Պատմութեան Պահը. 1991-ի Սեպտեմբեր 2-ին Հռչակուեց ԼՂՀ-ն

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

Երբ 1991-ի օգոստոսին ձախողուեց յեղաշրջման փորձը Մոսկուայում, Խորհրդային Միութեան փլուզման գործընթացս աւելի արագացաւ: Խորհրդային Միութեան մի քանի ուժային նախարարներ փորձեցին իշխանութիւնից հեռացնել երկրի առաջնորդ Միխայիլ Կորպաչովին եւ փրկել Խորհրդային Միութիւնը կործանումից: Խորհրդային բոլոր հանրապետութիւնների համար արդէն դարձաւ ակնյայտ, որ կայսրութեան տէ ժիւրէ գոյութիւնը շաբաթների ու ամիսների հարց է ընդամէնը: Միութենական 15 հանրապետութիւններից միայն վեցը` պալթեան երեք երկրները` Լաթվիա, Լիթվա, Էսթոնիա, ինչպէս նաեւ Մոլտովան, Վրաստանը եւ Հայաստանը, իրենց անկախութիւնը հռչակել էին նախքան 1991-ի օգոստոսը: Միւս ինը հանրապետութիւնները, այդ թւում նաեւ Ազրպէյճանը, անկախութիւն հռչակեցին օգոստոսեան ձախողուած յեղաշրջման փորձից յետոյ միայն: Ազրպէյճանը եւ նրա այն օրերի առաջնորդ Այազ Մութալիպովը հրապարակաւ իր աջակցութիւնն էր յայտնել խռովարարներին` ընդդէմ Կորպաչովի եւ Ռուսաստանի առաջնորդ Պորիս Ելցինի:

Հայաստանը իր անկախութիւնը հռչակել էր 1990թ. օգոստոսի 23-ին: 1991թ. սեպտեմբերի 21-ին, երբ տեղի ունեցաւ Հայաստանի Անկախութեան հանրաքուէն, այն անցկացուեց Խորհրդային Հայաստանի 30 հազար քառակուսի քիլոմեթր տարածքի վրայ` առանց Արցախի: Այսպիսով, 1991թ. Մոսկուայի օգոստոսեան խռովութեան օրերին Արցախը տէ ժիւրէ Հայաստանի մաս չէր, իսկ տէ ֆաքթօ պատերազմի վայր էր հայերի ու ազրպէյճանցիների միջեւ: Պատերազմի այս` սկզբնական փուլում, առաւելութիւնը ակնյայտօրէն Ազրպէյճանի կողմն էր:  Ճիշդ է, Արցախը որեւէ կերպ չէր ընդունում Ազրպէյճանի գերիշխանութիւնը, սակայն 1990-1991 թուականներին, յատկապէս 1991-ի մայիս-յուլիս ամիսներին, երբ խորհրդային հրասայլերի ու զինուորների օգնութեամբ ազրպէյճանական զինուած խմբաւորումներն ու ոստիկանական ջոկատները ճնշում էին արցախեան դիմադրութիւնը, Արցախի քաղաքական ղեկավարութեան մի ստուար հատուած կողմ էր արտայայտւում քաղաքական բանակցութիւններ վարել Պաքուի հետ` դա համարելով չարեաց փոքրագոյնը:

Եւ ահա, երբ 1991-ի օգոստոսի 30-ին Ազրպէյճանը հռչակեց իր անկախութիւնը, Արցախին այլ բան չէր մնում, քան նոյնպէս հռչակել իր անկախութիւնը:

Ազրպէյճանի խորհրդարանի` Գերագոյն խորհրդի արտակարգ նստաշրջանում ընդունուած «Ազրպէյճանի պետական անկախութեան վերականգնման» մասին հռչակագրում առանձին կէտ կամ յիշատակում չկար Խորհրդային Ազրպէյճանի երկու ինքնավարութիւնների` Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետութեան մասին: Հայկական այս երկու շրջաններն էլ Խորհրդային Ազրպէյճանին էին կցուել 1921-ին` Քեմալական Թուրքիայի եւ Խորհրդային Ռուսաստանի պայմանաւորուածութեան արդիւնքում:

