Հայաստանի Նախագահի Շնորհաւորական Ուղերձը` Արցախի Անկախութեան Տօնին Առիթով. «Մենք Չենք Վախնար Մարդասպաններէն, Եթէ Նոյնիսկ Անոնք Կը Վայելեն Առաջին Դէմքի Բարձր Հովանաւորութիւնը»

Սիրելի՛ արցախցիներ,

Ջերմօրէն շնորհաւորում եմ ձեզ անկախութեան տօնի կապակցութեամբ:

Արդէն երկու տասնամեակից աւելի է, ինչ դուք բուժում էք Ազրպէյճանի անհեռատես իշխանութիւնների սանձազերծած պատերազմի վէրքերը, վեր էք բարձրացնում մահաբեր ռումբերից ու հրթիռներից աւերուած ձեր գիւղերն ու քաղաքները, ձեր տներն ու դպրոցները, կառուցում ու շէնացնում էք ձեր հայրենի հողը: Եւ այսօր մենք վստահօրէն ասում ենք, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը կայացած պետութիւն է` զարգացող եւ ժողովրդավար: Սա տեսնում է ամբողջ աշխարհը, նոյնիսկ նրանք, ում դա այնքան էլ դուր չի գալիս:

1991 թուականին, երբ Արցախի ժողովուրդն իր պատմական որոշումն էր ընդունում, մենք ասում էինք Ազրպէյճանին, որ հայութեանը այդ աստիճան թերագնահատել չի կարելի: Մեզ չլսեցին: Մենք ասում էինք, որ չենք ուզում պատերազմ, բայց պատրաստ ենք եւ կռուելու ենք: Մեզ չլսեցին: Մենք ասում էինք, որ հակահայ մոլագարներից, սատիստներից եւ մարդասպաններից մենք չենք վախենում, մենք դա արդէն անցել ենք: Մեզ չլսեցին: Եւ սանձազերծեցին պատերազմ, որն ունէր յստակ նպատակ` բնաջնջել հայութեանն առնուազն Արցախի տարածքում կամ նուազագոյնը բռնագաղթեցնել արցախահայութեանը: Ցեղային զտում իրականացնելու ծրագրերը տապալուեցին, ինչպէս տապալուելու են բոլոր նորերը:

Այսօր մենք նոյնն ենք ասում. չի կարելի թերագնահատել հայութեանը, մենք չենք ուզում պատերազմ, բայց այն մեզ պարտադրելու դէպքում կռուելու ենք եւ յաղթելու, մենք չենք վախենում մարդասպաններից, եթէ նոյնիսկ նրանք վայելում են առաջին դէմքի բարձր հովանաւորութիւնը: Բայց մեզ էլի չեն լսում: Մեղքը իրենց վիզը:

Վերջին օրերին մենք վկան եղանք սահմռկեցուցիչ իրադարձութեան: Քնած վիճակում հայ սպային կացնահարողը ազատ արձակուեց: Այս առթիւ մենք ակնկալում ենք միջազգային կառոյցների, ինչպէս նաեւ Մինսքի խմբի համանախագահների արձագանգը: Բայց անկախ այդ արձագանգից, Արցախի ժողովրդի եւ ողջ հայութեան անունից ես ուզում եմ հարց տալ. արդեօ՞ք, այսքանից յետոյ մոլորակի վրայ կը գտնուի մէկ մարդ, ով կ՛առաջարկի Արցախի ժողովրդին մտնել Ազրպէյճանի կազմի մէջ, մի երկրի, որտեղ ապօրինի հրամանագրերով ազատւում ու հասարակայնօրէն հերոսացւում է միայն հայ լինելու համար մարդուն սպաննող իւրաքանչիւր տականք:

Եւրոպական արդարադատութեան աւելի մեծ վարկաբեկում դժուար էր պատկերացնել, յատկապէս Հայաստանի եւ Արցախի համար, որովհետեւ մեզ համար դրանք ուղենշային են, բայց մենք դա էլ տեսանք:

Սիրելի՛ հայրենակիցներ, ցաւօք, Արցախի պատմութիւնը նուաճողների, պաշիպոզուքների պակաս չունի: Մենք դա գիտենք, գիտենք նաեւ նրանց ուղարկել իրենց արժանի տեղը` պատմութեան աղբանոց: Մենք դա պարբերաբար արել ենք. պէտք լինի էլի՛ ենք անելու:

Մենք գրեթէ ամէն օր, իսկ վերջին օրերին` յատկապէս, նորանոր ապացոյցներ ենք ստանում այն իրողութեան, թէ 21 տարի առաջ որքան ճիշդ էր Արցախի ժողովրդի ընտրութիւնը: Մենք նորանոր ապացոյցներ ենք ստանում, թէ ինչից է փրկուել արցախահայութիւնը: Այսօր մեծ օր է, եւ  ոչինչ չի կարող փչացնել մեր փառապանծ տօնը: Խաղաղութիւն ու շէնութիւն եմ մաղթում ձեր ընտանիքներին:

Կեցցէ՛ ազատ Արցախը, որ մարմնաւորումն է հայոց արժանապատուութեան:

 

 

 

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )