«Երգող Ամառներ». Շարժանկար 20-ամեայ Պատմութեան Մասին

ԱՆՈՒՇ ԹՐՈՒԱՆՑ     

Լիլիթ Գալստեան, Արմէնուհի Կարապետեան եւ Զաքար Քէշիշեան (Լուսանկարը` Գաբրիէլ Փանոսեանի)

6 սեպտեմբերի երեկոյեան մարդաշատ էր Երեւանի Համազգայինի թատրոնի սրահը.  «Բոլորին այստեղ է հաւաքել մի մարդ, որն իր գործունէութեամբ առհասարակ համախմբող, միացնող առաքելութիւն ունի: Նա Զաքար Քէշիշեանն է, որ Շուշիում եւ Պէյրութում իր գործունէութեամբ ապացուցել է, որ մեր հոգեւոր սահմաններն այնտեղ են, որտեղ հայեցի ոգի է տրոփում: Ինքն էլ կանգնած է այդ հոգեւոր սահմանների վրայ եւ իբրեւ մեր մշակոյթի պահակ, ծառայում է ոչ միայն  երգին, արուեստին, այլ նաեւ` Համազգային միութեանը: Մենք ուրախ ենք, որ քեզ պէս մշակոյթի ծառայ եւ պահակ ունենք», բեմից նշեց  Համազգայինի երեւանեան գրասենեակի տնօրէն Լիլիթ Գալստեանը:

Համազգայինի թատերասրահում հաւաքուելու առիթը լիբանանահայ բեմադրիչ Հրաչ Թոքաթլեանի «Երգող ամառներ» շարժանկարն էր, որը նուիրուած էր Շուշիի «Վարանդա» երգչախմբի հիմնադրման 20-ամեակին. «Ազատագրուած Շուշին եւ «Վարանդա»-ն տարեկիցներ են», ասաց Զաքար Քէշիշեանը` թէ՛ իր խօսքում եւ թէ՛ շարժանկարի մէջ պատմելով այն երկար ու դժուարին ճանապարհը, որով անցել է Շուշիի «Վարանդա» երգչախումբը. «Թէ՛ երգչախմբի հիմնադրումը եւ թէ՛ քսան տարի առաջ Շուշիում  որեւէ գործ ձեռնարկելը  խենթերի գործ էր, եւ այդ խենթերից մէկն էլ Զաքար Քէշիշեանն էր, որ իր մի քանի ընկերների հետ եղաւ առաջին սփիւռքահայերից, որոնք շարժումից յետոյ ոտք դրեցին  Արցախում: Նաեւ «Վարանդա»-ով է, որ Շուշին քսան տարի է ապրում է, նա միշտ ապրել է, բայց ազատագրումից յետոյ արդէն այլ կերպ է ապրում եւ շնչում», ասաց Լիլիթ Գալստեանը` ողջունելով դահլիճում նստած բոլոր այն մարդկանց, որոնք, իր խօսքերով`    «գիտեն հոգեւոր արժէքների գինը, հոգեւոր սահմանների տեղը եւ որոնք իմաստ եւ բովանդակութիւն են  տալիս այն արեանը, որով  ձեռք է բերուել հայրենիքը: Այսօր մենք հաւաքուել ենք այստեղ, բայց, հաւատացէք, շարժանկարը չէ էականը, այլ այն, որ քսան տարի առաջ ետ գնալու, քսան տարի առաջ մեր մաքառումը յիշելու եւս մէկ առիթ եւ հնարաւորութիւն կայ», ասաց Լիլիթ Գալստեանը:  Նա նաեւ նշեց, որ թէեւ Զաքար Քէշիշեանը վերջերս զաւակ է ունեցել, սակայն իր առաջին զաւակը եղել է եւ մնում է «Վարանդա»-ն:

Դահլիճում բազմաթիւ հիւրերի շարքում  հաւաքուել էին հայրենի երաժշտահաններ ու մանկագիրներ, որոնց` երգ դարձած ստեղծագործութիւններն անցնող տարիներին տեղ են գտել ոչ միայն Շուշիի «Վարանդա»-ի, այլ նաեւ` Պէյրութի «Կարկաչ» երգչախմբի երգացանկերում: Այդ ստեղծագործողները նաեւ յատուկ երգեր են գրել երկու երգչախմբերի համար:  Երաժշտահաններից Արմէնուհի Կարապետեանը, բեմից ողջունելով ներկաներին, ասաց, որ նաեւ Զաքար Քէշիշեանի շնորհիւ է հայ երգն իր հաստատուն տեղը  գտել Արցախ աշխարհում. «Զաքար Քէշիշեանի ղեկավարած երգչախմբերի շնորհիւ համախմբուել է բանաստեղծների եւ երաժիշտների մի խումբ, որոնց համագործակցութեան արդիւնքում ստեղծուել եւ ստեղծւում են  գերազանց երգեր… 20 տարի առաջ երգչախումբ ստեղծելն այլ բան էր, այսօր` այլ բան: 20 տարի առաջ, Արցախի եւ Շուշիի այդ պայմաններում երեխաներ համախմբելն ու երգչախումբ ստեղծելը նման էր մաքառման», նշեց Արմէնուհի Կարապետեանը:  Նա անցնող օրերին ներկայ էր եղել Ստեփանակերտում եւ Շուշիում  «Վարանդա»-ի 20-ամեակի յոբելեանական համերգներին (3 եւ  4 սեպտեմբերին) եւ ասաց, որ բացառիկ համերգներ էին, որոնք իւրայատուկ շուք հաղորդեցին Արցախի անկախութեան օրերի միջոցառումներին:

Հաւաքուածներին ողջունեց նաեւ Զաքար Քէշիշեանը` նշելով, որ անցնող տարիներին այնքան նիւթ էր կուտակուել «Վարանդա»-ի մասին, որ անհրաժեշտութիւն էր զգացւում այս կամ այլ ձեւով պահ տալ սերունդներին` իրենց ստեղծածը փոխանցել իրենց: Արդէն քսան տարի է` նա իր ամառային արձակուրդը նուիրում է Շուշիի «Վարանդա»-ին. սկզբից, ինչպէս նշեց նա,  փորձերն ընթանում էին տագնապի ազդանշանների ներքոյ, որոնցից առաջինից լրջօրէն վախեցել է Զաքար Քէշիշեանը, իսկ այսօր արդէն` վերածնուող եւ երգող Շուշիի  խաղաղ առաւօտների եւ կէսօրների ներքոյ են անցկացւում թէ՛ փորձերը, թէ՛ համերգները. «Ինձ թւում էր` Լիբանանի քաղաքացիական պատերազմի օրերն ապրած լինելով` ես պատերազմից պիտի չվախենամ, բայց երբ ռմբակոծող ինքնաթիռները տեսայ, ես զգացի, որ յատկապէս երեխաների համար եմ  լրջօրէն վախենում: Հակառակ ինձ, նրանք սովոր էին եւ ծիծաղով վերաբերուեցին իմ վախին», արդէն անցած դժնդակ օրերի մասին ասաց Զաքար Քէշիշեանը, նշելով, որ հինգ հարիւրեակ պատանիներ են անցել «Վարանդա»-ով. «Այսօր արդէն «Վարանդա»-ի  նախկին սաների երեխաներն են յաճախում երգչախումբ: Շատերն են միմեանց ծանօթացել երգչախմբում եւ հետագայում ընտանիք կազմել, ոմանց կնքահայրն էլ ես եմ եղել եւ երբ քայլում եմ Շուշիում, շատ ծանօթ սանիկներ, աշակերտներ են մօտենում, ինչը աւելացնում է իմ արցախեան հպարտութիւնների շարքը», ասաց Զաքար Քէշիշեանը:

Այնուհետեւ ներկաները դիտեցին Հրաչ Թոքաթլեանի պատրաստած «Երգող ամառներ» շարժանկարը, որտեղ վաւերագրութեան եւ գեղարուեստի լեզուով ցոյց է տրուած  «Վարանդա» երգչախմբի եւ նրա ղեկավարի անցած  արցախեան ուղին: Շարժանկարը  ցաւի, կորստի, յուզմունքի, բայց յատկապէս` յաղթանակի զգացողութիւն սփռեց  նաեւ դահլիճում: Շարժանկարի աւարտից  յետոյ ներկաները` արուեստագէտներ,  Երեւանում այս օրերին գտնուող տասնեակ սփիւռքահայեր, այնճարցիներ  իրենց այդ յուզմունքն էին փոխանցում Շուշիի պատուաւոր քաղաքացի,  Արցախի  «Վաչագան Բարեպաշտ» մետալի շքանշանակիր Զաքար Քէշիշեանին:

Երեւան
(Յատուկ «Ազդակ»-ի համար)

 

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (1)
  • Հայ ազգը հպարտ է Զաքարներով Հայ երգը պիտի հնչէ շնորհիւ Զաքարներու խենթութիւններուն

  • Disqus ( )