1991թ. սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցաւ ԼՂԻՄ մարզային եւ Շահումեանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը: Ընդունուեց  հռչակագիր ԼՂԻՄ եւ  Շահումեանի շրջանի սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւն հռչակելու մասին` հիմք ընդունելով 1990թ. ապրիլի 3-ի Խորհրդային Միութեան Գերագոյն խորհրդի «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետութիւնների դուրս գալու կարգի» մասին օրէնքը: Այդ օրէնքի առանցքը ԽՍՀՄ կազմից դուրս գալու հանրաքուէի գաղափարն էր: Եթէ միութենական հանրապետութիւնը ցանկանում է դուրս գալ ԽՍՀՄ կազմից, ինչը թոյլատրում էր սահմանադրութեան 72-րդ յօդուածը, ապա ընթացակարգը հանրաքուէն է` ժողովրդական քուէարկութիւնը:

Հանրաքուէ անցկացնելու որոշումը մտնում էր միութենական հանրապետութեան Գերագոյն խորհրդի լիազօրութիւնների շրջանակներում: Այն կարող էր լինել սեփական նախաձեռնութեամբ կամ քուէարկութեան իրաւունք ունեցող հանրապետութեան բնակչութեան տասը տոկոսի պահանջով: Օրէնքի երրորդ յօդուածում ասւում էր. «Իր կազմում ինքնավար հանրապետութիւններ, ինքնավար մարզեր եւ ինքնավար օկրուգներ ունեցող միութենական հանրապետութիւններում հանրաքուէ անցկացւում է ամէն մի ինքնավարութիւնում առանձին: Ինքնավար հանրապետութիւնների ու ինքնավար կազմաւորումների ժողովուրդները իրաւունք ունեն ինքնուրոյն վճռելու Խորհրդային Միութեան կազմում կամ նրա կազմից դուրս եկող միութենական հանրապետութիւնում մնալու հարցը, ինչպէս նաեւ` կարգաւորելու սեփական պետական-իրաւական կարգավիճակի խնդիրը»:

Խորհրդային Միութեան փլուզման շրջանում Շահումեանի շրջանը վարչականօրէն ԼՂԻՄ-ի կազմում չի եղել, թէեւ տոկոսային յարաբերակցութեամբ աւելի հայկական էր, քան ԼՂԻՄ-ը: Եթէ ԼՂԻՄ-ում Խորհրդային Միութեան վերջին` 1989-ի մարդահամարի տուեալներով հայութիւնը կազմում էր բնակչութեան աւելի քան 75 տոկոսը, ապա Շահումեանում` աւելի քան 82 տոկոսը: Արցախի իշխանութիւնները այս դէպքում էլ օգտուեցին ԽՍՀՄ Գերագոյն խորհրդի ապրիլի 3-ի օրէնքի երրորդ յօդուածից, որում ասւում էր. «Միութենական հանրապետութիւնում, որի տարածքում կան տուեալ տեղանքում բնակչութեան մեծամասնութիւնը կազմող հաւաք բնակուող ազգախմբեր, հանրաքուէի արդիւնքներն ամփոփելիս այդ տեղանքներում քուէարկութեան արդիւնքները հաշուարկւում են առանձին»:

Այսպիսով, Արցախն իր անկախութիւնը հռչակեց տէ ժիւրէ գոյութիւն ունեցող Խորհրդային Միութեան օրէնսդրութեան տառին ու ոգուն համապատասխան` չխախտելով որեւէ օրէնք եւ ընթացակարգ:

1991 թ. սեպտեմբերի 2-ի հռչակագրով Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան մաս կազմող որոշ տարածքներ մինչեւ այսօր ազրպէյճանական օկուպացիայի տակ են`  Շահումեանի շրջանն ամբողջութեամբ, ինչպէս նաեւ Մարտակերտի շրջանի հիւսիսային եւ Մարտունու շրջանի արեւելեան որոշ տարածքներ:

Ճիշդ է, արցախեան շարժումն սկսուել էր Միացումի գաղափարով, սակայն իրողութիւններն ինչ որ տեղ պարտադրեցին կատարել այլ ընտրութիւն, որը, տարիների հեռուից դատելով, կարելի է ասել` ճիշդ ընտրութիւնն էր: Եթէ Արցախը իրեն հռչակէր Հայաստանի մաս, ապա միջազգային հանրութեան համար դա ընկալելի չէր լինի, աւելին` Հայաստանը անընդհատ դիւանագիտական հարուածներ կը ստանար:

Ստեփանակերտ
Յատուկ «Ազդակ»-ի համար

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )