղակալը պարբերաբար զգուշացնում էր` այստեղ չնկարել, այս հատուածում չի կարելի նկարահանումներ կատարել:
«Հինգերորդ գունդն այստեղ է ձեւաւորուել, կռիւների ընթացքում», ասում է Ալիկ Սարգսեանը: Մինչեւ դիրքեր հասնելը հրամանատարի տեղակալը հասցնում է ներկայացնել ղարաբաղեան շարժումը` սկզբնաւորումից մինչեւ մերօրեայ պատմութիւնը:
Պատմում է, թէ ինչպէս է ուսանողական շարժմանը մասնակցել, այնուհետեւ այստեղ գտնուող խորհրդային բանակի զինուորները նրան բռնել են եւ յանձնել ազրպէյճանական ՕՄՕՆ-ին: Նա մէկուկէս տարի (1990-1992 թթ.) անցկացրել է գերութեան մէջ, յետոյ փոխանակել են ազրպէյճանցի գերիների հետ: «Սա իմ հողն է եւ պաշտպանում եմ, ուրիշ բանաձեւ չկայ», ասում է Ա. Սարգսեանը: Աւելացնում է, որ ինքը Ինթերփոլով հետախուզւում է, բայց չգիտի` ինչի համար: «Այստեղից ուրիշ տեղ չեմ կարող գնալ», ասում է հրամանատարի տեղակալը:
Ալիկ Սարգսեանը չի ընդունում կուuակցական խաղերը, միշտ դէմ է եղել դրանց: Ասում է` 1992-ին դա շատ վատ է ազդել: «Երեւանի ասֆալթներում չեն հասկանում, թէ մի փոքր վէճը ինչի է բերում այստեղ: Շահումեանը, Մարտակերտը ընկան հէնց այդ խաղերի պատճառով, ոչ թէ` թշնամու ուժեղ լինելու», համոզուած է Ա. Սարգսեանը:
Ուշ գիշեր է, բարձրանում ենք «Եղնիկների» դիրքերից մէկը` Տիգրանին տեսնելու: Նա պառկած էր ամրութիւնում, հանգստի երկու ժամերն են, քնում է, որ երկու ժամ յետոյ նորից հերթապահութեան կանգնի: Տղերքից մէկը փորձում է նրան արթնացնել, բայց ի զուր, նա շրջուեց միւս կողմի վրայ: Իսկ դիրքերում թանձր մութ էր, մի քանի բառ փոխանակելուց յետոյ հրաժեշտ եմ տալիս զինուորներին ու մտքումս շշնջում` Աստուած պահպանի ձեզ, տղե՛րք:
«Հետք»
Լուսանկարները` ՍԱՌԱ ԱՆՋԱՐԳՈԼԵԱՆի